Ապրիլի 28-ին Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը իտալացի գրող, լրագրող Ռենատո Ֆարինային հանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով շնորհված »Երախտագիտություն» մեդալը՝ Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրված ավանդի համար։ Այս մասին հաղորդում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։
Արարողությանը ներկա էին շուրջ երկու տասնյակ հյուրեր՝ Իտալիայի ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, լրագրողներ, հասարակական գործիչներ։
ՀՀ դեսպանն իր ելույթում բարձր գնահատեց Ռենատո Ֆարինայի սկզբունքային դիրքորոշումը համամարդկային արժեքների առաջմղման հարցում, ընդգծեց Հայաստանի և հայկական հարցի վերաբերյալ իրադարձություններն ու պատմական իրողությունները վերհանելու, հայկական մշակութային արժեքներն ի ցույց դնելու և իտալական հասարակությանն իրազեկելու հարցում վերջինիս ունեցած դերը։
ՀՀ դեսպանն ականավոր գործչին երախտագիտություն հայտնեց Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ մշտապես ցուցաբերած իր նվիրվածության համար՝ թե՛ նախկինում որպես պատգամավոր և թե՛ ներկայումս որպես ազատ լրագրող և գործիչ, ում համար սպառնալիքները երբևէ խոչընդոտ չեն եղել Արցախյան պատերազմին և դեռևս շարունակվող ադրբեջանական ագրեսիային առնչվող իրողությունները բարձրաձայնելու հարցում։
orer.eu