Հայոց ցեղասպանության ոգեկոչում Պրահայում. Հիշատակության կարգ, Լեմկինի գնացք եւ ֆիլմի դիտում

  • 25.04.2023
  • 0
  • 115 Views

Սրբոց Նահատակաց հիշատակության կարգ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները Պրահայում սկսվեցին ապրիլի 24-ին կեսօրից հետո։  Ժամը 15-ին Սուրբ Հոգի եկեղեցում տեղի ունեցավ Սրբոց նահատակաց հիշատակության կարգ՝ Չեխիայի Հայ առքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի մատուցմամբ եւ Հայկ սարկավագ Ութիջյանի մասնակցությամբ։ Արարողության ավարտին Հայր սուրբը դիմեց ներկաներին՝ անդրադառնալով ո այն փաստին, որ տարիներ առաջ ցեղասպանության 1,5 միլիոն զոհերը սրբադասվել են եւ այդ իսկ պատճառով այլեւս ոչ թե հոգեհանգստյան կարգ է արվում, այլ նշվում է հիշատակության օր։ Հայր Բարսեղը խոսեց նաեւ մարդկության հիմնական չարիքների ու դրանք ծնող՝ սիրո բացակայության մասին։ Վերջում նա շնորհակալություն հայտնեց Չեխիայի խորհրդարանի երկու պալատների անդամներին, որոնց  շնորհիվ  Չեխիան նույնպես ճանաչեց  Հայոց ցեղասպանությունը։ Այդ ընթացքում մեծ էր նաեւ Չեխիայի նախկին կարդինալ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկայի դերը, որը դեռեւս լռության պայմաններում բարձրաձայնում էր Հայոց ցեղասպանության մասին։

Այնուհետեւ ելույթ ունեցավ նաեւ  Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, որը նույնպես անդրադարձավ օրվա խորհրդին եւ շեշտեց, որ Հայաստանը ստանձնել է   ցեղասպանական հանցագործությունների մասին իրազեկվածության բարձրացման եւ ժխտողականության դեմ պայքարելու հանձնառությունը։ «Ցավոք, այսօր էլ, ինչպես մեկ դար առաջ, աշխարհի տարբեր անկյուններում շոշափելի է ցեղասպան քաղաքականության վտանգը։

Այսօր էլ ցեղասպանության եւ էթնիկ զտումների վտանգի առջեւ են կանգնած Լեռնային Ղարաբաղի հայերը։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատամաբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, հայատյաց հռետորաբանությունը, սեփական հայրենիքից զրկելու, հայկական հետքը վերացնելուն ուղղված գործողությունները ոչ այլ ինչ են, քան ցեղասպան մտադրությունների դրսեւորում»,- ասաց իր խոսքում դեսպանը եւ շնորհակալություն հայտնեց բոլորին՝ ներկա դեսպաններին, չեխ գործընկերներին, ովքեր հարգեցին հայ ժողովրդի հիշատակի օրը։

Արարողություն Խաչքարի մոտ

Այնուհետեւ  ներկաները շարժվեցին Պրահայի Յինդրիշսկա փողոց,  ուր հայկական խաչքարի մոտ  ծաղկեպսակներ ու ծաղիկներ  զետեղեցին Չեխիայում Հայաստանի դեսպանի, Լեհաստանի դեսպանության, հասարակական ու քաղաքական գործիչների, հայ համայնքի ներկայացուցիչների կողմից։ Նաեւ կատարվեց մոմավառության արարողություն։ Այստեղ էին ոչ միայն օտարերկյա դեսպաններ, խորհրդարանականներ, այլեւ Չեխիայի Պատգամավորների պալատի նախկին անդամ, Չեխիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախկին նախագահ Ռոբին Բյոհնիշը, ում ջանքերի շնորհիվ 2017 թվականի ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Լեմկինի գնացքը եւ Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 24ի հաջորդ միջոցառումը Պրահայի Մասարիկի անվան երկաթուղային կայարանում էր, որտեղ Թերեզենի ցեղասպանությունների ուսումնասիրության կենտրոնի կողմից բացվեց Ռաֆայել Լեմկինի գնացքը։ Ինչպես հայտնի է Լեմկինը Լեհաստանում ծնված հրեա իրավագետ էր, որը  ոչ միայն սահմանել է «ցեղասպանություն«  տերմինը, այլեւ մեծ է նրա ներդրումը  1948 թվականի դեկտեմբերի 9-ին  «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման գործում։  

Ձեռնարկի վարող՝ Թերեզենի ցեղասպանությունների ուսումնասիրության կենտրոնի գեղարվեստական ծրագրերի տնօրեն Պավել Խալուպան ողջունելով բարձրաստիճան հյուրերին, նախեւառաջ ելույթի համար ձայնը տվեց կենտրոնի տնօրեն Շիմոն Կրբեցին։ Վերջինս ներկայացրեց նախագծի բուն նպատակն ու կատարված աշխատանքի բովանդակությունը, նշելով, որ Լեմկինի գնացքը մինչեւ մայիս ամսվա վերջը կլինի նաեւ Չեխիայի Կոլին, Ռակովնիկ եւ Ուստի նադ Լաբեմ քաղաքներում։ Գնացքի մի քանի վագոններում ցուցադրվում են վավերագրական կադրեր՝ նվիրված Լեմկինի գործունեությանը, ինչպես նաեւ ցեղասպանություններին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությանը։ Հիշեցնենք, որ նույն կենտրոնը 2012-16 թթ իրականացրեց «Լուսթիգի գնացքը» նախագիծը, որտեղ նույնպես անդրադարձ էր կատարվում Հայոց ցեղասպանությանը՝ Ավրորա Մարտիկանյանի պատմության միջոցով։

Այնուհետեւ  ելույթներ ունեցան Չեխիայի տրանսպորտի նախարար Մարտին Կուպկան, Չեխիայում Իսրայելի դեսպան տիկին Աննա Ազարին, Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, ինչպես նաեւ Ուկրինայի եւ Լեհաստանի դեսպանությունների ներկայացուցիչները, Չեխական երկաթուղիների Կարգոյի տնօրեն Տոմաշ Թոթը, եւ Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը։ Բանախոսների ելույթները ընդմիջվում էին Ռակիտկա մանկական երգչախմբի եւ ջութակահար Ալեքսանդր Շոնեթի հրեական, հայկական եւ ուկրաինական երգերի կատարումներով։ Միջոցառմանը ներկա էին նաեւ Ավստրիայի, Արգենտինայի, Կիպրոսի, Հնդկաստանի, Նիդերլանդների դեսպանները, Կանադայի, Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի դեսպանությունների ներկայացուցիչները։

Իսրայելի դեսպան տիկին Ազարին իր ելույթում անդրադարձավ ոչ միայն Հոլոքոսթին, այլեւ Հայոց ցեղասպանությանը, նշելով, որ այն կարեւոր կռվան է եղել Լեմկինի համար՝ ցեղասպանություն տերմինը սահմանելու ժամանակ։    ՀՀ դեսպան Հովակիմյանը մի անգամ եւս հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության առաջարկով ՄԱԿ -ը դեկտեմբերի 9-ը սահմանել է «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։ Նա ոչ միայն կարեւորեց, որ միջոցառումը անցկացվում է ապրիլի 24 ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, այլեւ ցեղասպանությունների կանխարգելման կարեւորությունը։ «Այն առավել քան արդիական է այսօր հայության համար, քանի որ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովուրդը գտնվում են ցեղասպանական վտանգի տակ»,-ասաց դեսպանը, անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը։

Վերջում ելույթ ունեցավ պատմաբան Հայկ Դեմոյանը, որը մասնավորապես նշեց.« Մենք՝ 20-րդ և 21-րդ դարերում ապրող սերունդներս, ականատես եղանք տարբեր աշխարհագրական տարածքներում իրականացված ցեղասպանությունների, պատերազմների և զանգվածային հանցագործությունների մի քանի դեպքերի։ Եվ մենք շարունակում ենք ականատես լինել նորերին… Այսուհետև մենք պարզ ընթերցողներ չենք, որոնք թերթերից տեղեկանում ենք անմարդկային վերաբերմունքի մասին և տեսնում ենք սև ու սպիտակ լուսանկարների ապացույցները: Մենք ականատես ենք լինում հանցագործությունների և զանգվածային սպանությունների, որոնք տեղի են ունենում իրական ժամանակում»։ Նրա ասելով.«Ուկրաինական ավերված քաղաքները, Արցախում հայ բնակչության շրջափակումը, Մերձավոր Արևելքում նոր ցեղասպանական գործողությունների ներուժը տագնապալի է. Մենք՝ մարդիկս, դար առ դար դառնում ենք անմարդկային՝ ստեղծելով կործանման նոր հնարավորություններ և միջոցներ։ Եվ մենք դա անվանում ենք առաջընթաց և ձեռքբերում, առաջընթաց և արդիականություն։ Մտավորականների ձայնն այլևս չի լսվում, բարոյականությունը դարձել է դարավոր հասկացություն՝ առանց որևէ էության և իմաստի…»։ Օրվա ընթացքում Հայկ Դեմոյանը պատասխանել է նաեւ չեխական լրատվամիջոցների հարցերին, անդրադառնալով ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլեւ Արցախի շրջափակմանը։

Նշենք, որ Լեմկին գնացքի ցուցադրությունը բաց է ամեն օր ժամը 11-18-ը։

Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմը եւ օրվա ամփոփումը՝ ֆիլմի դիտումից հետո

Ապրիլի 24-ի  երեկոյան Պրահայի Ֆրանսիական ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ հայ արձակագիր Նարինե Աբգարյանի վիպակի հիման վրա նկարահանված Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմի ցուցադրությունը, որը կազմակերպել էր Չեխիայի Հայ երիտասարդների միությունը։

Նախքան ֆիլմի դիտումը, Գեղանուշ Աբրահամյանը մի հատված կարդաց Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատնից» եւ ներկա հայ եւ օտար հանդիսատեսին հայերենով ու անգլերենով հիշեցրեց Հայոց ցեղասպանության 108-ր տարելիցի մասին։ Ու թեեւ «Զուլալի» ֆիլմը ցեղասպանության թեմային չէր առնչվում, սակայն այն նույնպես մարդկային ցավի ու տառապանքի մասին էր, որ հուզեց ներկաներից շատերին։  Ձեռնարկի գլխավոր հովանավորն էր «Մարլենկա» միջազգային ընկերությունը, որի շնորհիվ  ֆիլմի ցուցադրումից հետո ներկաները նաեւ մի բաժակ սուրճ ու քաղցրավենիք վայելեցին՝ իրենց տպավորությունները կիսելով ֆիլմի մասին  եւ  ամփոփելով օրվա՝ հիշատակի միջոցառումները։   

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում