
Ապրիլի սկզբից չեխական մամուլի ամենահրատապ թեմաներից են տնտեսական ճգնաժամի դեմ որպես խնայողության միջոց հանդիսացող պետական ծառայությունների զգալի կրճատումները, որոնց մասնավորապես անդրադարձել է ապրիլի 12-ի «ՊՐԱՎՈ» օրաթերթն իր «Կառավարությունը չեղարկում է ոչ միայն փոստային բաժանմունքներ, այլև հարկային տեսչության 77 տարածքային աշխատատեղեր» հոդվածով։ Վերջին երկու շաբաթների չեխական մամուլի տեսությունը, հայերեն թարգմանությամբ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ստորև.

• Կչեղարկվեն Հարկային տեսչության 77 տարածքային աշխատատեղեր
Չեխիայի Հանրապետության Ֆինանսների նախարարությունը և Ֆինանսների գլխավոր վարչությունը, հարկային տեսչությունների տարածքային աշխատատեղերի օգտագործման և նրանց գործունեության շրջանակի մանրակրկիտ վերլուծության հիման վրա, 2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կչեղարկեն 77 տարածքային աշխատատեղեր։
«Այս քայլով կառավարությունը կատարում է իր ծրագրային հայտարարության կետերից մեկը՝ պետական կառավարումն աստիճանաբար դարձնելով ավելի արդյունավետ»,- գրում է ապրիլի 12-ի «ՊՐԱՎՈ» օրաթերթը։
ՀՏ ծառայություններից զրկվող համայնքների քաղաքացիների համար խորհրդատվական սպասարկումները կտրամադրվեն ընդունելության օրերին՝ համապատասխան հարկային տեսչությունների կողմից կիրառվող էլեկտրոնային և հեռախոսակապերի միջոցով: Հարկային իրավունքի սուբյեկտների հետ անհատական կապը և օգնության ցուցաբերումը, կապված հարկային հայտարարագրերի ներկայացման հետ՝ (մասնավորապես անշարժ գույքի հարկի և ֆիզիկական անձանց եկամտահարկերի մասով), կապահովեն հարկային տեսչության աշխատակիցները՝ տուժած համայնքներ իրենց հաճախակի այցելությունների ժամանակ:

«Կառավարությունը խոստացել է խնայել այնտեղ, որտեղ հնարավոր է, այսինքն՝ առաջին հերթին, այսպես կոչված, «այտուցված» պետական կառավարման ծախսերում։ Ֆինանսների նախարարություն իմ մուտք գործելուց ի վեր, ամբողջ գերատեսչությունում գրեթե 1000 հաստիք ենք կրճատել՝ հիմնականում ֆինանսական կառավարման շրջանակներում օրակարգերի չեղարկման պատճառով։ Այս տարի շարունակում ենք կրճատել հարկային տեսչությունների
տարածքային աշխատատեղերը։ Նպատակը Չեխիայի Ֆինանսական վարչության ավելի մեծ արդյունավետության, ինչպես նաև՝ պետության համար առաջիկա երեք տարում մինչև 150 մլն կրոնի չափով խնայողությունների հասնելն է՝ իհարկե, քաղաքացիների և ընկերությունների համար հարկային տեսչությունների ծառայությունների որակն ու մատչելիությունը պահպանելով հանդերձ»,- հայտնել է Չեխիայի ֆինանսների նախարար Զբինեկ Ստանյուրան։
Ըստ «ՊՐԱՎՈ»-ի՝ հարկային տեսչության օրակարգի հարցերն այժմ կարելի է մեծամասամբ կարգավորել ինտերնետային ցանցի միջոցով, ինչը սակայն կարող է խնդիր հանդիսանալ հատկապես տարեց մարդկանց համար, «ովքեր սովոր են հենց տեղում՝ ընդունարանի պատուհանից կարգավորումն իրականացնելու ստանդարտին»,-ընդգծում է օրաթերթը։
• Չեխական փոստը կփակի իր 300 մասնաճյուղերը

Հուլիսի 1-ից Չեխական փոստն իր ծառայությունների հասանելիությունը կապահովի համաձայն նոր գործող օրենսդրության: Ներկա դրությամբ, ողջ Չեխիայի տարածքում, այն իր տրամադրության տակ ունի 3200 գործող փոստային բաժանմունք։ Չեխիայի հեռահաղորդակցային ընկերության նոր պարամետրերի համաձայն, փոստային ծառայությունների ծածկույթը հնարավոր կլինի ապահովել նաև 2900 մասնաճյուղերով։
«Արդեն երկար ժամանակ նկատելի էր ավանդական փոստային ծառայությունների պահանջարկի նվազման միտումը։ Վերջին հինգ տարիների ընթացքում մասնաճյուղերում այս ծառայությունների նկատմամբ հետաքրքրությունը նվազել էր 40%-ով։ Եվ դա պայմանավորված է արդի թվայնացմամբ, որի շնորհիվ հնարավոր է մի շարք ծառայություններ իրականացնել ոչ թե փոստային բաժանմունք անձամբ այցելելով, այլ առցանց միջավայրում»,-Չեխական փոստի կայքէջում մարտի 31-ի հայտարարության մեջ ընդգծել է մամլո խոսնակ Մատյաշ Վիտիկը։
Հետևաբար, ըստ խոսնակի, ՉՀ-ի հեռահաղորդակցային ընկերությունը փոփոխության է ենթարկել մասնաճյուղերի բաշխման պարամետրերը՝ դրանք արտացոլելով իր ստանդարտներում։ Համաձայն նոր դրույթների, 2500-ից ավելի բնակչություն ունեցող յուրաքանչյուր համայնք այսուհետ պետք է փոստային բաժանմունք ունենա ոչ թե երկու, այլ մինչև երեք կիլոմետր հեռավորության սահմանումով։
«Չեխական փոստի մասնաճյուղային պրակտիկայում դա նշանակում է, որ ներկայիս 3200 փոստային բաժանմունքներից 300-ի գործունեությունն այլևս չի համարվի պարտադիր՝ օրենսդրության փոփոխությունից հետո։ Ուստի Չեխական փոստը, ելնելով իր գործունեության տնտեսական շահութաբերությունից, հաճախորդների այցելությունների և իրականացված դրամական փոխանցումների քանակից՝ (հասարակական տրանսպորտի հետ կապված խոչընդոտների առկայությունը ներառյալ), կչեղարկի դրանք՝ առանց որևէ փոխհատուցումների»,- ավելացրել է Չեխական փոստի մամլո խոսնակը վերոհիշյալ հայտարարության մեջ։
•Մոտավորապես 1500 աշխատակիցներ ստիպված կլինեն հեռանալ աշխատանքից
«Մարդկայնորեն, անձամբ ոգևորված չեմ մասնաճյուղերի չեղարկումով։ Ցավում եմ, որ մեզ ստիպեցին գնալ այս քայլին փոստային ծառայությունների շուկայում՝ համակերպվելով տնտեսական իրականության զարգացումներին։ Օրենսդրությունը փոխվել է, և մենք չենք կարող մեզ թույլ տալ փոստային բաժանմունքներ վարելու ճոխություն, որն իրականում մեզ պետք չէ։ Խոսքը զգացմունքների մասին չէ, այլ Չեխական փոստի ֆինանսական իրականության, որի հետ պետք է հաշվի նստենք։ Եթե ժամանակի ընթացքում չձեռնարկեինք անհրաժեշտ միջոցներ, մասնաճյուղերն այլևս չէին լինի։ Անգամ Չեխական փոստն ինքնին չէր գործի»,- մամուլին տված հարցազրույցում հայտնել է Չեխական փոստի գլխավոր տնօրենի կողմից լիազորված տեղակալ՝ Միրոսլավ Շտեպանը։
Ապրիլի 5-ի «ՊՐԱՎՈ» օրաթերթի հավաստմամբ, Չեխական փոստը չի փակում մասնաճյուղերն այն համայնքներում, որտեղ գործում է միայն մեկ փոստային բաժանմունք։ Միաժամանակ մասնաճյուղային ցանցի կրճատումը չի տարածվում «Գործընկեր» փոստային բաժանմունքների վրա, որոնք ներկայումս 819-ն են ամբողջ Չեխիայի տարածքում: Մասնաճյուղերը, որոնք կլինեն, այսպես կոչված՝ «նոր ջրամբար» այն հաճախորդների համար, որոնց փոստային ծառայությունը չեղարկվել է իրենց բնակավայրում, սպասարկման համար կապահովեն բավարար կարողություններ։ Չեխական փոստի կողմից շահագործվող բոլոր փոստային բաժանմունքներն ի վիճակի են մատուցել սպասարկման պահանջվող ստանդարտները։
«Ամենածանրաբեռնված փոստային բաժանմունքներում, որոնցից առկա են 400-ը, կարելի է կոնկրետ ծառայություն պատվիրել կոնկրետ ժամի համար՝ դեպի տվյալ մասնաճյուղ նախատեսված այցելությունից ընդամենը մեկ ժամ առաջ։ Ծանրոցներ ուղարկելու և ստանալու համար հաճախորդները ողջ հանրապետության տարածքում կարող են օգտվել, ընդհանուր առմամբ, 7625 փաթեթավորման ծառայություններից և ծանրոցների տրամադրման տերմինալային ինքնասպասարկման կրպակներից»,-կարևորել է մամլո խոսնակ Մատյաշ Վիտիկը՝ մարտի 31-ի հայտարարության մեջ։
• «Փոստում թոշակը կհատկացվի միայն հին թոշակառուներին»
Ապրիլի 8-ի «ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ» օրաթերթի տեղեկացմամբ, մոտ 700,000 տարեց քաղաքացիների կենսաթոշակը վճարվում է Չեխական փոստի միջոցով: ՉՀ-ի ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանը ցանկանում է փոստային բաժանմունքում կենսաթոշակների ստանալու ավանդական եղանակն աստիճանաբար վերացնել։ Սակայն, նախարարի խոսքով, փոփոխությունները չպետք է վերաբերվեն բոլոր հին թոշակառուներին։
«Նախ կցանկանայի նշել, որ յուրաքանչյուր փոփոխություն վերաբերվելու է միայն, այսպես կոչված, նոր թոշակառուներին, այսինքն՝ ներկայումս թոշակի անցնողներին։ Շատ դեպքերում դրանք այն մարդիկ են, ովքեր ունեն բանկային հաշիվներ և օգտվում են դրանցից»,- «ԼՆ» օրաթերթին է հայտնել է «STAN» շարժման առաջնորդը։
Ռակուշանի հիմնավորմամբ՝ հիմնական պատճառը սպառնալիքի տակ հայտնված տարեցների անվտանգության հարցն է։ «Ըստ իս, փոստային բաժանմունքում կանխիկ կենսաթոշակ ստանալու վտանգի ռիսկերն ակնհայտ են այն առումով, որ առձեռն մեծ գումար ստացող տարեց քաղաքացին կարող է դառնալ հարձակման թիրախ»,- չեխական մամուլին տված իր հարցազրույցում պնդել է ՆԳ նախարարը՝ հավելելով, որ այդ նկատառումները, անշուշտ, Չեխական փոստի վերափոխման գործընթացի անբաժանելի մաս են կազմում։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա