
Ապրիլի 1-ին Պրահայի շաբաթօրյա դպրոցում անցկացվեց Մայրերի տոնին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ։ Դպրոցի կրտսեր եւ ավագ սաները ներկաներին հիացրին իրենց ասմունքով ու ժամանակակից կոմպոզիտորների մայրերին նվիրված ստեղծագործությունների կատարմամբ։ Հիրավի անգնահատելի է դպրոցի ուսուցչուհիներ Գոհար Մելիքյանի, Ծովինար Բեյբությանի եւ Նազիկ Օթարյանի կատարած աշխատանքը։ Հուզիչ էին երեխաների կողմից մայրերին տրված իրենց հեղինակային գեղանկարչական աշխատանքները, ապա նաեւ կարմիր վարդերը։ Հանդեսի հատկանշական պահերից մեկն էլ այն էր, որ հայ գրողների մասին կարճ տեսանյութերի ցուցադրությանը հետեւում էր դպրոցի սաների տպավորիչ ասմունքը։
Դպրոցի բազմամյա տարիների ղեկավար Արմեն Քոլոյանը ներկայացնում էր ելույթ ունեցողներին, իսկ վաստակաշատ մանկավարժ Լարիսա Գրիգորյանը, ով գրեթե մեկ քառորդ դար դասավանդել էր դպրոցում, իր ջերմ խոսքով ու շիրազյան ասմունքով շնորհավորեց բոլոր մայրերի տոնը՝ իր գնահատանքի խոսքը ուղղելով դպրոցի ողջ անձնակազմին։
Հանդիսությանը ներկա Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Հովակիմյանը նույնպես ջերմորեն շնորհավորեց դպրոցի ուսուցիչներին և սաներին փայլուն աշխատանքի կապակցությամբ՝ ընդգծելով դպրոցի դերը հայապահպանության և երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության գործում։ Դեսպանը նաեւ նշեց, որ ապագայում դպրոցի տնօրինության հետ համաձայնությամբ դեսպանատունը ամենամյա մրցանակ կսահմանի լավագույն աշակերտի համար։ Երկրորդելով դեսպանի առաջարկը, նման մի մրցանակ էլ կսահմանենք ՕՐԵՐ եվրոպական ամսագրի կողմից՝ խրախուսելու դպրոցում առաջադիմության բարձրացումը եւ առողջ մրցակցությունը։
Մեր կողմից շնորհավորում ենք դպրոցի ողջ անձնակազմին կատարած աշխատանքի եւ անշահախնդիր նվիրվածության համար։
Վերջում նաեւ կոչ ենք անում պրահայաբնակ մեր հայրենակիցներին, որպեսզի իրենց երեխաներին ուղարկեն հայկական դպրոց ոչ միայն հայերեն սովորելու, այլեւ հայկական միջավայրում, հայկական երգի ու պարի, ասմունքի ու հայ ընկերների բարեկամությունը վայելելու համար։
orer.eu
Ստորեւ՝ լուսանկարային ռեպորտաժ հանդեսից։














