Չեխիայի Հանրապետության նախագահի երդմնակալությունը եւ երկրի ամենահանդիսավոր արարողության պատմությունը

  • 08.03.2023
  • 0
  • 481 Views

«Խոստանում եմ հավատարմություն ցուցաբերել Չեխիայի Հանրապետությանը։ Խոստանում եմ պահպանել նրա սահմանադրությունն ու օրենքները։ Պատվովս եմ խոստանում, որ պաշտոնավարելու եմ ի շահ ողջ ժողովրդիս՝ լավագույն գիտակցությանս և խղճիս սահմաններում»։

Թեև դա «ընդամենը» խորհրդարանական պատվիրակության հանդիպում է, իրականում այն պետության ամենահանդիսավոր և նշանակալից արարողությունն է, որը երբևէ տեղի է ունենում Չեխիայում։ Ինչպես Մեծ Բրիտանիան է պատրաստվում նոր թագավոր Չարլզ III-ի մայիսին կայանալիք թագադրմանը, նույնպես և Չեխիան է անհամբեր սպասում նախագահ Պետր Պավելի երդմնակալությանը։ Սակայն մեկ տարբերությամբ։ Թագադրումը սովորաբար լինում է սերունդը մեկ անգամ, իսկ երդմնակալության արարողությունը Պրահայի ամրոցում՝ հինգ տարին մեկ անգամ, ինչը ահա կայանալու է այսօր՝ մարտի 8-ից մինչև 9-ը ընկած ժամանակահատվածում։

Open photo

• Չեխիայի Հանրապետության նախագահի ժամանակակից երդմնակալության արարողությունն ընթանում է հետևյալ ավանդական կարգով.

Մարտի 8-ի կեսգիշերին՝ ուղիղ զրո ժամին, սահմանափակվում է Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի նախագահական մանդատի ժամկետը՝ այդ պաշտոնում անցկացնելով ուղիղ տասը տարի, ավելի ստույգ՝ 3652 օր (2016 և 2020 թվականները նահանջ տարիներ էին): Մինչ նորընտիր նախագահ Պետր Պավելի կողմից պաշտոնի ստանձնումը՝ երկրում ժամանակավորապես տիրում է, այսպես կոչված, «անղեկավար» կարգավիճակ։ Ամրոցի պահակախումբը ցած է իջեցնում շենքի վրայի նախագահական դրոշը*

(* ՉՀ-ի Նախագահի դրոշը նախագահական շենքի վրա ծածանվում է դեռևս 1918 թ.-ից՝ Չեխոսլովակյան Հանրապետության հիմնադրման ժամանակվանից։ Որպես պետական խորհրդանիշ՝ պաշտոնապես օրինականացվել է 1920 թ.-ին։ Այն իրենց պաշտոնավարության օրոք օգտագործել են՝ Տոմաշ Գարիգ Մասարիկը, Էդվարդ Բենեշը և Էմիլ Հախան։ Սպիտակ, կարմիր և կապույտ եզրագծերով դրոշի կենտրոնում, պետական զինանշանի ներքո, կարմիր ժապավենի վրա արծաթագույն տառերով գրված է. «ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹՈՒՄ Է» կարգախոսը – խմբ. նշում)։

Open photo

Նախագահի լիազորությունները մի քանի ժամով անցնում են Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալային և Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ՝ Մարկետա Պեկարովա Ադամովային։ Ըստ ավանդույթի, արարողությունն ընթանում է հաջորդ օրը կեսօրին՝ Պրահայի ամրոցի Վլադիսլավյան դահլիճում։

Առաջին հայացքից այն հիշեցնում է հոկտեմբերի 28-ի շքանշանների և մրցանակների ամենամյա ավանդական շնորհանդեսը, սակայն տարբերվում է որոշ էական մանրամասներով։

Եթե չեն լինում անսպասելի փոփոխություններ, ավանդակարգին համապատասխան, մարտի 9-ի կեսօրին, ժամը 2-ին, Հուսիթյան երգի հնչյունների ներքո դահլիճ են մտնում Պրահայի ամրոցի պահակախմբի դրոշակակիրները։ Նրանց անմիջապես հաջորդում է նորընտիր նախագահը՝ գերմանացի կոմպոզիտոր Վալենտին Հաուսմանի ստեղծագործած մեղեդու, կամ փողային գործիքներից հնչող Ֆանֆարի ուղեկցությամբ՝ «Լիբուշե» օպերայից*։

(* Libuše-ն չեխ կոմպոզիտոր Բեդրիխ Սմետանայի երեք գործողությամբ օպերա է՝ գրված 1872 թ.-ին՝ Յոզեֆ Վենցիգի լիբրետոյով։ Սյուժեն հիմնված է չեխ արքայադուստր Լիբուշեի լեգենդի վրա։ Այն առաջին անգամ ներկայացվել է 1881 թվականի հունիսի 11-ին՝ Պրահայի Ազգային թատրոնում – խմբ. նշում)։

«Ֆանֆար Լիբուշեից» ստեղծագործությունը, ըստ սովորույթի, պատկանում է հանրապետության նախագահին, որի պաշտոնը կստանձնի Պետր Պավելը՝ հանդիսավոր երդումը տալուց հետո միայն։ Եթե ոչ տոնակատարության սկզբին դահլիճ մտնելիս, ապա գոնե ավարտին՝ դահլիճից հեռանալիս, նախագահի քայլերն անպայման ուղեկցվում են այս երաժշտության հնչյունների ներքո»,- փետրվարի 9-ի ՄՖ ԴՆԵՍ օրաթերթին ներկայացնում է Ամրոցի արձանագրությունների պահապան «արխիվարիուս»՝ Վլադիմիր Կրուլիշը:

Պատգամավորների պալատի նախագահի բացման խոսքից հետո, ամբիոն է դուրս գալիս հանրապետության նորընտիր նախագահը, ով ձեռքը դնելով Չեխիայի Հանրապետության սահմանադրության վրա, կարդում է երդման հետևյալ տեքստը. «Խոստանում եմ հավատարմություն ցուցաբերել Չեխիայի Հանրապետությանը։ Խոստանում եմ պահպանել նրա սահմանադրությունն ու օրենքները։ Պատվովս եմ խոստանում, որ պաշտոնավարելու եմ ի շահ ողջ ժողովրդիս՝ լավագույն գիտակցությանս և խղճիս սահմաններում»։ Խոսքն ավարտելուց անմիջապես հետո, սեղմելով ՉՀ-ի Սենատի նախագահ՝ Միլոշ Վիստրչիլի (ODS) ձեռքը, հանրապետության նորընտիր նախագահն այդպիսով հաստատում է իր երդումը։

Հնչում է պետության օրհներգը, և վեհ բարձունքում կանգնած Պրահայի ամրոցի գլխավերևում երկինքը թնդում է Պետրժինյան այգիներից հրետանավորների կրակած 21 տոնական սալվոների որոտից, որից հետո նախագահի նստավայրի շենքի կտուրին կրկին ծածանվում է նախագահական դրոշը:

«Այնուհետև հանրապետության նախագահ Պետր Պավելը հանդես կգա իր հնգամյա նախագահական առաջին ելույթով»,- ավելացնում է Կրուլիշը։

Հոկտեմբերի 28-ի ամենամյա շնորհանդեսից երդմնակալության արարողությունը տարբերվում է նաև դահլիճում գտնվող հյուրերի կազմով։ Ըստ նախատեսվածի՝ այս նախագահական երդմնակալությանը պետք է ներկա լինեն 281 պատգամավորներ ու սենատորներ։ Ընդհանուր առմամբ դահլիճում լինում են մոտ յոթ հարյուր մարդ։

Ամբողջ արարողությունը նախապատրաստում և կազմակերպում է հանրապետության նախագահի աշխատակազմը։ Հիմնականում նոր նախագահից է կախված, թե ինչով է ուղեկցվում արարողության ընթացքը, կամ ովքեր են ներկա լինում դահլիճում, եթե հրավիրված լինեն և հարևան երկրների նախագահները։ Դրան հաջորդում են նաև մեկ բաժակ գինու շուրջ զրույցների հրավերքները, որտեղ հատուկ հյուրերի թիվը երբեմն հասնում է մինչև երեք հազարի։

Ի՞նչ է լինելու որպես արարողության մաս։

Համաձայն ՄՖ ԴՆԵՍ-ի փետրվարի 9-ի մանրամասների, «այնուամենայնիվ, նախկինում արարողակարգը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել»։ Օրինակ՝ Տոմաշ Գարիգ Մասարիկի օրոք բավական է եղել միայն Չեխիայի Պատգամավորների պալատում՝ (խորհրդարանի ստորին պալատ) տրված խոստումը, որին ավելի ուշ ավելացել է նաև զինվորական շքերթը, ինչը, սակայն, կրկին դուրս է մնացել ծրագրից՝ Միլոշ Զեմանի (9.3.2018թ.) վերջին երդմնակալության ժամանակ։

«Զորահանդես չենք ակնկալում։ Փոխարենը կցանկանայինք հնարավորություն տալ հանրությանը մուտք գործելու Պրահայի ամրոցի երրորդ բակ, որտեղ տեղադրված կլինեն մեծ էկրաններ»,- օրաթերթին է հայտնել Պետր Պավելի նախագահական գրասենյակի ապագա տնօրեն՝ Յանա Վոհրալիկովան, որի տեղեկացմամբ օրակարգում լինելու է նաև, այսպես կոչված, «Te Deum laudamus»*-ի երախտիքի պատարագ, ինչը վերջին անգամ մատուցվել է Վացլավ Հավելի օրոք։

(* «Te Deum laudamus» /լատ. «Փառք ենք տալիս քեզ Աստված»/ – միջնադարյան ծագում ունեցող գոհաբանական օրհներգ է, որը ժամերգության ընթացքում, աղոթքի հետ մեկտեղ, օգտագործվում է որպես կաթոլիկ քահանաների ժողովածուներից հնչող երախտագիտական խոսք։ Բարոկկո ոճի դարաշրջանից ի վեր եղել է պալատականների և պետական արարողությունների անբաժանելի մասը՝ հաճախ ընդունվելով որպես «տիրակալի լեգիտիմացում» հասկացությամբ – խմբ. նշում)։

Մարտի 6-ի չեխական «ՊՐԱՎՈ» և «ԲԼԵՍԿ» օրաթերթերի հավաստմամբ, Վլադիսլավյան դահլիճում երդման ավարտից հետո.

. նախագահ Պավելը, ժամը 14:50-ին, Պրահայի Ամրոցի 3-րդ բակում գտնվող նախագահական շենքի պատշգամբից կողջունի հանրությանը:

• Ժամը 15:10-ին կայցելի Պրահայի Հրադչանի հրապարակ, որտեղ ծաղիկներ կդնի Տ.Գ.Մասարիկի հուշարձանին։

• Ժամը 15:30-ի մոտերքում կմտնի Ամրոցի Նոր թագավորական պալատի հյուսիսային թևի ամենամեծ, հանդիսավոր Իսպանական սրահ՝ հանդիպելու և մեկ բաժակ գինու շուրջ զրուցելու հյուրերի հետ։

Այնուհետև, չեխական «Seznam.cz» ինֆորմացիոն կայքէջի «Te Deum»-ի ծեսը և հարգանքի տուրքը գանգի առջև…» փետրվարի 23-ի հոդվածի համաձայն, Պետր Պավելին սպասվում է վաղ երեկոյան ծրագիր Ամրոցի Մայր տաճարում, որը կներառի աղոթք, քարոզչություն, հարգանքի տուրք Սբ. Վացլավի թագակիր գանգի* առջև և «Te Deum»։ Հաշվի առնելով այն փաստը, որ Պետր Պավելը աթեիստ է, երախտիքի պատարագ, որպես այդպիսին, ըստ ծիսակարգի չի լինելու։ Ուստի «Te Deum»-ի արարողությունը կմատուցվի ֆիլհարմոնիկ համերգի տեսքով։

Open photo

(* Lebka Svatého Václava /Սուրբ Վացլավի գանգը/ – «Իրականում գրեթե ոչինչ չգիտենք Չեխիայի հովանավոր սուրբ Վացլավի մասին: Չգիտենք նրա ծննդյան կամ մահվան ստույգ տարեթվերը (ենթադր. 907-935թթ.)։ Չգիտենք՝ ընտանիք ունեցել է արդյոք, կամ նույնիսկ երբ է սպանվել՝ 28 թե՞ 44 տարեկանում։ Այս տվյալները նույնիսկ ժամանակակից գիտությունն այսօր չի կարող հաստատել։ Միակ համոզվածությունը, որ ունենք, Սուրբ Վիտուսի տաճարում պահվող կմախքի մնացորդներն են՝ թագակիր գանգը ներառյալ, որոնք ամենայն հավանականությամբ արքայազնի մնացորդներն են»,- 2020թ. սեպտեմբերի 28-ի «iROZHLAS» ռադիոհանդեսին հայտնել է Կարելի համալսարանի Բնական գիտությունների ֆակուլտետի Մարդաբանության և մարդու գենետիկայի ամբիոնի պրոֆեսոր՝ Յարոսլավ Բրուժեկը – խմբ. նշում)։

Արարողակարգում նախատեսված է Չեխիայի ամենահայտնի և աշխարհում ամենաշատ նվագարկվող, երբեմնի չեխ կոմպոզիտորներից մեկի՝ Անտոնին Դվորժակի վոկալ-գործիքային ստեղծագործության կատարում, ով եղել է լատիներեն գրված քրիստոնեական հայտնի օրհներգի երաժշտության հեղինակը։ Ամերիկայի հայտնաբերման 400-ամյակի կապակցությամբ ստեղծագործությունը պատվիրվել է Նյու Յորքի կոնսերվատորիայի կողմից և առաջին անգամ հնչել է 1892 թվականին։

«Չեխիայի ազգային ֆիլհարմոնիայի տնօրենը զանգահարեց ինձ և ասաց, որ իր նվագախումբը կցանկանար Սբ. Վիտուսի տաճարում նվագել Դվորժակի «Te Deum»-ը, քանզի այն տոնական ստեղծագործություն է և միշտ նախատեսված է եղել վեհ միջոցառումների համար։ Այդպիսով առաջարկվեց լավագույն գործը Չեխիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Յակուբ Հռուշայի ղեկավարման ներքո»,- «Seznam.cz» կայքէջում նշել է նախագահական գրասենյակի ապագա տնօրեն՝ Վոհրալիկովան։ Կայքէջի տեղեկացմամբ՝ մարտի 9-ի երեկոյան հանդիսավոր արարողությունը կսկսվի ժամը 18-ին, երբ «Նախագահի մասնակցությամբ Չեխիայի և Մորավիայի եպիսկոպոսները կհանդիպեն Սբ. Վացլավի մատուռում (ինչը «տաճարի սիրտն է»)՝ արքեպիսկոպոս Յան Գրաուբների հետ համատեղ աղոթքի»,- «Seznam Zprávy»-ին հայտնել է Պրահայի արքեպիսկոպոսության խոսնակ՝ Յիրժի Պրինցը։ Արարողությանը ներկա կգտնվի Չեխիայի եկեղեցիների Էկումենիկ խորհրդի նախագահությունը, այսինքն՝ չեխ ավետարանականների ներկայացուցիչները, ինչպես նաև՝ երկրի ռաբբին։ «Սրանով ուզում ենք արտահայտել պարոն նախագահի խոսքը, որ «այստեղ նա բոլորի նախագահն է»,- ընդգծել է Վոհրալիկովան։

Արքեպիսկոպոսության խոսնակ՝ Յիրժի Պրինցի մեկնաբանությամբ «Te Deum»-ի ծիսակատարությունը կընթանա Սբ. Վիտուսի տաճարի, այսպես կոչված, «Գլխավոր նավ»-ի առաջնամասում, որը նախատեսված է կրոնական արարողությունների մասնակիցների համար։ Ծանրաբեռնված օրը նոր նախագահը կավարտի ժամը 20:10-ին չեխական հեռուստատեսությանը տրվող հարցազրույցով։

Այնուհետև կհնչի Դվորժակի «Սուրբ Լյուդմիլա» օրատորիայի վերջին հատվածը, որով կեզրափակվի ամբողջ ծրագիրը տաճարում։

Open photo

• Չեխոսլովակիայի նախագահների ցանկը՝ ժամանակագրական կարգով

• Նախագահների քաղաքական կյանքից միջադեպեր պատմության էջերից

Դեռևս 1918 թվականին, անկախ Չեխոսլովակիայի Հանրապետության ստեղծումից հետո, ընդունվել է այսպես կոչված՝ «Ժամանակավոր Սահմանադրություն», ըստ որի նախագահին պետք է ընտրեր Հեղափոխական Ազգային ժողովը՝ մինչև սահմանադրության վերջնական հաստատումը, ինչը տեղի է ունեցել 1920 թվականին: ՉՍՀ-ի սահմանադրական կանոնադրության համաձայն, որը գործել է մինչև 1948 թվականը, նախագահին ընտրել է խորհրդարանը՝ յոթ տարվա պաշտոնավարման ժամկետով։ Ոչ ոքի չի տրվել երկու անգամից ավել անընդմեջ ընտրվելու իրավունք (բացառությամբ՝ Տոմաշ Գարիգ Մասարիկի, ում վրա չի ազդել երկու մանդատի սահմանափակումը)։

Նման բովանդակություն է ունեցել նաև ՉՍՀ-ի 1948 թվականի Սահմանադրությունը, որի համաձայն երկու անընդմեջ մանդատների սահմանափակման դրույթը չի տարածվել և Էդվարդ Բենեշի վրա։ 1960 թվականին ընդունվել է նոր սահմանադրական օրենք, ըստ որի Չեխոսլովակիայի Սոցիալիստական ​​Հանրապետության՝ (ՉՍՍՀ) Սահմանադրությունը կրճատել է նախագահի պաշտոնավարության ժամկետը մինչև հինգ տարի տևողությամբ։ Թավշյա հեղափոխությունից հետո՝ 1989 թվականի դեկտեմբերին, «Դաշնության մասին» օրենքում ավելացվել է դրույթ, ըստ որի՝ «Մինչև մանդատի ավարտը նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, նորընտիր նախագահը պետք է պաշտոնավարի խորհրդարանի կազմավորումից ամենաուշը 40 օր անց»։

Վաղը՝ մարտի 9-ին լրանում է նաև օրենքով սահմանված այդ 40-օրյա ժամկետը՝ (եթե հաշվենք սույն թվականի հունվարի 28-ի նախագահական ընտրություններից մինչև մարտի 9-ը ընկած ժամանակահատվածը)։

• Երդմնակալության արարողության ծագումն ու զարգացումը

Ի սկզբանե, նախագահի երդումն առանձնապես մեծ իրադարձություն չի եղել Չեխիայի քաղաքականության պատմության մեջ։ Նոր նախագահի երդմնակալությանը աստիճանաբար ավելացել են տարբեր ավանդույթներ՝ խթանելով դրա նշանակալիության բարձրացմանը։

Open photo

Նախագահի պաշտոնը ստանձնելու առաջին երդման խոսքը, դեռևս 1918 թվականի դեկտեմբերի 21-ին, հղել է Չեխոսլովակիայի Առաջին Հանրապետության 1-ին նախագահ՝ Տոմաշ Գարիգ Մասարիկը (ծնվ. 07.03.1850թ. Հոդոնին, մահ. 14.09.1937թ. Լանի)։ Այդ ժամանակ, առանց որևէ հանդիսավոր արարողության, նախագահին բավական է եղել միայն հրապարակայնորեն ասել. «Խոստանու՛մ եմ»։

Թե ինչպես է այդ մեկ բառը հետագայում դարձել ամբողջական խոսք՝ մինչ օրս նախագահների կողմից արտասանվելով ըստ ընտրական ավանդույթի, այդ մասին տեղեկանում ենք Չեխոսլովակիայի Հանրապետությունում 1934 թվականի մայիսի 24-ից նախագահի պաշտոնին Տ.Գ. Մասարիկի 4-րդ ընտրության դիպվածից, որը տեղի է ունեցել այդ ժամանակվա Ազգային ժողովի երկու պալատների ներկայացուցիչների ներկայությամբ՝ միաժամանակ հեռարձակվելով նաև Չեխոսլովակյան ռադիոյի եթերում։

«Անմիջապես ընտրություններից առաջ, հանկարծակի ուղեղի կաթված ստանալու պատճառով, կտրուկ վատանում է նախագահի տեսողությունն ու հիշողությունը, ինչն էլ դրդապատճառ է հանդիսանում մեկ բառանոց խոստումն ավարտել հուշարարների օգնությամբ՝ արդյունքում այն վերածելով տեքստի»,- գրում է (8.2.2023թ.) ինֆորմացիոն-հասարակական «ԲԼԵՍԿ» օրաթերթն իր կայքէջում։

Տ. Գ. Մասարիկի վերջին ընտրություններից հետո ավանդույթ է մնացել նաև ամրոցի պահակախմբի պատվավոր զինվորական շքերթը՝ ենթադրաբար այդպիսով ցանկանալով ընդգծել նախագահի դերը՝ որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի։ Այդ ժամանակվանից ի վեր պահպանվել է նաև զորահանդեսի այս ավանդույթը՝ բացառությամբ չկայանալով միայն Միլոշ Զեմանի երկրորդ երդմնակալության ընթացքում։

Open photo

Քաղաքական և պետական ​​գործիչ, իրավագիտության և փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր՝ Էդուարդ Բենեշը (ծնվ. 28.05.1884թ. Կոժլանի, մահ. 03.09.1948թ. Սեզիմովո Ուստի) եղել է Չեխոսլովակիայի Հանրապետության 2-րդ նախագահը՝ 1935-1948 թվականներին՝ (ավելի ստույգ՝ 1935–1938թթ. առաջին հանրապետության օրոք և 1945–1948 թթ. երկրորդ աշխարհամարտի տարիներին)։ Մյունխենի համաձայնագրի (1938թ. սեպտեմբերի 29-ից մինչև 1939թ. մարտի 15-ը) վավերականության ավարտից հետո, այսպես կոչված՝ Չեխոսլովակիայի Երկրորդ Հանրապետության սկզբնավորման և (մինչև 1945թ. մայիսը) դրան հաջորդած գերմանական օկուպացիայի ժամանակաշրջանում, Էդուարդ Բենեշն ապրել և ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալել աքսորում։

1940 թվականից մինչև Չեխոսլովակիայի ազատագրումը՝ (ոչ միայն հակահիտլերյան կոալիցիայի կողմից, այլև միջազգայնորեն) ճանաչվել է որպես Չեխոսլովակիայի դիմադրության շարժման բարձրագույն ներկայացուցիչ՝ միաժամանակ լինելով հանրապետության վտարանդի նախագահը։ Չեխոսլովակիայի երկրորդ նախագահի պաշտոնակատար կրկին եղել է 1945–1948 թվականներին։

Open photo

Իրավաբան և քաղաքական գործիչ, իրավագիտության դոկտոր, դոցենտ՝ Էմիլ Դոմինիկ Յոզեֆ Հախան 1925–1938 թթ. եղել է Չեխոսլովակիայի Գերագույն վարչական դատարանի նախագահը։ 1938 թ.-ի նոյեմբերին ընտրվել է որպես հետմյունխենյան համաձայնագրի Չեխոսլովակիայի Երկրորդ Հանրապետության երրորդ նախագահ։

1939 թ. մարտի 16-ին նացիստական ​​Գերմանիայի կողմից Բոհեմիայի, Մորավիայի և Սիլեզիայի մնացած տարածքների օկուպացումից և Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատի ստեղծումից հետո մնացել է պրոտեկտորատի նախագահի պաշտոնում՝ մինչև այդ վարչակարգի փլուզումը՝ 1945 թ. մայիսին։

Տոմաշ Գարիկ Մասարիկի մահից հետո Էմիլ Հախան եղել է առաջին նախագահը, ով ընտրվելուց հետո իր հարգանքի տուրքն է մատուցել Մասարիկի գերեզմանին:

Էմիլ Հախայի ընտրությունը բացառություն է եղել այն առումով, որ ՉՍՀ-ի Ազգային ժողովի կողմից այն կայացել է ոչ թե ամրոցի Վլադիսլավյան դահլիճում, այլ Ռուդոլֆինումում*, որտեղ էլ Հախան տվել է իր նախագահական խոստումը։

Open photo

(* Rudolfinum-ը նեո-ռենեսանս ոճի շենք է՝ Պրահայի Հին քաղաքի աջափնյա թաղամասում գտնվող Յան Պալախի հրապարակում, որի «Դվորժակ» դահլիճում կարևոր համերգներ են անցկացվում, օրինակ՝ «Պրահայի գարուն» միջազգային երաժշտական ​​փառատոնի շրջանակներում։ Ռուդոլֆինումի շենքը պատկանում է «Չեխիայի ֆիլհարմոնիա» չեխական սիմֆոնիկ նվագախմբին, որը նույնպես գործում է Պրահայում – խմբ. նշում)։

Էմիլ Հախան եղել է նաև երկրի առաջին կրոնապաշտ ղեկավարը, ով իր ընտրվելուց հետո ուղղվել է դեպի Պրահայի ամրոցի Սբ. Վիտուսի, Վացլավի՝ (Վենցեսլաուսի) և Վոյտեխի* տաճար՝ մասնակցելու իր ընտրության պատվին ընթացող հանդիսավոր «Te Deum»-ի պատարագին։

(* Սուրբ Վոյտեխ – Պրահայի երկրորդ եպիսկոպոս (982-996թթ.), արտերկրում հայտնի է Սուրբ Ադալբերտ անունով – խմբ. նշում)։

Open photo

Կլադնոյի շրջանի Լանիի քաղաքային գերեզմանատանը թաղված Տ. Գ. Մասարիկի գերեզմանին, նախագահի պաշտոնին ընտրվելուց հետո, իր հարգանքի տուրքն է մատուցել նաև Կլեմենտ Գոտվալդը, որին հաջորդող մյուս կոմունիստ նախագահները, սակայն, չեն պահպանել այդ ավանդակարգը:

Կլեմենտ Գոտվալդը՝ (ծնվ. 23.11.1896թ. Վիշկով, մահ. 14.03.1953թ. Պրահա) եղել է Չեխոսլովակիայի կոմունիստ քաղաքական և պետական ​​գործիչ, իսկ 1929թ.-ից՝ Ազգային ժողովի պատգամավոր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իր առաջին և երկրորդ կառավարություններում ստանձնել է վարչապետի պաշտոնը։ 1948թ.-ին կոմունիստների իշխանության գալուց չորս ամիս անց ընտրվել է Չեխոսլովակիայի 4-րդ նախագահի պաշտոնին, որը զբաղեցրել է մինչև իր մահը: Թեև ի սկզբանե դեմ է հանդիսացել տիրող ռեժիմի քաղաքական գործընթացներին, այնուհանդերձ չի կարողացել դիմակայել խորհրդային ճնշմանը՝ ուղղակիորեն պատասխանատու լինելով իր տասնյակ հակառակորդների, համախոհների և անմեղ մարդկանց (այդ թվում և՝ չեխ իրավաբանուհի, քաղաքական գործիչ, ազգային-դեմոկրատ սոցիալիստ և ֆեմինիստուհի՝ Միլադա Հորակովայի) մահվան մեջ։ —- Փետրվարի 4-ի «ՊՐԱՎՈ» օրաթերթի «Ահաբեկչության դարաշրջանի խորհրդանիշը» հոդվածի մանրամասներից կարելի է եզրակացնել, որ ընտրության կարգը ոչ մի կերպ չի շեղվել նախկին ավանդույթից նաև Կլեմենտ Գոտվալդի երդմնակալության ժամանակ։ –

Նախագահ Գոտվալդը, ինչպես և իրենից առաջ Էդվարդ Բենեշը, Պրահայի ամրոցի Վլադիսլավյան դահլիճում ներկա գտնվող Ազգային ժողովի բոլոր պատգամավորների կողմից ընտրվել է միաձայն։

«Երդմնակալության արարողությունից անմիջապես հետո, հետևելով Էմիլ Հախայի օրինակին, Գոտվալդը նույնպես այցելել է Ամրոցի Մայր Տաճար՝ մասնակցելու Պրահայի արքեպիսկոպոսի կողմից նշվող հանդիսավոր «Te Deum»-ի երախտիքի պատարագին՝ ճանապարհին մի պահ կանգնելով և մտազբաղ հայացք նետելով Սուրբ Վացլավի թագակիր գանգին։ Այնուհետև, ինչպես և իր երկու նախորդները, ուղևորվել է հարգանքի տուրք մատուցելու Պրահայի Հին քաղաքի հրապարակում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին»,- հավելել է «ՊՐԱՎՈ» օրաթերթը՝ փետրվարի 4-ի համարում։

«Te Deum»-ի ծիսակատարությանը մասնակցելը, սակայն, հետագայում աչքաթող են արել մյուս կոմունիստ ղեկավարները։

Open photo

Անտոնին Զապոտոցկին՝ (ծնվ. 19.12.1884թ. Զակոլանի, մահ. 13.11.1957թ. Պրահա) եղել է չեխոսլովակ կոմունիստ քաղաքական գործիչ, արհմիության առաջնորդ, իսկ ավելի ուշ՝ Չեխոսլովակիայի վարչապետ։ Զբաղեցրել է Չեխոսլովակիայի 5-րդ նախագահի պաշտոնը՝ Կ. Գոտվալդից հետո լինելով երկրորդ կոմունիստ ղեկավարը՝ ըստ կարգի։ Զապոտոցկիի նախագահության ամենավիճահարույց քայլերից է եղել 1953 թվականի արժութային բարեփոխումը։

Open photo

Ազգությամբ չեխ Անտոնին Յոզեֆ Նովոտնին՝ (ծնվ. 10.12.1904թ. Լետնյանի, մահ. 28.01.1975թ. Պրահա), եղել է չեխոսլովակ քաղաքական գործիչ և Չեխոսլովակիայի Կոմունիստական ​​կուսակցության պաշտոնյա։ 1953–1968թթ. զբաղեցրել է ՉՍԿԿ-ի առաջին քարտուղարի պաշտոնը։ Եղել է Չեխոսլովակիայի 6-րդ նախագահը և Զապոտոցկիից հետո (1957-1968թթ.)՝ ՉՍ-ի երրորդ կոմունիստ նախագահը՝ ըստ կարգի։

Open photo

Չեխոսլովակ Լյուդվիկ Սվոբոդան՝ (ծնվ. 25.11.1895թ. Հրոզնատին, մահ. 20.09.1979թ. Պրահա) եղել է լեգեոնար, բրիտանական «Order of the Bath» ասպետության ամենապատվավոր շքանշանակիր, զինվորական և քաղաքական գործիչ։ Չեխոսլովակիայի առաջին և երկրորդ դիմադրությունների շարժումների մասնակից, բանակի գեներալ, իսկ 1968-1975 թթ.՝ Չեխոսլովակիայի 7-րդ նախագահը։

Open photo

Ազգությամբ սլովակ Գուստավ Հուսակը (ծննդյան անունը՝ Ավգուստին, ծնվ. 10.01.1913թ. Ավստրո-Հունգարիայի ժամանակվա Դուբրավկայում, մահ. Թավշյա հեղափոխությունից հետո 18.11.1991թ. Բրատիսլավայում) եղել է չեխոսլովակ քաղաքական գործիչ, Չեխոսլովակիայի իշխող կոմունիստական ​​կուսակցության գլխավոր ներկայացուցիչը, իսկ 1975–1989 թթ.՝ Չեխոսլովակիայի 8-րդ նախագահը։ Հուսակը նախագահական գահից հրաժարվել է կոմունիստական ռեժիմի տապալման նախաշեմին՝ 1989 թվականի դեկտեմբերի 10-ին, նոր դաշնային կառավարության նշանակումից հետո։ Այդ մասին մեկ օր առաջ հայտարարել է երեկոյան հեռուստատեսային ելույթում՝ նշելով, որ հրաժարական է տալիս քաղաքական կուսակցությունների դիրքորոշման համաձայն՝ հետագա զարգացումներին նպաստելու առումով։ «Ցանկանում եմ համագործակցության, աջակցության և վստահության համար շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում հետ հանդիպել և աշխատել եմ ավելի քան 60 տարիների քաղաքական գործունեության ընթացքում։ Մաղթում եմ բոլորիդ, որ կարողանաք հաղթահարել ճգնաժամային երևույթները և ձեր ուժերը նվիրել ստեղծագործ աշխատանքին»։

Ինչպես ինքն է նշում, քաղաքականություն մուտք է գործել 60 տարի առաջ՝ դեռևս Սլովակիայի ազգային ապստամբության ժամանակ։ 1950-ականներին բանտարկվել է կոմունիստական ​​ռեժիմի ներքո, որից հետո կրկին հայտնի է դարձել 1969թ.-ից։

Վարշավյան պայմանագրի զորքերի միջամտությունից հետո, ցուցաբերելով պրագմատիկ մոտեցում, լիովին դարձել է Մոսկվայի կողմնակիցը և Չեխոսլովակիայի նորմալացման իսկական խորհրդանիշը։

Open photo

Նկարում՝ Լեոնիդ Իլյիչ Բրեժնևն ու Գուստավ Հուսակը (1970թ., Պրահա

Open photo

Վացլավ Հավել՝ (ծնվ. 5.10.1936թ. Պրահա, մահ. 18.12.2011թ. Հրադեչեկ)։ Չեխ դրամատուրգ, էսսեիստ, այլախոհ և կոմունիստական ​​ռեժիմի քննադատ։ Հետագայում քաղաքական և պետական ​​գործիչ։

Թե՛ Մասարիկի գերեզմանին և թե՛ Մայր Տաճար այցելելու ավանդույթին վերադարձել է միայն թավշյա հեղափոխությունից հետո ընտրված Վացլավ Հավելը։

Open photo

Նկարում Չեխոսլովակիայի նախագահ՝ Վացլավ Հավելի 29.12.1989թ. հետհեղափոխական առաջին երդմնակալության զորահանդեսն է։

Հավելի երդմնակալության միջադեպը՝ որպես «լեգենդար իրադարձություն»

«Խնամքով պատրաստված տոնակատարություններըերբեմն վայրկյանների ընթացքում ծնում են չպլանավորված պահեր, որոնք հետո դաջվում են Ամրոցի պաշտոնյաների և հասարակության հիշողության մեջ»,- գրում է (9.2.2023թ.) ՄՖ ԴՆԵՍ օրաթերթը՝ ընդգծելով, որ «Հավելի հետ պատահածը, այնուամենայնիվ, եղել է լեգենդար նշանակությամբ իրադարձություն»։

Open photo

1989թ. դեկտեմբերի 29-ի չափազանց տոնական շքերթը առանձնահատուկ է եղել այն առումով, որ նախկին ռեժիմի օրոք այլախոհ և թավշյա հեղափոխության գլխավոր դեմքը՝ Վացլավ Հավելը, Ամրոցի նույն բակում ներկաների առջևով քայլելիս, լուսանկարիչների և տեսախցիկների հատուկ ուշադրությանն է արժանացել իր լայնափողք շալվարի յուրահատուկ կարճությամբ։ «Բավականին շատ մարդիկ չէին հավատում իրենց աչքերին: Հավելը բակով անցավ ակնհայտ կարճ շալվարով»,- գրել է (17.12.2012թ.) չեխական «ՀՈՍՊՈԴԱՐՍԿԵ ՆՈՎԻՆԻ» տնտեսական-քաղաքական օրաթերթը։ Նրա այդ «faux pas» կոչվող ամոթահար թերության լուսանկարը հետագայում հռչակվել է աշխարհով մեկ՝ ավելի բարձրացնելով Հավելի մեծության համբավը։ «Պետք է ասեմ, որ քիչ թե շատ ուրախ եմ դրա համար: Կարծում եմ, որ դա իմ անձին ծաղրելու բավականին նուրբ միջոց է»,- լավատեսական տրամադրվածությամբ, սակայն ներքուստ զսպելով նյարդայնությունը՝ «ՀՈՍՊՈԴԱՐՍԿԵ ՆՈՎԻՆԻ» օրաթերթին է հայտնել նախագահը։

«Այն որ նախագահի շալվարը կարճ էր, բոլորին էր ակնհայտ՝ դատելով նրանց հարցերից ու քչփչոցներից: Իսկ արարողությունից հուզված Հավելն իր հերթին այն ավելի էր վեր քաշում, քան կփորձեր դերձակի մոտ»,- ավելացնում է (9.2.2023թ.) ՄՖ ԴՆԵՍ օրաթերթը։

Open photo

Ազգությամբ չեխ Վացլավ Կլաուսը՝ (ծնվ. 19.06.1941թ. Պրահա) քաղաքական գործիչ և տնտեսագետ է։ 1991-2002 թթ. եղել է (ODS) Քաղաքացիական դեմոկրատական ​​կուսակցության համահիմնադիրը և նրա առաջին նախագահը։ 1992–1998 թթ. իր առաջին և երկրորդ կաբինետներում զբաղեցրել է հանրապետության վարչապետի պաշտոնը։ Չորս տարվա ժամկետով դարձել է Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահը, այնուհետև զբաղեցրել է ՉՀ-ի նախագահի պաշտոնը՝ 2003-2013 թվականներին։

Ժամերգության գնալը, որպես բնականոն սովորույթ, անգամ Հավելի կողմից վերականգնելուց հետո չի դարձել երդմնակալության անբաժանելի մաս՝ ղեկավարների աթեիստ լինելու պատճառով։ Օրինակ՝ Հավելի իրավահաջորդը՝ Վացլավ Կլաուսը, «Te Deum»-ին մասնակցելը բաց է թողել իր երդմնակալության ժամանակ։ Սակայն Միլոշ Զեմանը պահպանել է ծիսակարգը։

Open photo

Միլոշ Զեման (ծնվ. 28.15.1944թ. Կոլինում), չեխ քաղաքական գործիչ, կանխատեսող, տնտեսագետ։ Առաջին նախագահական երդումը տվել է 2013 թվականի մարտի 8-ին, որից 5 տարի անց սկսվել է իր նախագահության երկրորդ ժամկետը:

Open photo

Նկարում Պրահայի ամրոցի բակում ՉՀ-ի երրորդ նախագահ՝ Միլոշ Զեմանի 8.3.2013թ. նախագահական երդմնակալության օրվա զինվորական շքերթն է՝ գեներալ Պետր Պավելի գլխավորությամբ։

«Aktuálně.cz» ինֆորմացիոն կայքէջն իր «Այլևս ոչ մի սխալ խոստման մեջ…» (20.2.2023թ.) հոդվածում անդրադարձել է հետևյալին.

Open photo

«Միլոշ Զեմանը 2013 թվականին ստիպված է եղել երկու անգամ ստորագրելու նախագահական խոստումը՝ առաջին տարբերակում քերականական սխալ հայտնաբերվելու պատճառով»։ Որպեսզի Զեմանի խոստման սխալը չկրկնվի, կազմակերպիչները հատուկ ուշադրություն են դարձնում տեքստի գեղագրությանը, որը պետք է մակագրվի բնօրինակ գրիչը։

Open photo

Ինֆորմացիոն-հասարակական «ԲԼԵՍԿ» օրաթերթի (04.03.2023թ.-ի) «Ո՞վ կհեռանա Զեմանի հետ և ո՞վ կգա Պավելի հետ» հոդվածի տեղեկացմամբ.

Open photo

«Նախագահի պաշտոնը զբաղեցնելու իր գալուստով, պետության նոր ղեկավար Պավելն Ամրոցի նախագահական գրասենյակի հին աշխատակիցներին նույնպես հիմնովին կփոխարինի նորերով, որոնք Զեմանի հետ կհեռանան մարտի 8-ին»։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում