Չեխաբնակ գեղանկարիչ Աշոտ Առաքելյանի հոբելյանական ցուցահանդեսը Ռեդուտա համալիրում

  • 07.03.2023
  • 0
  • 608 Views

Փետրվարի 1-ին չեխական Ուհերսկե Հրադիշտե քաղաքի Ռեդուտա պատմա-մշակութային համալիրում  բացվել է չեխաբնակ գեղանկարիչ Աշոտ Առաքելյանի հոբելյանական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են ոչ միայն հայ անվանի նկարչի 40ից ավելի աշխատանքները, այլեւ  հայ նկարինչեր Տիգրան Մաթուլյանի, Հարություն Հարությունյանի, Քաջիկ Գրիգորյանի և Գևորգ Մակվեցյանի գեղանկարները։  Չեխական «Սլովացկե նովինի» արդեն իսկ անդրադարձել է ցուցահանդեսի բացմանը՝ «Աշոտ Առաքելյանի տպավորիչ գեղանկարների աշխարհը» հոդվածով։  Այդ օրը նկարչին հոբելյանի առթիվ շնորհավորել է նաեւ Հոռնի Նեմշչիի գյուղապետ Լումիր Կրեյիսելը եւ մշակութային ասպարեզում ունեցած ծառայությունների համար հանձնել է պատվոգիր։  

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ են ունեցել լրագրող Մարտին Նեյվիլը  եւ գրող, հրապարակախոս Յիրժի Յիլիկը։ Նրանք անդրադարձել են Առաքելյանի գործունեությանը։ «Աշոտը բացառիկ է, եւ նկատի ունեմ ոչ միայն նրա արվեստը, այլեւ նրա ողջ էությունը։ Նա հիանալի նկարիչ է, նրա ստեղծագործություններն ի հայտ են գալիս հետաքրքիր տեխնիկայով։ Միաժամանակ նրա հաջողության գաղտնիքը նրա համեստությունն է եւ աշխարհի նկատմամբ  հայացքները»,_ ասել է Մարտին Նեյվիլը։

Իսկ Յիրժի Յիլիկը նրան համարում է նկարչության պոետ։ «Նա բնության պոետ է, քաղաքների պոետ է, մարդու պոետ է»,_ ասել է նա։ Գրողը Աշոտ Առաքելյանին համարում է նաեւ իր հայրենի եզերքի՝ Հայաստանի անունը բարձր պահող անհատ։

Աշոտ Առաքելյանը ծնվել է 1948 թվականին Լեռնային Ղարաբաղում, պատմություն է ուսանել Երևանում (1972), իսկ 1992 թվականից ապրում և աշխատում է Չեխիայում՝ Հոռնի Նեմշչիում, որտեղ հաստատվել և ունի արվեստանոց։ Իր աշխատանքում նա հաճախ կենտրոնանում է ծաղիկների, լանդշաֆտային տեսարանների, զուտ աբստրակտ կոմպոզիցիաների և քաղաքային  թեմաների վրա։

Իր շնորհակալանքի խոսքն է ասել նաեւ Աշոտ Առաքելյանը։

Նշենք, որ ցուցահանդեսը կգործի մինչեւ մարտի 13-ը։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում