Այսօր առավոտյան իսպանական Վալենսիայում կյանքից հեռացավ մեր սիրելի գործընկեր, տաղանդավոր լրագրող, նվիրյալ հայր ու ամուսին Արթուր Ղուկասյանը։ Թեեւ վերջին տարին չափազանց ծանր էր նրա համար, սակայն արդեն կազդուրվել էր ու լավ էր զգում։ Եվ հանկարծ անսպասելի գնաց՝ 54-ը չբոլորած։
Արթուրը ծնվել էր 1969 թվականի հունիսի 18-ին Ադրբեջանի Շամխորի շրջանում, բայց ընտանիքն անմիջապես տեղափոխվել էր Հայաստան, բնակություն հաստատել Հրազդան քաղաքում։ Ավարտել էր Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, ապա աշխատանքի անցել Արցախում, ապա՝ Հրազդանում։ Այնուհետեւ տեղափոխվել էր Հունաստան, ապա՝ Իսպանիա։ Այս տարիների ընթացքում նա չի դադարել գրել, թղթակցել ոչ միայն ՕՐԵՐ եվրոպական ամսագրին, այլեւ Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրին, «Ակոս»ին, «Մարմարային», «Ֆրանս Արմենի» ամսագրին, վերջին տարիներին նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Իսպանիայում երկար տարիներ աշխատում էր «Վեգա Մեդիա Պրես» լրատվական գործակալությունում՝ իբրեւ հայկական բաժանմունքի՝ Արմենիա Պրեսի խմբագիր։ Անուրանալի է Արթուր Ղուկասյանի դերակատարությունը վերջին տասնամյակներին Իսպանիայում Հայոց ցեղասպանության թեմայի հանրայնացման եւ տարածման գործում։ Նրա բազմաթիվ հարցազրույցները իսպանացի գիտնականների ու քաղաքական գործիչների հետ, տեղեկատվական աշխատանքը գրքերի հեղինակների ու լրագրողների հետ կարեւոր նշանակություն են ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Եվ պատահական չէր, որ 2009 թվականին նա իր գործադրած ջանքերի համար արժանացավ Մամուլի միջազգային ակումբի եւ Վեգա Մեդիա Պրես գործակալության պատվաբեր մրցանակին։
15 տարեկանից նա թղթակցում էր հայկական մամուլին` նախ «Կոմսոմոլեց» թերթին, ապա Ղարաբաղում՝ Ասկերանի շրջանի «Խաչեն» թերթին։ 1990 թվականին վերադառնալով Հրազդան եւ աշխատելով տեղի հեռուստաընկերությունում, մեկնել էր Արցախ, ռեպորտաժներ պատրաստել Ղարադաղլու եւ Խոջալու գյուղերի ազատագրման մասին, հարցազրույցներ վարել հայ ազատամարտիկների հետ։ Լրագրությունը նրա տարերքն էր։ Ուր էլ լիներ, նա անպայման կապ էր հաստատում մամուլի միջոցների հետ, պրպտում էր, գրում էր, թղթակցում էր։
Ու երբ հայրենադարձության ծրագրով ընտանիքը տեղափոխվեց Հունաստան, քանի որ կինը՝ Կարինեն, կիսով չափ հույն էր, այնտեղ էլ սկսեց թղթակցել «Նոր աշխարհ» շաբաթաթերթին։
Իսպանիայում ապրելու առաջին տարիներին Արթուրը նաեւ ակտիվ հասարակական գործունեությամբ էր զբաղվում, մասնակցում ցույցերին ու հեռուստահաղորդումներին, ամեն միջոց օգտագործում՝ հայության խնդիրների մասին բարձրաձայնելու համար։ Ակտիվորեն մասնակցում էր համաեվրոպական հայկական համագումարներին, լրագրողների համահայկական հավաքներին, իր փորձով ու գիտելիքներով կիսվում էր բոլորի հետ։
Արթուրը գրական մեծ ձիրք ուներ։ Նույնիսկ 2020ին, երբ ողջ աշխարհը փակվեց Քովիդ համավարակի պատճառով, նա ամեն օր ֆեյսբուքյան իր էջում հրապարակում էր հետաքրքիր ակնարկներ իսպանական առօրյայի, մարդկանց մտածելակերպի ու սահմանափակ շփումների մասին։ Հավասարապես տիրապետում էր մի քանի լեզվի, գրում էր հայերեն, ռուսերեն, սովորել էր նաեւ հունարեն ու իսպաներեն։
Նա նաեւ մեծ ծրագրեր ուներ, որոնց մասին չէր բարձաձայնում։ Ցավոք, դրանք այլեւս չեն իրականանա։
Անսահման հայրենասեր հայորդու կորուստը զգալի է ոչ միայն իր ընտանիքի, հարազատների ու բարեկամների, այլեւ ողջ հայ աշխարհի համար։ Իսպանահայության կարեւոր խոսափողներից մեկը մարեց։
Հակոբ Ասատրյան
Պրահա
Հ.Գ. Խորապես ցավակցում ենք Արթուրի սիրելի տիկնոջը՝ Կարինեին, զավակներին, եղբորը՝ Արարատ Ղուկասյանին, բարեկամներին ու հարազատներին։ Աստված հոգին լուսավորի։
Հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի օրը՝ փետրվարի 21-ին առավոտյան ժամը 9ից 22-ը, այս հասեցով Tanatorio municipal de Valencia Camino Viejo de Picassent, s/n carretera, Autovía V-30, 7, 46017 Valencia,
իսկ հուղարկավորությունը` չորեքշաբթի՝ փետրվարի 22-ին ՝ ժամը 12-ին Վալենսիայի հետեւյալ հասցեից՝ Cementeri municipal de L’Eliana Camino Nº 21, 8A, 46183 L’Eliana, Valencia.