ԵԽ համազեկուցողները Երեւանում ծանոթացել են Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում ստեղծված իրավիճակին

  • 17.02.2023
  • 0
  • 212 Views

Փետրվարի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգին (Շվեդիա)։

Նախարարի տեղակալը ողջունել է համազեկուցողների փաստահավաք այցելությունը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և օբյեկտիվ գնահատմանը։

Պարույր Հովհաննիսյանը զրուցակիցներին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում ստեղծված իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման պարբերական խափանման փաստը՝ շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև։

Անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը և հայ ռազմագերիների հետ կապված խնդիրներին։ Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական կեցվածքը լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 17-ին ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին եւ Բորիանա Աբերգին:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նրանց այցը, որի նպատակն է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալը: Նա ընդգծել է համազեկուցողների կողմից նախատեսվող սահմանամերձ մարզեր այցելության եւ Հայաստանում հանգրվանած արցախցիների հետ հանդիպման անհրաժեշտությունը:

«Բարձր ենք գնահատում Վեհաժողովի եւ ձեր՝ որպես համազեկուցողներ, աշխատանքը եւ ներգրավվածությունը: Տեղյակ եմ, որ Լաչինի շրջափակման հենց առաջին օրերին հայտարարությամբ եք հանդես եկել»,- նշել է ԱԺ խոսնակը՝ արժեւորելով Վեհաժողովի Միգրացիայի հանձնաժողովի կողմից նախապատրաստվող «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետեւանքները» վերտառությամբ զեկույցը:

Հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել Լաչինի միջանցքի ճգնաժամի եւ դրա հետեւանքների մասին:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում