
Այս օրերին ողջ չեխական մամուլը ողողված է Թուրքիայի ավերիչ երկրաշարժի մասին լրատվություններով, վերլուծություններով և լուսանկարներով։ Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Թուրքիայի քաղաքական ոլորտում բնական աղետի հավանական և բախտորոշիչ ազդեցության մասին շաբաթվա մամուլի անդրադարձը։
«Երկրաշարժը միայն բնության երևույթ չէ։ Այն նաև հումանիտար աղետ է։ Շատ հաճախ նաև քաղաքական ազդեցություն ունեցող իրադարձություն։ Այսօր աղետից տուժված Թուրքիան նույնպես հայտնվել է խաչմերուկում, ու դեռ պարզ չէ, թե որ ուղղությամբ կգնա»,-մտորում է չեխական «iROZHLAS» ռադիոհանդեսն իր «Երկրաշարժը Թուրքիայում՝ որպես քաղաքական իրադարձություն» փետրվարի 8-ի թողարկման մեջ։
Բնական աղետը քաղաքական ծրագրերի խթա՞ն, թե՞ արգելք
«Նմանատիպ իրադարձությունները կարող են ունենալ դրական կամ բացասական ազդեցություն, կարող են լինել անխուսափելի կամ կանխարգելելի, ներքին նույնիսկ արտաքին քաղաքական բնույթի»,-նշում է ռադիոհանդեսն իր վերլուծությունում։

«Թուրքերի զայրույթը թափվում է Էրդողանի վրա» վերնագրով փետրվարի 9-ի հոդվածում՝ ՄՖ ԴՆԵՍ ազդեցիկ օրաթերթն իր հերթին հանդես է եկել հետևյալ վերլուծությամբ. «Աղետալի երկրաշարժից տուժածներին ցուցաբերվող երկարատև և անբավարար օգնությունը կարող է էականորեն ազդել Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրությունների վրա։
Հազարավոր կյանքեր խլած ավերիչ երկրաշարժը նաև կարևոր փորձություն է Թուրքիայի նախագահի համար։
68-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ավելի քան երկու տասնամյակ է՝ իր ամուր ձեռքն է վերցրել երկրի կառավարումը, հավակնում է կրկին վերընտրվել մայիսյան նախագահական մրցարշավում՝ միաժամանակ անտեսելով ընդդիմության ձայները, որոնք նրա հաջորդ թեկնածությունն արդեն համարում են հակասահմանադրական»,- գրում է հոդվածի հեղինակը։
Նախագահ Էրդողանի համար 2023 թվականը չափազանց կարևոր էր թերևս այն առումով, որ այս տարի պետք է լրանար Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը։ Քանզի Էրդողանը կցանկանար լինել ինչպես Աթաթուրքի իրավահաջորդը, այնպես էլ մեկը, ով կգերազանցեր նրան։

ՄՖ ԴՆԵՍ օրաթերթի մեկնաբանության համաձայն, իր քաղաքական մրցակիցների կշտամբանքներից առավել վիրավորական են բազմաթիվ թուրքերի քննադատությունները, ովքեր, ըստ երևույթին, ենթադրում են, որ կառավարությունն ու իշխանությունները ուշ և վատ են արձագանքել ավերիչ աղետին։
«Հուսահատ մարդիկ հաճախ տասնյակ ժամեր սպասել են փրկարարներին։ «Ու՞ր է պետությունը։ Երկու օր է արդեն, ոչ ոքի չենք տեսել այստեղ»,- Ղահրամանմարաշ քաղաքում լրագրողներին բողոքել է վրդովված Ալին, ում հարազատներն անօգնական ցրտահարվել են փլատակների տակ»։
Մարդիկ մարդասիրական բեռների առաքումներին սպասել են նույնքան երկար, որքան փրկարարներին։ Դժգոհությունը հետզհետե բորբոքվել է։
Նախատինքներ են հնչել նաև ճարտարապետների հասցեին, թե շենքերի անվտանգության և սեյսմակայնության կանոնները բավականաչափ չեն պահպանվում Թուրքիայում։
«Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ Էրդողանը մոտ է խոշոր շինարարական ընկերություններին, որոնք զգալի օգուտներ են շահել Թուրքիայի արևելքում ընթացող շինարարական բումից»,- ընդգծում է ՄՖ ԴՆԵՍ օրաթերթի մեկնաբանը։
«Բայցևայնպես, նրա վառ հիշողության մեջ դեռևս կարող է պահպանված լինել Մուստաֆա Բյուլենթ Էջևիթի նախկին ձախակողմյան կառավարության ճակատագիրը, որի կաբինետը աղետալիորեն ձախողվել է 1999 թվականի երկրաշարժին ոչ պատշաճ արձագանքելու հարցում»,-նմանություն նկատելով իրադրության մեջ՝ համեմատում է հոդվածի հեղինակը։
«Թուրք քաղաքագետ՝ տիկին Գյոնուլ Թոլը հիշել է, թե ինչպես են մարդիկ երկար ու ապարդյուն սպասել օգնության, ինչն այդպես էլ չի ցուցաբերվել. «Այնտեղ չկար ոչ մի փրկարարական ջոկատ։ Մարդիկ իրենք էին փորձում փլատակների տակից դուրս բերել իրենց մերձավորներին։ Ցրտաշունչ ձմեռ էր։ Սնունդ ու ջուր չկար։ Թե՛ կառավարությունից, թե՛ պետական կառույցներից, թե՛ փրկարարներից այդպես էլ չտեսանք և ոչ ոքի»,- ըստ օրաթերթի՝ հայտնել է տիկին Թոլը «Politico» կայքէջին։
Այդ ժամանակ Թուրքիայի արևմուտքում երկրաշարժից զոհվել էր 18000 մարդ, իսկ զայրույթով լցված ընտրողները ի վերջո ստիպել են կառավարությանը փոխհատուցել դրա դիմաց։

Այդպիսով 83 միլիոն բնակչություն ունեցող երկրի քաղաքականությունը հիմնովին փոխվել է՝ Էրդողանին և նրա համախոհ իսլամիստներին նպաստելով գալ իշխանության։
Օրաթերթի կարծիքով. «Պատմությունը կարող է կրկնվել՝ պարզապես այլ դերակատարների կազմում։ «Երկրաշարժն իրոք կարող է ցնցել Էրդողանի կերպարը՝ որպես մի հզոր, ինքնակալ, բայցև փորձառու առաջնորդի»,- Reuters գործակալությանը հայտնել է քաղաքական վերլուծաբան՝ Սոներ Չագապթայը»։
Թե այդ ամենն ինչ հետևանք կունենա, կախված կլինի դժվարին ժամանակներում իրեն որպես եռանդուն և վստահելի քաղաքական գործիչ դրսևորելու Էրդողանի կարողություններից, ով փորձել է այդպիսին ներկայանալ, օրինակ, փետրվարի 8-ին՝ անձամբ այցելելով Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող ավերված շրջաններից մեկը։

Նախագահը, համենայնդեպս խոստովանել է, որ փետրվարի 6-ի ցնցումներից հետո իշխանությունների առաջին արձագանքը չի եղել օրինակելի։ Իսկ այժմ, նրա հավաստմամբ, փրկարարական աշխատանքները «մեծ թափով առաջ են ընթանում»։
Այն որ Թուրքիան գնում է դեպի կառավարման ավտորիտար համակարգ, այդ մասին խոսվում է վաղուց։ Էրդողանը երկար ժամանակ ամրապնդում էր իր դիրքերը՝ զուգահեռաբար սահմանափակելով մամուլի ազատությունը, դատարանների անկախությունը և ընդդիմության հնարավորությունները։
Իհարկե, հանրապետության հիմնական դեմոկրատական կառուցվածքը, ընտրական մեխանիզմով հանդերձ, մնացել է անձեռնմխելի, ինչը նշանակում է, որ գոնե տեսականորեն, ընտրություններում կարող է հաղթել մեկ ուրիշը։
«Էրդողանի դիրքերն արդեն որոշակի ժամանակ վատթարանում են։ Նրա շրջապատում առկա կոռուպցիայի մասին տեղեկությունները հայտնի են հանրությանը։ 80 %-ի հասնող արժեզրկումը ոչ ոքի կողմից ողջունելի չէ։ Թեև նախագահը դեռ շարունակում է ունենալ մեծ աջակցություն, նրա քաղաքական դիրքն այլևս անսասան չէ»,- նկատում է «iROZHLAS» ռադիոհանդեսն իր վերլուծությունում՝ միաժամանակ մտորելով նաև հետևյալ հարցերի շուրջ. «Ինչու՞ են Թուրքիայում շատ քանակությամբ շենքեր այդքան անմխիթար վիճակում։ Ինչու՞ է հիվանդանոցների պակաս զգացվում հատկապես երկրի արևելքում, և ինչու՞ մի երկիր, որը շռայլորեն այդքան գումարներ էր ծախսում բանակի և արտերկրյա ռազմական գործողությունների վրա, չունի բավականաչափ ամուր փրկարարական համակարգ», որին ի պատասխան՝ կրկին հանդես է գալիս ՄՖ ԴՆԵՍ-ը վերոհիշյալ հոդվածի հավաստմամբ.
«Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քիլիչդարօղլուն իր հերթին կառավարության արձագանքն անվանել է ձախողված. «Պատասխանատուն Էրդողանն է։ Կառավարությունը 20 տարի ոչինչ չի արել՝ երկիրը երկրաշարժերի դեմ նախապատրաստելու համար»,- քննադատելով Էրդողանի գրեթե 20 տարիների մենաշնորհային վարչապետության և նախագահության արդյունքները՝ նշել է քաղաքական գործիչը սոցիալական ցանցերում։ Վերջինիս խոսքերով, փրկարարական աշխատանքները պետք է ավելի վաղ սկսվեին աղետի գոտիներում։ Դրանց մեջ պետք է ներգրավված լինեին նաև սողանքների փորձ ունեցող զինվորներ և հանքափորներ։
«Էրդողանի ազգայնական դաշնակից Դևլեթ Բահչելին կառավարամետ «Հյուրիեթ» պարբերականում «ազգային միասնության» անցնելու և հակասությունները մի կողմ դնելու կոչ է արել։ Ընդդիմությունը, սակայն, այս քայլը համարել է նպատակաուղղված թանձր մշուշում»,-գրում է ՄՖ ԴՆԵՍ-ը միևնույն հոդվածում։

Ի լրումն այս կարծիքի՝ դիպուկ մեկնաբանությամբ է հանդես եկել նաև «extra.cz» լրատու կայքէջն իր «Փլատակների տակ հայտնված երեխաների պատմությունները բացահայտում են…» վերնագրված հոդվածով, որտեղ ընդգծվում է. «Երկիրը կայունացնելու և սեփական ժողովրդի բարեկեցությունն ապահովելու փոխարեն, Էրդողանը զբաղված էր փախստականների ճգնաժամի հարցով Եվրոպային վարկաբեկելով, այնուհետև հարևան Սիրիան ավերելու մեջ մասնակցություն ցուցաբերելով կամ Ադրբեջանի կողմից հայերի սպանդին աջակցելով»։

«Երկրաշարժը կարող է փոխել նաև Թուրքիայի արտաքին քաղաքական իրավիճակը, ինչն արդեն տեղի է ունեցել երկրի աղքատ և անտեսված ծայրամասային տարածքում, որտեղ ապրում են շատ փախստականներ։
«Սահմանից այն կողմ Սիրիան է, որտեղ անգամ օգնության հասնելն է դժվար։ Սիրիական կողմում գործում են ոչ միայն թուրք և սիրիացի զինվորներ, այլև սիրիական զինված խմբավորումներ, որոնց աջակցում է Անկարան։ Թուրքիան բազմիցս ներխուժումներ է իրականացրել դեպի Սիրիա, որպեսզի «պայքար ահաբեկչության դեմ» կարգախոսով ռազմական միջամտություն ցուցաբերի քրդական աշխարհազորայինների դեմ՝ սահմանի մյուս կողմում»,- ավելացնում է «iROZHLAS» ռադիոհանդեսն իր կայքէջում։
Որևէ կապ չունենալով երկրաշարժի հետ՝ փետրվարի 6-ին Թուրքիան հայտարարել է, որ մտադիր է դուրս գալ գրավյալ տարածքներից՝ Դամասկոսի հետ պայմանավորվածության համաձայն։ Բայցևայնպես, սահմանամերձ տարածքում, Թուրքիայի քաղաքականության ապագան մնում է անորոշ։ Առավել ևս, որ ներքին ու արտաքին թշնամու դեմ մշտական պայքարը սոցիալական մոբիլիզացիայի կարևոր տարր է եղել Էրդողանի համար։
«Էրդողանը բազմիցս սրել է լարվածությունը Հունաստանի, Հայաստանի, Սիրիայի, Իսրայելի, Եվրամիության կամ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու արգելափակման դեպքը պատմությանս թարմ օրինակներից մեկն է մինչ այժմ, որը ներառում է նաև հունական կղզիները զավթելու ծրագրի շուրջ բացահայտ աղմուկն ու շփոթմունքը։
Կարծիքներ կան, որ այլ երկրներից Թուրքիայի ստացած հսկայական օգնությունը կարող է նպաստել փոխըմբռնման նոր մթնոլորտի ձևավորմանը։ Սակայն դա միանշանակ չէ, քանի որ այդ խնդիրներից շատերը արհեստականորեն մշակվել են Թուրքիայի նախագահի կողմից՝ դրանք քաղաքականապես կիրառելու նպատակով։ Պայքար կլինի նաև հեղինակության և ազդեցության համար։ Աղետի գոտի են մեկնել ոչ միայն Հունաստանից, Իսրայելից կամ ԱՄՆ-ից, այլև Իրանից և Ռուսաստանից ժամանած փրկարարներ, որոնք փորձում են հակաարևմտյան դաշինք ստեղծել Թուրքիայի, Սիրիայի և Իրանի հետ»,- «iROZHLAS» ռադիոհաղորդման ընթացքում ընդգծել է մեկնաբան Յան Ֆինգերլանդը։
• Չեխիայի 68 հոգանոց USAR-ը որպես առաջին և շտապ օգնություն

Փլատակների տակ մարդկանց որոնումների մեջ մասնագիտացված Չեխիայի USAR (Urban Search and Rescue) հրշեջ փրկարար ծառայության անդամները, առաջինը հասնելով աղետի վայր, փետրվարի 7-ի երեկոյան անմիջապես անցել են ակտիվ փրկարարա-որոնողական աշխատանքների (մոտ. 40 x 40 մետր չափերով) երկու փլուզված շենքերի փլատակներում։
Հրշեջ ջոկատի ներկայացուցիչ Յակուբ Կոզակի տեղեկացմամբ. «Շենքերից մեկն իրար վրա փլված հարկեր ունի, իսկ մյուսը լիովին փլուզված է։ Ուստի չենք դադարում աշխատել։ Միմյանց փոխարինում ենք վեցժամյա հերթափոխով»։ Ըստ Կոզակի՝ Ադիյամանի այլ փրկարարական թիմերի գործընկերների կարիքների համար, չեխերը նաև փոքր խումբ են ստեղծել՝ արագ տեղակայման նպատակով, որը բաղկացած է շներ վարժեցնող կինոլոգից և հրամանատարից՝ զինված էնդոսկոպիկ տեսախցիկով։
«Քաղաքում բազաներ ունեն նույնիսկ Թայվանի, Պակիստանի և Հայաստանի փրկարար թիմերը։ Տուժվածներին օգնում են նաև տեղի ոստիկանները, ժանդարմերիան (որը նման է Չեխիայի ռազմական ոստիկանությանը) և կամավորները»,- ներկայացրել է հրշեջ ծառայության խոսնակը։
«Չեխ հրշեջները գիտակցում են, որ փլատակների տակ դեռ կարող են լինել մեծ թվով մարդիկ, բայց նրանց ժամանակը սպառվում է» հոդվածում, փետրվարի 9-ի ՄՖ ԴՆԵՍ օրաթերթը չի անտեսել նաև հրշեջ ջոկատի ներկայացուցիչ Կոզակի հոգեբանական նրբանկատությունը՝ հավելով. «Տների փլատակների խորքը սողալու և աղետից չփրկվածների մարմինները դուրս քաշելու գործընթացն իր նշանակությունն ունի նաև այն առումով, որ այդ ողջ աշխատանքին տեղում անմիջականորեն հետևում են և մահացածների հարազատները»։

Հետևելով ՉՀ-ի հրշեջ ջոկատի փրկարարական աշխատանքներին և հետզհետե փոփոխվող արդյունքներին, աղետի գոտուց ստացած վերջին տվյալների համաձայն, փետրվարի 12-ի «iROZHLAS» ռադիոհանդեսը ներկայացնում է. «Չեխ փրկարարները Թուրքիայի Ադիյաման քաղաքում ավերակներից մինչ այժմ դուրս են բերել 34 մահացածների դիակներ, այդ թվում՝ 11 երեխաների՝ փրկելով 2 ողջ մնացածների կյանքը և օգնելով այլ թիմի գործընկերների՝ փլատակից դուրս քաշելու մի կնոջ։ 7,8 մագնիտուդով գրանցված երկրաշարժից և հարյուրավոր հետցնցումներից տուժել է հիմնականում Թուրքիայի հարավային մասը՝ հասնելով մինչև Սիրիայի հյուսիս-արևմուտք։
Թուրքական լրատվամիջոցներից AP (Associated Press) գործակալությանը հասած վերջին տվյալների համաձայն, այս երկրաշարժը մինչ այժմ խլել է ավելի քան 28.000 մարդկային կյանք»։ Կարելի է ասել, որ Թուրքիայի երկրաշարժը այս դարի ամենամահաբերներից մեկը համարվող բնական աղետն է, որը երբևէ գրանցվել է մինչ օրս։
• Ո՞րն է Էրդողանի հաջորդ քայլը
«Դիտորդների կարծիքով, ներկայումս Էրդողանի համար ամենակարևորը վերապրածներին և վիրավորներին անհապաղ արտակարգ իրավիճակների կացարան հատկացնելն է»,- նշել է ՄՖ ԴՆԵՍ օրաթերթն իր եզրափակիչ խոսքում։
Միջազգային լրատվական գործակալությունների հաղորդման համաձայն զոհերի քանակն այսօրվա դրությամբ հասել է 33181-ի, որից Թուրքիայում՝ 29601 եւ Սիրիայում՝ 3571 զոհ։ Ի դեպ, չեխական մամուլը գրեթե չի անդրադառնում Սիրայում տիրող իրավիճակին։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա