Հայաստանի օգնությունը ցամաքային փակ սահմանով հասել է Թուրքիա. թուրք ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել

  • 12.02.2023
  • 0
  • 65 Views

Հայաստան կը շարունակէ զօրակցիլ Թուրքիոյ եւ Սուրիոյ՝ երկրաշարժով պայմանաւորուած ծանր իրավիճակի ողբերգական կացութեան ներքեւ։ Այս մասին հաղորդում է Պոլսի «Ժամանակ» օրաթերթը։ / http://jamanak.com/

Այսօր Հայաստան մարդասիրական օժանդակութիւն ուղարկեց Թուրքիա։ Այս կապակցութեամբ Երեւանի պաշտօնական աղբիւրները պաշտօնական տեղեկութիւններ հաղորդեցին այս առաւօտ՝ կցելով նաեւ տեսանիւթեր։ Մարդասիրական օժանդակութիւնը կրող բեռնատարերը Հայաստանէն ուղղակի մուտք գործած են Թուրքիա՝ հատելով ցամաքային փակ սահմանը։ Հայկական բեռնատարերը Մարքարայի կամուրջէն անցնելով ուղղուած են դէպի աղէտի գօտի։

Հարկ է նշել, որ վերջին անգամ Թուրքիա-Հայաստան փակ ցամաքային սահմանը բեռնատարեր հատած էին երեսուն տարի առաջ՝ 1993 թուականին։ Հայաստանի Արտաքին գործոց փոխ-նախարար Վահան Կոստանեան եւ նախարարութեան բանբեր Վահան Յունանեան ընկերային ցանցերու վրայ հրապարակեցին տեսանիւթեր, որոնք կը ցոլացնեն, թէ բեռնատար մեքենան ինչպէս կ՚անցնի Մարքարայի կամուրջը։

Հարկ է յիշեցնել, որ կառավարութեան կարգադրութեամբ Հայաստանէն փրկարարներու խումբ մըն ալ արդէն օժանդակութեան փութացած է Թուրքիա եւ գործի լծուած՝ աղէտի գօտիէն ներս։ Հայ փրկարարներու՝ շուրջ 30 հոգիէ բաղկացեալ խումբը աշխատանք կը տանի Ատըեամանի շրջանին մէջ։  

Իր հերթին, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Հայաստանից թուրքական աղետի գոտի ուղարկված հումանիտար օգնության համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ մասնավորապես շնորհակալական խոսքն ուղղելով Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։

«Շնորհակալ եմ, հարգելի Վահան Կոստանյան և Ռուբեն Ռուբինյան, ձեր ջանքերի համար, որոնց շնորհիվ այս ամենը հնարավոր դարձավ։ Ես մշտապես կհիշեմ այն առատաձեռն օգնությունը, որը Հայաստանի ժողովուրդն ուղարկեց՝ օգնելու թեթևացնել Թուրքիայի երկրաշարժից տուժած գոտիներում գտնվող մարդկանց տառապանքը»,- գրել է Քըլըչը։

Նա նշել է, որ ի հավելումն փրկարարների ու տեխնիկական աջակցության, Հայաստանը 5 բեռնատարների միջոցով 100 տոննա ուտելիք, ջուր, դեղամթերք ու առաջին անհրաժեշտության այլ պարագաներ է ուղարկել։

Հիշեցնենք, որ հումանիտար օգնությունն ուղարկվել է հայ-թուրքական ցամաքային սահմանով՝ Մարգարայի կամրջով։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում