
Չեխական մամուլն ուշի-ուշով հետևում է Լաչինի միջանցքի արգելափակմանն ու զարգացումների ընթացքին։
Չտրվելով Բաքվին բնորոշ սադրիչ բնույթի և դեզինֆորմացիոն երանգներով ներկայացվող կեղծ հրապարակումներին, մեկուկես ամսից ավելի տևող շրջափակման իրադրությունն ամենայն ճգրտությամբ ամփոփել են նաև չեխական լրատվամիջոցներ, որոնց վերջին շաբաթների անդրադարձը նույնպես ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ստորև.
NAŠE PRAVDA «Անհանգիստ Լաչինի միջանցք»
Այս վերնագրով հրապարակում է տապգրել հունվարի 24-ի չեխական «ՆԱՇԵ ՊՐԱՎԴԱ» շաբաթական հանդեսը՝ մանրամասնորեն ներկայացնելով Ադրբեջանի կողմից իրականացված շրջափակման հետևանքները:
«Այն Լեռնային Ղարաբաղը կամ՝ Արցախի Հանրապետությունը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ կյանքի ճանապարհն է։ Թեև Արցախը ներկայումս լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում չէ, այնուհանդերձ այնտեղ խաղաղություն չկա»,-նշել է շաբաթաթերթը և լուսաբանել անցյալ տարվա դեկտեմբերի կեսերից այս հաղորդակցությունն արգելափակող «հարյուրից ավել ադրբեջանցի ակտիվիստների «բնապահպանական մտահոգությունները», որոնք պնդում են՝ իբր հայերն ապօրինի օգտագործում և չարաշահում են Ադրբեջանի բնական պաշարները, մինչդեռ հայկական կողմը դրանք համարում է իրականությանը չհամապատասխանող հորինվածք»։
Ներկայացնելով ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողությանը հանձնված Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակվածությունը՝ ՆԱՇԵ ՊՐԱՎԴԱ-ն տեղեկացրել է. «Սա ավելի շուտ նպատակաուղղված հարձակման, կանխամտածված շրջափակման և սադրանքի մի ձև է։ Ղարաբաղյան հակամարտության կասեցման շուրջ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի եռակողմ համաձայնագրի բովանդակությամբ, Լաչինի միջանցքը, որպես տարանցիկ կետ, պետք է լիովին հասանելի մնար Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հսկողության ներքո, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է երաշխավորեր քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի անվտանգ տեղաշարժերը վերոհիշյալ ճանապարհի երկայնքով։ Հետևաբար, Ադրբեջանի կողմից այս տարածքային գոտու արգելափակումը, համաձայն Պրահայում ՀՀ դեսպանության տվյալների, փաստացի նշանակում է շրջափակում 120 հազար բնակչություն ունեցող ամբողջ Լեռնային Ղարաբաղի համար»,– ընդգծել է շաբաթաթերթը:

• Ժնևի կոնվենցիայի խախտում
«Լաչինի միջանցքը, նախևառաջ, մարդասիրական նշանակություն ունեցող ճանապարհ է՝ բնակչության կենսապահովման առումով, որպեսզի կյանքն ավելի տանելի լինի Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ Քանզի դրա արգելափակումը, թեկուզև կարճ ժամանակով, բեռնված է անդառնալի և աղետալի հումանիտար հետևանքներով»,-հավելել է ՆԱՇԵ ՊՐԱՎԴԱ-ն՝ մեկնաբանելով, թե ինչպես է դեպի Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և էներգիայի մատակարարումն ամբողջությամբ դադարեցվել։
«Նորմալ ժամանակներում Հայաստանից Արցախ է ներմուծվում օրական 400 տոննա առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ, այդ թվում` հացահատիկ, ալյուր, բանջարեղեն, միրգ և այլն։
Շրջափակման պահին շուրջ 1100 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք, ծերեր և 270 երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում, Լաչինի միջանցքում հայտնվել են անելանելի վիճակում՝ չկարողանալով անգամ վերադառնալ իրենց տները:
Դեպի Լեռնային Ղարաբաղ տանող և դուրս բերող այդ միակ ճանապարհի արգելափակումը լուրջ ճգնաժամ է ստեղծել նաև առողջապահական համակարգում։
Կասեցվել են ոչ միայն հոսպիտալացնելու ենթակա, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը, այլև ցանկացած իրավիճակում բոլոր բեռնափոխադրումների ազատ տեղաշարժերը՝ բժշկական և հիվանդանոցային պարագաները ներառյալ, թեև այն երաշխավորված է նաև միջազգային մարդասիրական իրավունքով, մասնավորապես՝ «Պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց պաշտպանության մասին» Ժնևի IV կոնվենցիայով, ինչն այստեղ չի գործում։ Այսպիսով, Լաչինի միջանցքի արգելափակումը հանդիսանում է կոնվենցիայի ակնհայտ խախտում»,- քննադատել է ՆԱՇԵ ՊՐԱՎԴԱ-ն և շեշտադրել հայկական կողմի այն հիմնավորումը, թե. «Դա ստեղծված իրադրության առանձին դրվագ չէ, այլ պետք է դիտարկվի որպես Ադրբեջանի համակարգված էթնիկ զտումների քաղաքականության մի մաս, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայաթափումն ու ժողովրդի լիովին վտարումն է հայրենի հողից»։
Առավել դիպուկ ներկայացնելով Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության նպատակային հիմքերը՝ շաբաթաթերթը նշել է. «Պաշտոնական Երևանը նույնպես համոզված է, որ զինադադարը կնքելուց ի վեր իրեն հաղթող համարող Ադրբեջանի ձեռնարկած միջոցառումները՝ (Լաչինի միջանցքի մի շարք ռազմական միջադեպերն ու ԼՂ-ի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումը ներառյալ), վկայում են, որ միջանցքի արգելափակումը ծրագրված է եղել Բաքվի կառավարության կողմից՝ ի վերջո հանգեցնելով հումանիտար ճգնաժամի Լեռնային Ղարաբաղում, ինչի մասին 2022 թվականի դեկտեմբերի 22-ին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ հնարավոր չէ անվանել: Ընդ որում, այդ ճգնաժամն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով։ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա»։

Գրեթե բոլոր չեխական ԶԼՄ-ներն անտարբեր չեն մնացել Փաշինյանի ելույթի այն հատվածին, որում վարչապետն ընդգծել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը չի կատարում իր առջև դրված պարտավորությունները, որոնցից մեկը Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելն է:
«Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած դժգոհությանը՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է ռուս դաշնակցի մեղադրանքները՝ հայտարարելով. «Ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են՝ իրենց հսկողության տակ գտնվող տարածքում կարգուկանոն և անդորր հաստատելու համար և գործում են բացառապես երկրների միջև ստորագրված փաստաթղթերի ոգուն ու տառին համապատասխան»,- գրել է ČTK-ČESKÉ NOVINY լրատվական ծառայության կայքէջը՝ «Ղարաբաղում սննդի պակաս կա։ Ռուս զինվորները չեն կատարում իրենց պարտականությունները, զգուշացրել է Փաշինյանը» (22.12.2023թ.)վերնագրված հոդվածում։
Այնինչ, շրջափակումը դեռ շարունակվում է, և մինչ օրս դրա չեղարկման շուրջ ձեռք չի բերվել և ոչ մի փոխհամաձայնություն։
ՆԱՇԵ ՊՐԱՎԴԱ-ն անդրադարձել է նաև 2022 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում կայացած «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը՝ մեջբերելով Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթից մի հատված. «Մինչ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկվել է ազատ տեղաշարժի իրավունքից. մայրերը բաժանված են երեխաներից, անբուժելի հիվանդ մարդիկ չեն կարողանում բժշկական պարագաներ և օգնություն ստանալ։ Ավելին՝ ձմռան ցրտաշունչ պայմաններում Ադրբեջանը խափանել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը։ Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենի, էներգիայի և ընդհանուր հումանիտար ճգնաժամի անմիջական սպառնալիքի առջև և իրավիճակը չկարգավորվելու դեպքում կբերի աղետի»:
Փորձելով ներկայացնել Բաքվի աներաշխիք ու անվստահելի կեցվածքը իր որդեգրած հակահայկական քաղաքականությունում, ինչպես նաև ընթացիկ իրադարձություններից ակնհայտ մարդու իրավունքների ոտնահարումները Արցախում՝ Ա. Միրզոյանի ելույթում , ՆԱՇԵ ՊՐԱՎԴԱ-ն մասնավորապես շեշտը դրել է հետևյալ կարևորության վրա. «Նման պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը պնդում է, որ իրենք պատրաստ են ապահովել հայերի իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, և որ ոչ մի միջազգային մեխանիզմ կամ ներկայություն չի պահանջվում: Այն, ինչ հիմա ունենք, ի ցույց է դնում, թե ինչպես են նրանք պատկերացնում այդ երաշխիքները»։
Մատնանշելով Արցախում տիրող ճգնաժամի կապակցությամբ արտերկրյա մտահոգությունների քանակն ու նշանակությունը և Ադրբեջանի անլուրջ վերաբերմունքը միջազգային հանրության արձագանքներին՝ հոդվածի հեղինակ Յիրժինա Վավրովան խնամքով ներկայացրել է. «Շատ երկրներ են մտահոգված։ Անգամ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով կոչ է արել կողմերին «թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների», կամ Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով նույնպես «մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում՝ Լաչինում տիրող հումանիտար իրավիճակի համար՝ կոչ անելով Բաքվին հարգել հրադադարի իր պարտավորությունները՝ ի նպաստ խաղաղության գործընթացի չխափանման։ Նիդերլանդներն է ի վերջո կոչ արել Ադրբեջանին ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ խրախուսելով խաղաղ բանակցությունների շուտափույթ վերսկսում։ Հունաստանն է նույնիսկ արձագանքել՝ նշելով. «Տեղի բնակիչները, ովքեր բողոքում են շրջափակման դեմ, պետք է զերծ մնան դժվարություններից և նեղություններից»։
Հոդվածի վերջում ՆԱՇԵ ՊՐԱՎԴԱ շաբաթաթերթը դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած պահվածքը՝ մեջբերելով Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի Facebook-յան էջում գրառված խոսքերը. «Երևանը դիմել է միջազգային հանրությանը, որպեսզի անհապաղորեն միաձայն և միանշանակ դիրքորոշում ընդունի, ինչպես նաև ձեռնարկի հասցեական գործողություններ` դատապարտելու, պատժելու և կանխարգելելու Ադրբեջանին շարունակ գործել բացարձակապես անպատժելիության զգացումով և հասնել իր վերջնական նպատակին` Արցախի ժողովրդի բնաջնջմանը»։
Իր հերթին, Novinky.cz կայքէջը, «Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Հայաստան տանող ճանապարհի շրջափակման դեմ» վերնագրով դեկտեմբերի 25-ի հոդվածում, նկարագրել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքից որոշակի դրվագներ. «Բացե՛ք կյանքի ճանապարհը» գրվածքով կոչ է արել կիրակնօրյա ցուցապաստառներից մեկը։
«Ինքնորոշու՛մ» պահանջել է մեկ այլ ցուցապաստառ։ Ամբոխի գլխավերևում ծածանվել են Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ դրոշներ։ Միջոցառմանը մասնակցել են նաև տեղի առաջատար քաղաքական գործիչները։ Համաձայն Agence France-Presse-ի տեղեկացման, ցուցարարները միջազգային հանրությանը հորդորել են «անհապաղ միջոցներ ձեռնարկել» Լաչինի միջանցքի շրջափակման դեմ»,-ներկայացվել է հոդվածի նախաբանում։

Novinky.cz-ի վերը նշված հոդվածի նույն առաջաբանում, աչքից չվրիպող մի հատված, որն ի դեպ հանդիպում ենք նաև մեջբերված ČTK-ČESKÉ NOVINY լրատվական ծառայության կայքէջում, այնուամենայնիվ, մտածելու տեղիք է տալիս, թե նշված լրատվական միջոցները, AFP-ի կամ Reuters-ի հաղորդագրություններից բացի, նաև ինչ կողմնակի աղբյուրներից կարող են օգտված լինել՝ հետևյալ տողերը գրելիս. «Ղարաբաղը, որը Խորհրդային Միության փլուզումից ի վեր վերահսկվում է հայ անջատողականների կողմից, պաշտոնապես գտնվում է Ադրբեջանի կազմում»։ Նորություն հայտնած չեմ լինի, եթե նշեմ, որ հակահայկական ոգով մատուցվող նման արտահայտությունների կարող ենք հանդիպել, օրինակ՝ «Caliber.Az» կամ «Zinvor.info» և նմանատիպ կայքէջերում, որոնք անգլերենից և ռուսերենից բացի ներկայացվում են նաև հայերենով. (հղումը այստեղ՝ https://caliber.az/arm/post/134461/)։
Ելնելով պրոֆեսիոնալ լրատվության էթիկական սկզբունքներից՝ Novinky.cz և ČTK-ի կայքէջերը, անշուշտ, փորձել են պահպանել լրատվության չեզոքությունն ու անխտրականությունը, բայցևայնպես, վատ չէր լինի վերաստուգել նմանատիպ տեղեկությունների հավաստիությունը։
Ինչևէ, հոդվածի շարունակությունում համեմատական զուգահեռներ են անցկացվում երկու կողմերի տարաձայնություններում. «Երևանը մեղադրել է Բաքվին՝ «հումանիտար ճգնաժամ» հրահրելու ցանկության մեջ, ինչը Ադրբեջանը հերքել է և վստահեցրել, որ Լաչինի երթուղով դեռ հնարավոր է երթևեկել։ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն իր հերթին դատապարտել է Հայաստանի այսպես կոչված՝ «ապակառուցողական դիրքորոշումը», որը «չի ծառայում տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը»,-գրել է հեղինակը՝ միաժամանակ կարևորելով նաև Ֆրանսիայի կողմից իրադրությունը կարգավորելու միջնորդության փորձը.

«Դեկտեմբերի 23-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հաղորդել է Ելիսեյան պալատը: Մակրոնը կոչ է արել հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնությունը և թույլ տալ ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով»,- նշվել է Novinky.cz կայքէջում։

Որպես վերջաբան հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, Ադրբեջանի դեմ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում, Հայաստանը դիմել է Նիդեռլանդական Հաագա քաղաքում տեղակայված ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելով դատարանին Ադրբեջանից պահանջել դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ապահովել միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ու ազատ տեղաշարժը։ 2023 թվականի հունվարի 31-ին Հաագայի դատարանը լսել է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի, որի հիման վրա, առաջիկա ամիսներին, լավագույն դեպքում շաբաթների ընթացքում, կկայացնի դատական որոշում։ Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ հայկական կողմը խնդրել է հնարավորինս արագ արձագանքել իր դիմումին։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա