Չեխական մամուլում վերջին ամսվա ընթացքում շատ քիչ հրապարակումներ են տպագրվել Լաչինի միջանցքի շրջափակման մասին։ Երեկ ներկայացրեցինք Չեխիայում Հայաստանի դեսպանի հարցազրույցը «Լիդովե Նովինի» թերթին, իսկ այսօր անդրադառնանք մեկ այլ հրապարակման։
Aktuálně.cz կայքէջում հունվարի 24-ին հրապարակվել է «Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչների շրջափակմանը պետք է վերջ դրվի» հոդվածը՝ Չեխիայի «Պիրատներ» կուսակցության անդամ և Եվրախորհրդարանի պատգամավոր Մարկետա Գրեգորովայի հեղինակությամբ, ով առաջին անգամ չէ, որ քննադատաբար հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ոտնձգությունների դեմ։
«Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչների շրջափակմանը պետք է վերջ դրվի»,- Մարկետա Գրեգորովա, 24.01.2023թ.
Հոդվածի նախաբանում, խոսելով Լաչինի միջանցքի արգելափակման մասին, հեղինակը գրում է. «Մի խումբ մարդիկ, ովքեր իրենց ներկայացնում են որպես «բնապահպան ակտիվիստներ», 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։
Այդպիսով Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակիչները, մեկ ամսից ավել է, հայտնվել են շրջափակման մեջ»։
• Միջանցքի շուրջ տարաձայնություն
«Ղարաբաղի շրջափակումը բազմաթիվ մարդկանց թողնում է առանց առաջին անհրաժեշտության միջոցների՝ վտանգելով նրանցից շատերի առողջությունը և կտրուկ մեծացնելով սովի հասցնելու վտանգը։ Այդպիսով, դիվանագիտական մակարդակով լրջորեն սպառնում է խաղաղության փոխադարձ պարտավորությունների կատարմանը»,- նշվում է հոդվածում։ Այնուհետև հեղինակը կարևորում է այն բանաձևը, որին օրեր առաջ հավանություն է տրվել Եվրախորհրդարանում։ Վերջինիս խոսքերով՝ այն ուշադրության է հրավիրում Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությանը՝ կոչ անելով դադարեցնել շրջափակումը և «հորդորելով հակամարտության երկու կողմերին՝ Ադրբեջանին ու Հայաստանին, անցնել խաղաղ երկխոսության ծավալման»։
(*Եվրախորհրդարանի պատգամավոր Մարկետա Գրեգորովան առաջիններից մեկն է, ով քննադատել է Եվրահանձնաժողովի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև գազի մատակարարման կրկնապատկման վերաբերյալ 2022 թվականի համաձայնագիրը – Foto Petr Zewlakk Vrabec – խմբ. նշում)։
«Միշտ կլինեմ առաջին աջակիցներից մեկը՝ ի նպաստ այն ակտիվիստների, ովքեր կփորձեն պահպանել բնությունն ու իրենց շրջակա միջավայրը։ Սակայն Ադրբեջանի կառավարության ենթադրյալ ներգրավվածությունն ազդարարում է, որ խոսքը այնքան էլ շրջակա միջավայրի մասին չէ։ Նախևառաջ, Ղարաբաղի ժողովրդին տարրական իրավունքներից (ինչպիսիք են՝ տեղաշարժի ազատությունը և հիմնական կարիքների բավարարումը) զրկելու որևէ դրդապատճառ չի կարող հանդիսանալ որպես արդարացում։ Նման բան թույլ տվող բողոքի ակցիան լեգիտիմ չէ և պետք է դադարեցվի»,-նրբանկատորեն բնութագրելով Լաչինի միջանցքում տիրող իրադրության անօրինականությունը՝ կեղծիքի նկատմամբ իր անհամաձայնությունն է արտահայտել Մ. Գրեգորովան։
Հեղինակն առավել քան համոզված է, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն Ադրբեջանն է։ «Ոչ միայն այն, որ արգելափակողները ծագումով Ադրբեջանից են, կամ այն, որ շահարկվում է կառավարության անմիջական մասնակցությունը։ Նույնիսկ պարտավորություններից է հստակ երևում, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքի անցումը, որը միակ կապն է Ղարաբաղի հայկական մասի և Հայաստանի միջև»,-պնդում է նա իր խոսքում։
• Մեր արձագանքը
«Տարածաշրջանում տիրող իրավիճակին հետևում եմ դեռևս իմ մանդատի ձեռքբերման սկզբից։ Ադրբեջանա-հայկական սահմանին տիրող իրադարձություններին վերջին անգամ փորձել եմ ներգրավվել անցյալ տարվա սեպտեմբերին։ Հակամարտության նոր սրացումից ընդամենը մեկ շաբաթ առաջ մեր խմբակցությունում լուծում էի փնտրում Բաքվի նկատմամբ։ Բայց մյուս խմբակցությունները, ըստ երևույթին գազի և նավթի մատակարարումների վերաբերյալ առաջիկա համաձայնագրի տեսլականով, մերժեցին այն։ Մեկ շաբաթ անց Ադրբեջանը սկսեց ռմբակոծել հայկական դիրքերը։ Իսկ դրանից ընդամենը մեկ օր անց Ստրասբուրգում հանդիպեցի ադրբեջանական պատվիրակության հետ, որոնց տեղում քննադատեցի հակամարտությունը սրելու համար՝ միաժամանակ հիշեցնելով երկու երկրների միջև դեռ թարմ համաձայնագրի մասին, որին մասնավորապես սպառնալիք է հանդիսանում Ադրբեջանի վարվելաոճը»,-խնամքով ներկայացնելով հակառակորդի մարտավարությունը՝ իր վերլուծությունն է կատարում Մ. Գրեգորովան
«Բաքուն երկու գործոն է կիրառում. առաջինն այն է, որ Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանում ուշադրությունը հասկանալիորեն կենտրոնացված է Ռուսաստանի ռազմական ներխուժումներին դիմակայող Ուկրաինայի վրա։ Իսկ երկրորդը՝ իմ կողմից խիստ քննադատության ենթարկված Ուրսուլա ֆոն դեր Լեյենի փոխըմբռնման հուշագիրն է*, որի հիման վրա Եվրահանձնաժողովը պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ՝ կրկնապատկելու բնական գազի, հետագայում նաև նավթի մատակարարումները»։
(*Ուրսուլա ֆոն դեր Լեյենի փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների հղումը այստեղ՝ https://1tv.ge/lang/am/news/vo%D6%82rsula-fon-der-leyen-patasxanatu-enkh-ehndlaynel-haravayin-gazayin-mijanckheh-sa-arden-isk-yem-matakararman-shat-karevor-ughi-e%D5%9D-tarekan-matakararum-e-8-miliard-xoranard-metr-bnakan-gaz/, կամ այստեղ՝ https://factor.am/562033.html – խմբ. նշում)։
– «Ես դեռ այն ժամանակ էի զգուշացրել, որ հանածոների ոլորտում գործարքների կայացման նման համաձայնագրերը թեժ գոտիների բռնապետերի հետ մեզ համար հակադարձ արդյունք կունենան, և որ նախագահ Ալիևը, էությամբ, շատ չի տարբերվում Պուտինից։ Ուստի, որպես զեկուցող, ինձ գոնե հաջողվեց այդ երկու կետերն ընդգրկել Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների մասին տարեկան զեկույցում»,-համեմատական զուգահեռներ անցկացնելով բնական վառելանյութերի առևտրի և բռնապետական ռեժիմի միջև՝ իր կարծիքն է հայտնում Եվրախորհրդարանի պատգամավորը՝ եզրափակելով խոսքը հետևյալ ձևակերպմամբ.
«Լեռնային Ղարաբաղի շրջափակումն այս անհավասարակշռության մի մասն է, որից շահում է բռնապետ Ալիևի գլխավորած երկիրը։ Իսկ դա Բաքվի հետ հարաբերությունները վերանայելու ևս մեկ առիթ է ԵՄ-ի համար»։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար Պրահա
(*Հիշեցնենք, որ Մ. Գրեգորովան, դեռևս 7.10.2020թ.-ին Բրյուսելում կայացած լիագումար նիստում, Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա աղետալի պատերազմի դեմ հորդորել է «Թուրքիան պետք է խստորեն դատապարտվի» ելույթով, որին ծանոթանալու համար հղումը այստեղ՝