Հունվարի 29-ին Երեւանում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Մինչ այդ տեղի է ունեցել նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի դիմավորման պաշտոնական արարողությունը: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Եգիպտոսի պետական օրհներգերը։ Այնուհետև, նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին:
Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն և նշել, որ այն պատմական է։ Նախագահի խոսքով՝ երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, որը շարունակում է ամրապնդվել Հայաստանի և Եգիպտոսի կայուն հարաբերություններով: Ողջունելով պաշտոնակցին, նախագահ Խաչատուրյանը նշել է նաև, որ Եգիպտոսի բարեկամ ժողովուրդն առաջիններից էր, որն ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության վայրագություններից փրկված հազարավոր հայերի և աշխարհասփյուռ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն հյուրընկալությունը, որը մեր հայրենակիցներին ցուցաբերվեց: Նախագահի խոսքով՝ եգիպտահայ համայնքը դարձել է մեր բարեկամ երկրներն իրար կապող կարևորագույն կամուրջներից մեկը։
Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին և պատվիրակության անդամներին մասնավորապես ասել է. «Ուրախ ենք ձեզ հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում: Անձամբ ես ուրախ եմ ձեզ հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: Սա պատմական իրադարձություն է. Եգիպտոսի նախագահն առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Շնորհակալություն: Մենք հպարտ ենք, որ Դուք այստեղ եք: Մեր առանձնազրույցի ընթացքում միմյանց ներկայացրեցինք նաև մեր անհանգստությունները: Պարոն նախագահը ներկայացրեց Եգիպտոսի և տարածաշրջանային որոշ խնդիրներ: Ես ներկայացրեցի մեր տարածաշրջանային և Հայաստանի Հանրապետության խնդիրները:
Գաղտնիք չէ, որ Եգիպտոսն իր տարածաշրջանում գերտերություն է և հայտնի է նաև, որ միջնորդական առաքելության մեծ փորձ ունի և, որ ամենակարևորն է՝ խաղաղության գաղափարախոսության իրականացնող, հարևանների հետ խաղաղ ապրելու, խաղաղ գոյակցելու գաղափարախոս երկիր է: Այս առումով մենք շատ նման ենք իրար, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն է այդպիսին՝ հասնել տարածաշրջանում խաղաղության, հարևանների հետ ապրել խաղաղ, բարեկեցիկ կյանքով: Համոզված եմ, որ մենք Եգիպտոսի փորձի կարիքը ևս ունենք:
Մեկ անգամ ևս շնորհակալություն այցի համար: Վստահ եմ, որ այսօրվա մեր հանդիպումներն արդյունավետ կլինեն և կնպաստեն մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը»:
Նախագահ Խաչատուրյանը կարևորել է հայ-եգիպտական առևտրատնտեսական կապերի զարգացման ներուժի ամբողջական օգտագործումը՝ գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել հայ-եգիպտական բազմաշերտ համագործակցությունն առաջ մղելու անհրաժեշտությունը՝ ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ դիվանագիտական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Իր խոսքում Եգիպտոսի նախագահը նշել է, որ Եգիպտոսը նույնպես առնչվել է տարածաշրջանային հակամարտությունների և իր հերթին պատրաստակամ է հնարավոր ջանքերը ներդնել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Եգիպտոսը մինչ օրս շարունակում է տարբեր տարածաշրջանային խնդիրների և կոնֆլիկտների ականատես լինել և պետք է արձանագրել մեկ շատ կարևոր հանգամանք, որ նախորդ դարի 70-ական թվականներից սկսած Եգիպտոսը գնաց խաղաղության ճանապարհով և այդ ճանապարհին բախվեց մի շարք խոչընդոտների…
Ձեզ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում ես արձանագրեցի, որ մենք հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ունենք չեզոք դիրքորոշում և այս իմաստով, եթե դուք ընդունում եք մեր միջնորդությունը և կցանկանաք, որ մենք միջնորդենք կամ նման դեր ստանձնենք, ապա մենք պատրաստ ենք»:
Հանդիպման ընթացքում նախագահներն անդրադարձել են գյուղատնտեսության, ենթակառուցվածքների ոլորտներում լավագույն փորձի փոխանակմանը, տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման, ինչպես նաև երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման խոչընդոտների հաղթահարման ուղիներին, մասնավորապես՝ այս նպատակով Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթների իրականացման հնարավորություններին:
Այնուհետև երկու երկրների նախագահների մասնակցությամբ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև գիտական և տեխնոլոգիական համագործակցության մասին», «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և «Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և ազատ առևտրի գոտիների տնօրինության», «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրեր:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին Երևանում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.
«Ձերդ Գերազանցություն, Եգիպտոսի Արաբական Հանրապետության մեծարգո՛ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսի,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձերդ Գերազանցության գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն, որը հպարտությամբ կկոչեմ պատմական։
Մեր ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, ինչն էլ իր հերթին շարունակում է ամրապնդվել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության ավելի քան 30-ամյա կայուն հարաբերություններով։
Արդյունավետ եմ գնահատում իմ գործընկերոջ՝ նախագահ Ալ Սիսիի հետ ունեցած բանակցությունները, որոնց ընթացքում քննարկեցինք մեր երկու պետությունների միջև այս տարիների ընթացքում ձևավորված համագործակցության լայն շրջանակը, այսօրեական ծրագրերը և երկկողմ հարաբերությունների զարգացման հետագա անելիքները։
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այսօր Հայաստանը և Եգիպտոսն արդյունավետ համագործակցում են քաղաքական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, զբոսաշրջային և այլ բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն է ձևավորվել նաև մի շարք բազմակողմ հարթակներում։
Իհարկե, երկկողմ առևտրաշրջանառության ծավալները դեռևս գոհացուցիչ չեն, սակայն, վստահ եմ, որ մեր քաղաքական լայն օրակարգը, ինչպես նաև երկու երկրների կառավարությունների գործադրվելիք համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում փոխշահավետ համագործակցության օրակարգն էլ ավելի կխորացվի, և մենք արդյունքներ կգրանցենք նաև թե՛ առևտրատնտեսական փոխանակման, թե՛ մի շարք այլ բնագավառներում։
Հարկ եմ համարում արձանագրել, որ անցած տարիների ընթացքում համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում էական առաջընթաց է գրանցվել: Ավելին, նշմարվում են համագործակցության նոր հեռանկարներ։ Մեր երկրների միջև ստորագրվել են համագործակցության հինգ տասնյակից ավելի փաստաթղթեր, այցի շրջանակներում ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր ևս, որոնք սկիզբ կդնեն նոր, հետաքրքիր նախաձեռնությունների։
Դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը։ Հայաստանի քաղաքացիների համար Եգիպտոսը տարիներ շարունակ հանդիսանում է հանգստի ամենանախընտրելի ուղղություններից մեկը, և տարեցտարի մեր զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճում է։ Հայաստանի կողմից Եգիպտոսի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի վերջերս իրականացված դյուրացումից հետո ակնկալում ենք նաև եգիպտացի զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի Հայաստան, ինչը մեծապես կնպաստի հայ-եգիպտական բարեկամական կապերի ամրապնդմանը և երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչելիությանը։
Անշուշտ, նախագահ Ալ Սիսիի հետ հանդիպման ընթացքում երկկողմ օրակարգից զատ անդրադարձել ենք նաև անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի: Քննարկեցինք նաև տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը:
Չեմ կարող չնշել, որ հայ-եգիպտական հարաբերություններում առանձնահատուկ դերակատարություն ունի եգիպտահայ համայնքը, որը դարեր շարունակ իր նպաստն է բերում ինչպես Եգիպտոսի զարգացմանը, այնպես էլ՝ երկկողմ կապերի ամրապնդմանը։ Այս առնչությամբ հատուկ շնորհակալություն պետք է հայտնեմ այն հոգատարության համար, որը պետական մակարդակով վայելել և վայելում են Եգիպտոսում բնակվող մեր հայրենակիցները։ Հայ ժողովուրդը երբեք չի մոռանում եգիպտացի ժողովրդի կողմից ցեղասպանությունից փրկված իր զավակներին ցուցաբերված գրկաբաց ընդունելությունն ու օժանդակությունը։
Լիահույս եմ, որ բազմաթիվ մարտահրավերներով լի ներկայիս ժամանակաշրջանում հայ-եգիպտական բարեկամությունը կլինի այն գործոններից մեկը, որի շնորհիվ մեր երկրները կկարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները և վստահորեն քայլել դեպի լուսավոր ապագա։
Մեծարգո՛ պարոն նախագահ,
Առիթ պատեհ համարելով՝ ընդունեք նաև իմ ջերմ շնորհավորանքը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի (COP27) գերազանց կազմակերպման և գրանցած հաջողության ու դրական արդյունքների առթիվ:
Վերստին ցանկանում են ընդգծել հիրավի պատմական այս այցի նշանակությունը և մաղթել մեր երկու պետություններին ամուր փոխհարաբերություններ և համատեղ աշխատանքում նոր ձեռքբերումներ՝ հանուն մեր ժողովուրդների բարօրության»։
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի՝ այսօր Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
Նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում մասնավորապես անդրադարձել են hայ-եգիպտական միջպետական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:
Հունվարի 29-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիին, որը Հայաստանում է գտնվում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի պատվիրակության կազմում:
Արարատ Միրզոյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում Եգիպտոսի ղեկավարի կողմից առաջին պաշտոնական այցի իրականացումը Հայաստան։ Երկուստեք նշվել է, որ բարձրաստիճան փոխայցելությունները նոր լիցք են հաղորդում հայ-եգիպտական համագործակցության զարգացմանը։
Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում առկա փոխգործակցությունն առավել խորացնելու հեռանկարների շուրջ։ Կողմերը կարևորել են նաև երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում երկու երկրների համագործակցության ամրապնդմանը։
Զրուցակիցները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Արարատ Միրզոյանը Սամեհ Շուքրիին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքը: Հայկական կողմը շեշտել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել արցախահայությանը։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային հանրության կողմից գործուն և անհապաղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և անարգել կապի վերականգնման հարցում։
Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին: Նախ տեղի է ունեցել Հայաստանի և Եգիպտոսի առաջնորդների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:
Առանձնազրույցի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Դուք Եգիպտոսի Արաբական Հանրապետության առաջին ղեկավարն եք, որ այցելում է Հայաստանի Հանրապետություն, Ձեզ հյուրընկալելը մեծ պատիվ է:
Մեր կառավարությունը և ժողովուրդը շատ ջերմ վերաբերմունք ունի Եգիպտոսի Արաբական Հանրապետության և՛ ժողովրդի, և՛ Ձեր նկատմամբ:
Հույս ունեմ՝ Ձեր այցի արդյունքներով նաև տնտեսական հարաբերությունները մեծ ակտիվություն և լիցք կստանան: Մեծարգո պարոն նախագահ, կրկին ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում: Բարով եք եկել»:
Իր հերթին Եգիպտոսի նախագահը նշել է. «Նորին Գերազանցություն, մեծարգո պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ինձ ընձեռած հնարավորության, Ձեր հրավերի, ջերմ ընդունելության և Ձեր երկրում լավ հյուրասիրության համար: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այն դինամիկ զարգացման համար, որը մեր կողմից ապահովվում է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:
Երկու երկրների ղեկավար մակարդակներում առկա է փոխադարձ վստահություն, պետք է արձանագրել, որ այդպիսի վստահություն կա նաև երկու երկրների ժողովուրդների միջև: Դա մեզ հնարավորություն է տալիս էլ ավելի հեռանկարային զարգացում ապահովել երկկողմ հարաբերություններում: Խոսքը վերաբերում է բոլոր ոլորտներին հավասարապես՝ լինի տնտեսական, թե մշակութային: Բազմաբևեռ և բազմաոլորտ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար կան շատ հնարավորություններ: Խոսքս վերաբերում է թե՛ տնտեսական, թե՛ փոխադարձ ներդրումների, թե՛ բարձր տեխնոլոգիաների, թե՛ զբոսաշրջության, թե՛ կապի, թե՛ էլեկտրաէներգիայի ոլորտներին»:
Ընդլայնված կազմերով հանդիպմանը վարչապետ Փաշինյանը նշել է, որ կարևոր զրույց են ունեցել Եգիպտոսի նախագահի հետ ու քննարկել երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի շատ հարցեր: «Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է միջազգային ասպարեզում, և թույլ տվեք համոզմունք հայտնել, որ մեր վստահությունն էլ ավելի կխորանա Ձեր այս պատմական այցի արդյունքներով: Նաև մեր այս հարաբերությունների ջերմությունը, կարծում եմ, ի ցույց է դնում մեր առանձնահատուկ հարաբերությունները Հայաստանի և արաբական աշխարհի հարաբերությունների համատեքստում: Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է նաև իսլամական աշխարհի հետ մեր հարաբերություններում և խոսակցության մեջ:
Մեր այս հարաբերությունները, մեր այս ջերմությունն ի ցույց է դնում նաև իսլամական աշխարհի և քաղաքակրթության նկատմամբ մեր վերաբերմունքը, մեր հարգանքը: Կարևոր գործնական արդյունք է նաև այն պայմանավորվածությունը, ըստ որի՝ կհանձնարարենք մեր նախարարներին, որպեսզի 2023 թվականին միջկառավարական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը տեղի ունենա: Տնտեսական փոխգործակցության զարգացման այն հնարավորությունները, որոնք Դուք մատնանշեցիք, ես ասացի, որ շնորհակալությամբ ենք ընդունում և անպայման ամեն ինչ կանենք այդ օրակարգն իրացնելու համար:
Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել Ձեզ և Ձեր պատվիրակությանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին նշել է, որ ՀՀ վարչապետի հետ առանձնազրույցի ընթացքում այն բարեկամական մթնոլորտը և ջերմությունը, որը զգացել է, խոսում է միայն մեկ բանի մասին, թե որքան մեծ փոխադարձ վստահություն ու հարգանք կա երկու երկրների միջև: «Պարոն վարչապետ, թույլ տվեք նաև ասել, որ այն բոլոր կետերը, որոնց շուրջ տեղի ունեցան մեր քննարկումները, պետք է սեղմ ժամանակահատվածում վերափոխվեն գործնական քայլերի, և դա դրսևորվի մեր երկու պետությունների կառավարությունների գործունեությամբ: Կարելի է միջկառավարական հանձնաժողովի նիստերը գումարել հնարավորինս շուտ և մոտ ժամանակահատվածում»,- ասել է Եգիպտոսի նախագահը:
Կարևորելով միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ վարչապետը բարձր է գնահատել Եգիպտոսի աջակցությունը Հայաստանին հատկապես այն կազմակերպություններում, որոնց մեր երկիրը չի անդամակցում։
Հայկական կողմը վերահաստատել է ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում Եգիպտոսին Հայաստանի աջակցությունը, ինչը լայն հնարավորություններ կընձեռի երկկողմ առևտրաշրջանառությունը խթանելու համար։
Բարձր գնահատելով վերջին երեսուն տարիներին ձևավորված միջպետական ամուր կապերը՝ զրուցակիցները կարևորել են տնտեսության տարբեր ճյուղերի, զբոսաշրջության, կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում փոխգործակցության առավել խորացումը:
Հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը: Վարչապետը նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտման փաստը և շեշտել դրան միջազգային հանրության ուշադրության ու համարժեք արձագանքի կարևորությունը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
orer.eu