Դեռեւս դեկտեմբերի 15-ին Լեհաստանի հայկական կազմակերպությունների անունից նամակ էր ուղարկվել երկրի իշխանություններին՝ պահանջելով ակտիվ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ եւ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ /Տես Օրերի կայքէջում՝ Լեհահայ կազմակերպությունները դիմել են երկրի իշխանություններին՝ Ադրբեջանի հանցավոր գործողությունները դատապարտելու եւ կանխելու պահանջով – Orer/
Վերջերս Լեհաստանի արտգործնախարարությունը պատասխան նամակ է ուղարկել այդ դիմումի կազմակերպիչ, Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ Հրաչյա Բոյաջյանին։
Ստորեւ ներկայացնում ենք Լեհաստանի ԱԳՆ նամակն ամբողջությամբ՝ հայերեն թարգմանությամբ։
Վարշավա, 9 հունվարի, 2023թ
Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ Պարոն Հրաչյա Բոյաջյան
Հարգելի´ պարոն նախագահ,
ի պատասխան Արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուին ուղղված Ձեր նամակի՝ կապված Հայաստանը կապող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի շրջափակման հետ, որը պետք է դիտարկել որպես հայ-ադրբեջանական հակամարտության սրման հերթական ակտ, տեղեկացնում եմ, որ Լեհաստանը որպես ԵԱՀԿ նախագահող 2022 թվականին որդեգրել է հատուկ դիրքորոշում՝ իր օրակարգում՝ հատուկ տեղ հատկացնել հակամարտությանը իր նախագահության ողջ ընթացքում:
2022թ. հոկտեմբերի 5-ին Հայաստանի խնդրանքով և Ադրբեջանի կտրուկ դիմադրությամբ ԵԱՀԿ-ն Լեհաստանի գլխավորությամբ որոշել է 20 դիտորդ ուղարկել Հայաստան Needs Assessment Team, գնդ. Ռ. Տկաչիկ ղեկավարությամբ: Առաքելությունն աշխատել է 2022 թվականի հոկտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում և ներկայացրել է հստակ դիրքորոշում սատարելով Հայաստանին:
Լաչինի միջանցքի շրջափակումից հետո Լեհաստանը որպես ԵԱՀԿ նախագահող անմիջապես հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել շրջափակման կապակցությամբ և ուշադրություն է հրավիրել դրա մարդասիրական հետևանքների վրա:
Հայաստանը փորձում է օգտագործել բոլոր հնարավոր միջազգային մեխանիզմները, որպեսզի ստիպի Բաքվին ապաշրջափակել ուղեւորափոխադրումները Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան: Նման կոչ են արել նաև ԵՄ անդամ երկրները և ԱՄՆ-ը:
Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կարծիքով շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը սպառնալիք է խաղաղության համար և կարող է լուրջ հումանիտար հետևանքներ ունենալ: Գորիսում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի պասիվությունը կասկածի տակ է դնում դրանց արդյունավետությունը և անվտանգության ապահովումը տարածաշրջանում։
Հարկ է նշել, որ Լեհաստանն ընդգծում է անհրաժեշտությունը քննարկում անցկացնել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության վերաբերյալ:
Մենք նաև կողմ ենք գործընթացում ավելի լայնամաշտաբ ԵՄ ներգրավվածությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար: Այս նպատակին ծառայեց հոկտեմբերին կայացրած արագ որոշումը՝ ԵՄ EUMCAP (EU Monitoring Capacity) առաքելությունը 2022թ. երկու ամսով Հայաստան ուղարկելու մասին:
Լեհաստանը դրական է վերաբերվում ևս մեկ ԵՄ մոնիտորինգային առաքելության ստեղծմանը և հայ-ադրբեջանական սահման ուղարկելը: Մենք լիովին աջակցում ենք առաքելությանը ԵՄ-ն՝ որպես խաղաղության գործընթացում Արեւմուտքի ակտիվ ներգրավվածության նշան: Մենք հույս ունենք, որ դա կնպաստի սահմանին իրավիճակի կայունացմանն ու առաջընթացին ԵՄ հովանու ներքո խաղաղ գործընթացում։
Մենք հավատում ենք, որ խաղաղ գործընթացն այսօր ԵՄ անդամ երկրների, Միացյալ Նահանգների և համախոհ երկրների շարունակական և ուժեղ աջակցության կարիք ունի: Հետեւաբար, մենք հավատում ենք, որ ԵՄ առաքելության ներկայությունը և ԵՄ մոնիտորինգի իրականացումը Հայաստանում չափազանց կարևոր է։
Հավաստիացնում եմ, որ մեր երկիրը աջակցում է խաղաղ գործընթացին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության շարունակությանը: Համոզված ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը թույլ կտա զարգացնել տարածաշրջանը և, առաջին հերթին, աջակցել հրատապ հումանիտար խնդիրների լուծմանը:
Ընդ որում կարևորագույն խնդիրներն են նաև հայ ռազմագերիների, անհայտ կորածների գործերը, ականազերծման կամ պատմամշակութային արժեքների պահպանության հարցերը։ Մենք բարձր ենք գնահատում ԵՄ-ի, մասնավորապես՝ Շառլ Միշելի կողմից ձեռնարկված միջնորդական նախաձեռնությունները, որոնք ակտիվորեն աջակցում են այս գործընթացին։ Մենք նույնպես այս ուղղությամբ քայլեր կձեռնարկենք Եվրոպական Միության ֆորումում:
Հարգանքներով՝ Մալգորժատա Կոշյուրա-Կաժմիերսկա /Małgorzata Kosiura-Kaźmierska
Տնօրեն
Վարշավա, 9 հունվարի, 2023
orer.eu