Տենոր Տիգրան Հակոբյանի եվրոպական առաջին բեմելը Բռնոյում. նոր դերեր Չեխիայում եւ 28 օր «Լա Բոհեմ»՝  Շվեդիայում եւ Դանիայում

  • 15.01.2023
  • 0
  • 3276 Views

Հունվարի 8ին եւ 11ին չեխական Բռնոյի Յանաչեկի անվան օպերային թատրոնի երկու ներկայացումներում հանդես եկավ  Երեւանի օպերային թատրոնի երիտասարդ շնորհալի տենոր Տիգրան Հակոբյանը։ Դեռեւս 2022ի հունիսի 21ին նա հանդես էր եկել Բռնոյի օպերային թատրոնի ՕԹԵԼԼՈ նոր բեմադրության առաջնախաղում, ինչը դարձավ երիտասարդ հայ երգչի առաջին ելույթը եվրոպական օպերային բեմահարթակում։  Ներկայացման հաջողությունն ակնառու էր, ինչը միանգամից ստացավ իր գնահատականը։ Հուլիսին գերմանական Ռեգինսբուրգի փառատոնում 3000 հանդիսատեսի դատին կրկին հանձնվեց Օթելլոն։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Տիգրան Հակոբյանը, Բռնոյի օպերայում ունեցած հաջող ելույթներին, հետեւեց հրավերը հանդես գալու  Ռոդոլֆի դերերգով Պուչինիի «Լա Բոհեմ» օպերայում Շվեդիայի Մալմոյի Օպերային թատրոնի հյուրախաղերի ընթացքում։ Սեպտեմբերի 17-Ից մինչեւ դեկտեմբերի 4-ը 28 ներկայացում են խաղացել Շվեդիայի եւ Դանիայի տարբեր քաղաքներում։ Ընդունելությունն ամենուր եղել է գերազանց, իսկ ներկայացումների մի մասում Տիգրանը երգել է շվեդերեն։ Ի դեպ, ներկայացումն այնպիսի հաջողություն է ունեցել, որ Մալմոյի օպերային թատրոն իր պատմության վերջին 30 տարիների ընթացքում որոշել է  «Լա Բոհեմն» ընդգրկել թատրոնի մշտական խաղացանկում։

Այնուհետեւ հետեւել են  այլ ներկայացումներում երգելու առաջարկներ, բայց շվեդական հյուրախաղերի պատճառով մերժել է, քանի որ ժամկետները համընկել են։ Սովորաբար այս թատրոնը ամեն մի թատերաշրջանում 30-40 նոր բեմադրություն է իրականացնում, եւ հետո այլեւս չեն խաղում։

Վերջին ելույթները՝ 2023 թ հունվարի 8ին՝ «Օթելլո»  ն 11ին՝ «Լա Բոհեմ» ներկայացումներում  նույնպես անցել են հրաշալի, թե՛ հանդիսատեսը, եւ թե՛ երկու դիրիժորները գոհ են մնացել։ Հատկապես, որ Լա Բոհեմի դեպքում չեն հասցրել բեմի վրա նվագախմբով փորձել, միայն Միմիի դերակատարի եւ դիրիժորի հետ կարճատեւ հանդիպում են ունեցել։ Տիգրանը միայն ծանոթացել է ներկայացման ձայնագրությանը եւ միանգամից մասնակցել բեմադրությանը։ «Շատ գեղեցիկ բեմադրություն էր, դասական ոճի եւ մեծ ընդունելության արժանացավ»,- ասում է Տիգրան Հակոբյանը։

Չի բացառվում ապագայում կրկին վերադառնա Բռնոյի թատրոն, ինչպես նաեւ գերմանական Դյուսելդորֆ, որոնց շուրջ բանակցությունները շարունակվում են։

Հիշեցնենք, որ 30-ամյա տենոր Տիգրան Հակոբյանը Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի հիմնական մենակատար է, ինչպես նաեւ Երիտասարդական օպերային ծրագրի մենակատար։ Նա արդեն Երեւանի օպերային թատրոնում հանդես է եկել գլխավոր դերակատարումներով այնպիսի հայտնի օպերաներում, ինչպիսիք են Տոսկան, Պայացները, Տրավիատան եւ այլն։ Մինչ օրս էլ Տիգրան Հակոբյանն իր բոլոր դերակատարումները պատրաստում է վոկալի նվիրյալ ուսուցչի՝ Լեւոն Ջավադյանի օգնությամբ։

Բռնոյում Տիգրան Հակոբյանն առաջին անգամ ելույթ է ունեցել 2021 թվականին Մորավյան աշուն փառատոնի շրջանակներում անցկացվող Հայաստանի օրերի գալա համերգին, երբ Հայաստանի ֆիլհարմոնիկի եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կատարեց Cavalleria Rusticana օպերայից Տուրիդույի արիան։

Նոր դերեր ու հաջողություններ ենք մաղթում մեր շնորհալի հայրենակցին։

Հ.Ասատրյան

Պրահա

orer.eu

Ներկայացումներից հետո Շվեդիայում եւ Բռնոյում

Տոսկա ներկայացում, Երեւան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում