Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը բողոքի ցույց էր կազմակերպել Հաագայում
Nederlands Armeens Comité voor Rechtvaardigheid en Democratie – Հայ Դատ ֊ ի հաղորդագրությունը փոխանցում է Նիդերլանդական օրագիրը։
Հաագա, հունվարի 10, 2023 – Մի քանի շաբաթ է՝ սկսած 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, այսպես կոչված, Ադրբեջանի բնապահպան ակտիվիստները փակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանն արդեն շաբաթներ շարունակ ահաբեկում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին՝ շարունակելով էթնիկ զտումների իր քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության նկատմամբ։
Արդեն ավելի քան երեսուն օր է, ինչ 120 հազարանոց բնիկ հայ բնակչությունը, որից 30 հազարը երեխաներ են, ամբողջովին մեկուսացված է արտաքին աշխարհից։
Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ ընդունել է Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ միջնորդությունը և կոչ արել կառավարությանը քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից կազմակերպած շրջափակման դեմ։
Շաբաթներ տեւած շրջափակումից հետո Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը բողոքի ցույց կազմակերպեց Հաագայում։ Հոլանդիայի քաղաքացիները՝ հայ համայնքի անդամները, օգտվելով իրենց ժողովրդավարական իրավունքից բարձրաձայնեցին Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարման և ընդհանրապես անարդարության մասին։
Ցույցը սկսվել է Լանգե Վիժվերբերգում, այնուհետ շարունակվել է Ադրբեջանի դեսպանատան դիմաց, որտեղ ցուցարարները տարբեր կարգախոսներով իրենց ձայնը լսելի են դարձրել։ Ցույցը կոչ է Նիդեռլանդների կառավարությանը, Ներկայացուցիչների պալատին և Նիդերլանդներում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչությանը դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության նկատմամբ և վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը` կանխելու հումանիտար աղետը:
Ցուցարարները կոչ են արել Նիդերլանդների կառավարությանը և միջազգային հանրությանը պատժամիջոցներ և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ զերծ մնալու ռազմական ագրեսիայից և անցնելու խաղաղ և դիվանագիտական բանակցությունների։ Նիդերլանդների հայ համայնքի անդամները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մարդասիրական օգնության օգտին, որին հասնելու համար նախ պետք է վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը:
Հոլանդիայի Հայ Դատը խնդրագիր է հանձնելու խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի գլխավոր ներկայացուցչին և Արտաքին գործերի նախարարության արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին։
orer.eu