Չեխիա.Երկու անգամ չվճարելու դեպքում հոսանքը կանջատեն

  • 13.12.2022
  • 0
  • 163 Views

«Անջատումներից հնարավոր է խուսափել մատակարարի հետ ճիշտ ժամանակին հաղորդակցվելու միջոցով։ Պարտք ունեցող բաժանորդը չպետք է, այսպես կոչված՝ «մեռած բզեզի տեսք» ընդունի»,- ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ օրաթերթ։

Էլեկտրաէներգիայի կանխավճարների շուրջ ծառացած խնդիրների առնչությամբ, հարցումների տարափ է սկսվել Չեխիայի քաղաքացիական խորհրդատվական կենտրոններում, որի մասին է ներկայացվում չեխական ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ օրաթերթի (07.12.2022թ.) համարում լույս տեսած՝ «Երկու անգամ չվճարելու դեպքում՝ հոսանքը կանջատեն» հոդվածում, որի հայերեն վերլուծությունը ներկայացվում է ստորև։

«Չեխիան դեռ ամուր կանգնած է իր դիրքում։ Էլեկտրաէներգիայի չվճարողների՝/դեֆոլտների/ թիվը երկրում կազմում է ընդամենը 1,5%»,- գրել է ԼՆ օրաթերթը։

Հոդվածում, նախևառաջ, զգուշացվում է «հաջորդ տարվա ընթացքում տասնյակ հազարավոր տնային տնտեսություններին սպառնացող իրավիճակի վատթարացման մասին», որոնք, վերը նշված խորհրդատվական կենտրոնների բացահայտումների համաձայն, կարող են ամսական կանխավճարների լուրջ խնդիրներ ունենալ: Օրինակ՝ Չեխիայի Քաղաքացիական խորհրդատվության ասոցիացիան (ՔԽԱ), որը շուրջ 40 խորհրդատվական կենտրոնների միավորում է ավելի քան 80 շփման կետերի հետ, այս տարի պարտքերի պրոբլեմատիկայի (մասնավորապես՝ էներգիայի կանխավճարների) ոլորտում գրանցել է ընդհանուր հարցումների 20%-ի աճ՝ (ինչը որոշ դեպքերում նույնիսկ կարող է զգալիորեն ավելի մեծ լինել)։

Չեխիայի Հանրապետության Էլեկտրական էներգիայի մատակարարման և կիրառման օրենքը ներկայացնում է, որ էլեկտրականության կամ գազի չարտոնված սպառումը սկսվում է հենց «վճարման պարտավորությունները հաջորդաբար խախտելու պահից»։ Այսինքն, երկրորդ ամսավճարը կրկնակի չմուծելուց հետո, էլեկտրականության կամ գազի անջատման լուրջ վտանգ է սպառնում կարգը խախտող բաժանորդին։

«Ըստ մի շարք մատակարարների տվյալների՝ տարեկան հազարավոր նման դեպքեր են լինում գործնականում։ Սակայն պարտապանների թիվն առանձնապես դեռ չի աճում։ Թեև կարող է շատ արագ փոխվել»,- օրաթերթում նշել է հոդվածի հեղինակը։ Մատակարարող ձեռնարկությունը (հիմնականում գրավոր զգուշացմամբ) պետք է կոչ անի բաժանորդին մարելու չվճարված պարտքը և միայն դրանից հետո, եթե ոչինչ չփոխվի, իրավասու կլինի անջատելու էլեկտրաէներգիայի մատակարարումը սպառման կետից։

«Հենց սկզբից փորձում ենք ակտիվորեն լուծել խնդիրը պարտապանի հետ, որը մեզնից առնվազն երկու գրավոր հիշեցում է ստանում չվճարված պարտքի վերաբերյալ։ Հեռախոսակապի առկայության դեպքում նաև զանգահարում ենք նրա համարին։ Անջատումը մեզ համար միշտ ծայրահեղագույն տարբերակն է»,-օրաթերթին է հայտնել ČEZ-ի մամուլի խոսնակ, տիկին Ալիցե Հորակովան՝ տեղեկացնելով, որ նման կերպով վարվում են նաև այլ մատակարարող ընկերություններ։

*(Հիշեցնենք, որ ČEZ a.s./ՉԷԿ՝ (Չեխիայի էներգետիկ կայաններ) բաժնետիրական ընկերությունը էլեկտրաէներգիայի խոշորագույն արտադրողն ու մատակարարն է Չեխիայում – խմբ. նշում)։

ՉԷԿ-ի խոսնակի մեկնաբանմամբ, անջատումները, սակայն, հնարավոր է կանխել մատակարարի հետ ճիշտ ժամանակին հաղորդակցվելու միջոցով։ «Պարտք ունեցող բաժանորդը չպետք է, այսպես կոչված՝ «մեռած բզեզի տեսք» ընդունի»,-օրաթերթի հետ զրույցի ժամանակ ընդգծել է Ալիցե Հորակովան։ Eurostat-ը՝ /Եվրամիության վիճակագրական ծառայություն/, որի ամենավերջին վարկանիշը ցույց է տալիս համեմատաբար բարենպաստ տվյալներ, 2021 թվականի համար, (Նիդերլանդներից հետո), Չեխիան դասել է պարտքեր կուտակած տնային տնտեսությունների ամենացածր ցուցանիշն ունեցող ԵՄ անդամ երկրների շարքին։ Սակայն, ըստ օրաթերթի, չի բացառվում, որ չվճարողների չեխական ցուցանիշն այս տարվա ավարտին և հատկապես հաջորդ տարում կկարողանա զգալիորեն աճել։

Չեխիայի Խորհրդարանն արդեն հաստատել է առավել քիչ սպառում ունեցող բաժանորդների՝ (տնային տնտեսությունների և փոքր ձեռնարկությունների) էլեկտրաէներգիայի սպառման գների սահմանագիծը*։

*(Հիշեցնենք, որ հոսանքի վճարի առավելագույն չափը կազմում է 1 կՎտ/ժ-ի դիմաց՝ 6 չեխական կրոն՝ ԱԱՀ ներառյալ, (բայց առանց բաշխման հավելյալ վճարների)։

Գազի 1 կՎտ/ժ-ի սպառման դիմաց սահմանային գինը կազմում է՝ 3 չեխական կրոն. (եթե վերածենք խորանարդ մետրի՝ մեկ մ3 գազի գինը կազմում է 31,65 չեխական կրոն)։

Այնուհանդերձ, էլեկտրաէներգիայի շուրջ նախատեսված 6 չեխական կրոնի և գազի 3 չեխական կրոնի առավելագույն սահմանաչափը դեռևս բարձր է շատ տնային տնտեսությունների համար. զգալիորեն՝ ավելի բարձր, քան երբևէ վճարել են մինչ գների ճգնաժամի սրացումը։

Հաղորդակցությունը չափազանց անհրաժեշտ է

«Էներգիայի վճարումների առումով, հավանաբար, լուրջ խնդիրների կբախվի չեխական տնային տնտեսությունների մոտավորապես մեկ քառորդը»,-ենթադրում է օրաթերթը՝ կարևորելով փորձագետների և էլեկտրաէներգիայի մատակարարների խորհուրդն այն բաժանորդներին, որոնք կհայտնվեն վճարումների խոչընդոտման արտակարգ իրավիճակներում, որպեսզի օգտվեն աջակցության բոլոր հասանելի տարբերակներից և պետության ​​սոցիալական նպաստներից։ Չեխիայի Քաղաքացիների խորհրդատվության ասոցիացիայի նախագահ Հինեկ Կալվոդայի կարծիքիով, նման իրադրություններում սովորաբար հայտնվում են ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունները և սոցիալապես անապահով մարդիկ, ինչպիսիք են՝ միայնակ մայրերը կամ միայնակ ապրող տարեցները, որոնք ամսական վճարումների համար պարզապես չունեն «գազի կամ հոսանքի փող»։ Սա ակնհայտ է նաև էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչների հայտարարություններից։

Քանզի, ամենակարևորը մատակարարի հետ ժամանակին հաղորդակցվելն է, ինչը էներգամատակարարման անջատումներից զերծ մնալու և, միաժամանակ, բանակցելու միակ միջոցն է հանդիսանում, օրինակ, ապառիկ վճարումների պլանավորման կամ հետաձգման առումով։

«Շատ լավ գիտակցում ենք էներգիայի գների հանկարծակի բարձրացման հետևանքների սոցիալական մեծ չափերը։ Ուստի, իրավիճակը մեղմացնելու ուղիներ ենք փնտրում մեր բաժանորդների հետ միասին, ինչի արդյունքում սովորական ենք համարում պարտապանների ցանկությամբ «ապառիկ վճարման ժամանակացույց»-ի անհատական սահմանումը, եթե վերջիններս ժամանակին ներկայանում և ազնվորեն մանրամասնում են պարտքի առաջացման դրդապատճառները»,-օրաթերթին է հայտնել Չեխիայում բնական գազի խոշորագույն մատակարար՝ Innogy ընկերության մամուլի խոսնակ՝ Պավել Գռոխալը։

Գների ամրագրման ավարտը՝ որպես սկսվող խնդիրների ազդարար

Օրաթերթն աչքաթող չի արել նաև այս կարևորագույն փաստը՝ վերլուծելով գների ֆիքսացիայի՝ /ամրագրված ժամկետի/ ավարտից հետո ի հայտ եկող խնդիրները։ «Հարկ է հիշեցնել, որ մեր բաժանորդների որոշակի տոկոսը դեռևս ունի էլեկտրաէներգիայի ամրագրված սակագին՝ ավելի ցածր մակարդակով։ Մի զգալի մասն էլ ապահովված է այս տարվա ապրիլից սահմանված սակագներով, որոնք դեռ զգալիորեն ցածր են ներկայիս շուկայական գներից»,- հոդվածի հեղինակին է տեղեկացրել Pražská energetika-ի* մամուլի խոսնակ՝ Կարել Հանզելկան։

* (Pražská energetika-ն բաժնետիրական ընկերություն է, որը զբաղվում է Պրահա մայրաքաղաքի տարածքում էլեկտրաէներգիայի և գազի բաշխման, մատակարարման ու վաճառման գործունեությամբ – խմբ. նշում)։

Ըստ հոդվածի վերջաբանի. «Հիմնականում գնաճը կսկսվի 2023 թվականի հունվարի 1-ից, որին զուգահեռ ընթացքի մեջ կմտնի նաև կառավարության կողմից գների վերին շեմի սահմանումը»։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար Պրահա

Enter

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում