
Ինչո՞վ են չեխերեն այսօր մտահոգված։ Մինչ այս հարցի շուրջ ենթադրություններ կամ շաբաթվա մամուլում փնտրտուքներ անելը, ներկայացնեմ համացանցի ինչ-որ կայքէջում աչքիցս չվրիպած հասարակ մի կարծիք՝ «Պատերազմը մեր դուռն է թակում։ Ի՞նչ ենք անելու» մեկնաբանությամբ. «Բոլոր նրանք, ովքեր հետևում են լրատվությանը, անշուշտ գիտեն, կամ առնվազն ենթադրում են, որ Դնեպրի մարտերը նաև Պրահայի համար են։ Գիտեն, երբ Պուտինը նվաճի Ուկրաինան, կանգ չի առնի Արևմուտքի դեմ իր արշավում, և որ մենք կլինենք հաջորդ թիրախը։ Եվ այդ ժամանակ հնարավոր կլինի Բուչայի սպանդի տեսարաններից լուսանկարել նաև Պրահայում։
Այժմ մեր մտահոգությունները պաշտոնապես հնչեցին մի մարդու կողմից, ով ավելի շատ է տեղեկացված, քան սովորական քաղաքացին»,- ՖՈՐՈՒՄ24/մեկնաբան՝ Յիրժի Դոլեժալ։

Այս թեմային անտարբեր չի մնացել նաև շաբաթվա չեխական մամուլը, մասնավորապես՝ (23.11.2022թ.) ՄԼԱԴԱ ՖՐՈՆՏԱ ԴՆԵՍ օրաթերթն իր «Բանակը ահազանգում է» ծավալուն հոդվածով, որն անդրադարձել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարության ամենամյա տարեվերջյան ժողովին։ (22.11.2022թ.)
Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք ՉՀ-ի ՊԲ հրամանատարության ժողովում բանակի 2023 թվականի խնդիրների, առաջնահերթությունների ու հիմնական առաջադրանքների քննարկման շուրջ գլխավոր շտաբի նորանշանակ պետ՝ Կարել Ռժեհկայի և մյուս պետական գործիչների ելույթները՝ վերոհիշյալ թեմայով։
«Եվրոպան և մեր հանրապետությունը գտնվում են ծանր ժամանակաշրջանում։ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ամբողջությամբ փոխել է անվտանգության իրավիճակը։ Եվրոպայում պատերազմը կրկին իրականություն է դարձել և ընթանում է հենց Հյուսիսատլանտյան դաշինքի սահմանին։ Հակամարտությունները և այլ ռազմավարական ցնցումները կրկնվում են երկաթյա օրինաչափությամբ, իսկ հավերժական խաղաղությունը դարձել է ուտոպիա…»,- գլխավոր շտաբի պետի պաշտոնում այսպես է իր առաջին ելույթը սկսել Կարել Ռժեհկան։

Վերջինիս կարծիքով, մի շարք ցուցումներ նախազգուշացնում էին այս ճգնաժամի և Ուկրաինայում հավանական պատերազմի մասին՝ դեռևս 2014 թ.-ին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման ժամանակաշրջանից։ «Բայց մեր արևմտյան հասարակությունները չցանկացան դա տեսնել։ Իսկ նրանց, ովքեր տեսան, չէին ուզում լսել։ Հույս ունեինք, որ ամեն ինչ ի վերջո կհանդարտվի։ Սակայն հույսը ռազմավարություն չէ, և մեր անգործությունը, ամենայն հավանականությամբ, նպաստեց ներկայիս ճգնաժամին», քննադատել է Ռժեհկան։
«Ուստի չպետք է ինքներս մեզ համոզենք, որ Ուկրաինայում պատերազմի էսկալացիայի ներուժը դեռ շարունակում է աճել։ Չի կարելի բացառել անգամ ամենալուրջ սցենարները»,- հավելել է նա։
«Չեխիան պետք է պահպանի հակաահաբեկչական գործողությունների իր մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակը։ Սակայն առաջին հերթին պետք է պատրաստվի լայնածավալ պատերազմների՝ ընդդեմ գերակա հակառակորդի», կոչ է արել ԳՇ պետը՝ հորդորելով զինվորներին նախապատրաստվելու «բիրտ մարտունակության»:
Ռժեհկան հայտարարել է, որ եթե Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախում լինի, անմիջապես կազդի նաև Չեխիայի վրա, և չեխական բանակը դրա ակտիվ մասնակիցը կլինի առաջին իսկ րոպեից։
«Չեխիայի Հանրապետության տարածքը, մեր ենթակառույցները և մեր համաքաղաքացիները կդառնան թշնամական գործողությունների թիրախը բոլոր տիրույթներում։ Քանզի լավ կլիներ նկատի ունենալ, որ մի շարք ռուսական զինատեսակներ, որոնք այսօր կործանում են Ուկրաինան, կարող են հասնել նաև Չեխիայի տարածք։ Իրավիճակը լուրջ է, և մենք պետք է արձագանքենք»,- իր մտահոգությունն է արտահայտել շտաբի պետը՝ միաժամանակ նշելով, որ բանակի ներկայիս կադրային մոդելն անկայուն է. «Բանակը համալրված չէ, ծերանում է և համակարգային փոփոխության կարիք ունի»։
Ռժեհկան ՉՀ պաշտպանության բանակի մարտունակության ու պատրաստվածության առավելագույն մակարդակի պահպանումը համարել է իր միակ ու հիմնական նպատակը, ինչպես նաև՝ բանակի ամենաբարձր առաջադրանքը հաջորդ տարվա համար, որին ուզում է հասնել հետևյալ հինգ առաջնահերթ ոլորտներում.
1. Պետք է անցկացնել պաշտպանության ռազմական ստուգատես՝ (ուսումնասիրել պաշտպանական ծրագրերի իրականությունը և թե որքանով են դրանք համապատասխանում ներկա իրավիճակին։ Նույն գործընթացը տեղի է ունենում նաև ՆԱՏՕ-ի մակարդակով)։
2. Բանակի համար ձևավորել ապագա պատերազմի տեսլական՝ (հասկսնալու համար, թե ինչ զինատեսակներ պետք է գնել, որոնք կծառայեն բանակին առաջիկա չորս տասնամյակների ընթացքում)։
3. Արագ արդիականացնել բանակի բոլոր գործառույթները մարտի դաշտում՝ (հրամանատարություն և վերահսկում, հետախուզական և տեղեկատվական աջակցություն, հրաձգումներ և համատեղ մանևրումներ, ուժերի պահպանում կամ կայունացում և այլն) … «Կործանիչներ, Տանկեր, Հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ) Հաջորդ տարին, մի քանի ռազմավարական գնումների առնչությամբ, վճռորոշ է լինելու չեխական բանակի համար։ Խոսքը, առաջին հերթին, ծանր մարտական բրիգադի վերազինման համար 210 հետագծված զրահափոխադրիչների գնումն է։ Պաշտպանության նախարարությունն ավարտում է բանակցությունները շվեդական կողմի հետ՝ CV90 հետևակի մարտական զրահամեքենաների ձեռքբերման շուրջ։ Նոր մեքենաները պետք է փոխարինեն հնացած BVP-2 հետևակի մարտական մեքենաներին։ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կշարունակվեն հինգերորդ սերնդի F-35 գերձայնային 24 ինքնաթիռների հավանական ձեռքբերման շուրջ»,-գրում է ՄՖ ԴՆԵՍ օրաթերթը։
4. «Պետք է կենտրոնանալ մարդկանց վրա։ Մարդիկ ամեն ինչ են։ Պատերազմներում մարդիկ են հաղթում, ոչ թե զենքերը»,- ասել է շտաբի պետը, (ըստ որի չկա կախարդական բաղադրատոմս, այլ միայն՝ քրտնաջան աշխատանք, որակյալ սարքավորումներ, մարզում-վերապատրաստում, առողջ կազմակերպչական մշակույթ և որակյալ ֆոն ՊԲ ու ՊՆ համագործակցության շրջանակներում)
5. Նպաստել ՉՀ-ի պաշտպանության գործում ռազմավարական քննարկումների զարգացմանը՝ (բանակը դեմ չէ քննադատությանը։ Զինվորները հասկանում են, որ օգտվում ենք ընդհանուր ռեսուրսներից։ Ընդհակառակը, քննադատությունը մեզ առաջ է մղում)։
Իր ելույթում անդրադառնալով Ուկրաինայի պատերազմին՝ Ռժեհկան կարևորել է այն փաստը, թե ուկրաինացիները մեխանիկորեն չստացան Արեւմուտքի աջակցությունը, այլ պայքարեցին դրա համար։ Լինելով լավ պատրաստված և դրսևորելով վճռականություն՝ դիմադրեցին ու հասան հաջողության։ Ուստի, կոչ է արել դաս քաղել ուկրաինական պատերազմից և նման իրադրությունում չհուսալ, թե «ինչ-որ մեկը պարզապես կգա ու կօգնի մեզ, եթե ինքներս չանենք առավելագույնը»։
Պաշտպանության բանակի ղեկավարությունից բացի, ժողովին մասնակցել են նաև ՉՀ պաշտպանության նախարար՝ Յանա Չեռնոխովան, վարչապետ՝ Պետր Ֆիալան (երկուսն էլ ODS/ՔԴԿ-ից) և նախագահ՝ Միլոշ Զեմանը, որն իր ելույթով վերահաստատել է ՉՀ-ի լիակատար աջակցությունն Ուկրաինային՝ ռուսական ագրեսիայի դեմ պայքարում։ Նրա խոսքով, չպետք է, սակայն, մոռանալ մեկ այլ թշնամու՝ միջազգային ահաբեկչության մասին։
«Ես ճանաչում եմ տարածքային պաշտպանության սկզբունքը, բայց եթե մենք, որպես ՆԱՏՕ-ի անդամ, միասնական պատասխանատվություն ենք կրում ոչ միայն մեր, այլև աշխարհի անվտանգության համար, մեր զինվորների մասնակցությունն այդ առաքելություններին անփոխարինելի է»,- իր ելույթում կարևորել է նախագահը։
Վարչապետ Պետր Ֆիալան (ODS/ՔԴԿ) ռուսական ագրեսիան համարում է դժվար դաս՝ ընդգծելով, որ այն համատեղում է թե՛ սովորական, թե՛ հիբրիդային պատերազմի եղանակները. «Դա ցույց է տալիս, որ պատերազմները ցամաքում, օդում և ծովում անցյալում չեն, ինչպես ոմանք էին ենթադրում: Պատերազմը ոչ թե տեղափոխվել, ավելի շուտ ընդլայնվել է», -ասել է Ֆիալան ելույթի ժամանակ։ Նրա խոսքով, Չեխիան այդ փորձը պետք է կիրառի իր ռազմավարական փաստաթղթերը թարմացնելիս, ինչը պետք է տեղի ունենա հաջորդ տարի։ Ըստ վարչապետի՝ Ուկրաինայի պատերազմն ամրապնդել է արեւմտյան երկրների միասնությունը եւ միջազգային կառույցների գործելու կարողությունը։
«Ի տարբերություն ռուսական նախորդ սադրանքների, այս անգամ արևմտյան ժողովրդավարությունները չսահմանափակվեցին դիվանագիտական նոտաներով և խորհրդանշական պատժամիջոցներով», կարևորել է նա՝ ՆԱՏՕ-ն համարելով որպես Չեխիայի անվտանգության առաջնային շրջանակ և բարձր գնահատելով ԵՄ-ի արագ համաձայնությունը Ռուսաստանի դեմ մի շարք պատժամիջոցների փաթեթների կիրառման հարցում։
Իր ելույթում ՉՀ Պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան (ODS) ասել է, որ Չեխիայի և ամբողջ Եվրոպայի անվտանգությունը կապված է Ուկրաինայի պատերազմի արդյունքի հետ։ «Ուստի Չեխիայի կողմից Ուկրաինային տրամադրվող նյութական և քաղաքական աջակցությունը կշարունակվի», նշել է նա՝ միաժամանակ կարևորելով բանակի արագ արդիականացման, մարտունակության բարձրացման կամ նոր սպառնալիքների դեմ պատրաստվելու անհրաժեշտությունը։ Չեռնոխովան ընդգծել է, որ ուկրաինական պատերազմը ցույց է տվել բազմաքանակ, մոտիվացված և բոլոր առումներով լիովին պատրաստված բանակի պահեստազորայինների արտակարգ նշանակությունը։ Ուստի, առաջիկա տարիներին ցանկանում է շեշտը դնել ոչ միայն ակտիվ պահեստազորայինների քանակի ավելացման ու նրանց հնարավորությունների վրա, այլև՝ երկրի պաշտպանության հարցում քաղաքացիների կարողությունների և պատրաստակամության բարձրացմանը նպաստող այլ կիրառական գործոնների վրա, ինչպիսիք են կամավոր զորավարժություններն ու նոր նախատեսվող զինվորական ծառայության կամավորագրումները։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա