Յիրժի Ռուսնոկ. «Գնաճն այլևս նախկինի պես ցածր չի լինի».- Չեխական բանկի կառավարիչը վերլուծում է ֆինանսատնտեսական վիճակը

  • 23.11.2022
  • 0
  • 270 Views

Այս շաբաթվա չեխական տպագիր և էլեկտրոնային մամուլի, ինչպես նաև որոշ տեղական կայքէջերում թարգմանաբար ներկայացված ուշագրավ թեմաներից է «Ինֆլյացիան այլևս նախկինի պես ցածր չի լինի» ծավալուն վերլուծական հարցազրույցը Չեխիայի Հանրապետության նախկին վարչապետ, ֆինանսների նախարար և Չեխիայի ազգային բանկի (ČNB) կառավարիչ Յիրժի Ռուսնոկի հետ:

Որոշակի կրճատումներով ստորև ներկայացնում ենք հարցազրույցի հայերեն թարգմանությունը. ՌՈՒՍՆՈԿ. «ԻՆՖԼՅԱՑԻԱՆ ԱՅԼԵՎՍ ՆԱԽԿԻՆԻ ՊԵՍ ՑԱԾՐ ՉԻ ԼԻՆԻ» 21.11.2022թ. | ՊՐԱՎՈ օրաթերթ

Ինֆլյացիան/գնաճը/, ամենայն հավանականությամբ, կնվազի ավելի դանդաղ, քան մենք կարծում էինք ընդամենը մի քանի եռամսյակ առաջ։

«Թեև ժամանակի ընթացքում ինֆլյացիան կնվազի, երկարաժամկետ հեռանկարում այնքան ցածր չի լինի, որքան նախկինում էր, քանի որ աշխարհը փոխվել է: Ապրանքները կշարունակեն թանկանալ հիմնականում արտադրական և առևտրային շղթաների կրճատման, ինչպես նաև ԵՄ-ի «կանաչ» քաղաքականության արդյունքում։

– Ինֆլյացիան, այսինքն՝ տարվա կտրվածքով գնաճը, անցյալ ամիս ունեցել է 18-ից 15% անկում, ինչը վիճակագիրները կապում են էներգիայի կանխավճարների ոլորտում կառավարության ցուցաբերած օժանդակության հետ: Կա՞ արդյոք ուրախանալու բան…

– Անշուշտ ուրախանալու բան չկա, քանի որ գնաճը դեռ բարձր է և որոշ ժամանակ բարձր կմնա։ Այնուհանդերձ ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ կարգավորիչ միջամտությունները, որոնք ունեն խորը նշանակություն, անպայմանորեն արտացոլվում են գների մակարդակի վրա: Հակառակ դեպքում կարող ենք բախվել սարսափելի հետևանքների, առաջին հերթին՝ սոցիալական հետեւանքների հետ: Իհարկե, այս ցուցանիշից ելնելով չենք կարող պնդել, որ գնաճը սրընթաց նվազում է։ Գիտենք, որ եթե պետական ​​օգնությունը չհասներ, գնաճը կլիներ մոտավորապես նույնը, ինչ մեկ ամիս առաջ էր, նույնիսկ՝ մեկ տասներորդով ավելի բարձր։

– Ի՞նչ կլինի հետո։ Ֆինանսների նախարարությունը և Չեխիայի ազգային բանկը (ՉԱԲ) ակնկալում են, որ հաջորդ տարի գնաճային ճնշումը կթուլանա՝ հասնելով մինչև միանիշ ցուցանիշի: Հավատո՞ւմ եք դրան։

– Գնաճը պետք է նվազի տարեկան կտրվածքով։ Ուստի հուսով ենք, որ ամսական կտրվածքով էլ էականորեն կդանդաղի, թեև, իհարկե, կարող են նորից լինել որոշակի տատանումներ, օրինակ՝ կարգավորվող գների և այլ գործոնների պատճառով։ Հաջորդ տարի, ենթադրաբար երկրորդ կիսամյակի սկզբին, գնաճը միանշանակ պետք է լինի միանիշ թվով։ Այսպես է կանխատեսում Չեխիայի ազգային բանկը, և ես դա կասկածի տակ առնելու պատճառ չունեմ։ Գնաճը, ամենայն հավանականությամբ, կնվազի ավելի դանդաղ, քան մենք կարծում էինք ընդամենը մի քանի եռամսյակ առաջ: Դրան որոշակիորեն կնպաստի նաև այն, որ Չեխիայի ազգային բանկն ընտրել է խաղադրույքներին չդիպչելու մարտավարությունը՝ հուսալով, որ բարեհաջող ավարտ կունենա։

– Կան փաստարկներ, որ եթե նույնիսկ տոկոսադրույքները բարձրանան (ինչը հանգեցնում է վարկերի թանկացման և տնտեսության խաթարման), գնաճի նվազումը, այնուամենայնիվ, կլինի շատ չափավոր։

– Դե, դա հնարավոր է, բայց առավել կարևոր է, որ տոկոսադրույքների բարձրացումն իրականում զգալի հոգեբանական ազդեցություն ունի Ինֆլյացիոն սպասումների վրա: Շուկայի սուբյեկտները՝ լինեն ձեռնարկություններ, տնային տնտեսություններ, հիմնարկներ, շատ ավելի զգույշ են իրենց որոշումներում։ Ես կքվեարկեի տոկոսադրույքների որոշակի բարձրացման օգտին իմ նշած պատճառով։ Ինչևէ, հիմնականում խոսում ենք ինչ-որ թեթև թյունինգի մասին։ Այսպես կոչված սև գործը կատարել է նախորդ բանկային խորհուրդը, և ավելի բարձր տոկոսադրույքներն արդեն իսկ զսպում են գնաճը: Հարցն այն է, թե արդյոք գնաճը կմնա երկնիշ թվով ավելի երկար, քան կարող էր՝ առանց տոկոսադրույքների բարձրացման:

– Ի՞նչը կշարունակի բարձրացնել գները: Հաջորդ տարի իսկապե՞ս կհասնենք երկու տոկոսի, ինչպես ՉԱԲ-ն է գնահատում:

– Տեսականորեն կարող է այդպես ստացվել։ Պետք է ակնկալել, որ երկարաժամկետ հեռանկարում գնաճը այնքան ցածր չի լինի, որքան նախորդ ժամանակահատվածում էր, քանի որ աշխարհը փոխվել է և շարունակ փոխվում է։ Մենք ապրում ենք ապագլոբալացման դարաշրջանում, ինչը մեծապես արագացրել է Covid-ը։ Նկատվում է արտադրական և առևտրային շղթաների կրճատման միտում, այսինքն՝ ավելի քիչ կախվածություն հեռավոր երկրներից, հատկապես Չինաստանից ներմուծումից, քանի որ դրանք ներառում են ինչպես լոգիստիկ, այնպես էլ քաղաքական ռիսկեր: Սա ակնհայտորեն հանգեցնում է ապրանքների թանկացմանը, քանի որ արտադրվելու են ավելի փոքր խմբաքանակներով, ավելի բարձր աշխատավարձով, բնապահպանական և սոցիալական բարձր չափանիշներ ունեցող երկրներում և այլն։ Միևնույն ժամանակ Եվրոպայում ավելի խստացվում են էկոլոգիական-կարգավորող չափանիշները, ինչը նույնպես հանգեցնում է գների բարձրացման։ Պարզապես ուզում ենք ամեն ինչ «կանաչ» լինի, ուստի ավելի թանկ կարժենա։ Եվս մեկ երևույթ. Եվրոպան մեծապես օգտվեց այն փաստից, որ երկաթե վարագույրի փլուզումից հետո աշխատաշուկայում զգալիորեն ներգրավվեցին նաև նախկին կոմունիստական ​​երկրները, այսինքն՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպան՝ մուտք գործելով ավելի ցածր գներով, ցածր աշխատավարձով և աշխատանքի համեմատաբար բարձր արտադրողականությամբ, ինչը հանգեցրեց ապրանքների համեմատաբար էժանացմանը։ Օրինակ՝ այսօր Եվրոպայում վաճառվող մեքենաների զգալի մասը արտադրվում է այստեղ՝ ՉՀ-ում։ Դա վերաբերվում է նաև ավտոպահեստամասերին և մի շարք այլ ոլորտների։ Սակայն դա փոխվում է, քանի որ աշխատավարձերի ու գների մակարդակները աստիճանաբար մոտենում են իրար՝ թեև տարբեր տատանումներով։

– Ցածր ինֆլյացիայի ժամանակներն անցե՞լ են։

– Գլոբալ առումով (հիմա չեմ խոսում միայն Չեխիայի մասին) ավարտվել է ուժեղ գնանկման դարաշրջանը, երբ 1990-ականներին հատկապես Չինաստանը, նրա հետ մեկտեղ նաև հետկոմունիստական ​​երկրները ներխուժեցին համաշխարհային շուկա՝ դառնալով Եվրոպայի և աշխարհի արտադրող գործարանները և կարողացան մատակարարել դիմացկուն ապրանքներ՝ շատ լավ գներով: Այժմ այս երկրներում պայմանները սրընթաց փոխվում են։ Աշխարհը նույնպես փոխվում է աշխարհաքաղաքական առումով և էկոլոգիապես։

– Արդյո՞ք Եվրոպան պետք է թուլացնի իր «կանաչ» քաղաքականությունը:

– Ես չեմ ընդդիմանում ածխաթթվացմանը, բայց պետք է հաշվի առնել դրա սոցիալ-տնտեսական հետևանքները։ Պարզապես նկատի առեք, որ մեքենան արևմտյան երկրներում անձնական ազատության և հարստության խորհրդանիշ է, քանի որ գրեթե բոլորը կարող են գնել այն: Իսկ հիմա մեր ուղղվածությամբ մոտենում ենք դրա ավարտին։ Պատճառը միայն այն չէ, որ մեքենաները ավելի կթանկանան։ … Չեմ կարող պատկերացնել, որ բոլոր մարդիկ կունենան էլեկտրական մեքենաներ և կկարողանան զանգվածաբար վարել դրանք, քանի որ ամեն քայլափոխի պետք է լինեն լիցքավորման կայաններ։ …Ըստ իմ ենթադրության, այն գեղեցիկ տեսլականը, որ այրման շարժիչով մեքենաները կդադարեն արտադրվել 2030-ականներին, դեռևս կվերագնահատվի տարբեր ձևերով: Ամեն բան թանկանալու է, ոչ միայն մեքենաները։ Ես դրանում կասկած չունեմ։

– Ֆինանսների նախարարությունը պնդում է, որ Չեխիայի տնտեսությունն արդեն մեղմ ռեցեսիայի՝ (աստիճանական ետաճի) մեջ է։ Որքա՞ն խորը և երկարատև կլինի այն:

– Առայժմ բոլորն ասում են՝ ռեցեսիան կլինի մակերեսային և կարճատև: Ես սեփական կանխատեսումներ և նախարարությանը կամ ՉԱԲ-ին չվստահելու պատճառ չունեմ։ Քանզի ինչ-որ բան կանխատեսելը, հատկապես՝ տնտեսական աճը, այսօր դժվար է հսկայական անորոշության պատճառով: Իհարկե, չափազանց կարևոր է, որ վարենք որակյալ տնտեսական քաղաքականություն՝ թե՛ դրամավարկային, թե՛ հարկաբյուջետային ոլորտներում։ Բայց ահավոր կախված կլինենք նրանից, թե ինչ է լինելու մեր շուրջը, մասնավորապես՝ Գերմանիայում, ինչպես նաև Եվրոպայի այլ վայրերում։ Արտերկրում զարգացող իրադարձությունները հաճախ կարողանում են մեզ դուրս հանել ներքաղաքական տարաբնույթ խնդիրներից, բայց դա կարող է լինել նաև հակառակը:

– Արդյունաբերական որոշ ընկերություններ պատրաստվում են անցնել պարապուրդի՝ նախազգուշացնելով կրճատումների մասին։ Սոցիալական ի՞նչ հետևանքներ կունենա էներգետիկ ճգնաժամը և բարձր գնաճը։

– Սոցիալական հետեւանքներն արդեն մասամբ տեսնում ենք, դրանք ավելի են սրվելու։ Մենք ականատես ենք իրական աշխատավարձերի կտրուկ անկմանը։ Եթե ​​միջին գնաճը, ըստ հաշվարկի, 16% է, իսկ աշխատավարձերը, միջին հաշվով, 8%-ով են բարձրանում, ապա 7-8%-ով անկում կլինի, իսկ որոշ խմբերում՝ նույնիսկ 10%-ով և ավելի։ Այսինքն՝ մի քանի տարով հետընթաց է լինելու։ Տնային տնտեսությունները ներքաշվեցին սրա մեջ, որն այժմ կսկսի արագ սպառել նրանց խնայողությունները, ինչը կանդրադառնա միջին խավին, քանի որ նրանք, սովորաբար, լիովին ապահովված են խնայողություններով և հիմնականում ապրում են իրենց աշխատուժով: Միջին խավը, որպես կանոն, միշտ հակված է լինել շարունակական զարգացման քաղաքական հենասյունը։

Եթե ուժեղ հարված ստանա, այս հատվածը կընկնի ու կարմատականանա, հակված կլինի լսելու արմատական ​​լուծման առաջարկներ և կցուցաբերի հիասթափություն։ Կարծում եմ՝ արդեն դրա ականատեսն ենք։ Կարծում եմ, որ դա կտեսնենք ոչ միայն Չեխիայում, այլև ողջ Եվրոպայում։ Դա այդքան չի հարվածի, ասենք, առաջին 10-ից 15 տոկոս ամենահարուստ խավին, որոնք հաճախ ակտիվներ ունեն այլուր, քան իրենց հաշիվներում:

– Կառավարությունը խոստացել է հարկաբյուջետային պատասխանատվություն կրել և միևնույն ժամանակ չբարձրացնել հարկերը։ Այժմ հնարավո՞ր է երկուսն էլ իրագործել։

– Ակնհայտ է, որ տվյալ իրադրությունում դա այնքան էլ իրագործելի չէ։ Իհարկե, իշխանությունը դժվարանում է, հայտնվել է անսպասելի ցնցումների իրավիճակում։ Բացի գնաճից, որն այնքան էլ անսպասելի չէր, որքան նրա ծավալը, գումարվեց նաև ուկրաինական ճգնաժամը։ Այսպիսով՝ փախստականներ, լրացուցիչ ծախսեր, այդ թվում և էներգիայի գների ծայրահեղ ցնցումներ։ Հասկանալի է, որ կառավարությունը չի կարող անհապաղ արդարացնել հույսերը և կոնսոլիդացնել պետական ​​բյուջեները։ Եթե ​​խոսենք պետբյուջեի դեֆիցիտի մասին, ապա հաջորդ տարի այն կկազմի մոտ 300 մլրդ, իսկ դա դեռ լավատեսական կանխատեսում է։ Եթե ​​ՉՀ-ի ֆինանսների նախարար Զբինեկ Ստանժուրան (ODS/ՔԴԿ) ասի, որ 2024 թվականին կկարողանա 70 միլիարդով կրճատել ծախսերը, դա մեծ հաջողություն կլինի, բայց ես դրան իրականում չեմ հավատում։ Դա հնարավոր չէ՝ առանց դիպչելու այնպիսի հիմնական կետերի, ինչպիսիք են՝ կենսաթոշակների կամ պետական ​​ապահովագրության վճարների արժեքավորումը, և առանց հարկերի բարձրացման: Դրամախաղի, ծխախոտի և ալկոհոլի ակցիզային հարկերի աճը չի բավականացնի, դրանք հեքիաթներ են։

– Չի օգնի՞ նույնիսկ անսպասելի շահույթներից ստացված հարկը։

– Էլեկտրաէներգիա արտադրողներից գանձվող անսպասելի հարկը կհոգա կառավարության արտառոց ծախսերը, բայց կառուցվածքային դեֆիցիտի հետ կապված ոչինչ չի փոխի։

– Էներգետիկ ընկերությունների և բանկերի ոլորտային հարկը քննադատության է արժանացել այն առումով, որ անարդար է։ Կառավարությունը կարո՞ղ էր ավելի լավ ուղի ընտրել։

– Ես այլևս չեմ ուզում զբաղվել քաղաքական գործերով, բայց կարելի էր դուրս գալ և ասել. «Ցավոք, պատերազմ է ընթանում, աննախադեպ էներգետիկ ճգնաժամ, որոնց նմանը աշխարհը չի հիշում, ուստի պարզ է, որ մենք չենք կարող 100%-ով իրականացնել մեր սկզբնական մտադրությունները»: Նախարարները կարող էին ասել. «Մենք ոչինչ չենք կարող անել։ Հանուն ապագա սերունդների, հանուն այս երկրի հարկաբյուջետային կայունության պահպանման, մենք ուղղակի պետք է հիմա բարձրացնենք հարկերը, իսկ արդարության համար դրանք կբարձրացնենք ֆիքսված տոկոսադրույքով բոլոր նրանց համար, ովքեր շահույթ ունեն»։ Այսինքն՝ ինչ-որ հավելավճարով պետք է բարձրացնել կորպորատիվ հարկը բոլորի համար։ Կարելի էր հեշտությամբ հայտարարել, որ այն ուժի մեջ կլինի երեք տարով, որից հետո կրկին կանդրադառնանք դրան, կամ վավերականության ժամկետը կլրանա։

– Միգուցե նախարարները առարկեն, որ դա կբարձրացնի նաև անհետացման վտանգի առաջ կանգնած արդյունաբերական ձեռնարկությունների հարկե՞րը։

– Բայց դա ամենևին էլ խնդիր չէ, քանի որ, նախ, մեր արդյունավետության ցուցանիշը շատ ցածր է, իրականում նույնիսկ 19% չէ, այլ 15 կամ 16% է։ Այս առումով, անշուշտ, ընկերությունները չեն հայտնվի որևէ չհաղթահարվող անմրցունակության մեջ։ Մի շարք երկրներում հարկերը կա՛մ նույնն են, կա՛մ ավելի բարձր։ Եվ երկրորդ՝ հարկը վճարում է շահույթ ստացողը։ Եթե ​​մեկը շահույթ չի ունենում, չի վճարում ոչ մի հարկ։

Հարցազրույցի եզրափակիչ հատվածում Ռուսնոկը նշել է հետևյալը. «Արդյունքում մնալու ենք բարձր դեֆիցիտով, իսկ հաջորդ իշխանությունն էլ ավելի վատ վիճակում է լինելու և կրկին ավելի մեծ պարտքով»։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում