Հայկական գագաթնաժողով, գիտաժողով, թե խորհրդաժողով. Մտորումներ ձեւի եւ բովանդակության շուրջ

  • 04.11.2022
  • 0
  • 677 Views

Օրերս Երեւանում անցկացված Հայկական գագաթնաժողովի մասին տարբեր մեկնաբանություններ հնչեցին։

Նախ սկսենք հավաքի անվանումից։ Ընդհանրապես,  եթե որոշված էր այդ ժողովին չհրավիրել սփյուռքյան ազդեցիկ կազմակերպություններին, կուսակցություններին եւ եկեղեցին էլ հրաժարվել էր մասնակցությունից, ապա սխալ էր  նման մակարդակի հայերի հանդիպումը, որտեղ բացակայում են առաջին դեմքերը,  անվանել գագաթնաժողով։ Գագաթնաժողով անվանում են այն հանդիպումները, որոնցում ներկայանում են առաջին դեմքերը, հակառակ պարագայում այն գագաթնաժողով չի կարող կոչվել, կարող է լինել խորհրդաժողով, համաժողով կամ համահայկական ֆորում, բայց ոչ գագաթնաժողով, եւ այն էլ ըստ Փաշինյանի՝ առաջինը։

Վերջին 20 տարիներին Հայաստանում Սփյուռք-Հայրենիք ավելի մեծ եւ ներկայացուցչական ժողովներ են կազմակերպվել, որոնք թե մասնակիցների թվով են աննախադեպ եղել, թե թեմաների բազմազանությամբ շատ կարեւոր խնդիրներ են առաջ քաշել եւ կարող էին հանգիստ կոչվել գագաթնաժողովներ, սակայն կազմակերպիչները  երբեք առաջինը երեւալու մարմանջ չեն ունեցել, ինչպես վերջինիս դեպքում։

Պատմական իրականությունից կտրված են նաեւ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի մամուլին տված միակողմանի գնահատականները, թե նախկինում գալիս էին միայն շքանշան ստանալու համար եւ  փոխարենը չէին քննադատում։ Իհարկե, եղել են մարդիկ ովքեր պարգեւներ ստացել են, ծառայել են նախորդ իշխանություններին, բայց այդ նույն մարդիկ այսօր էլ ծառայում են ներկա իշխանություններին։ Այդ իմաստով ոչինչ չի փոխվել։ Իսկ սփյուռքի գիտակից տարրը, ինչպես այն ժամանակ է քննադատական մոտեցում ունեցել Հայաստանում  իրականացվող քաղաքականության սխալ քայլերին, այնպես էլ այսօր է քննադատում կամ նշում սխալները։ Այստեղ էլ ոչ մի մեծ փոփոխություն չի եղել։ Դերակատարներն են փոխվել։

Եթե հանձնակատարի գրասենյակը ծանոթանար Հայաստանի արտաքին գործերի նախարարության եւ սփյուռքի նախարարության վերջին քսան տարիների արխիվներին, հրապարակումներին, ապա կարող էր ամբողջական պատկերացում կազմել, թե ի՞նչ հարցեր են քննարկվել անցած տասնամյակների նմանատիպ ժողովների ընթացքում, ի՞նչ հարցեր են բարձրացվել՝ սկսած արտգործնախարար Օսկանյանի ժամանակ կազմակերպված առաջին գլոբալ ֆորումից մինչեւ սփյուռքի նախարարության հովանու ներքո անցկացված խորհրդաժողովները։ Այդ բոլոր առաջարկությունների հանրագումարը պետք է ստեղծվեր, ներկայացվեր սփյուռքյան կառույցներին ու անհատներին, եւ այժմ քննարկվեին դրանց լուծման ճանապարհները։

Այսինքն պետք էր շարունակել այնտեղից, որտեղ այդ ընթացքը կանգ էր առել։ Բայց մեզանում ամեն ինչ սովոր են սկսել զրոյական կետից։

Իհարկե, ողջունելի է, որ  սփյուռքում հայտնի եւ անհայտ մեր շատ հայրենակիցներ, որոնք հաջողությունների են հասել իրենց բնագավառներում, հավաքվում են մի դահլիճում եւ կիսվում իրենց փորձառությամբ եւ գիտելիքներով։ Քննարկում են կարեւոր թեմաներ, առաջ քաշում հարցերի լուծման իրենց տեսակետները, լսում են Հայաստանի տարբեր նախարարությունների ղեկավարներին։

Ձեւաչափն էլ կարծես թե նման հավաքների համար նոր էր, թեեւ այն ընդօրինակված էր Հայկական բարեգործական ընդհանուր միության վերջին համագումարներին կիրառվող ձեւաչափից, եւ կամ թե «Ավրորա» նախագծի անցկացման ձեւաչափերից։ Ամեն դեպքում,  նման հանդիպումները, որտեղ  ոչինչ չի որոշվում, ունեն ընդամենը խորհրդատվական բնույթ, վերջնական արդյունք չի գրանցվում։ Թե ինչպես կօգտագործվեն այս ժողովի ելույթները, ժամանակը ցույց կտա։

Տարիներ շարունակ սփյուռքից եկել ենք, մասնակցել, ելույթներ ունեցել, քննադատել ու առաջարկներ ներկայացրել, սակայն մեծ հաշվով, գլոբալ փոփոխություններ չեն եղել։ Ինչու՞։ Որովհետեւ այդպես էլ ոչ մի իշխանություն հանձն չի առել, թե Հայաստանի քաղաքական ու տնտեսական համակարգում ի՞նչ տեղ պետք է տրվի սփյուռքի ներկայությանն ու մասնակցությանը։ Թե՛ նախկինում, եւ թե՛ հիմա վերաբերմունքը նույնն է՝ Դուք օգնեք մեզ, բայց քննադատելու իրավունք չունեք։

Նույնիսկ բարի մղումներով արված քննադատություններն ու առաջարկներն են անտեսվում։ Իսկ ամենահետաքրքիրը, որ ներկա իշխանությանը պաշտպանած մարդկանց, որոնք մեծ դերակատարում  ունեն սփյուռքում, չեն հրավիրում ժողովի։

Իբրեւ օրինակ կարող եմ բերել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող մարմնի համանախագահ Արա Թորանյանի կամ Ֆրանսիայում  «Հայաստան» հիմնադրամի երկարատեւ տարիների ներկայացուցիչ Պետրոս Թերզյանի պարագաները։ Համակարգող մարմնի մյուս համանախագահի՝ Մուրադ Փափազյանի մուտքն արգելել էին Հայաստան՝ Փաշինյանի դեմ ցույց կազմակերպելու պատրվակով։ Մինչդեռ 2009 թվականին նույն Փափազյանը ավելի խիստ ցույց էր կազմակերպել Սերժ Սարգսյանի դեմ, բայց նրա մուտքը երկիր ոչ ոք չարգելեց։ Նույնիսկ լոլիկներ էին շպրտել։

Ինչ վերաբերում է Թորանյանին, ապա վերջինս հոդված էր տպագրել «Փաշինյան՝ այո, Սինանյան՝ ոչ» վերնագրով՝ իր իսկ խմբագրած «Նուվել դ Արմենի» հայտնի ամսագրի կայքէջում, անդրադառնալով հանձնակատարի Ֆրանսահայ համայնքում կատարած քայլերին։ Արդյունքում, այսպես կոչված գագաթնաժողովում չեն մասնակցում Ֆրանսահայ համայնքի երկու ազդեցիկ դեմքեր, ովքեր տարիներ շարունակ նվիրյալ աշխատանք են տարել Ֆրանսիայում, օգնել են Հայաստանին ու Արցախին, մեծ է նաեւ նրանց ազդեցությունը, որ այսօր նախագահ Մակրոնը նման վերաբերմունք  ունի Հայաստանի նկատմամբ։ Բայց, ինչպես տեսնում եք,  անձնական վիրավորվածությունն ավելի է բարձր է, քան համահայկական շահը։

Ինչեւէ, ի վերջո, ո՞րն է նման հավաքների կազմակերպման հիմնական նպատակը։ Իշխանությունների համար եւս մի անգամ ցույց տալու, որ Սփյուռքին չենք մոռացել եւ ուզում են նոր մակարդակի հասցնել այդ հարաբերությունները։ Բայց ինչպես կարելի է չորս տարի ոչինչ չանել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման ոլորտում, եւ մեկ ժողովի միջոցով լուծել այդ խնդիրը։ Միասնականության ապահովման համար պետք է սփյուռքի հետ դիվանագիտական մեծ աշխատանք տանել, ինչը որ չի արվում։  Հարաբերություններ ստեղծելով ընտրովի մարդկանց կամ կազմակերպությունների հետ, եւ ինքնախաբեությամբ զբաղվել, թե սփյուռքի հետ մեր կապերը լավ են, դա ընդամենը աչքակապություն է։ Այս հարցում չեն կարող օգնել նաեւ Սփյուռքի երիտասարդ դեսպան կամ ԻԳործ ծրագրերը, որոնք արտաքնապես կարող են համարվել համագործակցության միտված քայլեր, սակայն իրականում դրանք չեն կարող ընդգրկել այն մասշտաբներն ու այն խնդիրները, որն այսօր ունի հայկական սփյուռքը։ Չնշեմ նաեւ, որ սփյուռքի նախարարության լավագույն երիտասարդական ծրագիրը՝ «Արի տունը» փոխելով «Քայլ արա տուն» անվանումի, ըստ էության որեւէ  մեծ փոփոխության չի բերել։ Անընդունելին այն է, որ ամեն մի նոր իշխանություն փորձում է ցույց տալ, որ իրենից առաջ ոչինչ չի եղել կամ միայն վատն է եղել, եւ հիմա ինքը իրականացնում է նոր սերնդի երազանքը։

Այսօր մեր թշնամիների համար երկու հզոր հայկական գործոն կա, որից սարսափում են։ Առաջինը սփյուռքում լիակատար ազդեցություն ունեցող Հայ Առաքելական եկեղեցին է, եւ երկրորդը՝ ազդեցիկ կազմակերպություններն ու քաղաքական ուժերը։ Երբ Հայաստանի պետությունն ինքն իրեն օտարում է այս երկու հզոր համակարգերից, հիասթափություն ու թշնամություն է սերմանում,  ոչ միայն սեպ է խրում սփյուռքյան իրականության մեջ, այլեւ թուլացնում է Հայաստան պետությունը, որի ամենամեծ կապիտալն այսօր Հայկական Սփյուռքն է՝ իր ողջ ներուժով։

Նախորդ իշխանություններին էլ շատերը սփյուռքից քննադատում էին, սակայն երբեք նման բարդույթավորված մոտեցում նրանց նկատմամբ չի ցուցաբերվել, ինչպես այսօր։ Նախկիններն այլ կերպ էին մերժում ընդդիմադիր սփյուռքահայերին՝ Հայաստանի քաղաքացիություն չէին տալիս, լինում էին նաեւ այլ բացառիկ դեպքեր։

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների շղթայի կարեւոր օղակ են նաեւ օտար երկրներում գործող Հայաստանի դեսպանությունները։ Նրանց գործունեությունից է շատ հաճախ կախված լինում սփյուռքահայերի առ Հայաստան վերաբերմունքը, համահայկական ծրագրերին մասնակցությունը եւ այլն։ Այս գագաթնաժողով-խորհրդաժողովում ես  չնշմարեցի նման հարցի քննարկում. Ինչպե՞ս անել, որ համայնքների եւ դեսպանությունների հարաբերությունները ոչ թե լինեն  անձնավորված, կախված լինեն դեսպանների քմահաճույքներից, այլ ունենան հստակ քաղաքականություն եւ հայանպաստ գործունեությունը չվերածվի դեսպանատուն-համայնք մրցակցության։ Կարելի էր հրավիրել մի քանի դեսպանների եւ լսել նրանց կարծիքը, իսկ համայնքային ներկայացուցիչները հայտնեին,  թե ինչպիսի ակնկալիքներ ունեն դեսպանություններից։ Այնուհետեւ, ժողովի մեկ նիստը կարելի էր առցանց կազմակերպել, եւ տրամադրել այն կարեւոր համայնքների ներկայացուցիչներին, որոնք ֆիզիկապես չեն գտնվում Երեւանում։

Կարեւոր բացթողում էր Արցախի հարցը եւ դրա հետ կապված քարոզչական պատերազմի խնդիրների չքննարկելը։ Առանց այս հարցերի, որոնք  կարեւոր են մեր անվտանգության տեսակետից, եւ որոնցում կարեւոր դեր ունեն թե՛ Հայաստանը, եւ թե՛ Սփյուռքը, ակադեմիական հարցերի քննարկումը ժամանակավրեպ է թվում։

Ընդհանուր առմամբ, հեռվից հետեւելով արծածված թեմաներին եւ մասնակիցների շոշափած հարցերին, կարելի է ասել, որ տեղի է ունեցել համահայկական գիտաժողով-խորհրդաժողով, բայց երբեք՝ գագաթնաժողով։ Եկել է վերջապես դասեր քաղելու ժամանակը։

Հ. Գ.- Ի գիտություն ընթերցողի, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ ես չեմ մասնակցել, այդ իսկ պատճառով եմ գրում, պաշտոնապես ժողովին մասնակցելու հրավեր ստացել եմ, բայց խիստ զբաղվածության, ֆինանսական եւ այլ տեխնիկական պատճառներով չկարողացա մասնակցել։

Հակոբ Ասատրյան

Պրահա

AZG NEW 16 EJ.QXD

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում