Նռանի երազներ.  նկարչուհի-խեցեգործ  Անի Մուրադյանի ցուցահանդեսը կբացվի լեհական Կելցե քաղաքում

  • 07.09.2022
  • 0
  • 116 Views

Սեպտեմբերի 8-ին, Կելցե քաղաքի Գեղարվեստի պետական ​​ճեմարանում կկայանա միանգամայն զարմանալի, ինքնատիպ հայ նկարչուհի-խեցեգործ՝ Անի Մուրադյանի  ցուցահանդեսի բացումը։

Ցուցահանդեսը կուղեկցվի գործիքավորող Նելլա Մարտիրոսյանի ելույթով, ով կխոսի հայ երաժշտական ​​մշակույթի մասին, որին  կուղեկցի ավանդական փողային գործիքների՝ դուդուկի, շվիի և պկվի նվագակցությունը: Միջոցառման սկզբին  ցուցահանդեսի կազմակերպիչ Մարինա Խանամիրյանը կխոսի հայկական նշանագիտության շուրջ՝ մասնավորապես հայ արվեստում նռան խորհրդանիշի նշանակության մասին։

Կելցեի Գեղարվեստի պետական ​​ճեմարանի տարածքում, որը միջոցառման համակազմակերպիչն է, ի թիվս այլոց կարելի կլինի տեսնել ուսանողների կողմից մի քանի տարի առաջ կատարված արվեստի գործեր, որոնցում երիտասարդ արվեստագետներն արտահայտել են իրենց հմայքը դեպի Հայաստանի մշակութային ժառանգությունը։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2022 թվականի հոկտեմբերի 14-ը։

Անի Մուրադյանը ծնվել է 1979 թվականին Հայաստանում։ 1996 – 2001 թվականներին սովորել է Լեհաստանում Չենստոխովայի Յ. Մալչևսկու անվան գեղարվեստի պետական ճեմարանում, ուսումնասիրության ոլորտն էր գեղարվեստական ​​խեցեգործությունը։ Ստացել է հատուկ գերազանցության դիպլոմ։ 2001 – 2006 թվականներին սովորել է Կրակովի Գեղարվեստի ակադեմիայում, ինտերիերի դիզայն ուղղությամբ, ստացել է նույնպես հատուկ գերազանցության դիպլոմ և դիպլոմի հավելված։ 2005թ. ուսանել է Վիեննայում, Uniwersytet fur Angewanote Kunst – Designe Socrates – Erazmus կրթաթոշակային ծրագրով: 2003-2004թթ. պարգևատրվել է Չենստոխովայի քաղաքապետի կողմից  գեղարվեստական ​​կրթաթոշակով:

Կավից իր առաջին տպավորության մասին նա ասում է՝ «Ամենասկզբից, երբ մասնագիտության ընտրության առջև էի կանգնած,  ճեմարանի խեցեգործության արվեստանոցն այցելելուց հետո, զգալով նրա մթնոլորտը, երբ հասկանում ես, որ այս դատարկության մեջ  գոյություն ունի միայն կավը, և անսահման ստեղծագործական հնարավորությունները, որ տալիս է արվեստանոցը, կարող են լինել քոնը, գերվեցի և  այսպիսով, ընտրությունը կատարված էր՝ ես ընտրեցի խեցեգործությունը:

Սակայն պետք է նշեմ, որ խեցեգործությունը, նկարչության հետ միասին ինձ հետաքրքրել է դեռ վաղ մանկությունից․ մի կողմից պապիկս, որը քանդակագործ էր և խաչքարեր էր պատրաստում, գեղեցիկ փորագրություններով զարդարելով տուֆի կտորները, մյուս կողմից հորեղբայրս՝ արվեստագետ Սամվել Մուրադյանը, որ հայտնի էր տարբեր թեմաներով մեծ հուշարձանների պատրաստմամբ:

Մեծ տպավորություն էր թողում ինձ վրա, երբ նայում էի, թե ինչ  հրաշք է կատարվում պապիկիս արվեստանոցում, որնը ծռակող կլանված աշխատում էր օր ու գիշեր, կամ երբ այցելում էի հորեղբորս, որն աշխատում էր հուշարձանների վրա։ Երբ ծանոթացա կավի հետ, հասկացա, որ այդ նյութի շնորհիվ կարող եմ անել ամեն բան ինչ ցանկանում եմ։  Կարող եմ միաժամանակ քանդակել  և կառուցել։  Իրականում այն, ինչով  սկսեցի զբաղվել հետագայում և ինչով զբաղվում եմ մինչ օրս, դա մի փոքր ավելին է, քան ուղղակի խեցեգործություն։ Դալճարտարապետության, խեցեգործությանն և նկարչության համատեղում է: Հայաստանի հետ կապված հիշողություններս կախարդական են։ Տուֆ քարն ու Հայաստանն  այնքան գունեղ են, մինչդեռ թրծելուց հետո դուրս եկած կավը այնքան գորշ էր, կարելի է ասել անգույն։ Չենստոխովայի ճեմարանի արվեստանոցում երկար  ժամեր կավի հետ աշխատելուց հետո ես երբեք չէի կարողանում որեւէ գույն ստանալ: Երբ ավարտեցի ճեմարանը ու պատրաստվում էի գրել դիպլոմային աշխատանքս, որոշեցի օգտագործելով կավի գույները, պատրաստել  քանդակների շարք, որը կորչեցի «Ղարաբաղցի կանայք»։ Դիպլոմային աշխատանքս նվիրված էր հայ ավանդույթին, նշանագիտությանը, գույնը պարզապես հավելում էր բովանդակությունը։ Ես հասկանում էի, որ ձեռքի տակ գտնվող կավից հայաստանյան գույներ ստանալ չեմ կարող, որոշեցի Ուկրաինայից հատուկ կարմիր կավ ձեռք բերել։ «Ղարաբաղցի կանայք» ոչխարի գեղեցիկ եղջյուրներով գլուխներ ունեին, որոշ «կանանց» փորի վրա հայելիներ էին դրված, որոնք խորհրդանշում էին ունայնություն, սեր, հանդիպում անցյալի հետ, սակայն նոր ժամանակների համատեքստում, մյուս մասը փորին անցքեր ունեին, իբրև պտղաբերության խորհրդանիշ։ Հայաստանում նման տեսակի անոթներ օգտագործում էին աղ, տարբեր համեմունքներ պահելու համար։ Ես խեցեգործությանը միշտ եմ վերաբերվել որպես նկարչության։

Երբ ճեմարանը ավարտելուց հետո առաջին անգամ այցելեցի Կրակով, շաբաթօրյա արվեստի դասերի մասնակցության նպատակով, սիրահարվեցի քաղաքին՝ «Աստված իմ, ասացի, սա իմ քաղաքն  է, այստեղ պիտի շարունակեմ ուսումս»։ Շատ շուտով ընդունվեցի Կրակովի Գեղարվեստի ակադեմիա, ինտերիերի դիզայնի բաժինը։ Առաջին տարվա քանդակագործության դասի ժամանակ, ստանալով «ոգեշնչում բնությունից» թեմայից՝  կավից մեծ նուռ պատրաստեցի։ Հետագայում պատրաստեցի դիպլոմային աշխատանք, որի թեման էր «Հայկական եկեղեցիների ճարտարապետությունը», որն համալրված էր ճարտարապետական ​​տարրեր զարդանախշերով 12 կավե սալիկների վրա քանդակված, որոնք խորհրդանշում էին 12 Քրիստոսի առաքյալների։ Աշխատանքս նվիրված էր առավելապես Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցուն։

Վիեննայում սովորելու ընթացքում հաճախ այցելում էի MAK Կիրառական արվեստի թանգարան, նաև Kunsthistorisches Wien թանգարան,  նախաճաշը փոխարինելով խնձորով և կարող էի անվերջ ժամանակ անցկացնել այտեղ: Այդ թանգարանները դարձել էին իմ տունը։ Երբ մարդը «բաց է» լինում, այս ամենը  դառնում է ոգեշնչման աղբյուր։ Նկարիչները, որոնք ստեղծագործում էին, օրինակ, Վերածննդի դարաշրջանում արդեն գիտեին ամեն ինչ, մեր խնդիրն է միայն այն յուրովի վերարտադրել, հնարավորինս  ստեղծագործել, այլ ոչ թե այլասերել, փչացնել:

Ինձ համար ցուցահանդես իրականացնելը հաճույք է, սիրում եմ նոր մարդկանց հետ հանդիպել։ Մինչ , ես ամեն համավարակը, ամեն տարի ցուցահանդեսներ էի իրականացնում, օրինակ՝ Կրակովի ապակու ֆաբրիկայում, ցուցահանդեսին ներկայացրել էի աշխատանքներ, համադրելով խեինց ապակու հետ, օրինակ՝ թռչող սեղաններ ապակե ծածկոցներով, որոնք նաև գնվում էին։ Ես սիրում եմ համադրություններ, չեմ վախենում մարտահրավերներից։ Հնարավոր է համադրել խեցին ապակու, մետաղի, փայտի հետ: Ես նաև  խեցին զարդարել եմ կաշվով, փորձել եմ օգտագործել արծաթը»։

Անի Մուրադյանը նաեւ դասընթացներ է անցկացնում։

«Ես դասընթացներս նաև արհեստանոցներում եմ անում, հավատում եմ, որ եթե լավ ուսուցիչ ես, կարող ես յուրաքանչյուր մարդու մեջ առաջացնել գեղարվեստական ​​մղումներ։ Դասընթացներ անցկացնելու ցանկությունը ի հայտ եկավ որդուս ծնելուց հետո, երբ մարդկանց հետ շփվելու մեծ կարիք ունեի։ Սկզբում հաճախում էի հանրակրթական, երաժշտական ​​դպրոցներ, բացօթյա գործունեություն էինք ծավալում։  Դասընթացները շատ էին ուրախացնում մարդկանց, նամանավանդ երեխաները անհամբեր սպասում են ամեն շաբաթ չորեքշաբթի օրվան, որովհետև «Անիան է գալու»: Նրանք ինձ անվանում էին «կախարդուհի տիկին Անիա», ով հմայում է գույներով, այդպիսին է խեցեգործության աշխարհը»4-պատմում է նա:

Անի Մուրադյանի արվեստանոցը գտնվում է Կրակովում։

«Ես 10 տարի է, ինչ ունեմ վառարան, որը արվեստանոցիս ոգին է։ Վառարանն ու երեխաս նույն տարում «հայտնվեցին իմ կյանքում»,  կարելի է ասել, որ իմ բոլոր երազանքներն իրականացան միաժամանակ։ Նաև զբաղվում եմ ինտերիերների  նախագծմամբ և ձևավորմամբ, օգտագործելով կավի ամբողջ  հնարավորությունները։ Օրինակ՝ կերամիկական սալիկից 3D պատեր եմ պատրաստել, նաև օրիգինալ  լվացարաններ, լոգարանի բռնակներ և այլն և այլն»։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում