Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Սարգիս Մուրադյան․ Սարդարապատ» ցուցադրության բացումը

  • 01.09.2022
  • 0
  • 55 Views

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Սարգիս Մուրադյան․ Սարդարապատ» ցուցադրության բացումը 2022թ. սեպտեմբերի 2-ին ժամը 10:00-ին Կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, համագործակցելով Հայաստանի պատմության թանգարանի և  Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանի հետ, ներկայացնում է «Սարգիս Մուրադյան․ Սարդարապատ» ցուցադրությունը՝ նվիրված արվեստագետի ծննդյան 95-ամյա հոբելյանին։ «Սասունցի Դավիթ» սրահում ներկայացվելու է «Սարդարապատի հերոսամարտը» եռանկարը (1977)՝ «1918», «Սարդարապատի ճակատամարտը», «Սարդարապատի հերոսամարտի հուշարձանի մոտ»։

Սարգիս Մուրադյանը (1927-2007) հետպատերազմյան հայ կերպարվեստի ականավոր արվեստագետներից է, ում ստեղծագործության մեջ հայոց պատմության կարևոր էջերի և ազգային-ազատագրական պայքայի թեմաներով արված աշխատանքները էական տեղ են գրավում։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համար այս եռամաս կտավի ներկայացումը կարևոր է մի շարք հանգամանքներից ելնելով։ Կենտրոնի անբաժանելի մաս հանդիսացող Կասկադ համալիրում են ցուցադրվում Գրիգոր Խանջյանի եռամաս որմնանկարի կենտրոնական մաս հանդիսացող «Ավարայրի ճակատամարտը», ինչպես նաև Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակը։ Այս համատեքստում, Սարգիս Մուրադյանի «Սարդարապատի հերոսամարտը» կարծես նոր բովանդակություն է հաղորդում Կենտրոնի տեսլականին՝ հատկապես նոր միջավայր ստեղծելով «Սասունցի Դավիթ» սրահում։

«Հայ արվեստագետները պարբերաբար անդրադարձել են ազգի օրհասական դրվագներին, ինքնության եւ տեսակի պահպանման պայքարին։ Սարգիս Մուրադյանի «Սարդարապատի հերոսամարտը» եռանկարն ամբողջացնում է այդ թեմատիկան, որն արտահայտվում է նաեւ Խանջյանի եւ Հովսեփյանի նշված ստեղծագործություններում։

Պատմությունն ապացուցում է, որ հերոսամարտերով են պաշտպանում հայրենիքն ու ապրելու իրավունք ամրագրում հետագա սերունդների համար։

«Սարգիս Մուրադյան․ Սարդարապատ» ցուցադրությունը հատկապես արդիական է մեր ժամանակներում՝ ազգի ոգին արթնացնելու եւ հիշեցնելու շարունակական գոյապայքարի մասին։»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը։

Ցուցադրությունը կգործի Կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում սեպտեմբերի 2-ից նոյեմբերի 13-ը։ Մուտքն ազատ է։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի միտումները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009թ. նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում կրթական ծրագրեր, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և դասախոսություններ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում