Կյանքից հեռացել է հայտնի գյուտարար Ռայմոնդ Դամադյանը

  • 06.08.2022
  • 0
  • 492 Views

Երեկ կյանքին հրաժեշտ է տվել հայտնի գյուտարար Ռայմոնդ Դամադյանը։ Եղեռնը վերապրած ընտանիքի զավակ լինելով՝ Ռայմոնդը որոշել էր, որ կյանքում մեկ կարևոր նպատակ կա՝ մարդկանց օգնելը:

1977 թվականին Ռայմոնդ Վահան Դամադյանը ստեղծեց հրաշագործ մի սարք, որի միջոցով բժիշկները կարողանալու էին տեսնել, թե ինչ է կատարվում մարմնի ներսում:

Ռայմոնդը ծնվել է Նյու Յորքում, հայկական ընտանիքում: Շուտով ծնողները նկատել են, որ տղան մաթեմատիկական արտակարգ ընդունակություններ ունի, և չնայած որ պատերազմ էր, ու դժվար ժամանակներ էին, ուղարկել են դպրոցում սովորելու:

Փայլուն առաջադիմության շնորհիվ 16 տարեկանում նա համալսարանում սովորելու դրամաշնորհ է ստանում, իսկ 4 տարի անց մաթեմատիկայի բաժինն ավարտելով՝ ընդունվում է Ալբերտ Այնշտայնի անվան բժշկական քոլեջը:

Պատերազմն ավարտվել էր, և Ամերիկան փորձում էր ճգնաժամը հաղթահարել: Երկրին ծառայելու համար մինչև իսկ զինվորագրվում է Օդային ուժերին, բայց նրա միտքը ցանկացած ինքնաթիռից բարձր էր ճախրում. հետազոտությունների ու հայտնագործությունների էր ծարավ: Շուտով վերադառնում է բժշկությանն ու հետազոտական աշխատանքին:

Մի օր՝ գործընկերոջ հետ նախաճաշելիս, հանկարծ բարձրաձայն ասում է. «Ի՞նչ կլիներ, եթե մարդու մարմնի շուրջը մի սարք փաթաթեին, որ ներսի ամեն մասնիկը, ամեն օրգանը ցույց տար, որ դրսից այնպես տեսնեինք, ասես մարմնի մեջ լինենք»: Գործընկերը ծիծաղում է. ա՛յ քեզ անհեթեթ միտք: Մինչդեռ Ռայմոնդը տարվում է այս գաղափարով

Գերմանացի ֆիզիկոս Ռենտգենի հայտնագործած ճառագայթները մասամբ լուծում էին այս խնդիրը, բայց, պարզվեց, որ դրանք նաև լուրջ վնաս են հասցնում առողջությանը:

Վերջապես, 1977 թվականին, Ռայմոնդ Վահան Դամադյանը ելք առաջարկեց: Նրան հաջողվեց ստեղծել հենց այն «պատուհանը»՝ հրաշագործ մի սարք, որի միջոցով բժիշկները կարողանալու էին տեսնել, թե ի՞նչ է կատարվում մարմնի ներսում:

Բժշկության համար այսպիսի «հեղափոխական» սարք ստեղծելը հեշտ բան չէր և իհարկե, Դամադյանն էլ էր ստիպված շատ խոչընդոտներ հաղթահարել: Գիտնականները հաշվարկներ էին անում ու պնդում, թե նրա սարքը երբեք չի աշխատի, բայց ինքը չէր հանձնվում:

Մի գեղեցիկ օր բացահայտում է, որ մարդու մարմնի վնասված հյուսվածքներն այլ հատկանիշներ ունեն, քան առողջները, և գտնում է քաղցկեղը վաղ շրջանում հայտնաբերելու՝ ախտորոշելու ձևը: Այսպես էլ ստեղծում է իր նշանավոր սարքը, որի միջոցով հնարավոր էր առանց ներքին միջամտության մարմնի համապարփակ զննում կատարել:

Վնասված հյուսվածքները հայտնաբերող սարքը, որ հեղաշրջում էր առաջացնելու բժշկության մեջ՝ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆ (ախտորոշման սարք) կամ կրճատ՝ ՄՌՏ: Սարքը թույլ էր տալիս ժամանակին միջամտելով՝ անգութ հիվանդության առաջն առնել: Հենց Ռայմոնդն էլ 1977 թվականին առաջին անգամ ախտորոշելու համար փորձարկում է այն:

Սակայն սարքը դեռևս թույլ չէր տալիս պատկերագրել հյուսվածքները, և Դամադյանի նախագծին ոչ ոք այլևս գումար տրամադրել չի ցանկանում: Մինչդեռ արդեն ուրիշ գիտնականներ, նրա հաջողություններից խանդավառված, նույնպես սկսում են նրա գաղափարի շուրջ առանձին հետազոտություններ կատարել: Եվ այսպես Փոլ Լոթերբըր անունով մի քիմիկոսի հաջողվում է մագնիսական ռեզոնանսային պատկերագրող սարք ստեղծել, իսկ այնուհետև բրիտանացի Փիթեր Մանսֆիլդը կատարելագործում է այն:

2003թ. Փոլ Լոթերբըրը և Փիթեր Մանսֆիլդը Նոբելյան մրցանակ են ստանում այն սարքի համար, որի հայտնագործումն իրավամբ Դամադյանինը պիտի համարվեր:

«Եթե ես չլինեի,- դառնացած ասում էր Դամադյանը,- ՄՌՏ-ն գոյություն կունենա՞ր արդյոք: Չեմ կարծում: Իսկ եթե Լոթերբըրը չլինե՞ր… Ես վաղ թե ուշ նրա արդյունքին կհասնեի»:

Ինչևէ, կարևորն այն է, որ Դամադյանի, Լոթերբըրի և Մանսֆիլդի միացյալ ջանքերի շնորհիվ բժիշկներն այսօր աշխարհով մեկ միլիոնավոր կյանքեր են փրկում:

Բայց չմոռանանք, որ այս երեքի աշխատանքային պայմանները բոլորովին հավասար չեն եղել: Լոթերբըրն ու Մանսֆիլդը աշխատել են ընդարձակ, լավ կահավորված լաբորատորիաներում, մասնագետների մեծ անձնակազմով, մինչդեռ Դամադյանն աշխատել է մենակ՝ իր երկու ուսանողների ընկերակցությամբ, գրեթե միջոցներ չունենալով և միայն սեփական համառությանն ու աշխատասիրությանն ապավինելով: Հենց միայն այս տեսանկյունից Դամադյանը հերոսական աշխատանք է կատարել:

1989թ. Դամադյանի՝ որպես կարևորագույն նշանակություն ունեցող հայտնագործման հեղինակի, անունը ներառվել է Միացյալ Նահանգների ազգային՝ «Գյուտարարների փառքի սրահում»:

2003թ. ամերիկյան «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը, որի նպատակը հայ ժողովրդի ձեռքբերումները պահպանելն ու հարստացնելն է, նրան «Տարվա մարդ» տիտղոսն է շնորհել:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում