Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցը՝ համալսարանական կրթության աջակից

  • 27.07.2022
  • 0
  • 200 Views

Լուսանկարում՝ 44-օրյա պատերազմի մասնակից եւ հերոս Գեւորգ Արշակյանը

ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հարցերին պատասխանում է Երեւանի պետական համալսարանի Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցի ղեկավար Լիլիթ Իշխանյանը։

-Այլեւս իրականություն է Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցը։ Հայտնի է, որ դա 44-օրյա պատերազմի անմահացած հերոս Գեւորգ Արշակյանի երազանքն էր։ Ինչպե՞ս որոշեցիք կազմակերպել եւ կյանքի կոչել այդ նախագիծը, ովքե՞ր էին ձեր աջակիցները։

-2020թ.-ի սեպտեմբեր ամիսն էր, երբ 44-օրյա պատերազմի հերոս, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, ԵՊՀ բրոնզե մեդալակիր Գևորգ Արշակյանն ընտրվեց ԵՊՀ ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովի նախագահ՝ կազմելով իր իսկ ծրագրերը, պլանները՝ համալսարանում ոչ ֆորմալ կրթության հիմքերը դնելուն ու զարգացնելուն ուղղված: Շարունակ ինձ պատմում էր իր առաջիկա ծրագրերի, մտահղացումների մասին, քննարկում էինք հավանական արդյունքները, որոշում դասընթացների թեմաները, դրանց հետ առնչվող մի շարք արդիական հարցեր, խնդիրներ, որ պիտի տեղ գտնեին Գևորգի նախագծած «Դասընթացների ծրագրում»: Ինձ ևս առաջարկում էր դասընթացավար լինել ծրագրի շրջանակներում իմ մասնագիտությամբ. միասին ժամերով քննարկում էինք դրա կարևորությունը, հետո ոգևորությամբ պատմում էր մյուս ընկերների դասընթացների թեմաներից՝ ընդգրկելով հումանիտարից մինչև բնագիտամաթեմատիկական ոլորտներ: Սկզբում մերժեցի մասնակցել ծրագրին այդ շրջանում ես զբաղված էի, բայց իր զոհվելուց հետո ամեն բան փոխվեց: Պատերազմից մեկ տարի անց ընկերներով, իր գաղափարակիցներով համախմբվեցինք Գևորգի գաղափարի շուրջ՝ որդեգրելով «ոչինչ՝ անկատար» սկզբունքը, առաջնորդվելով պարոն ավագ լեյտենանտի գաղափարախոսությամբ եւ աննկարագրելի արժեքներով: Գևորգն ինքն էլ արժեք է, հայի, սպայի, զինվորի, ուսանողի, ընկերոջ, փիլիսոփայի, իրավաբանի լավագույն օրինակը, ում շուրջ այսօր հավաքվել են ինչպես իր ընկերները, այնպես էլ այն բոլոր մարդիկ, որոնք մեծ դերակատարում ունեն դպրոցի կայացման գործում: Այո՛, Գևորգի երազած ու նախագծած ծրագիրն այսօր արդեն դպրոց է, որտեղ մինչ օրս սովորել է ավելի քան 300 ուսանող, և որն այսօր կրում է հենց Գևորգ Արշակյան սիրելի ու պարտավորեցնող անունը:

Ի՞նչ կարգավիճակ ունի դպրոցը, որն ըստ էության ոչ ֆորմալ կրթություն է ապահովելու,  եւ ինչպե՞ս է այն գործելու համալսարանի համակարգում։ Միայն համալսարանականնե՞րը կարող են դիմել, թե՞ նաեւ այլ հաստատություններից ։

-Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցը 2021թ.-ի հոկտեմբերի 4-ին հիմնվել է ԵՊՀ ուսանողական խորհրդում՝ որպես գիտակրթական հանձնաժողովի ծրագիր, ինչպես հենց Գևորգն էր ցանկանում: Երկրորդ փուլից ի վեր դպրոցն արդեն գործում է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնում՝ որպես ոչ ֆորմալ կրթություն ապահովող դպրոց՝ ծավալելով ներհամալսարանական ու արտահամալսարանական գործունեություն: Այն հնարավորություն է տալիս ինչպես ԵՊՀ, այնպես էլ ՀՀ բոլոր բուհերի ուսանողներին ակադեմիական կրթությանը զուգահեռ ստանալ, խորացնել գիտելիքները աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող, հումանիտար, հասարակագիտական, բնագիտամաթեմատիկական ոլորտներում՝ ոչ ֆորմալ կրթական չափանիշներին համապատասխան: Մեր ուսանողների գերակշիռ մասը թերևս Երևանի պետական համալսարանից են, բայց ինչպես արդեն նշեցի, ունենք աշակերտ-ուսանողներ նաև այլ բուհերից, ինչպես՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, Հայաստանում ֆրանսիական համալսարանից, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից և այլն:

Դասընթացներին մասնակցությունը ազա՞տ է, թե՞ դուք եք ընտրում մասնակիցներին։

– Գիտելիքի դպրոցն ունի ընդունելության երկու հիմնական փուլ ուսանողների համար՝ բաղկացած հայտադիմումներից ու հարցազրույցներից: Ուսանողները լրացնում են դպրոց ընդունվելու հայտադիմումը շաբաթներ առաջ, որտեղ ավելի շատ կենտրոնանում ենք մոտիվացիոն նամակների վրա՝ որքանով է ուսանողը կարևորում գիտելիքը, դպրոցի տված կրթությունը, ինչու է ընտրում համապատասխան դասընթացը, ինչքանով է իրեն տեսնում որպես տվյալ դասընթացի մասնակից: Հայտադիմումների փուլը հաղթահարած ուսանողներին հրավիրում ենք հարցազրույցի վերջնական ընտրություն կատարելու համար: Ի լրումն, երկրորդ փուլին դպրոց դիմել էին ավելի քան 450 ուսանող, որոնցից ընդամենը 211-ին հնարավորություն տրվեց մասնակցելու դասերին: Մենք նաև ունենք 50-ից ավել ազատ ունկնդիրներ, որոնք ժամանակ առ ժամանակ կապվում են մեզ հետ, ցանկություն հայտնում ներկա գտվելու իրենց հետաքրքրող  դասերին: Եվ իհարկե պատշաճ ու կանոնավոր կերպով դասերին ներկա գտնվողներին, ամփոփիչ ստուգումներին մասնակցողներին ևս տրամադրում ենք դպրոցն ավարտելու մասին հավաստագիր:

Ուսուցումն արդյո՞ք վճարովի է։ Երեւանից դուրս բնակվողների համար գործո՞ւմ է  առցանց ուսուցում։

-Դպրոցում կրթությունն իրականացվում է անվճար հիմունքներով: Մեր ամբողջ թիմին՝ դասընթացավարներից մինչև աշխատակազմի անդամներ, կապում է սերունդներին կրթելու արշակյանական բարձր ու կարևորագույն գաղափարը, և մենք ջանք չենք խնայում՝ լավագույնս ներկայանալու, առաջատարներից լինելու ու հայրենասիրություն սերմանելու թանկ գործում:

Դպրոցի դասերն իրականացվում են հիմնականում առկա տարբերակով: Բայց իհարկե երբեմն դասընթացներ են լինում, որոնց դեպքում առցանց ուսուցում ևս գործում է: Աշխատում ենք հիբրիդային եղանակով՝ ընդգրկելով նաև հարգելի պատճառներով տվյալ օրը համալսարան չեկողներին. ըստ էության, մեկ դասընթացի բացթողումը բավականին լուրջ ազդեցություն է թողնում ուսանողի՝ դասընթացի ամբողջական շարքի ընկալման վրա: Այս պահին մարզերից շատ ուսանողներ ունենք դպրոցում, որոնք իրենց համալսարանական դասերից հետո միանում են մեզ առկա տարբերակով, բայց իհարկե ծրագրեր մշակվում են՝ ներառելու նաև Երևանից ավելի հեռու գտնվող մարզերի ուսանողներին այցելությունների տեսքով:

Ի՞նչ դասընթացներ եք առաջարկում եւ ինչպե՞ս եք որոշում, թե ո՞րն է ավելի կարեւոր։

-Մեր դպրոցում դասընթացների տրամաբանական զանազանություն է. առաջարկում ենք այնպիսի դասընթացներ, որոնց կարիքն ունի յուրաքանչյուր ուսանող, որոնց իմացությունն էլ ավելի կնպաստի իրենց մասնագիտական, ընդհանուր կարողությունների, փափուկ հմտությունների զարգացմանը, աշխատաշուկայում իրենց տեղը գտնելուն, հետպատերազմյան շրջանում տարածաշրջանն ավելի մանրամասն բացահայտելուն, մեր պատմությանն առնչվող կարևորագույն հարցերի բարձրացմանը, ռազմական հոգեբանական, տեղեկատվական պատերազմների մի շարք ասպեկտներին ծանոթանալուն, ի վերջո ճիշտ ու գրագետ հաղորդակցվելուն, ներկայանալուն: Սկզբնական շրջանում իհարկե շեշտադրումը Գևորգի նախընտրած, կարևորած դասընթացների վրա էր, հետագայում հաշվի առնելով մեր ներքին քննարկումները դասընթացավարների, ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, ուսումնասիրելով միջազգային փորձն ու առաջին փուլի ուսանողների առաջարկած դասընթացները, ընդլայնեցինք ցանկն ու ծրագիրը. այսօր արդեն նախկին 9 դասընթացի փոխարեն ունենք 16-ը:

Դասընթացներն են.

  • Մարդկային ռեսուրսների կառավարում
  • ՏՏ պրոդուկտի կառավարում
  • Ծրագրերի նախագծում և կառավարում
  • Հասարակայնության հետ կապեր
  • NDP գիտություններ (նեյրո, տվյալների, քաղաքական)
  • Միջազգային հարաբերությունները նորագույն շրջանում
  • Բացահայտելով Թուրքիան
  • Բացահայտելով Իրանը
  • Հայոց ցեղասպանություն. ճանաչման գործընթացը և միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը
  • Բանակ-հասարակություն. ժամանակակից հիմնախնդիրներ
  • Հանրային խոսք
  • Ժուռնալիստիկա և խոսքի մշակույթ
  • Մեդիագրագիտություն. տեղեկատվական պատերազմներ
  • Ձևական տրամաբանություն և փաստարկման տրամաբանական հիմունքներ
  • Անգլերենի հաղորդակցության 2 ակումբ

Որքան գիտեմ 200-ից ավելի ուսանող ունեք։ Ինչպե՞ս են նրանք հաճախում, դասընթացի տեւողությունը ո՞րքան է։

-Դպրոցի յուրաքանչյուր դասընթացների շարք բաղկացած է 12-16 դասից, որ հիմնականում  տևում է շուրջ 4 ամիս: Դասերի տևողությունը 80 րոպե է, բայց մեր Գիտելիքի դպրոցի գիտելիքատենչ ուսանողները չեն բավարարվում սահմանված ժամաքանակով. վստահեցնում եմ՝ հաճախ այնպիսի թեժ ու հետաքրքիր բանավեճեր ու քննարկումներ են լինում, որ 3 ժամից ավելի դասեր ենք ունենում՝ մնալով համալսարանում մենակ, դուրս գալով ամենավերջինը: Նույնիսկ նրանց ու դասընթացավարների համատեղ ցանկությամբ ու պայմանավորվածությամբ առցանց պլատֆորմում են շարունակվում քննարկումները: Մեր դպրոց ընդունված ուսանողը գիտակցում է իր որտեղ գտնվելը, դերը մեր մեծ համայնքում, ուր ոչինչ անպատասխան, չհասկացված ու հարցական չի մնում: Իհարկե, դպրոցն ունի բացակայությունների, դասերին մասնակցության սահմանված հատուկ կարգ, որով և առաջնորդվում ենք:

Դուք նաեւ ունեք ամառային դպրոց։ Ի՞նչ ծրագիր է այն ենթադրում եւ ո՞ւմ համար է այն նախատեսված։

-Դպրոցականների մեծաքանակ խնդրանքներից, նամակներից ու առաջարկություններից հետո անմասն չէինք կարող մնալ նաև հանրակրթության ոլորտում: Հուլիսի 18-ից կգործի շատ սպասված Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի ամառային դպրոցը, որը նախատեսված է ոչ միայն Երևանում, այլև մարզերում բնակվող 10-12-րդ դասարաններում սովորող աշակերտների համար: Ամառային դպրոցի նպատակը աշակերտների կարողությունների ու հմտությունների զարգացումն ու մասնագիտական կողմնորոշման խթանումն է: Երկշաբաթյա անվճար դասընթացներ, որոնք կներառեն քննարկումներ, թիմային աշխատանքներ մի շարք թեմաներով, ինչպես՝ ժամանակի կառավարում, հաղորդակցման հմտություններ, ներկայանալու հմտություններ, արագ ընթերցանության տեխնիկաներ, հետաքրքրաշարժ ֆիզիկա, քիմիա, տիեզերք, նախաձեռնությունների պլանավորում, մեդիագրագիտություն, բանավիճելու հմտություններ, նորագույն  տեխնոլոգիաներ, նոր սերնդի պատերազմներ, ձեռներեցության հմտություններ, հարևան պետությունները բացահայտող ծրագրեր և այլն: Հատկապես հատկանշական է մասնագիտական  ցուցահանդեսը, որով կավարտվի ամառային դպրոցը, և որի միջոցով աշակերտներին կտրվի հնարավորություն ծանոթանալ ԵՊՀ-ում առկա մասնագիտություններին, աշխատանքային հնարավորություններին ու հեռանկարներին:

Վերջերս ամառային դպրոցի ընդունելության քննությունն անցկացվեց։ Հայտադիմումների փուլը հաղթահարած ավելի քան 140 աշակերտ մասնակցեց քննությանը, պատասխանելով դպրոցական տարբեր առարկաների ու ընդհանուր զարգացվածության մասին մեր թեստային առաջադրանքներին։ Լավագույն արդյունք ցուցաբերած 106 աշակերտների հնարավորություն տրվեց մասնակցելու Գիտելիքի ամառային դպրոցին: Դե իսկ մենք, գիտելիքներով զինված, սպասում ենք մեր նոր աշակերտական սերնդին: ( Խմբագրության կողմից-Նշենք, որ այս տարվա ամառային դպրոցն արդեն հաջողությամբ ավարտվել է)։

Ապագայի ինչպիսի՞ ծրագիր ունեք։ Միգուցե մեկ տարվա աշխատանքն արդեն զարգացման նոր ուղղություններ է հուշել։

– Ինչպես Գևորգն էր սիրում նախապես պլաններ, մեծ-մեծ, ինչ-որ տեղ անհավանական թվացող ծրագրեր գծել ապագայի համար, այդպիսին են նաև Գևորգի ընկերները, արդեն նաև Գևորգի անունը կրող դպրոցի ուսանողները: Պետք է միշտ երազել, գործել ու հավատալ դրա իրականացմանը…

Լսարան մտնելու առաջին իսկ դասի օրվանից մենք քննարկում ենք դպրոցի «հետո»-ն՝ ի շահ դպրոցի, աշակերտ-ուսանողների, հետևաբար պետության ու հայրենիքի: Մեր զարգացման ու ընդլայնման ուղղությունները մի քանի հիմնական շերտով իրար լրացնում են: Արդեն նշեցի մարզերում ուսանող երիտասարդությանն ամբողջապես ընդգրկելու անհրաժեշտության մասին, որը հենց այդ ուղղություններից մեկն է, հատկապես սահմանամերձ տարածքների մասին է խոսքը: Որպես ոչ ֆորմալ կրթություն ապահովող դպրոց՝ նպատակ ունենք մեծացնել, ամրապնդել կապը հանրակրթական դպրոցների հետ ոչ ֆորմալ կրթական մեթոդների համատեղմամբ ու առաջարկներով, խրախուսանքի արժանացնել կրթության ոլորտում մեծ դերակատարում ունեցող, հանուն մարդասիրական ու կրթական բարեփոխումների շրջադարձային փոփոխություններ իրականացնող կամավորների, ուսուցիչների՝ սահմանելով մրցանակներ, անվանակարգեր: Մնացյալ մի շարք ծրագրեր արդեն քննարկման փուլում են: Դե իսկ մենք ամեն ուսումնական տարվա ավարտին միշտ տալիս ենք հնարավորություն նաև մեր ուսանողներին՝ առաջարկություններով, փոփոխություններով հանդես գալու, որոնք անխոս տեղ գտնում ու գտնելու են մեր քննարկումներում:

Ունե՞ք կոնկրետ արդյունքներ, որոնց մասին կարող եք պատմել։

– Մեր որդեգրած ռազմավարությունը, ծրագիրը նախևառաջ մեզ թույլ է տալիս չափելի դարձնել դպրոցի յուրաքանչյուր ուսանողի ստացած գիտելիքը, այսպես կոչված արդյունքը: Դասընթացների ավարտին ոչ ֆորմալ կրթական չափանիշներին համապատասխան ամփոփիչ ստուգումներ են անցկացվում, որի ժամանակ բախվում ենք հենց մեր նախապես պլանավորած արդյունքին՝ համեմատական անցկացնելով առաջին ու վերջին դասերի միջև: Ուսանողները ներկայացնում են տարբեր վերլուծական աշխատանքներ, էսսեներ, տարածաշրջանային համեմատականներ անցկացնում, ուսումնասիրում միջազգային փորձը, նախագծում իրենց սեփական ծրագրերը, կառավարման մեխանիզմներ սահմանում, ռեպորտաժներ պատրաստում, հանդես գալիս ելույթներով, Ted Talk-երով, բանավեճեր կազմակերպում և այլն: Շոշափելի արդյունքներ են նաև տարբեր հաստատություններից աշխատանքի, ինթերնշիփի առաջարկներ ստանալը: Դպրոցի դասերին զուգահեռ գրեթե բոլոր դասընթացների շրջանակներում մենք կազմակերպում ենք արտադպրոցական այցելություններ տարբեր հիմնարկներ, հաստատություններ կամ հյուրընկալում հյուր-բանախոսների՝ նպատակ ունենալով հավելյալ պրակտիկ գիտելիքներ ստանալ տվյալ ոլորտի մասնագետներից, ձևավորել ցանցային աշխատանք, ընդլայնել հաղորդակցման շրջանակը ուսանողի ու գործատուի միջև: Երկու փուլերի ավարտին եղել են դեպքեր, երբ մեր ուսանողներին են վստահել որոշ հաստիքներ, իրենց ընդունել են փորձնական աշխատանքի, ապա աշխատանքի։ Պատահել է, որ հայտ են ուղարկել դպրոցին՝ ցանկանալով իրենց կազմակերպությունում տեսնել հենց մեր դպրոցի ուսանողներին: Հարկ է նշել, որ դպրոցի կրթությունը ստանալով՝ որոշ ուսանողներ մասնագիտական փոփոխություններ կատարելու ճանապարհին են, ինչպես իրենք են փաստում. կամ ավելացնելու են ևս մեկը, կամ փոխեն ֆակուլտետը: Մեր դպրոցը նաև նպաստում է մասնագիտական էլ ավելի ճիշտ կողմնորոշմանն ու ընտրությանը:

Ինչպե՞ս կարող են դիմել Ձեզ եւ ծանոթանալ դպրոցի ծրագրերին եւ դասավանդվող թեմաներին։

-Դպրոցն ունի ֆեյսբուքյան պաշտոնական էջ՝ «Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոց» անունով (3) Գևորգ Արշակյանի անվան Գիտելիքի դպրոց | Facebook, որը բավականին ակտիվ է. թարմացվում է տեղեկատվությունը, գրառումներին, մեկնաբանություններին եւ հարցերին արագ արձագանքում ենք, հրապարկում ենք դասաժամերը լուսաբանող նկարներ։ Մշտապես կապի մեջ ենք մեր դիմորդների, ուսանողների ու շրջանավարտների հետ, սիրով պատասխանում ենք դպրոցի հետ առնչվող ցանկացած հարցի: Հենց մեր էջում առաջիկայում կտեղադրենք եկող փուլի հայտադիմումը՝ նոր ու թարմացված ծրագրով: Եվ իհարկե մեզ կարող են դիմել ու գտնել ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկում՝ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնում:

Էլ. հասցե՝ schoolofknowledge.ysu@gmail.com

Հեռ.՝ (+374 60) 710192

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում