Հմայակ Դուրգարյան – 80

  • 16.07.2022
  • 0
  • 128 Views

(«Իսպանահայությունը» շարքից)

«Ինչպե՞ս կարելի է չճանաչել Հմայակ Դուրգարյանին», – սրանից շատ տարիներ առաջ զարմացել էր իսպանացի հայասեր Արմանդո Ֆերնադեսը։ Քիչ անց ոչ միայն ճանաչել, այլեւ բարեկամություն ենք հաստատել եւ ժամն է հիմա այս շարքում (որն, կարծես թե, իսպանահայությանը վերաբերվող յուրատեսակ հանրագիտարանի է վերածվում), պատմել նրա մասին։ 

Հպարտություն էր հայերիս համար, որ Աստուրիայի Իշխանության սիմֆոնիկ նվագախումբը (հներից մեկը ամբողջ Իսպանիայում) ազգությամբ հայ՝ Հմայակ Դուրգարյան անունով շատ հմայիչ ու շատ տաղանդավոր կոնցերտմայստեր ունի. որքան քաջ հայտնի երաժշտական շրջանակներում, նույնքան քիչ՝ իր կենսագրությամբ։ Իսկ կենսագրությունն իրոք հարուստ է։ Օվիեդոյի փողոցներով հանգիստ քայլող այս մարդն էր (նույնինքը՝ Հ. Դուրգարյան), որ Զարեհ  Սահակյանցի հետ հիմնադրեց Հայաստանի պետական կամերային նվագախումբը։ 

Նախնական կրթությունը ստացել է Լենինականի արվեստի դպրոցի ջութակի դասարանում (թեեւ, ծնողները շատ էին ուզում դաշնակահար դառնա՝ ջութակն էր իր նախընտրությունը)։ Ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան (նշանավոր Կարպ Դոմբաեւի՝ ում մասին անվերջ են նրա ուսանողների միանգամայն ջերմ հուշերը, դասարանը)։ 1969-ին, երաժշտական փառատոնում հաղթելուց հետո ընդունվում է Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ասպիրանտուրան: Ավարտելով այն, աշխատանքի է անցնում ԽՍՀՄ Պետական ակադեմիական նվագախմբում (որն ղեկավարում էր հանրահայտ Եվգենի Սվետլանովը), եւ շրջում Եվրոպայի ու ԱՄՆ-ի բազում քաղաքներով։ Մինչեւ Իսպանիայում հաստատվելը հանդիսացել է «Մոսկվայի վիրտուոզներ»-ի մենակատարը (ինքն էլ հենց ծանոթացրել Սաթիին Վ. Սպիվակովի հետ)։

Այսքանը՝ համառոտ։ Բայց դա, ինչպես ասացինք, իր հարուստ կենսագրության մի չնչին մասն է. բազմաթիվ համերգները, մասնակցությունն ու հաղթանակները մի շարք միջազգային մրցույթներում, փառատոններն ու այլն՝ մեկ ուրիշ անգամ կքննարկվի։ Նա՝ հետաքրքիր զրուցակից է եւ շատ բան ունի պատմելու Ա. Խաչատրյանի, Դ. Շոստակովիչի, Օ. Կագանի, Եվ. Մենուխինի եւ մի շարք այլ մեծությունների մասին, որոնց հետ շփվելու բախտավորությունն է ունեցել։ Կարող է ժամերով խոսել Ժան Տեր-Մերկերյանի մասին, ում հետ երկար տարիների բարեկամություն է ունեցել։ Եթե հանդիպեք՝ ձեռքին նայեք. կրո՞ւմ է արդյոք ժամացույցը, որն նրան երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառն է նվիրել եւ որը նա իբրեւ սուրբ մասունք է պահում։

Թե Իսպանիայի հողի վրա նրա՝ որպես մանկավարժի մասին խոսելու լինենք, ու մի կողմ թողնենք այն փաստը, որ տասնյակ իր ուսանողները այժմ իրենք են արդեն հանդես գալիս համերգներով կամ դասավանդում կոնսերվատորիաներում, ապա բազմաթիվ գնահատականների մեջ ես, թերևս, այս դեպքը կառաձնացնեմ. Դուրգարյանին մենահամերգի են հրավիրում։ Իսպանացի իր աշակերտը։ Դահլիճում ծրագիրն են տալիս, որտեղ ընթերցում է կատարողի առնչությամբ. «Սովորել է հայ մեծ մանկավարժ Հմայակ Դուրգարյանի դասարանում»։ Հայ մանկավարժի դերը քիչ կլիներ, եթե նա առնվազն չծանոթացներ սաներին իր ազգային մշակույթի հետ։ Եվ տարբեր ազգերին պատկանող նրա աշակերտները ի թիվ այլոց կատարել են նաեւ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի գործերը։

***

-Ի՞նչն ես համարում որպես քո կյանքի ամենակարևոր իրադարձություն, – հարցրել էի նրան։

-Սերը երաժշտության նկատմամբ, – պատասխանել էր առանց վայրկյան իսկ մտածելու։

-Ո՞րն է եղել միշտ քո անփոփոխ ցանկությունը։

-Հայաստանի խաղաղությունն ու բարօրությունը, – պատասխանել էր անմիջապես։

Արթուր Ղուկասյան

Իսպանիա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում