Վալենսիայի գրողներն ի պաշտպանություն Ուկրաինայի. հիշատակվել է նաեւ 44-օրյա պատերազմը

  • 10.07.2022
  • 0
  • 183 Views

Վալենսիայի ինքնավարության Կուարտ դե Պոբլետ քաղաքային խորհրդի նիստերի դահլիճում կայացավ միջոցառում՝ հօգուտ Ուկրաինայում խաղաղության։

Միջոցառմանը, ի թիվս այլոց ներկա էր նաեւ մարզում ուկրաինական հյուպատոսության ներկայացուցիչ Տատյանա Նիժելովսկայան։ Վերջինս, ի դեպ, հանդիսանում է նաեւ Վալենսիայի սլավոնական համայնքի մշակույթի ու գրականության տարածման եւ զարգացման հարցերով բաժնի պատասխանատուն։

Եվ չնայած, որ մյուս մասնակիցները բնավ սլավոններ չէին՝ օրվա ձեռնարկն իր բնույթով ե՜ւ մշակութային էր, եւ՝ գրական։ Իրենց ստեղծագործություններով էին հանդես գալիս շրջանի հայտնի ժամանակակից գրողները։ Յուրաքանչյուրն իր լեզվով եւ ոճով անձնական համերաշխությունն ու սեփական ցավն էր արտահայտում Կիեւին, որի բնակիչները   պատերազմական գործողությունների սկզբից ի վեր զրկանքներ են կրում։

Ելույթ ունեցողների թվում էին. Խոսե Ռոմերոն, Իսաբել Ռոմերոն, Սելեստինո Ալվարես-Սիենֆուեղոն, Գլորիա Ատիենսան, Սալվադոր Գարսիան…

Օրը կգա՝ երբեմնի մենք շատ ավելի մանրամասն կգրենք վերջինիս՝ Ս. Գարսիայի մասին։ Կգրենք որպես ազնիվ հայասեր իսպանացու, ով իր ուժերը «Արարատ» հայկական միության ջանքերին միացրած՝ պայքարեց (եւ շարունակում է պայքարը) մարզի մի շարք բնակավայրերի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։

Ս. Գարսիան նաեւ նախագահն է նրա ու մի խումբ համախոհների կողմի ստեղծված Միսլատայի մշակութային շարժում հասարակական կազմակերպության, որը նման ձեռնարկների կազմակերպիչն է։ 

Իսկ համախոհների ցուցակում, որ 2018-ին զարկը տվեցին հեղինակություն վայելող ձեռնարկին, նշվում է, ի միջի այլոց, նաեւ բանաստեղծ եւ հասարակական գործիչ Արարատ Ղուկասյանը (իբրեւ համահիմնադիր)։ Իսկ այս տարի մեր հայրենակիցն ընդգրկվել է ՄՄՇ-ի Գրական ժյուրիի կազմում, որ սահմանում է ամենամյա մրցանակները Վալենսիայում ստեղծագործող հեղինակների արձակ եւ չափածո գործերի համար։ 

Ասենք նաեւ, որ միջոցառմանը ընթացքում հանդես եկավ «Արարատ» միության նախագահ Ա. Ղուկասյանը։ Ունկնդրողի ուշադրությանը ներկայացնելով իր բանաստեղծություններից (գրված իսպաներեն լեզվով), մեր հայրենակիցը չուշացավ Ուկրաինային վերաբերվող հարցից սահուն փոխանցում կատարել 44-օրյա պատերազմին՝ մի նյութ, որ շրջանցել չէր կարող եւ բարձրաձայնում է ամենուր, երբ մարդկանց դիմելու հնարավորությունն է ստանում։ 

Այս անգամ լսարանի ուշադրությունը հրավիրելով ողբերգության վրա, բանախոսն ընդգծեց, որ միջազգային հանրության հայացքի ներքո իրագործվում է հայերի ցեղասպանության շարունակությունը եւ 44 օր շարունակ ու ամիսներ դրանից հետո աշխարհը չխախտեց իր այդ լռությունը։ Եվ այն ոչ պակաս հանցավոր էր, քան թշնամու կատարած բոլոր հանցագործություններն այդ ընթացքում։ 

Արթուր Ղուկասյան

Վալենսիա

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում