Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Յոել Լիոնը Ծիծեռնակաբերդում. Ընդունել են Վեհափառն ու վարչապետը

  • 01.07.2022
  • 0
  • 91 Views

Հունիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ ք. Երուսաղեմ):

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը։

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքները բերեց վերջինիս:

Զրույցի ընթացքում անդրադառնալով երկու ժողովուրդների պատմական առնչակցություններին ու ընդհանրություններին՝ Նորին Սրբությունը ցավով խոսեց անցյալ դարում երկու ժողովուրդներին պատուհասած ողբերգությունների՝ Հոլոքոստի ու Հայոց Ցեղասպանության մասին, ինչպես նաև անդրադարձ կատարեց Սփյուռքում երկու ժողովուրդների զավակների միջև ձևավորված բարեկամական հարաբերությանը:

Իր Հերթին դեսպան Յոել Լիոնին կարևորեց երկխոսության շնորհիվ երկու երկրների միջև փոխգործակցության և բարեկամական հարաբերությունների խորացումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և դրանց յուրացման քաղաքականության առնչությամբ:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետն արդյունավոր առաքելություն մաղթեց դեսպանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն նույնպես ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ):

Վարչապետը շնորհավորել է Իսրայելի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման:

Դեսպան Լիոնը պատիվ է համարել Հայաստանում դիվանագիտական ծառայությունը և հավաստիացրել, որ առավելագույն ջանքեր կներդնի երկկողմ կապերի խորացման ուղղությամբ:

Զրուցակիցներն ընդգծել են հայ-իսրայելական փոխգործակցության դաշտում մեծ ներուժի առկայությունը և կարևորել կոնկրետ արդյունքների միտված ծրագրերը: Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի զարգացման ուղղությամբ անելիքների շուրջ:

ՀՀ-ում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ) հունիսի 30-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և նրանց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությանը ծանոթացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ Էդիտա Գզոյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Յոել Լիոնին գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում