«Հայաստանի վարպետ» մրցույթի շրջանակում Երևանում տեղադրվեց «Վարպետաց ժամացույցը»

  • 21.06.2022
  • 0
  • 449 Views

 Մրցույթի հայտերի ընդունման վերջանաժամկետը հունիսի 30-ն է

Հունիսի 21, 2022 թ, Երևան  «Հայաստանի վարպետ» մրցույթի շրջանակում Երևանի Դիանա Աբգարի անվան զբոսայգում (Սարյան-Մաշտոցի պողոտա) այսօր տեղադրվեց  խորհրդանշական «Վարպետաց ժամացույցը»:

Երկու մետր բարձրություն ունեցող փայտե ժամացույցի թվատախտակին պատկերված են մրցույթի 12 ուղղություններն արտացոլող վարպետների մասնագիտական, աշխատանքային գործիքներ (գինեգործ, գորգագործ, դերձակ, զարդագործ, զոդող, խոհարար, կահույքագործ, կոշկակար, հրուշակագործ, ավտոմեխանիկ, նվագարանագործ, պատշար)։

«Վարպետների ժամանակն է» կարգախոսը կրող ժամացույցը տեղադրված է լինելու այգու տարածքում շուրջ 2 ամիս և  ծառայելու է, որպես տեղեկատվական կրիչ, որի միջոցով հնարավոր է ծանոթանալ «Հայաստանի վարպետ» մրցույթի մանրամասներին։

Արտ օբյեկտի նպատակն է ներկայացնել արհեստագործական մասնագիտությունները դարերով եկած ավանդույթի և անվիճելի իմացության լույսի ներքո, քանզի արհեստագործությունն անցել է դարերի միջով՝ չկորցնելով իր նշանակությունը հասարակական կյանքում։

Բացման արարողությանը մասնակցում էին մրցույթի կազմակերպիչներ, հյուրեր և Երևան քաղաքի բնակիչներ։

Հիշեցնենք, որ մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է։ Հայաստանի և Արցախի վարպետները (23 տարեկան և ավելի), որոնց գործունեությունը համընկնում է վերոնշյալ 12 ուղղությունների հետ, կարող են առաջադրվել մրցույթին https://www.varpetarmenia.am/ կայքի միջոցով կամ զանգահարել +374 77 733 551 հեռախոսահամարով։

Հայտերն ամփոփելուց հետո, մասնագիտական ընտրող հանձնաժողովը կընտրի վերոնշյալ 12 ուղղություններից երկուական լավագույն թեկնածուի, որոնք էլ կանցնեն մրցույթի հաջորդ  փուլ: Երկրորդ փուլն անցկացվելու է «Արմենիա» հեռուստատեսությամբ՝ հեռուստաշոուի ձևաչափով, որի ընթացքում 24 մասնակիցներից կընտրվեն 12 հաղթողներ՝ ամեն ուղղությունից մեկական վարպետ:

Մրցույթի հաղթողները կարժանան «Հայաստանի վարպետ» մրցանակի, դրամական պարգևի (3 մլն ՀՀ դրամ) և կստանան աջակցություն մրցույթի գործընկերների կողմից։

«Հայաստանի վարպետ» մրցույթը նախաձեռնել են սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը և «Ապրելու» հիմնադրամը։ Մրցույթի կազմակերպիչն է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF)  բարեգործական հիմնադրամը: Մրցույթի գործընկերն է «Արմենիա» հեռուստաընկերությունը:  

Մրցույթի նպատակը արհեստագործական մասնագիտությունների պահպանումն ու հանրայնացումն է, աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքի վերականգնումն ու հեղինակության բարձրացումը։ 

***

«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամ

«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը 2020 թ. հուլիսից  ստանձնել է  IDeA հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերի իրականացումը: TUF հիմնադրամն իրագործում է ծրագրեր Գյումրիում, Դիլիջանում, Տաթևում, Արցախում և Երևանում։ Հիմնադրամը մշակում է զբոսաշրջային և քաղաքաշինական նորարարական ծրագրեր, խթանում տարածքային կայուն զարգացումը ու նպաստում համաշխարհային քարտեզի վրա Հայաստանի՝  որպես մրցունակ զբոսաշրջային երկրի դիրքավորմանը: TUF-ի հիմնադիրը  բարերար և սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանն է:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում