«Հայկական սփյուռքի արվեստը» խորագրով եռօրյա գիտաժողով կանցկացվի չեխական Օստրավայում

  • 13.06.2022
  • 0
  • 436 Views

Հունիսի 15-17-ը չեխական Օստրավայի համալսարանում տեղի կունենա «Հայկական սփյուռքի արվեստը» գիտաժողովը, որն անցկացվում է Օստրավայի համալսարանի եւ Վարշավայի Համաշխարհային արվեստի ուսումնասիրության ինստիտուտի համատեղ ծրագրով՝ Չեխիայում Հայաստանի դեսպանի բարձր հովանավորությամբ։ Գիտաժողովի համակարգող կազմակերպիչն է պրոֆեսոր Վալդեմար Դելուգան։

Եռօրյա գիտաժողովի ընթացքում հանդես կգան ոչ միայն Հայաստանից եւ հայկական սփյուռքից հրավիրված հայազգի գիտնականներ, այլեւ Եվրոպայի նշանավոր համալսարանների օտարազգի հայագետներ եւ անվանի արվեստաբաններ։

Հունիսի 16ին նախատեսվում է պաշտոնական բացման արարողություն, որի ընթացքում ելույթներով հանդես կգան Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ Օստրավայի համալսարանի պրոռեկտոր դոկտոր Ռենատա Տոմաշկովան։ Իսկ գիտաժողովի առաջին օրվա բացմանը ելույթ կունենան Վարշավայի Համաշխարհային արվեստի ուսումնասիրության լեհական ինստիտուտի նախագահ, պորֆեսոր Յերժի Մալինովսկին եւ Օստրավայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի Միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ֆակուլտետի փոխդեկան, դոկտոր Դանիելա Ռիվիկովան։

Զեկուցողների թվում կլինեն Հայաստանի Ամերիկյան համալսարանի, Երեւանի պետական համալսարանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի, Հունգարիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Լեհաստանի եւ, իհարկե, Չեխիայի համալսարանների ու գիտական կենտրոնների ներկայացուցիչները։

Չեխիայից զեկուցողներն են Պրահայի Կարլի համալսարանի Կովկասագիտության ամբիոնի դոկտոր Պետրա Կոշտալովան, որը կներկայացնի «Հայ ճանապարհորդների մշակույթը Լեհաստանից մինչեւ Օսմանյան Կայսրություն»՝ Սիմոն Լեհացու օրինակով, եւ Կարլի համալսարանի դոկտորանտ, ՕՐԵՐ ամսագրի կայքէջի խմբագիր Աննա Կարապետյանը, որը հանդես կգա « Հայկական մշակույթի զարգացումը Չեխիայի Հանրապետությունում» խորագրով բանախոսությամբ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում