Ալբանիայում️ ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Տիրանա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հարցազրույց է տվել Ալբանիայի հանրային ռադիոհեռուստաընկերությանը։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի տեսագրությունը և հայերեն թարգմանությունը։
Լրագրող. Մեր հիմնական թողարկումը սկսում ենք հատուկ հյուրով. մեր հյուրն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ն․Գ․ Տիգրան Մկրտչյանը։ Բարի գալուստ Ալբանիա և հանրային հեռուստատեսություն: Դուք առաջին անգամ եք գալիս Ալբանիա։ Ինչպե՞ս է Երևանում ձեր կառավարությունը գնահատում մեր երկու երկրների հարաբերությունները։
️Դեսպան Մկրտչյան․ Շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Ինձ համար մեծ պատիվ է լինել Ալբանիայում Հայաստանի դեսպանը։ Իրավացի եք, ես առաջին անգամ եմ գալիս այստեղ, և Ալբանիայում առաջին իսկ օրվանից ստացած առաջին տպավորությունները չափազանց դրական են: Կարծում եմ՝ այստեղ ոչ միայն եղանակն է ջերմ, այլ այլև մարդիկ։ Հայաստանի և Ալբանիայի հարաբերությունները, դիվանագիտորեն ասած, բարելավվելու հսկայական տեղ ունեն։
Թեև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993 թվականին, և մեր դեսպանությունը Աթենքից ծածկում է Ալբանիան, սակայն հարաբերությունների օրինաչափությունն ու ինտենսիվությունը բավականաչափ ամուր չեն եղել՝ պայմանավորված մի շարք, հիմնականում՝ տեխնիկական դժվարություններով կամ խնդիրներով, որոնք չեն նպաստել հարաբերությունների ինտենսիվացմանը։
Օրինակ՝ ես վաղը [Ալբանիայի] նախագահին եմ հանձնելու հավատարմագրերը և 2016 թվականին պաշտոնավարումը դադարեցրած Հայաստանի դեսպանի հետկանչագիրը։ Այսինքն, վեց տարի մենք դեսպան չունեինք, չնայած Աթենքում դեսպանատունը պատասխանատու էր Ալբանիայի համար: Բայց պետք է նաև մի քանի դրական բան ավելացնել, օրինակ՝ միջազգային համագործակցությունը, հատկապես բազմակողմ մակարդակում։
Այսպես, Ալբանիան և Հայաստանը փոխադարձաբար աջակցում են միմյանց միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են ՄԱԿ-ը կամ Եվրոպայի խորհուրդը: Ալբանիան այն երկրներից է, որը նույնպես միացել և աջակցել է Հայաստանին անցյալում, օրինակ՝ ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերի հարցում։ Այսպիսով, դրանք դրական ազդակներ են, դրական քայլեր են, որոնց վրա մենք պետք է հիմնվենք և ավելի զարգացնենք մեր հարաբերությունները:
Այսպես, գիտե՞ք, ես հայտնվել եմ մի իրավիճակում, երբ միջպետական համագործակցության առումով պետք է աշխատել յուրաքանչյուր ուղղությամբ: Եվ քանի որ նախկինում դեսպանի կարգավիճակում ծածկում էի երեք երկրներ Բալթյան հանրապետություններում, ունեմ այդ փորձը, որը պատրաստվում եմ օգտագործել Ալբանիայում ակտիվորեն ներգրավվելու և հարաբերությունների առաջընթացի համար։
Լրագրող. Մեզ համար պատիվ է, որ Դուք այստեղ եք: Հայաստանը մեր մայրցամաքի ամենահին և արտակարգ ինստիտուտներ ունեցող երկրներից է, բայց Դուք ձեր անկախությունը ձեռք եք բերել 1991 թվականին: Ինչպե՞ս է փոխվել Հայաստանը դրանից հետո:
Դեսպան Մկրտչյան․ Շնորհակալություն հարցի համար։ 1991 թվականից ի վեր Հայաստանը ահռելի կերպով փոխվել է։ Դուք ճիշտ եք նշում, որ Հայաստանը հին և հնագույն ավանդույթներով, բայց ինչ-որ առումով երիտասարդ հանրապետություն է:
Այսպես, 1991 թվականին մեկնարակած մեր պետականաշինությունից ի վեր՝ հետխորհրդային շրջանի այդ երեք տասնամյակներում, մենք հաճախ ենք հետ նայում մեր հարուստ պատմությանը, մեր պետականության ժամանակաշրջաններին, որոնք, դուք գիտեք, որ երեք հազար տարվա վաղեմություն ունեն: Բայց, բնականաբար, 20-րդ դարում ամեն ինչ, այդ թվում՝ քաղաքականությունը, կտրուկ փոխվել է, և մենք պետք է հաշվի առնենք ժամանակակից իրողությունները, ներառյալ այն հնարավորությունները, որոնք ունի Հայաստանն իր սահմանափակ ռեսուրսներով և, այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում [սփռված] հսկայական սփյուռքի համայնքներով: Հայաստանը գնում է ժողովրդավարացման ճանապարհով, ինչը եղել է նաև Ալբանիայի ճանապարհը։
Ճանապարհը, որով հասել ենք այնտեղ, որտեղ որ ենք, շատ բարդ էր, հարթ չի եղել, բայց ես հուսով եմ, որ մենք շատ բան ենք ձեռք բերել՝ տնտեսության ազատականացման, լրատվամիջոցների ազատության, խոսքի ազատության և ընդհանրապես՝ ժողովրդավարական հասարակության հիմք հանդիսացող հիմնարար ազատությունների առումով։ Իհարկե, պետք է նշեմ նաև կոռուպցիայի դեմ պայքարը։
Այսպես, հենց հիմա եթե դուք վերցնեք բոլոր վիճակագրական տվյալները, ինդեքսները կամ վարկանիշերը, որոնք տրվել են միջազգային հաստատությունների կողմից, կտեսնեք, որ Հայաստանը շատ մեծ առաջընթաց է ունեցել, հատկապես վերջին 2-3 տարիների ընթացքում: Սակայն մենք չենք հասել այնտեղ, որտեղ կցանկանայինք լինել, և այս առաջընթացն ու բարեփոխումների գործընթացը, ինչպես նաև հետագա ժողովրդավարացումը պետք է շարունակական լինի:
Նաև պետք է նշեմ, որ 2020 թ. Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո հայաստանյան հասարակության մեջ կա շոկային զգացում, և մենք պետք է հաղթահարենք այդ ցնցումը: Բայց պետք է նշեմ, որ 3000-ամյա պատմության ընթացքում եղել են նմատատիպ ցնցումներ, սակայն մենք միշտ արժանապատվորեն ենք հաղթահարել դրանք։
Լրագրող. Պարոն դեսպան, ի՞նչ կպատմեք Ալբանիայում ձեր համայնքի մասին։
Դեսպան Մկրտչյան. Իհարկե, հայկական համայնքը Ալբանիայում համեմատաբար փոքր է՝ համեմատած այն տեղերի հետ, որտեղ ես աշխատել եմ նախկինում, և համեմատած Հունաստանի մեր համայնքի հետ, որը հսկայական է: Բայց չափը միշտ չէ, որ որակի նշան է. երբեմն փոքր համայնքները և կազմակերպությունները կարող են չափազանց արդյունավետ և բարձրորակ լինել:
Եվ սա ալբանահայերի դեպքում է, որտեղ մենք ունենք մոտ 30-40 ընտանիք, այսինքն՝ մոտ 150-200 հոգի: Հայերի մի քանի սերունդ, որոնք այստեղ են մի քանի հարյուր, գուցե հարյուր-հարյուր հիսուն տարի։ Նրանց մի մասը եկել է Հունաստանից, իսկ մի մասը՝ Իտալիայից կամ Եվրոպայի այլ մասերից, այդ թվում՝ նախկին Հարավսլավիայից։ Բայց նրանք դարձել են կենսունակ համայնք, ու նրանցից յուրաքանչյուրը կայացած է իր մասնագիտությամբ: Մի բան, որով ես հպարտանում եմ որպես մարդ, որպես դեսպան, և դա լավ հիմք է Ալբանիայի հետ մեր հարաբերությունների հետագա կառուցման առումով։
Լրագրող. Ձեզանում կա՞ ալբանական լեզվի կամ պատմության որևէ հետք:
️Դեսպան Մկրտչյան. Բարի, իրականում այստեղ՝ Ալբանիայի հայ համայնքում, կա մի գիտնական, որը շատ խորը ուսումնասիրություն է կատարում՝ գտնելու ընդհանրություններ հայերի և ալբանացիների միջև: Ավելին, հայերենի և ալբաներենի շուրջ 450 բառեր ունեն ընդհանուր ծագում:
Հայերը սփռված են: Սա հանրահայտ փաստ է, որ մենք ճամփորդել ենք ամբողջ աշխարհով մեկ և հատկապես արիստոկրատական վերնախավերի մեծ ներկայություն է եղել հունական, հռոմեական դատարաններում ու հաստատություններում: Եվ քանի որ Ալբանիան գտնվում էր այդ ազդեցության գոտում, այդ թվում՝ բյուզանդական և օսմանյան ժամանակաշրջաններում, ես չէի բացառի, որ հայերը հաճախ են եղել այստեղ։
Քանի որ հայերը եղել են գործուն մասնակիցն այս շրջանի, նրանք շատ եռանդուն են եղել և ակտիվ մասնակցություն են ունեցել բյուզանդական կայսրության կառավարման գործում: Այսպիսով, հայերը բավականին ակտիվ են եղել այս շրջանում:
Լրագրող. Հայաստանը շատ կենտրոնացած է հատկապես Լեռնային Ղարաբաղի շուրջ Արդրբեջանի հետ հակամարտության վրա: Ինչպիսի՞ն է ներկայիս իրավիճակը տարածաշրջանում:
️Դեսպան Մկրտչյան. Կցանկանայի մի փոքր շտկում կատարել, որովհետև հաճախ ասվում է, որ այն հակամարտություն է Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ: Սա այն է, ինչ ադրբեջանցիներն են ներկայացնում, որովհետև, եթե մենք խոսում ենք հակամարտության՝ «տարածքի շուրջ» լինելու մասին, նշանակում է, որ այն տարածքային հակամարտություն է: Իրականությունն այն է, որ սա տարածքային հակամարտություն չէ: Սա հակամարտություն է հանուն նրա, որ հայերն իրավունք ունենան ապրելու այնպես, ինչպես նրանք են կամենում այն տարածքում, որը նրանցն է եղել դարեր, հազարավոր տարիներ շարունակ: Այժմ իրավիճակը շատ լավ չէ, և այս պահին այդքան էլ լավ բաներ չունեմ ասելու հակամարտության մասին:
Պատերազմից հետո Ադրբեջանը փորձում է կապիտալիզացնել իր հաղթանակը, որին հասել է Թուրքիայի աջակցությամբ, բայց մենք հավատում ենք, որ ամեն հակամարտություն, հատկապես նման հակամարտությունը կարիք ունի արդարացի լուծման, որտեղ չկան բացարձակ հաղթողներ և բացարձակ պարտվողներ, որտեղ չկան նվաստացնողներ և նվաստացածներ:
Կոնֆլիկտից հետո Ադրբեջանը նախ ընդդիմացավ օգտագործելու «Լեռնային Ղարաբաղի շրջան» տերմինը: Օրինակ՝ Ադրբեջանի նախագահը ասում է, չկա Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածաշրջան: Բացի այդ, ադրբեջանական ղեկավարությունը ասում է, որ չկա Լեռնային Ղարաբաղի խնդիր, հակամարտությունը լուծված է և այլևս անցյալում է: Սա այն է, ինչ ասում են նրանք:
Բացի այդ, երրորդ կետն այն է, որ ասում են, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն կոչվող միջազգային մանդատով ձևաչափը, որը բաղկացած է Ամերիկայից (ԱՄՆ), Ֆրանսիայից և Ռուսաստանից, այլևս գոյություն չունի, անցյալում է։
Իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի շրջանը կա, գույություն ունի, այնտեղ հայեր են ապրում, և այնտեղ տեղակայված են ռուս խաղաղապահներ, որոնք այնտեղ են եկել Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի միջև ստորագրված հայտարարությամբ: Հետևաբար, ադրբեջանցիները համաձայնություն են տվել, որ ռուս խաղաղապահներ լինեն Լեռնային Ղարաբաղում: Եվ այդ հայտարարության մեջ առկա է Լեռնային Ղարաբաղ տերմինը։
Այնպես որ, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը, որպես այդպիսին, կա և ադրբեջանցիները չէ, որ Լեռնային Ղարաբաղ անունը պետք է ջնջեն պատմությունից: Ինչպես նաև դեռ լուծված չէ հակամարտությունը: 2020 թվականին եղել է ուժի կիրառում, եղել է միջազգային բոլոր սկզբունքների և միջազգային իրավունքի խախտում՝ ուժի կիրառմամբ լուծում պարտադրելու համար, սակայն հակամարտությունը որպես այդպիսին չի լուծվել, քանի որ հակամարտության բուն պատճառը կապված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ, և դա դեռ լուծված չէ։ Եվ սա միայն մեր կարծիքը չէ: Ոչ միայն Հայաստանը, այլև միջազգային հանրությունն այն կարծիքին է, որ հակամարտությունը չի լուծվել, և այն պետք է լուծվի։ Եվ պատահական չէ, որ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի վերջին հայտարարության մեջ, որը նա իր խոսնակի միջոցով նշեց, ասվում էր, որ ղարաբաղյան հակամարտության բուն պատճառները պետք է հասցեագրվեն։
2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հրապարակումից ի վեր մինչ օրս այն, ինչ մենք տեսնում ենք Ղարաբաղում, շարունակական սադրանքներ են, որոնք արտահայտվում են նաև Հայաստանի հետ սահմանին: Նոյեմբերի 9-ի համաձայնագրի խախտումները շարունակական են, և ադրբեջանական ուժերը օկուպացրել են Հայաստանի հետ սահմանին մի շարք տարածքներ: Հայ բազմաթիվ ռազմագերիներ դեռևս պահվում են Բաքվում, և նրանք չեն վերադարձվել՝ չնայած միջազգային հանրության կոչերին:
Իսկ ադրբեջանական ղեկավարությունը փառաբանում է նրանց, ովքեր մասնակիցն են եղել պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների իրականացմանը, իսկ հակահայկական հռետորաբանությունն իր պիկում է: Այսպիսով, առկա են բոլոր մտահոգող նշանները, քանզի Ադրբեջանը խոսում է Ադրբեջանում հայերի ապրելու հնարավորության մասին, սակայն հռետորաբանությունը և վարքագիծը կասկած չեն թողնում, որ հայերն ամբողջությամբ էթնիկապես կզտվեն, եթե ԼՂ-ը լինի ադրբեջանական վերահսկողության տակ:
Ես այստեղ պետք է ընդգծեմ մի շատ կարևոր բան. դրանք միջանկյալ միջոցներն են, որոնք ձեռնարկվել են Հաագայում Արդարադատության միջազգային դատարանի կողմից, ՄԱԿ-ի դատարանի կողմից 2021 թվականի դեկտեմբերին։ Այս որոշման մեջ ընդգծված են երեք հիմնական կետեր.
Առաջինը պետական մարմիններից, Ադրբեջանի կառավարությունից հնչող ռասիստական և հակահայկական հռետորաբանության մասին է։ Ուստի դատարանը կոչ է անում Ադրբեջանի ղեկավարությանը հնարավորինս շուտ դադարեցնել դա։ Դա ոչ միայն ռասիստական, այլև ապամարդկային և հակահայկական են: Ուրեմն հայերին սպանողներին հերոսացնելը, ցանկացած այլ հակահայկական դրսևորումանը պետք է վերջ դնել։
Երկրորդ կետով Արդարադատության միջազգային դատարանը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հոգ տանել հայկական մշակութային ժառանգության պահպանության մասին, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, քանի որ մինչ պատերազմը, պատերազմի ժամանակ, ինչպես նաև պատերազմից հետո հայկական մշակութային ժառանգության վանդալիզմի բազմաթիվ դեպքեր են եղել Ադրբեջանում:
Իսկ դատարանի երրորդ կետն այն էր, որ այն կոչ էր անում մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել Ադրբեջանում պահվող ռազմագերիների նկատմամբ։ Այս բոլոր երեք կետերով Ադրբեջանը շարունակաբար խախտել է միջազգային դատարանի որոշումը՝ կասկած չթողնելով, որ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղը նշանակում է Ղարաբաղ՝ առանց հայերի, ինչն էլ նշանակում է էթնիկ զտում, նշանակում է ցեղասպանություն։ Դուք այս պատմությունը շատ լավ գիտեք Կոսովոյի փորձից, ուստի որպեսզի չունենանք այն, ինչ կարող էր լինել Կոսովոյում, եթե միջազգային հանրությունը չարձագանքեր, մեզ անհրաժեշտ է ավելի ակտիվ ներգրավվածություն Լեռնային Ղարաբաղում:
Լրագրող. Պարոն Դեսպան, ինչպե՞ս կարող են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորվել:
️Դեսպան Մկրտչյան. Բարի, հայ-թուրքական հարաբերությունները պատմականորեն բավականին բարդ են եղել։ 1991 թվականի անկախությունից ի վեր Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ծրագրեր, փոխադարձ ձգտումներ եղել են, բայց այդ հարաբերությունները չեն հաստատվել և սահմաններն ամբողջությամբ չեն բացվել Լեռնային Ղարաբաղի պատերազմի պատճառով։ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Հայաստանի հետ սահմանների բացումը պայմանավորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմամբ։ Այսպիսով, 1990-ականների սկզբին հարաբերությունների կարգավորման այս փորձերը ձախողվել են:
Հարաբերությունների կարգավորման հաջորդ ակտիվ փուլը կամ փորձը սկսվել է 2007, 2008 և 2009 թվականներին, և այդ շրջանը կոչվում է «ֆուտբոլային դիվանագիտություն»։ Դա սկսվեց այն ընկալմամբ, որ մենք առաջ ենք տանում առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը, բայց, ի վերջո, Թուրքիան հետ կանգնեց դրանից։ Հարաբերություններն առաջ չշարժվեցին, թեև ստորագրվել են արձանագրություններ, որոնք չուղարկվեցին խորհրդարաններ վավերացման։ Հենց այս պահին մենք ականատես ենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման երրորդ մեծ փորձին։
Թուրքիան և Հայաստանը հատուկ բանագնացներ են նշանակել հարաբերությունների կարգավորման համար: Թուրքիան նշանակել է ավագ, փորձառու դիվանագետի, իսկ Հայաստանը՝ խորհրդարանի փոխխոսնակին, որը ևս ունի դիվանագիտական փորձառություն, քանզի եղել է ԱԳ նախարարի տեղակալ: Եվ, իհարկե, գործընթացը արտգործնախարարների վերահսկողության տակ է:
Բանագնացներն արդեն մի քանի անգամ հանդիպել են Մոսկվայում, Վիեննայում: Արտգործնախարարները հանդիպել են Անթալիայում: Հուսով եմ՝ մոտ ապագայում նախատեսվում են հանդիպումներ նաև Հայաստանում և Թուրքիայում։ Այս բոլոր հանդիպումները տեղի են ունենում այն պայմանով, որ կարգավորման գործընթացը կրկին ընթանում է առանց նախապայմանների։ Դեռ վաղ է եզրակացություններ անել, բայց տեսնենք, թե ինչ ընթացք կունենա։
Լրագրող. Ի՞նչ կասեք Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի մասին, ինչպե՞ս է այն ընթանում:
️Դեսպան Մկրտչյան․ Այո՛, ճիշտ եք: Մենք արդեն խոսցինք Լեռնային Ղարաբաղի մասին, բայց կա նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց։ Սրանք երկու գործընթացներ են, բայց ինչ-որ առումով փոխկապակցված են: Ձեր հարցը վերաբերում է սահմանազատման շուրջ վերջին բանակցություններին, սահմանազատման խնդրին, որի կապակցությամբ փոխվարչապետները ներգրավված են հատուկ հանձնաժողովում՝ ռուսական կողմի մասնակցությամբ։
Սա ներառում է նաև տարածաշրջանի բոլոր, ներառյալ՝ երկաթուղային և ավտոտրանսպորտային ուղիների հետագա բացման հնարավորություն: Այս հարցում կա փոխըմբռնում, որ սա պետք է առաջընթաց գրանցի: Բայց Ադրբեջանը վերջերս, ավելի ճիշտ՝ ոչ թե վերջերս, այլ վերջին մի քանի ամիսների ընթացքում, խոսում է այսպես կոչված «միջանցքի» մասին, «միջանցք», որը Ադրբեջանի համար Հայաստանի վրայով ճանապարհ պետք է բացի Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևանի էքսկլավ:
Նրանք դա անվանում են «Զանգեզուրի միջանցք», Ադրբեջանի ղեկավարը այն կոչում է «Զանգեզուրի միջանցք», բայց հայկական կողմը բազմիցս նշել է, որ մենք միջանցքային տրամաբանությամբ առաջ չենք գնում։ Խոսքը երկաթգծերի, ավտոճանապարհների, բոլոր հաղորդակցության ուղիների բացման մասին է։ «Միջանցք» կոչվածը գաղափար է արտատարածքային իրավունքի մասին, և այն, ինչ ներկայացնում է Ադրբեջանի ղեկավարությունը, մի բան է նշանակում. նրանք ցանկանում են կտրել Հայաստանը Իրանի հետ հարավային սահմանից։ Հայաստանի ԱԳՆ-ն մի քանի անգամ ընդգծել է դա, և Հայաստանի ղեկավարությունն, ընդհանրապես, մի քանի անգամ ընդգծել է, որ դա անընդունելի տրամաբանություն է։ Իհարկե, այս ամենն առաջ է շարժվում ԼՂ կարգավորման հիմնախնդրի համատեքստում, և դժվար է մի հարցը տարանջատել կամ մի հարցը մյուսից բաժանել։
Լրագրող. Պարոն դեսպան, Ձեր երկիրը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի, Արևմուտքի և այլ երկրների հետ: Ինչպիսի՞ն է ձեր կառավարության դիրքորոշումը պատերազմի վերաբերյալ: Ինչպե՞ս է ռուսական ներխուժումն ազդել Հայաստանի տնտեսության վրա։
️Դեսպան Մկրտչյան. Դե, Ուկրաինայի իրավիճակի հետ կապված, Հայաստանը փորձում է ձեռնպահ մնալ այս կամ այն կողմին աջակցելուց։ Հայաստանն աջակցում է այս ճգնաժամի խաղաղ լուծմանը, քանի որ մենք ունենք․․․ Այսպես ասեմ, Ուկրաինայում ավելի քան 500.000 հայ կա, և սա չափազանց կարևոր է հասկանալու համար։ Եվ նրանք ներգրավված են հակամարտության երկու կողմերում և մասնակցում են երկու կողմից՝ միմյանց դեմ։ Այնպես որ, մեզ համար դա շատ արյունալի հակամարտություն է, քանի որ հայկական արյունը հենց հիմա թափվում է Ուկրաինայի հողի վրա:
Լրագրող. Դժբախտաբար երկու կողմից էլ …
Դեսպան Մկրտչյան. Այո, այդ իսկ պաճառով մենք ձեռնպահ ենք մնում կողմերից որևէ մեկին աջակցելուց և փորձում ենք… Մենք կողմ ենք մի լուծման, որը փոխընդունելի կլինի ռուսների և ուկրաինացիների համար։
Ինչ վերաբերում է տնտեսության վերաբերյալ ձեր հարցին: Իհարկե, դա բացասաբար է անդրադառնում, բացասաբար է ազդում բոլորի վրա։ Կարող են լինել երկրներ, որ կփորձեն օգուտ քաղել այս իրավիճակից, բայց ես չգիտեմ որևէ մեկին, ով ուրախ է այս իրավիճակից, քանի որ և՛ Ուկրաինան, և՛ հատկապես Ռուսաստանը մեծ առևտրային գործընկերներ են Հայաստանի համար և նրանց երկու տնտեսություններն էլ հենց հիմա պարզապես անկում են ապրում։ Սա ազդում է Հայաստանում ամեն ինչի վրա, Հայաստանի տնտեսական կյանքի վրա, և կունենա ավելի երկարաժամկետ ազդեցություն՝ հաշվի առնելով նաև այն, որ Ռուսաստանը գտնվում է պատժամիջոցների տակ։
Լրագրող. Որո՞նք են ձեր պետության հիմնական տնտեսական ռեսուրսները:
Դեսպան Մկրտչյան. Իհարկե, կան մի քանի ռեսուրսներ, որոնք պետք է նշեմ։ Մեկը, որ շատ ակնհայտ է, դա Հայաստանի գյուղատնտեսական բնույթն է։ Այսպես, Հայաստանը գյուղատնտեսական ապրանքների և ոչ միայն հումքի, այլ նաև վերամշակվող ապրանքների խոշոր արտահանող է։ Հայաստանն արտահանում է ամենալավ մրգերից մի քանիսը: Օրինա՝ ինձ համար աշխարհում ամենալավ ծիրանը Հայաստանում է: Բացի դա, գյուղմթերքին, իհարկե, հաջորդում է Հայաստանի և Հայաստանի գիտական զարգացումը` լինելով տեղեկատվական տեխնոլոգիաներ արտահանող երկիր։
Օրինակ՝ այստեղ՝ Տիրանայում, մենք ունենք ԹՈՒՄՕ կենտրոն՝ ԹՈՒՄՕ դպրոց, որը հայեցակարգ է, հայկական ՏՏ դպրոց: Տիրանայում գործող այդ դպրոցը, որն այժմ գտնվում է նոր մարզադաշտի տեղամասում, շուտով կտեղափոխվի մեկ այլ հատուկ վայր:
Այս պահին մենք ունենք ավելի քան 1000 ուսանողներ, որոնք գրանցվել են Տիրանայի ԹՈՒՄՕ-ում: ԹՈՒՄՕ կենտրոնի գաղափարը արտահանվել է նաև շատ այլ քաղաքներ, այդ թվում՝ Փարիզ, Բեռլին, Կիև, Լիբանան, Լիոն, վերջերս նաև՝ ԱՄՆ:
Թեև ընդհանուր առմամբ մի օրինակ բերեցի, բայց ԹՈՒՄՕ-ի նման կան նաև այլ ՏՏ ոլորտներ, որոնք ներկայացնում են՝ նախագծելով Հայաստանը որպես երկիր, որն ի վիճակի է ինչ-որ բան ներկայացնել կամ ինչ-որ բան տալ աշխարհին, որտեղ այն հետաքրքիր է։
Երբ ես խոսեցի գյուղատնտեսության մասին, պետք է հատուկ ընդգծեի նաև ալկոհոլային խմիչքները, քանի որ երբեմն դրանք բաժանվում են ավանդական գյուղատնտեսական ոլորտներից: Այսպես, հայկական բրենդին՝ հայկական կոնյակը, լավագույններից է աշխարհում և արտահանվում է աշխարհով մեկ։
Հայկական գինեգործությունը վերջին երկու տասնամյակների ընթացքում մեծ զարգացում է ապրել, և հայկական գինիներից որոշները ներառված են աշխարհի լավագույն կատալոգներում:
Երրորդ ասպեկտը, թե ինչ կարող է Հայաստանը կամ ինչպես Հայաստանը կարող է ներկայանալ: Հայաստանը կամ Հայաստանի ներուժը, իհարկե, հայկական սփյուռքն է որը, իհարկե, Հայաստանի վերահսկողութունից դուրս է, սակայն, ապահովում է Հայաստանին և Հայաստանին ամբողջ աշխարհին ներկայանալու համար շատ ամուր հիմքեր կարող է ստեղծել: Այս հարցում պետք է նաև ավելացնեմ արդյունավետ համագործակցությունը հայկական սփյուռքի կազմակերպությունների և հայկական սփյուռքի խմբերի հետ։
Լրագրող. Պարոն դեսպան, Դուք նշեցիք Ալբանիայի հետ համագործակցության որոշ կետեր, բայց ես կցանկանայի հարցնել այլ ոլորտների մասին, որտեղ դուք կարող եք զարգացնել համագործակցությունը:
Դեսպան Մկրտչյան. Պետք է ասեմ ձեզ, որ շատ են, նկատի ունեմ բոլոր ոլորտներում համագործակցության կարիք կա։ Գյուղատնտեսության մեջ շատ բան կա, որ կարող ենք փոխադարձաբար առաջարկել իրար։ Կրթության ոլորտում, կարծում եմ, համագործակցելու շահագրգռված կլինեն և՛ կրթական կենտրոնները, և՛ հաստատությունները։
Ես խոսեցի Տիրանայում ԹՈՒՄՕ-ի մասին: Կան ևս մի քանի նման ՏՏ կենտրոններ, որոնք կարող են շահավետ լինել նաև երկու կողմերի փոխանակման համար, որոնք պատկանում են գիտակրթական համագործակցությանը։
Եվ, իհարկե, քաղաքականապես մենք պետք է ներգրավենք միմյանց, կարիք կա ավելի ակտիվ դարձնել համագործակցությունը: Մենք կարիք ունենք ձևավորելու մեր հարաբերությունների իրավական հիմքեր միջպետական պայմանգրերի միջոցով:
Հույս ունեմ մինչև որպես դեսպան պաշտոնավարմանս ավարտը, ես կունենամ որոշ նորություններ այս ամենի վերաբերյալ:
Լրագրող. Պարոն դեսպան, մեծագույն հաճույք էր Ձեզ հյուրընկալելը, և մենք մաղթումենք Ձեզ բեղմնավոր աշխատանք այն տարիներին, որ սպասվում են Ձեզ:
Դեսպան Մկրտչյան. Շատ շնորհակալ եմ ձեզնից: Սա ինչ-որ առումով պատմական է, քանի որ, ինչպես հասկանում եմ, ինձ հենց նոր ասացին, որ առաջին անգամն է, որ Հայաստանի դեսպանը գալիս է խոսելու Ալբանիայի հանրային հեռուստատեսությամբ: Սա պատմական է և շատ կարևոր, և դա մեծ պատիվ է անձամբ ինձ համար: Շատ շնորհակալություն.
Լրագրող. Շնորհակալություն:
orer.eu