Հունիսի 1-ին Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը «Արմենիկա» ամսագրի և Հունաստանում Հայ դատի հանձնախմբի գրասենյակի հրավերով ներկա գտնվեց հույն հայտնի լրագրող և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Թոմաս Սիդերիսի «Լեռնային Ղարաբաղի նռները» վավերագրական ֆիլմի ցուցադրմանը։ Աթենքի Studio New Star Art Cinema կինոթատրոնում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, հույն մտավորականներ, հայ հոգևոր դասի և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի դեսպանությունից։
Ֆիլմի ցուցադրությունից հետո ողջույնի խոսքով հանդես եկան Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Հունաստանի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արտո Սեմմաշը, «Արմենիկա» ամսագրի ներկայացուցիչ Խրիստոս Ռանդավելլասը, ինչպես նաև ֆիլմի ռեժիսոր Թոմաս Սիդերսը։
Դեսպան Մկրտչյանն իր խոսքում ողջունեց միջոցառման մասնակիցներին, հյուրերին և ներկաներին ու շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, ինչպես նաև ֆիլմի ռեժիսոր Թոմաս Սիդերսին: Դեսպանն ընդգծեց ֆիլմի կարևորությունը` նշելով, որ ֆիլմում ցուցադրվում է այն իրականությունը, որում գտնվում էր արցախահայությունը 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո՝ հնարավորություն տալով հանդիսատեսին տեսնելու և պատկերացնելու հայության առջև ծանրացած մարտահրավերները, անվտանգային խնդիրներն ու պատերազմի ողբալի էջերը` ֆիլմի հերոս հասարակ մարդկանց և զինվորների կարճ, բայց բովանդակալից պատմություններով:
Դեսպանը նաև անդրադարձավ ֆիլմում արծարծված հայ ռազմագերիների խնդրին` շեշտելով, որ հարցը դեռևս վերջնական լուծում չի ստացել, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից գործած պատերազմական հանցագործությություններին, որոնք մինչ օրս անպատիժ են մնացել:
Ֆիլմի ռեժիսոր Թոմաս Սիդերսն իր խոսքում նշեց, որ դեմ լինելով բռնության ցանկացած դրսևորման` փորձել է կենտրոնանալ մարդկային ճակատագրերի վրա` ընդգծելով, որ իր ֆիլմը նախ և առաջ մարդակենտրոն բնույթ է կրում: Թոմաս Սիդերիսն իր երախտագիտությունը հայտնեց Հունաստանում ՀՀ դեսպանությանը` ֆիլմի ցուցադրման գործում ցուցաբերված աջակցության ու օգնության համար՝ հավելելով, որ նախատեսում է վերադառնալ Հայաստան՝ նկարահանելու ևս մեկ վավերագրական ֆիլմ:
Ելույթներին հաջորդեց հարցուպատասխան հանդիսատեսի հետ: Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանգամանալից անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության պատմությանը, ներկա փուլին, կարգավորման ուղիներին, միջնորդների դերակատարությանը և վերջին ժամանակներում տարբեր մայրաքաղաքներից հնչող հայտարարություններին:
orer.eu