Հայաստանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացն ու արդյունքները չպետք է ազդեն Արցախի ներկա ու ապագա կարգավիճակի վրա. Արտակ Բեգլարյան

  • 28.05.2022
  • 0
  • 91 Views

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խնդրահարույց հայտարարություններ է արել, որոնց ի պատասխան՝ Հայաստանի Հանրապետության հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացն ու արդյունքները չպետք է ազդեն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ներկա ու ապագա կարգավիճակի վրա:

Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը` առանձին դրույթներով ներկայացնելով մի շարք դիտարկումներ։

«Վերջիվերջո, ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության հետ է, այլ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, որն ընդունում է ողջ աշխարհը՝ անկախ շահերի ու ձևակերպումների որոշակի տարբերություններից: Իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է փակել հակամարտության էջը և հստակեցնել Արցախի կարգավիճակը, ապա կարող է դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթաց իրականացնել նաև Արցախի Հանրապետության հետ՝ միևնույն ժամանակ վերադարձնելով մեր բռնազավթված տարածքները և ճանաչելով մեր անկախությունը:

Հակամարտության կարգավորման գլխավոր սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լրիվ իրացումն ու ճանաչումն է: Սա միջազգային հանրության փորձությունն է ապացուցելու, որ, ի հեճուկս Ալիևի պնդումների, այնուամենայնիվ, միջազգային իրավունք կա, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը իր հիմնարար տեղն ունի:

Միջազգային իրավունքի մեկ այլ կարևոր սկզբունք է ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, որը նույնպես կոպտորեն ոտնահարվել ու ոտնահարվում է Ադրբեջանի կողմից: Ավելին, Ալիևը այսօր կրկին սպառնացել է ուժի կիրառման նոր դեպքերով, որը հստակ ահազանգ է միջազգային հանրությանը կանխարգելիչ ու պատժիչ միջոցներ ձեռք առնելու: Շեղված վարքի խրախուսումն ու անտեսումը աստիճանաբար հանգեցնում է միջազգային աղետների՝ դառնալով միջազգային պրակտիկա ու սովորութային իրավունքի մի մաս»,-գրել է Արտակ Բեգլարյանը:

Աղբյուր՝ | Artsakhpress.am | Արցախի անկախ լրատվական գործակալություն

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում