Արցախի ժողովուրդը չի ընդունի Ադրբեջանի կազմում ինքնավարության մասին որեւէ փաստաթուղթ. Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան

  • 23.05.2022
  • 0
  • 22 Views

Ոչ մի ինքնավարություն Արցախի ժողովրդի համար անընդունելի է: Այս մասին հայտարարել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղին մշակութային ինքնավարության կարգավիճակ տալու շուրջ համաձայնագրի հնարավոր ստորագրման մասին հարցին:

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում հանդիպում է նախատեսվում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ:  

«Սա ինքնանպատակ չէ եւ ոչ էլ քմահաճույք է: Արցախի ժողովուրդն արդեն գիտի, թե ինչ է իրենից ներկայացնում ինքնավարությունն Ադրբեջանի կազմում: Գիտի հստակ դեմոգրաֆիկ ցուցանիշներով, խտրական քաղաքականությամբ, որն իրականացրել է Խորհրդային Ադրբեջանի կողմից: Ադրբեջանական բնակչության թվաքանակն աճում էր, հայկական բնակչության թվաքանակը՝ նվազում: Արցախցիներին ադրբեջանական կենցաղն էր պարտադրվում: Մենք բազմիցս նշել ենք, որ չենք լինի Ադրբեջանի կազմում: Ով էլ, ինչ էլ ընդունի, մենք Ադրբեջանի կազմում չենք լինի»,- ասել է նա:

Օմբուդսմենն ընդգծել է, որ Արցախի ժողովուրդը չի ընդունի նման փաստաթուղթը, եթե այն իրականություն դառնա:

«Չի ընդունի: Եթե կյանքից կտրված որոշում ընդունվի, չեն կարող պարտադրել»,- հավելել է Օմբուդսմենը:

Ստեփանյանը նկատել է, որ հանդիպումների արդյունքներով նրա մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների ներմուծմամբ առաջ է քաշվում Ադրբեջանի կազմում լինելու տարբերակը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում