Հպարտ եմ, որ Չեխիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Յիրժի Ռուժիչկա

  • 19.05.2022
  • 0
  • 83 Views

Հայաստան ժամանած Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկան եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներն Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի եւ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ մայիսի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնւմ են Հայաստանի Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։

Չեխ եւ հայ օրենսդիրները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը:

Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին:

Շրջայցից հետո Չեխիայի Սենատի փոխնախագահն ասել է. «Առաջին անգամ եմ Հայաստանում: Թանգարան այցելելուց հետո ավելի հպարտ եմ, որ Չեխիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Խորհուրդ կտամ մյուս պետություններին նույնպես ճանաչել այն, քանի որ հայ ժողովրդի հանդեպ ավելի քան 100 տարի առաջ կատարվածը միջազգային խնդիր է: Ցավոք, նման ոճրագործություններն աշխարհում դեռեւս շարունակվում են եւ պետք է համատեղ ուժերով պայքարել դրանց դեմ»:

Այցի ավարտին Յիրժի Ռուժիչկան գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Նշենք, որ պատվիրակության կազմում են Չեխիայի Սենատի մեդիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վացլավ Խալոուպեկը, փոխնախագահ Դավիդ Սմոլյակը եւ հանձնաժողովի անդամ Մարեկ Հիլշերը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում