«Ապրիլի 24-ը պետք է դառնա աննկուն պայքար ու անկոտրում կամք խորհրդանշող օր», ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Հանձնախումբ

  • 24.04.2022
  • 0
  • 2500 Views

23 Ապրիլ, Բրյուսել – «Ապրիլի 24-ը պետք է դառնա աննկուն պայքար ու անկոտրում կամք խորհրդանշող օր», ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Հանձնախումբ
 Ապրիլ 24-ին աշխարհի բոլոր անկյուններում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և մատուցում հարգանքի տուրք։ Ցավոք, 107 տարի անց ցեղասպանության հետևանքները շարունակում են վտանգել հայության հավաքական գոյությունը, ինչպես նաև խաթարել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Գրեթե մեկ դար անց, ողջ Արևմտյան Հայաստանի կորստից հետո մենք կրկին կանգնած են հայրենազրկման լրջագույն վտանգի առաջ։

Թուրք-ադրբեջանական տանդեմի ուղղակի թիրախն Արցախն է՝ մեր հայրենիքի այն հատվածը, ուր մեր արմատներն ունեն 3000 տարվա պատմություն, ուր հայոց ինքնիշխանությունը կանգուն է եղել նույնիսկ ամենադժվարին ժամանակահատվածում։ Սակայն հստակ է, որ ըստ էության, թուրք-ադրբեջանական տանդեմի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունը հնարավորինս թուլացնելն է։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ անպատիժ մնալու դեպքում ոճրագործը կրկնում է իր արարքը։ Թուրքիայի իշխանությունները ոչ միայն շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանությունը, այլն նաև 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց գործուն մասնակցությունն ունեցան Ադրբեջանի կողմից Արցախում բնիկ հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու մեջ։

Ապրիլի 24-ը մեզ համար ոգեկոչման օր լինելուց զատ նաև հայ ազգի աներևակայելի տոկունությունն ու կենսունակությունը խորհրդանշող օր է։ Եվ հետևաբաև այն պետք է դառնա աննկուն պայքար ու անկոտրում կամք խորհրդանշող օր։ Այն պետք է շարունակաբար մեզ հիշեցնի, որ ամեն օր պարտավոր ենք պայքարել հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի հզորացման, ամեն մեկս մեր տեղում, ամեն մեկս անելով մեր առավելագույնը։

Չկա ավելի մեծ թշվառություն, քան հայրենիքի կորուստը։ Ոչ մի նյութական բարեկեցություն կամ հաջողություն դրսում չի կարող երբևէ լցնել այն դատարկությունը, որին առերեսվում է անհայրենիք մարդը։ Թե՛ ցեղասպանության անմեղ զոհերին, թե՛ ապագա սերունդներին մենք ուժեղ, ծաղկուն Հայաստան և Արցախ ենք պարտք։ Այժմ, թեև  թուլացած և ծնկի եկած, բայց մենք դեռևս ունենք պետականություն, որը պարտավոր ենք փայփայել ու ոտքի կանգնեցնել։ 

Ապրիլի 24-ը նաև խորհելու օր է, թե որպես ազգ հավաքական ուժերով ինչ պետք է անենք, որպեսզի հարատևենք, զորանանք և թույլ չտանք նման աղետալի ճգնաճամի կրկնությունը հայության համար և մեծ դժվարությամբ ձեռք բերված մեր պետականության համար։ Ուժեղ և կենսունակ սփյուռք ունենալու առաջին և ամենագլխավոր նախապայմանը ուժեղ Հայաստանի Հանրապետություն և Արցախ ունենալն է։ Հայաստանի Հանրապետությունը և Արցախն են այն կենարար ակունքը, որից սնվում է և պետք է շարունակի սնվել սփյուռքը։ Որքան ուժեղ լինի Հայաստանը, ներառյալ Արցախը այդքան ուժեղ կլինի սփյուռքը։ Պետք է հստակ քայլերով և օրնիբուն աշխատենք մեր պետականության հզորացման և կայացման ուղղությամբ։ Պարտավոր ենք անել ամեն ինչ այս ճանապարհին խոչընդոտները վերացնելու համար։

Հայաստանի Հանրապետության իշխանություններին կոչ ենք ուղղում զգաստանալ, և քանի դեռ ուշ չէ, մշակել և կիրառել հայ ժողովրդի պաշտպանությանն ուղղված արդյունավետ քաղաքականություն։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում