«Թերեզա Միրզոյան 100» հետահայաց ցուցադրությունը կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

  • 21.04.2022
  • 0
  • 251 Views

Հանդիսավոր բացումը 2022թ. ապրիլի 21-ին ժամը 19:00-ին Կենտրոնի «Արծիվ» սրահում

2022 թվականի ապրիլի 22-ից Գաֆէսճեան արվեստի կենտրոնում գործելու է «Թերեզա Միրզոյան 100» հետահայաց ցուցադրությունը՝ նվիրված անվանի հայ քանդակագործի 100-ամյա հոբելյանին։

Ցուցադրության հանդիսավոր բացումը կկայանա ապրիլի 21-ին, ժամը 19։00-ին (մուտքը՝ հրավիրատոմսերով)։

Թերեզա Միրզոյանը (1922-2016) 20-րդ դարի հայ քանդակագործության մեջ կարևոր ավանդ ունեցած ականավոր արվեստագետներից է, ում անունը, ցավոք, հանրային լայն շրջանակներին հայտնի չէ։ Այդուհանդերձ, նա ոչ միայն թողել է հարուստ գեղարվեստական ժառանգություն, այլև անգնահատելի ազդեցություն է ունեցել հայկական քանդակագործության զարգացման վրա՝ լինելով Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի առաջին դասախոսներից մեկը և աշխատելով հայկական արվեստային գլխավոր կրթական հաստատությունում շուրջ վաթսուն տարի։

Ամփոփելով Թերեզա Միրզոյանի ուղին՝ այս ցուցադրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու քանդակագործի թե՛ գեղագիտական մոտեցման, թե՛ պլաստիկական լեզվի, թե՛ տարբեր տեխնիկաների ու նյութերի կիրառման, և  թե՛ թեմատիկ դիապազոնի բազմաթիվ շերտեր։

«Թերեզա Միրզոյանը եղել է 20-րդ դարի եզակի կին քանդակագործներից մեկը Հայաստանում, և այդ տեսանկյունից նրա ստեղծագործության բացահայտումն ու ներկայացնումն առավել արդիական է այսօր»,- նշում է ԳԱԿ գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը։

«Թերեզա Միրզոյան 100» հետահայաց ցուցադրությունը հանրության համար գործելու է 2022 թվականի ապրիլի 22-ից մինչև հունիսի 19-ը: Մուտքն ազատ է:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի միտումները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009թ. նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում կրթական ծրագրեր, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և դասախոսություններ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում