Սումգայիթյան ջարդերի 34-րդ տարելիցը ոգեկոչվեց Բուխարեստի Հայոց Մայր Տաճարում

  • 28.02.2022
  • 0
  • 180 Views

Այս տարի լրանում է Սումգայիթյան ջարդերի 34-րդ տարելիցը: Այդ առիթով փետրվարի 27-ին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի տնօրինությամբ և օրհնությամբ Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարում մատուցվեց Ս․ Պատարագ՝ ձեռամբ արժ․ Տ․ Գրիգոր քահանա Հոլկայի, հավարտ որի տեղի ունեցավ հոգեհանգստյան պաշտոն բոլոր նահատակների հոգիների հանգստության համար: Հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, Ռումինահայոց միության նախագահ տիար Վարուժան Ոսկանյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հավատացյալներ:

Այս առիթով արժ․ Տ․ Գրիգոր քհն․ Հոլկայի կողմից ընթերցվեց Սրբազան Հոր պատգամը, ուր թեմակալ առաջնորդն անդրադառնում է Սումգայիթյան դաժան ու անմարդկային իրադարձություններին, շեշտում հատկապես Սփյուռքի կարևոր դերակատարությունն ու ներգրավվածությունը համահայկական գործընթացներում՝ մասնավորապես նշելով. ,,34 տարի առաջ, 1988թ. փետրվարի 27-29-ին Սումգայիթ քաղաքում իրականացվեցին հայերի դեմ կանխավ ծրագրված զանգվածային ջարդեր: Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին:

Սումգայիթյան ջարդերն, անշուշտ, պատասխանն էին Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում արժանապատիվ և անվտանգ ապրելու իրավունքի, ազգային շարժում սկսելու և այդ իրավունքի համար պայքարի դուրս գալու վճռականությանը։ Արցախի ժողովրդի կողմից սկսված այդ շարժումը կասեցնելու, հայ ժողովրդին վախեցնելու և ահաբեկելու համար Ադրբեջանը ընտրեց հավաքական պատժի քաղաքականությունը` Սումգայիթ քաղաքի հայ բնակչությանը ենթարկելով դաժան խոշտանգումների ու բռնությունների: Եվ դա միայն սկիզբն էր, քանզի Սումգայիթին հաջորդեցին ադրբեջանական այլ քաղաքներ՝ Բաքու, Գանձակ և այլ շրջաններ, որտեղ նույնպես կատարվեցին հայերի էթնիկ զտումներ ու զանգվածային ջարդեր։

Դարձյալ ցեղասպան գործողություններ նույն ոճրագործի ձեռքով, միևնույն ձեռագիրը, որը ավելի քան 100 տարի անց չի փոխվել։ Ավելին, նման ոճրագործություններն այսօր էլ արդարացվում են ամենաբարձր մակարդակով,  բացահայտ հայատյաց քաղաքականություն է վարվում, իսկ հայերին սպանող մարդասպանները հերոսանում են, ինչի ականատեսը եղանք նաև Արցախյան պատերազմների ընթացքում։

Սումգայիթյան ջարդերից 34 տարի անց միջազգային հանրությունը ըստ արժանվույն չի դատապարտել այդ վայրագությունների հեղինակներին, ինչը նաև պատճառ դարձավ, որպեսզի անպատժելիության զգացումով առաջնորդվող ադրբեջանական զինված ուժերը 44-օրյա պատերազմի ընթացքում դարձյալ կատարեն միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, որոնք հանդիսանում են զանգվածային ոճրագործություններ, այդ թվում` էթնիկ զտումներ և ռազմական հանցագործություններ, որոնք ուղեկցվում էին նաև մշակութային ցեղասպանությամբ, հայկական սրբավայրերի ու հուշարձանների ավերմամբ ու պղծմամբ։

Այսօր, հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթի հայկական ջարդերի անմեղ զոհերին, ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ մենք չենք ընկրկելու, ՀԱՅ ԱԶԳԸ շարունակելու է սրբազան պայքարն իր պատմական հայրենիքում ազատ, անկախ և արժանապատիվ կյանքով ապրելու համար, լինի Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում, թե մեր պատմական և ժամանակավորապես կորուսյալ հայրենիքի այլ հատվածներում: Հայ ազգը երբեք ծնկի չի եկել և հավիտյան ծնկի չի գա որևէ բարբարոսի և նվաճողի առաջ, հայ ազգը երբեք չի հրաժարվի Արցախից ու իր պատմական հայրենիքից։

Այսօր մեկ անգամ ևս մենք դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների վայրագ գործողությունները, մեր ձայնն ենք բարձրացնում և միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում։ Դիմում ենք հատկապես ռումին պետությանն ու Ռումանիոյ մեջ գործող միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին, Միավորված Ազգերի Կազմակերպությանը, Յունեսկոյին, ՆԱՏՕ-ին, Կարմիր Խաչին, մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպություններին; Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները բարձրագույն արժեք հռչակելը միայն թղթի վրա առ ոչինչ է, եթե այն գործնականում բախվում է որոշակի շահերի և փոշիանում է։ Աստվածապարգև կյանքը և իր պատմական հայրենիքում ազատ ապրելու մարդկային բնական իրավունքը վեր պետք է լինեն ամեն տեսակ շահերից։

Միևնույն ժամանակ մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր այն միջազգային կառույցներին և մարմիններին, որոնք արձագանքել և դատապարտել են հայերի դեմ կատարված ոճրագործությունները՝ դրանք ի ցույց դնելով աշխարհին:

Իբրև քրիստոնյա հայ ազգ, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, ամուր կառչած մեր պապենական հողերին ու սրբություններին, շարունակելու ենք ապրել ու արարել, յուրաքանչյուրս մեր ոլորտում ու մեր կարողությամբ նպաստը բերելով Մայր Հայրենիքի, Մայր Եկեղեցու, մեր պետականության ամրացման ու բարգավաճման համար:

Մեր կոչն ենք հղում համայն հայությանը՝ վերահաստատելու և վերանորոգելու համար մեր ուխտը և երդումը հանդեպ Աստուծո և հայոց պատմության և մեկ անգամ ևս ամրագրելով հետևյալ անփոփոխ ճշմարտությունները, որ՝

Ա․ ՀՀ-ը հավերժական հայրենիքն է համայն հայության, Արցախի Հանրապետությունը Հայաստանի և Սփյուռքի անբաժանելի մասն է։

Բ․ Արցախի Հանրապետությունը հոգևոր հայրենիքն է համայն հայության։

Գ․ Պատմական ծովից ծով Հայաստանը հայ մտքի և մշակույթի մնայուն հայրենիքն է և համայն հայության տեսլականով ու տեսիլքով վերածնվող հայրենիքը։

Դ․ Հայոց ցեղասպանությունը և Հայ Դատը միջազգային ճանաչման և մեր պահանջատիրության հրամայականն են։

Ե․ Սփյուռքը և սփյուռքահայությունը Հայաստանի և Արցախի հավերժ անբաժան մասն է, որպես հայ Սփյուռքի մեջ արժանապատիվ հայ կյանք ապրելու և ծաղկելու երաշխավորը։

Զ․ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության և ազգային արժեքների պահպանողն ու փոխանցողն է, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի և համայն հայության հարատևության և հավերժության երաշխավորը, իսկ հայ հոգևորականներն այդ երաշխավորության մահապարտ զինվորներն են։

Գլուխ ենք խոնարհում բոլոր նահատակների հիշատակի առջև և աղոթում ենք նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար՝ հայցելով Բարձրյալն Աստծո ողորմածությունը:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի.ամեն,,:

Հավարտ Հոգեհանգստյան արարողության ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու պարտեզում կանգնեցված Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի առջև:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի.ամեն:

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում