Էստոնիայի հայերը. Անցյալը, ներկան, ապագան

  • 31.01.2022
  • 0
  • 653 Views

Հայերը Էստոնիայում. Խաչատուր Աբովյանից մինչեւ մեր օրերը

Հայերի հաստատումը Էստոնիայում.

համայնքային կազմակերպություններ

Հայտնի է, որ հայերը Էստոնիայում  բնակություն են հաստատել 19-րդ դարից: Առաջին հայերի թվում են  եղել  Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի հայ ուսանողները: 1830-ականներին են ուսանել գրող Խաչատուր Աբովյանը, հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը, բանաստեղծներ Ռաֆայել  Պատկանյանը, Գևորգ Դոդոխյանը, Քերովբե Պատկանյանը և ուրիշներ: Հայ ուսանողների թիվն այնքան է աճել, որ նույնիսկ ստեղծել են Հայ ուսանողների միություն։ Տարբեր տվյալներով, 19-20-րդ դդ. Դորպատի համալսարանում սովորել է շուրջ 200 հայ ուսանող: Էստոնահայերի 170 ամյա  պատմությանն է անդրադարձել իր ՙԷստոնիայի հայկական սփյուռքը՚ գրքում (2000թ.) Էստոնիայի ազգային փոքրամասնությունների պալատի նախագահ, Տարտուի՝ Հարավային Էստոնիայի հայկական ազգային միության նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը։ Նրա ասելով հայերի մուտքը Էստոնիա կարելի է անվանել մշակութային-լուսավորչական, քանի որ առաջին հայերը եկել են ուսանելու նպատակով։ 1830 թ-ի սեպտեմբերի 3-ին Դորպատի (Տարտու) համալսարան է եկել Խաչատուր Աբովյանը՝ համալսարանի ռեկտոր Պարրոտի հրավերով եւ մնացել մինչեւ 1836-ը։ ՙՎերք Հայաստանի՚ հեղինակի համար Էստոնիան դարձել է հոգեւոր վերազարթոնքի տեղ, ուսանել է գիտություններ, լեզուներ,  ծանոթացել էստոնացի ժողովրդի կյանքին։  Այստեղ է Աբովյանը մտածել հայոց լեզուն գրականի վերածելու մասին։ ՙՏարտուի համալսարանում կա Խաչատուր Աբովյանի անվան լսարան, որը 1992 թ-ին փակել էին, եւ միայն 2010-ին, երկարամյա պայքարից հետո, վերաբացեցին՚,-պատմում է Գրիգորյանը։ Լսարանում դրված է նաեւ Խ. Աբովյանի կիսանդրին։ 1859-1866թթ. ուսանողների երկրորդ հոսքն է եկել Տարտու՝  Խատիսյանի միջնորդությամբ։ Նրանք նույնիսկ փոքրիկ ուսանողական համայնք են ստեղծել։ 1830-1917 թթ Էստոնիայում ապրել է 370 հայ։ Ռ. Գրիգորյանը նշում է, որ 1912-16թթ Տարտուում գործել է ՙԱրմենիա՚ ուսանողական կորպորացիան։ Իսկ 1918-1940 թթ-ին՝ անկախության շրջանում Էստոնիայի եւ Հայաստանի միջեւ կապը կտրվել է։

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Էստոնիայում մշտական բնակություն են հաստատել շատ հայեր: 1960-70 ական թվականներին սկսվել է նոր հոսք։ Եկել են Ռուսաստանից և Խորհրդային Միության այլ հանրապետություններից գործուղված հայ մասնագետներ: 1989թ.-ի մարդահամարի տվյալներով` Էստոնիայում բնակվել է 1600 հայ: Էստոնիայի Հայ ազգային միության նախագահ Ռազմիկ Իվանյանի ասելով,  2011 թ-ի մարդահամարի տվյալներով հայերի թիվը 1404 է։ Իհարկե, այս թվի մեջ չեն մտնում խառն ամուսնությունների կամ այլ երկրներից ժամանած հայերը։ Այդ դեպքում ընդհանուր թիվը կարող է հասնել 2000-ի։

Հայերը  բնակվում են Տալլինում և Տարտուում, սակավ թվով` Նարվայում, Պյառնուում, Ռակվերում, Տարնույում, Հաապսալույում և այլ փոքրիկ քաղաքներում: Հիմնականում հայերը մտավորականներ են, ճարտարագետներ, ծրագրավորողներ, բժիշկներ, մանկավարժներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ, առևտրական ընկերությունների ղեկավարներ, գործարարներ,  շինարարներ:

Համայնքային կյանքն սկզբնավորել է 1980-ական թթ. վերջին, երբ Էստոնիայում ծավալվել էր ժողովրդավարական շարժումը, իսկ Հայաստանում սկսվել էր Ղարաբաղյան շարժումը, 1989թ.-ին Էստոնիայում գրանցվեցին Տալլինի և Տարտուի հայկական մշակութային ընկերությունները:  Տալլինի մշակութային միությունը ակտիվորեն մասնակցում էր Էստոնիայի ազգությունների միության կազմում, որն աջակցում էր Էստոնիայի անկախության վերականգնման ընթացքին։

1989-91թթ. Տալլինում նախ 1500, ապա 3000 տպաքանակով հրատարակվել է տեղի հայկական մշակութային ընկերության ՙՎահագն՚ ամսաթերթը՝ ինժեներ-ծրագրավորող Անդրանիկ Գյուլգյուլյանի խմբագրությամբ, հայերեն եւ ռուսերեն էջերով։ Լույս է տեսել 14 համար եւ տարածել են ոչ միայն բալթյան երկրներում, այլեւ Ռուսաստանում: Թերթը լուսաբանել է էստոնահայ համայնքի կյանքը, հրապարակել հոդվածներ` նվիրված հայ ժողովրդի և հայ եկեղեցու պատմությանը,  Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Առաջին անգամ լույս են տեսել հոդվածներ ՙՀայկական հարցը էստոնական մամուլում՚  թեմայով։ Ֆինանսական դժվարությունների պատճառով թերթը դադարել է լույս տեսնել 1993-ին։

Տալլինի հայ համայնքը

Էստոնիայում հայկական քաղաքական կուսակցություններ չկան: Համայնքի հասարակական կյանքը կազմակերպում են Տալլինի և Տարտուի Հայկական ազգային միավորումները: 8 տարի է Տալլինի հայ ազգային համայնքը ղեկավարում է Ռազմիկ Իվանյանը, ով նաեւ Էստոնիայի հայ ազգային միության ղեկավարն է։ Ըստ նրա Էստոնիայում գրանցված են եւ գործում են 11 հայկական կամզակերպություններ, որից 8-ը մտնում են Հայ ազգային միության մեջ։ Այդ կազմակերպություններն են Տալլինի ազգային հայկական ընկերությունը, Էստոնիայի Հայ ազգային միությունը, ՙՆաիրի՚ մշակութային-մարզական ընկերությունը, Հայ-Էստոնական բարեկամության ընկերությունը, Տալլինի ՙԿիլիկիա՚ ընկերությունը, ՙԿոմիտաս՚ ընկերությունը, ՙԱտլաս՚ ընկերությունը, ՙԵրեւան՚ ընկերությունը։ Գործում են նաեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցական համայնքի խորհուրդը, ՙԱրարատ՚ մշակութային մջությունը, Էստոնիայի Հայ երիտասարդների միությունը եւ Տարտուի Հարավային Էստոնիայի հայկական ազգային միավորման։ Այս կազմակերպություններից ամեն մեկն ունի մի ուղղություն՝ երաժշտության, մարզական, դպրոցական եւ այլն։

ՙՆախկինում ընդամենը երկու կազմակերպություն ունեինք՝ Տալլինում եւ Տարտուում, իսկ պետության ընդունած որոշումից հետո, ըստ որի ազգային փոքրամասնությունների ընկերությունները ֆինանսական աջակցություն կստանան, եթե լինեն մեկ միության կազմում, եւ առնվազն լինեն հինգը, գրանցվեցին նաեւ այլ կազմակերպություններ՚,- ասում է Իվանյանը։ 1999թ.-ի մարտի 4-ին Տալլինում բացվել է Հայ մշակույթի կենտրոնը, ուր նաեւ համայնքային գրադարանն է եւ դպրոցը։

Իվանյանը 6 տարի Գերմանիայում ծառայելուց հետո, 1987-ին է տեղափոխվել Տալլին, եւ շատ հեշտությամբ ինտեգրվել էստոնական հասարակության մեջ։ 28 ամյա որդին եւ 7-ամյա աղջիկը տանը խոսում են հայերեն, թեեւ հաճախել են ռուսական եւ էստոնական դպրոցներ։ Այսօր որդին օգնում է հորը ընտանեկան բիզնեսում, հրուշակեղենի արտադրամասում եւ ռեստորանում։ Աղջիկը՝ Լիլիթը հաճախում է նաեւ կիրակնօրյա հայկական դպրոց։

Տալլինի հայ ազգային համայնքն արդեն 26 տարեկան է, իսկ Էստոնիայի Հայ ազգային միությունը՝ 16։ Տալլինի հայ համայնքը մոտ 600 անդամ ունի, որից ակտիվ են 100-200-ը։ ՙՄարդիկ կան, որոնց չենք էլ ճանաչում։ 30 տարի ապրում են, բայց չեն շփվում հայ համայնքի հետ՚,-ասում է միության նախագահը եւ  նշում է, որ հիմնականում աշխատում են, որ երեխաները սովորեն մայրենի լեզուն, իմանան ազգային ավանդույթները, բայց նաեւ կարողանան ինտեգրվել էստոնական հասարակությանը։ Ընկերությունը կազմակերպում է միջոցառումներ` նվիրված Հայաստանի պատմության նշանակալից տարեթվերին, տոնում են բոլոր եկեղեցական եւ Հայաստանի պետական տոները, Հայաստանի անկախության օրն են նշել Էստոնիայի խորհրդարանում։ Նպատակն է սատարել հայոց լեզվի և մշակույթի պահպանմանը էստոնահայերի միջավայրում, նրանց հաղորդակից դարձնել էստոնական մշակույթին, նպաստել հայ և էստոնացի ժողովուրդների բարեկամությանը: Էստոնական մամուլում հրապարակում են հոդվածներ Հայոց ցեղասպանության և արցախահայության պայքարի վերաբերյալ:

Տալլինից 100 կմ հեռավորության վրա գտնվող Հաապսալու քաղաքում 2 անգամ նշել են Հայաստանի մշակութային օրեր։ 2014թ. սեպտեմբերի 22-ին  համայնքի ուժերով Հաապսալու քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի եւ ցեղասպանությունից հայ որբերին փրկած էստոնուհի միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի (ՙԲյուլլ մայրիկ՚) հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը: Էստոնուհի միսիոներուհու մասին նաեւ ֆիլմ է նկարահանվում։ Ընկերության նախաձեռնությամբ դեռեւս 1989թ.-ի ապրիլի 29-ին Հաափսալու քաղաքի այն տան պատին, որտեղ իր մանկությունն է անցկացրել միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլը, փակցվել է հուշատախտակ` էստոներեն և հայերեն մակագրությամբ:

Ռազմիկ Իվանյանի ասելով, Էստոնիայում հայտնաբերվել  1686 թվականին հրատարակված հայկական ասացվածքների գիրք, որից աշխարհում ընդամենը 10 օրինակ կա եւ Հայաստանում չկա։ Պատճենահանված տարբերակը ուղարկել են Երեւան։

Հայ համայնքի ղեկավարի կարծիքով, Էստոնիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում դժվար է բեկանել, քանի որ այն ավելի գտնվում է թուրքական ազդեցության տակ, եւ այս հարցում ազդում է նաեւ Հայաստան-Ռուսաստան մերձեցումը, քանի որ ռուսների նկատմամբ խիստ վերաբերմունք կա։ Նույն կերպ ադրբեջանցիներն են փորձում մրցակցել հայերի հետ, սակայն դեռեւս չեն կարողանում  հաղթահարել։

ՙՇատ բան արվել է նաեւ իմ նախորդի՝ Գարիկ Իքնոյանի շնորհիվ, ով բավականին օգնեց համայնքին կազմակերպման հարցերում։ Նա 1998թ.-ից միության վարչության նախագահն էր և 1999-2005-ը Էստոնիայում Հայաստանի Հանրապետության առաջին պատվո հյուպատոսը։ Ցավոք, մի քանի տարի առաջ՝ 2013-ին մահացավ՚,- ասում է Ռ. Իվանյանը։ Ի դեպ, Իքնոյանը  մեծ աշխատանք է տարել նաեւ հայ-էստոնական հարաբերությունների ուղղությամբ, քանի որ ճանաչված էր եւ մեծ կապեր ուներ, Տալլինի պատվավոր քաղաքացի էր։ Նրա կինը՝ էստոնուհի Մարե Իքնոյանը Էստոնիայում ճանաչված լուսանկարիչ է։  

Տալլինի Հայկական ազգային ընկերություն անունը տրվել է 1997թ. ապրիլի 8-ից։ Նախկին՝ Տալլինի հայկական մշակութային ընկերությունը,  որը գրանցվել էր դեռեւս 1989-ի ապրիլի 23-ին, բայց գործել է դեռ 1988-ից, 1995-ին դադարացրել էր գործունեությունը։ Այս կազմակերպությունը ղեկավարել են Արտեմ Դավիդյանցը, Յուրի Վարդանյանը եւ 2007-ից՝ Ռազմիկ Իվանյանը։

Հիմնադրման օրվանից մինչեւ 2003թ. վարչության նախագահն էր Արտեմ Դավիդյանցը, ով մեծ աշխատանք է տարել կառույցի ստեղծման գործում: Նրա ասելով, հայկական ընկերությունը նախ գրանցել էին իբրեւ հուշարձանների պահպանության Էստոնիայի ընկերակցության մասնաճյուղ, այլապես օրենքը թույլ չէր տալիս գրանցվել։ Նախարարություններն սկսել են օգնել, ՙՎահագն՚ թերթն են տպագրել, հայկական դպրոցի ծախսերն են փակել։ 

Ռուսաց լեզվի եւ գրականության մասնագետ, դասախոս Արտեմ Դավիդյանցը 1973 թ-ին ծանոթացել է էստոնուհու հետ, ամուսնացել են, երկու տարի ապրել Երեւանում եւ առաջին երեխայի ծնվելուց հետո տեղափոխվել Տալլին։ Ինքը ծնվել է Բաքվում։ Տալլինում մանկավարժական ինստիտում երկար տարիներ ռուսաց  լեզու եւ գրականություն է դասավանդել, թեկնածուկան թեզ է պաշտպանել, իսկ 1994 թ-ից կնոջ հետ սեփական թարգմանչական գրասենյակն են բացել եւ մեծ հաջողություններ են գրանցել։ Կինը՝ Ինգեն էստոնիայում հայտնի գրող, թարգմանիչ է, երեխաները՝ Քրիստինան կինոռեժիսոր է, Դովլաթովի մասին ֆիլմ է նկարահանել, ՙՈսկե ծիրան՚ կինոփառատոնում մրցանակի արժանացել։ Մյուս աղջիկը՝ Յանան ուսանել է Լոնդոնում, էստոներեն գրքեր է գրում, նաեւ զբաղվում է դիզայնով։ Բրիգիդան երաժշտագետ է, Կոմիտասի մասին դոկտորական է գրում, նաեւ  հայերի ու էստոնացիների մասնակցությամբ ՙԱտլաս՚ անսամբլում է, զբաղվում է նաեւ լրագրությամբ։ Տղան՝ Դավիթը երաժիշտ է, նաեւ սովորում է դերասանական բաժնում եւ ուզում է իրեն փորձել նաեւ այդ բնագավառում։ ՙԱնկախությունից հետո վիճակը վատացել է։ Համայնքում շատերը կորցրել են իրենց աշխատանքը՚,- ասում է նա։

«Չնայած դրան եկեղեցին գրանցեցինք, կազմակերպությունը վերագրանցեցինք, շատ լավ հարաբերություններ ունենք տեղական իշխանությունների հետ, որոշ ծախսերով պետությունն է օգնում, նաեւ նախագծեր ենք ներկայացնում եւ դրամաշնորհ ստանում»՚,-պատմում է Դավիդյանցը։

«Այժմ շատ լավ երիտասարդ սերունդ ունենք, գրագետ երիտասարդություն՝ իրավաբաններ, տնտեսագետներ, ինտերնետային մասնագետներ, ծրագրավորողներ, բանկիրներ, շինարարներ։ 25 տարի անց նրանց երեխաները կմտնեն արդեն էստոնական էլիտայի մեջ, կլինեն լիովին ինտեգրված Էստոնիայի քաղաքացիներ։ Մենք փոքր ենք, բայց ինքնաբավ համայնք ենք եւ ոչ մեկից ոչինչ չենք ուզում։ Այժմ վիճակն ավելի կայուն է, ծանր տարիներն անցան»,- ասում է Արտեմ Դավիդյանցը։

Տարտուի Հայկական համայնքը

Տարտու քաղաքում ապրում է մոտ 160 հայ։ Այս մասին հայտնում է Ռաֆիկ Գրիգորյանը, ով այս համայնքի ստեղծման ակունքներում է։ 1989 թ-ի մարտի 18-ին նրա ջանքերով  ստեղծվել է Աբովյանի անվան Տարտուի հայկական մշակութային միությունը, որը 1999 հունվարի 19-ին դարձավ Հարավային Էստոնիայի հայկական ազգային միավորում։ Այդ ժամանակ միավորումն ուներ 75 անդամ։ Նպատակն էր ծանոթացնել հայ ժողովրդի հոգևոր արժեքներին, էստոնահայերի համար պայմաններ ստեղծել մայրենի լեզուն, պատմությունը և ազգային մշակույթը ուսումնասիրելու համար: Գրիգորյանը նաեւ ՙԼիրա՚ ազգային փոքրամասնությունների հասարակական միավորման փոխնախագահն է։

Գյումրիում ծնված եւ Սարատովում ուսանած Գրիգորյանին 1974 թ-ին հրավիրել են Տարտուի համալսարանի ասպիրանտուրա, որից հետո պատմաբանը մնացել է եւ դասավանդել է փիլիսոփայության ֆակուլտետում։ ՙԺամանակին շատերը գիտեին Հայաստանի մասին, Գյումրին եւ Տարտուն քույր քաղաքներ էին, պատվիրակություններ ու մշակութային խմբեր էին փոխանակում, հետո այդ ամենը դադարեց։ Հայկական փողոցը նույնիսկ վերափոխեցին, մի ընդհանուր օրենքից հետո, որ օտար անվանումներով փողոցներ չպետք է լինեն՚,- պատմում  է նա։ Ռաֆիկ Գրիգորյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Էստոնիայի ժողովրդական ճակատի ստեղծման աշխատանքներում, ինչպես նաեւ ազգությունների ֆորումում։ 1978 թ-ին քաղաքի կենտրոնական պուրակներից մեկում տեղադրվեց Գյումրի քաղաքի նվերը՝ Հայ-էստոնական բարեկամությանը նվիրված հուշարձանը, որի հեղինակն է քանդակագործ Հակոբ Ջիվանյանը։ Տուֆից պատրաստված հուշարձանի վրա երեք լեզուներով գրված է ՙՆվիրվում է հայ եւ էստոնացի ժողովուրդների բարեկամությանը, որի ակունքներում կանգնած է եղել Մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը։ Լենինական-Տարտու, 1978՚։

«Տեղացիները, ովքեր դեռ խորհրդային տարիներին շփվել են հայերի հետ, լավ գիտեն հայ ժողովրդին, նրա մշակույթը, իսկ նոր սերունդը չգիտի։ Հայերը հիմնականում եկել են սովորելու, եւ այդպես մնացել են։ Սակայն ոչ բոլորն են իրենց մասնագիտությամբ աշխատանք գտել։ Մի մասն սկսել է միջին ու մանր բիզնեսով զբաղվել։ Կան հայկական սրճարաններ ու ռեստորան։ Մեծահասակաները էստոներենին լավ չեն տիրապետում, բայց նոր սերունդը շատ լավ խոսում է»,- ասում է Գրիգորյանը։

2010-ից Տարտուում հաստատված Վաչագան Խաչատրյանը, ով դեռեւս 1993-ին է դուրս եկել Հայաստանից եւ ապրել է տարբեր երկրներում, այստեղ կարի արհեստանոց է բացել։ Երեխան ՝ Կարինան ծնվել է Տարտուում։ Արդեն 5 տարեկան է , իր հետ  խոսում է հայերեն, իսկ մոր հետ՝ ռուսերեն, քանի որ նա էլ Ռուսաստանում ծնված հայ է եւ հայերեն  լավ չգիտի։

«Տարտուի հայկական դպրոցի ՙԴվին՚ համույթը բազմիցս ներկայացրել է հայկական մշակույթը էստոնական փառատոններում, էստոնացիները շատ լավ են ընդունում, հետաքրքրվում են մեր մշակույթով»,-ասում է Վաչագանը։ Համույթը նաեւ 1-ին տեղ է գրավել էստոնական հեռուստածրագրում. 35 տարվա ընթացքում  առաջին անգամ հայերեն երգ է հնչել հեռուստատեսությամբ։

30 տարի է Տարտուում է ապրում նաեւ Արմեն Շահբազյանը, ով 14 տարեկանից այստեղ է եւ ինժեների մասնագիտությամբ աշխատել է միչնեւ ԽՍՀՄ փլուզումը։ Այնուհետեւ աշխատանք չկար, եւ այժմ ունի համակարգչային խանութ։ Կինը ռուս է, բայց երեխաների հետ հայերն են խոսում, ակտիվորեն աջակցում են հայկական դպրոցին, նաեւ իր երեխաներն են ելույթ ունենում ՙԴվին՚ համույթում։ Երեխաները մասնակցում են Հայաստանի սփյուռքի նախարարության տարբեր ծրագրերին։

Էստոնիայում ազգային փոքրամասնությունների մասին օրենք չկա։ Փոխարենը գործում է մշակութային ինքնավարության մասին օրենքը։ Ռաֆիկ Գրիգորյանը Էստոնիայի Ազգային փոքրամանությունների պալատի նախագահն է եւ նշում է, որ պետությունն ընդամենը 700 եվրո է տալիս հայ համանյքին, որով վարձում են դպրոցի սենյակը։

Հետաքրքիր է, որ 1 միլիոն 200 հազար բնակչություն ունեցող Էստոնիայում ապրում է 196 ազգություն, գործում են ազգային 210 կազմակերպություններ։ Հայերն ակտիվորեն մասնակցում են Էստոնիայում կազմակերպվող ազգային կոնգրեսներին։ 

ՙՄենք մեր երեխաներին ասում ենք, որ լավ սովորեն, որպեսզի հետագայում հեշտությամբ մտնեն հասարակական ու քաղաքական կյանք՚,- ասում է Գրիգորյանը։

Եկեղեցին

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Էստոնիայի Ս. Գրիգոր առաքելական եկեղեցու համայնքը պաշտոնապես գրանցվել է 1993թ.-ի նոյեմբերի 11-ին Տալլինում եւ անդամակցել է Էստոնիայի եկեղեցիների խորհրդին: 1994թ.-ին Էստոնիայի ավետարանական եկեղեցու խորհուրդը հայ համայնքին է հանձնել (99 տարով) Տալլինի Ս. Իանի անկելանոցի շենքը, որը վերակառուցվելուց հետո գործում է որպես հայկական եկեղեցի: Եկեղեցական խորհուրդը նախ գլխավորել է Գարիկ Իքնոյանը,  իսկ հետո՝ Կարեն Տեր-Հովհաննիսյանը: Համայնքի հոգևոր ղեկավարությունն իրականացնում է 2005 թվականից Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը, ով ամիսը մեկ անգամ Ռիգայից գալիս է Տալլին պատարագ մատուցելու նպատակով։

Մեզ հետ զրույցում Տեր Խոսրովը նշում է. ՙՏալլինում եկեղեցական տոները շատ բարձր մակարդակով նշվում են, համագործակցում ենք Ռազմիկ Իվանյանի հետ։ Նա նաեւ  Եկեղեցական Խորհրդի մեջ է։ Եկեղեցին Բալթյան երեք երկրներում էլ գտնվում է կարիքի մեջ։ Մարդկանց վիճակն էլ է շատ ծանր։ Տարբեր ոլորտներում համագործակցում ենք՝ թե ուսանողների հետ, թե ծերերի հետ։ Մեծ տեղ ենք տալիս ընտանիքի գաղափարախոսությանը՚։

՚Բալթյան երեք երկրների համայնքներն ավելի շատ նման են իրար, քան տարբեր։ Համատեղ ձեռնարկներ ենք իրականացնում։ Ամեն տարի մայիսի վերջին շաբաթ օրը հավաքվում ենք Խաչերի սարում՝ լիտվական Շյաուլյայում, որին մասնակցում են բալթյան երեք երկրների հայերը՚,- ասում է Տեր Խոսրովը։

Հայ-էստոնական կապեր

Հայաստանի և Էստոնիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992թ-ին: Հայաստանի դեսպան Արա Այվազյանը, 2012թ. մարտի 23-ին համատեղությամբ նշանակվել է ՀՀ դեսպան Էստոնիայի Հանրապետությունում եւ Լատվիայի Հանրապետությունում (նստավայրը` Վիլնյուս)։ Լիտվայում ներկայացված է 2011-ին թ-ից։ Դեսպան Այվազյանը մեզ հետ զրույցում նշեց. ՙԼատվիայի եւ Էստոնիայի համատեղությունն ունի իր առավելությունը, քանի որ, պարբերաբար այցելելով երկու երկրներ, համապարփակ պատկեր է ստեղծվում տարածաշրջանի երկրների ընդհանրությունների եւ առանձնահատկությունների վերաբերյալ:  Բալթյան երեք երկրներն էլ մեր կարեւոր գործընկերներն են, որոնք Եվրամիության անդամներից թերեւս առավել լավ են ճանաչում մեր խնդիրները, մարտահրավերները եւ հնարավորությունները:

Կցանկանայի նշել Էստոնիայի  հայ համայնքի եւ նրա ղեկավար Ռազմիկ Իվանյանի հայրենանվեր գործունեությունը: Կազմակերպվել են ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Մարտի 12-ին Տալլինի Սուրբ Հովհաննես եկեղեցում ՀՀ դեսպանությունը եւ Էստոնիայի հայ համայնքը ՙՔեզ հետ, Հայաստա՛ն՚ համերգաշարի շրջանակներում կազմակերպել էին դասական համերգ Էստոնիայի հանրահայտ ՙՀորտուս Մուզիտուս՚ տղամարդկանց պետական երգչախմբի կատարմամբ: 2014թ. սեպտեմբերի 22-ին Էստոնիայի հայ համայնքի կազմակերպմամբ Հաապսալու քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի եւ ցեղասպանությունից հայ որբերին փրկած էստոնուհի միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը: Մարտին Էստոնիայի եւ Լատվիայի Ազգային գրադարաններում եւ Լիտվայի Ցեղասպանության թանգարանում Հայաստանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը եւ ՀՀ դեսպանությունը կազմակերպեցին ՙՀայոց ցեղասպանությունը  համաշխարհային մամուլի առաջին էջերում՚ ցուցահանդեսը: Չնայած Բալթյան երկրներից միայն Լիտվան է 2005թ. ճանաչել Հայոց ցեղասպանությունը` այդուհանդերձ, երեք երկրներն էլ խորհրդարանական պատվիրակություններով մասնակցեցին 2015-ի ապրիլի 23-24-ին Հայաստանում կայացած ոգեկոչման պաշտոնական միջոցառումներին:

Այս փոքրաթիվ եւ նոր համայնքներում 4 տարիների ընթացքում որոշակի փորձ ենք ձեռք բերել, որը կարող է ուսանելի եւ օգտակար լինել ավանդական մեր համայնքների համար՚,- ասում է դեսպանը։  

Էստոնիան նաեւ աննախադեպ օգնություն է ցույց տվել 1988 թվականի երկրաշարժի օրերին, Հայաստան ուղարկելով փրկարարների եւ բժիշկների, այնուհետեւ նաեւ շինարարների։ Աղետի գոտուց մեկ տասնյակից ավելի ընտանիքներ եկել են Տալլին եւ Տարտու։

2013-ին  Հայ-էստոնական մեծ մշակութային նախագիծ է իրականցվել։ Էստոնիայից 300 մշակույթի գործիչներ գնացին Երեւան, Հայաստանից էլ եկան Էստոնիա։ Ժողովրդական դիվանագիտության ՙԲոլորը գնում են Երեւան՚ նախագծի կազմակերպիչը էստոնացի գործարար եւ հասարակական գործիչ Մելիս Կուբիտսն էր։

՚Ծիծեռնակ՚ ռադիոժամը եւ Վարդանյանների ընտանիքը

1992թ. մայիսի 28-ին Գոհարիկ Վարդանյանի եւ Յուրի Վարդանյանի ջանքերով էստոնական պետական ռադիոյում սկսվել են ՙԾիծեռնակ՚ հայկական ռադիոժամի հաղորդումները, որոնք  նախկինում ամեն շաբաթ 1 ժամ տեւողությամբ եթեր էին հեռարձակվում՝ Էստոնական ազգային ռադիոընկերության Ռադիո-4 ալիքով, իսկ այժմ՝ միայն ամեն ամսվա վերջին երկու կիրակի օրերին՝ 45 րոպե։ Ինչպես նշում է Գոհարիկ Վարդանյանը, իրենք պատմում են Հայաստանի և Արցախի քաղաքական ու մշակութային իրադարձությունների մասին, պատրաստում են գիտական, պատմական, կրոնական, երաժշտական, սփյուռքին նվիրված հաղորդումներ։ Պատմական, մշակութային եւ կրոնական հաղորդումները հնչում են հայերեն, իսկ Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի նորությունները՝ ռուսերեն։ Դա հնարավորություն է տալիս, որ ավելի մեծ լսարան ծանոթանա հայկական լուրերին։ ՙՅուրին քաղաքական նորություններն է տալիս,հարցազրույցներ տարբեր գործիչների հետ, իսկ ես՝ մշակութային-երաժշտականը։ Որեւէ խոչընդոտ չունենք՚- ասում է Գոհարիկը։

«Իմ կարծիքով  մեր ունկնդիրները հիմնականում  հայերը չեն, այլ ռուսախոսները։ Մեզ կարող են լսել ոչ միայն Էստոնիայում, այլեւ Ֆինլանդիայի հարավային շրջանում, Սանկտ Պետերբուրգի  շրջանի արեւմտյան մասում, ինչպես նաեւ Լատվիայի հյուսիսում ՝ ֆիննական ծոցում գտնվող նավերում։ Հեռարձակվում է նաեւ ֆմ-ով  եւ համացանցով։ Շատ հաճախ են ստանում ռադիոլսողների դրական նամակները։ Նման վերաբերմունքի պատճառն այն է, որ տալիս ենք հավասարակշռված նյութեր»,- ասում է Յուրին։

Իսկ ամեն ինչ սկսվել է 1992 թ-ին, երբ մի օր զանգել են էստոնական ռադիոյից եւ առաջարկել հայկական ռադիոժամ բացել։ ՙՀայաստանի հեռուստառադիոպետկոմի այն ժամանակվա պետ Սամվել Գեւորգյանը աջակցեց  եւ ռադիոյի Ոսկե ֆոնդից հայկական երաժշտություն էինք ստանում եւ հաղորդում։  Տարեկան երկու անգամ գնում էինք  Հայաստան, հարցազրույցներ վերցնելու՝  հայկական մշակույթը էստոնական ռադիոյով ներկայացնելու համար՚,- ասում է Գոհարիկ Վարդանյանը։ Տեղեկատվական աջակցություն են ցույց տվել նաեւ «Ա-1» եւ ՙՆոյյան Տապան՚ գործակալությունները։   «Ծիծեռնակ» անունը մենք ենք ընտրել։ Ծիծեռնակը Էստոնիայի ազգային խորհրդանիշներից է եւ մեր հայկական ՙԾիծեռնակ՚ երգի հեղինակը՝ Գեւորգ Դոդոխյանը, սովորել է Տարտուի համալսարանում»,- շարունակում  է Յուրի Վարդանյանը։ 23 տարի շարունակ ՙԾիծեռնակի՚ հնչյուններով է սկսվում հայկական ռադիոժամը։ Ցանկացողները կարող են լսել www.r4.ee հասցեով։

«Յուրայի հետ ծանոթացանաք 1987 թվին Տալլիննում, երեք տարի անց ամուսնացանք։ Ծնվել եմ Երեւանում 1952-ին, Արեւմտյան Հայաստանից գաղթած Մուրադյանների ընտանիքում։  Մասնագիտությամբ թավջութակահար եմ,երաժշտական դպրոցում եմ աշխատել 20 տարի՝ ղեկավարելով մանկական կամերային նվագախումբը, իսկ այստեղ չստացվեց, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո դասական արվեստը անտեսվեց։ Նաեւ  հոգնել էի  երաշժտական դպրոցի 20 տարվա աշխատանքից եւ երազանքս էր աշխատել ռադիոյում։ Երազանքս կատարվեց՚,- ասում է Գոհարիկը։

Գոհարիկը ռադիոյից զատ սկսել է նաեւ նկարել։  Ռադիոյի աշխատանքը ազդել է այդ արվեստի վրա։ ՙՄի օր արթնացա ու նկարեցի։ Չգիտեմ ինչով է դա պայմանավորված։ Նկարելու պահանջը թելադրված էր նրանով,որ ես ինքս ինձ այստեղ չգտա երաժշտության ասպարեզում, եւ նկարները պոռթկացին երաժշտական գործիքների տեսքով։ Ջութակ եւ թավջութակ եմ հիմնականում նկարել։ Ցավոք, Հենրիկ Իգիթյանի վաղաժամ մահվան պատճառով, չկայացավ 33 նկարներիս ցուցահանդեսը Երեւանում, բայց Կասկադում մասնակցեցի ցուցահանդեսի։ Այժմ զբաղվում եմ  համակարգչային գեղարվեստական գրաֆիկայով, լուսանկարչությամբ՚։

«Էստոնացիներն ինչպես են վերաբերում հայերին, հայ մշակույթին՚ հարցիս պատասխանում է. ՙ1993-ին էստոնացի ռեժիսոր Կարին Ռայթը Էստոնական երիտասարդական թատրոնի եւ Ռուսական թատրոնի համատեղ ուժերով  բեմադրեց Վիլյամ Սարոյանի ՙԻմ սիրտը լեռներում է՚ վիպակը, ուր Ջոնին հայերեն էր խոսում, «Կռունկ» երգեցին։  Ես էլ հայկական մասով աջակցեցի։ Դրանից հետո մենք մեծ դրական արձագանքներ ստացանք։ Մեր արվեստը մնայուն է եւ մեզ գնահատում են»,- պատմում է Գոհարիկը։ 

Նա նշում է, որ Էստոնիայում իրենք  ինտեգրված են. ՙԻնձ մոտ չկա կոնֆլիկտային վիճակ՚։ ՙՀամայնքային կյանքում բավականին երկար ակտիվ մասնակցում էինք։ Մեծ նախագծեր  իրականացրեցինք, 1990 թվին ՙՀայկական օրեր՚ ենք կազմակերպել։ Տալլիննի կենտրոնում 3 հարկանի շենք ենք վարձել՝ ՙՀայաստանի տուն՚ են բացել, ուր 10 օր շարունակ ելույթներ ունեցան տեղի ու Հայաստանի երաժշական խմբերը, ցուցահանդեսներ բացվեցին, այդ թվում՝  Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը։ Մեր առաքելությունն էր Հայաստանը ցույց տալ պատշաճ մակարդակով՚,- ասում է նա։ Վարդանյան ամուսինները ոչ միայն ակտիվ մասնակցություն են բերել համայնքային կառույցների կազմավորմանը։ Նրանք անդամակցում են Ժուռնալիստների միջազգային միությանը  եւ Էստոնիայի ժուռնալիստների միությանը։

1946 էստոնական Վիլյանդի քաղաքում ծնված Յուրի Վարդանյանը մեծացել է էստոնական միջավայրում, ավարտել է Տալլիննի պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ ինժեներ է, իսկ վերջին տարիներին զբաղվում է թարգմանչական գործունեությամբ, դասախոսություններ է կարդում աշխատանքային օրենսդրության մասին։ Ի դեպ, Վիլյանդի քաղաքում 19-րդ դարի վերջին դասավանդել է Խաչատուր Աբովյանի որդին՝ Վարդանը։ Նա առաջին հայտնի հայն էր այդ քաղաքում, իսկ երկրորդ հայը՝ Յուրի Վարդանյանի հայրն էր՝ Մովսեսը, ով արմատներով Արցախից էր, եւ այս քաղաքում էր հայտնվել Երեւանի բժշկական համալսարանն ավարտելուց հետո՝ 1941-ին։ Համայնքի սկզբնավորման օրվանից Յուրի Վարդանյանը 1989-ից Տալլիննի հայկական մշակութային ընկերության փոխնախագահն էր, ապա Տալլինի հայկական ազգային ընկերության վարչության ակտիվ անդամը եւ նաեւ ղեկավարը՝ 2003-2007 թթ-ին։

Համայնքի ապագայի հարցում նրա կարծիքով .ՙՄեր հույսը նոր երիտասարդությունն է, որ կգա եւ իր ձեռքերում կվերցնի համայնքային կյանքը՚։

 Յուրին իրեն համարում է երեք՝ հայկական, ռուսական եւ էստոնական մշակույթների կրող։ Փայլուն տիրապեում է էստոներենին, գիտի էստոնացի ժողովրդի պատմությունն ու մշակույթը, մտածելակերպը, այս ժողովրդի տանջանքները։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Էստոնիայի անկախության համար տարվող պայքարում։ «Էստոնիան ինձ համար հայրենիք է։ Գիտեմ եւ շարունակում եմ ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, ապրում եմ հայ ժողովրդի ուրախություններով ու ողբերգություններով, նույնիսկ իբրեւ հայ տուժել եմ, բայց միշտ հպարտ եմ եղել որ հայ եմ եւ կարողացել եմ ինչ որ բան անել իմ ժողովրդի եւ Հայաստանի համար։ Ինձ համար Հայաստանը նույնպես հայրենիք է։ Եվ քանի որ հիմնականում ուսանել եմ ռուսերեն լեզվով, ապա շատ լավ գիտեմ  նաեւ ռուսական մշակույթն ու մտածելակերպը։ Ցավոք բոլշեւկյան-ստալինյան տարիներից հետո Ռուսաստանում մտավորականությունը վերազարթոնք չապրեց եւ ռուս ժողովուրդը դեռեւս գտնվում է սովետիզմի ազդեցության տակ։ Բայց ինձ համար Ռուսաստանը մնում է հզոր մշակույթ ունեցող երկիր»,-ասում է նա։

Համայնքի դպրոցները

Ինչպես նշեցինք, Էստոնիայի առաջին հայկական կիրակնօրյա դպրոցները գործում են 1989թ.-ից` Տալլինի հայկական մշակութային ընկերությանը կից (հիմնադիր-տնօրեն` Ա. Դավիդյանց), իսկ Տարտուի դպրոցը՝ (հիմնադիր` Ռ. Գրիգորյան): Տարտուի համայնքի կիրակնօրյա դպրոցի նախկին տնօրենը Ռիտա Քեշիշյանն էր, 2008-ից՝  Ջաննա Շահբազանը, ով տեղափոխվել է Տալլին, սակայն դեռեւս շարունակում է ղեկավարել։ Դպրոց հաճախող երեխաների թիվն անընդհատ փոփոխվում է, բայց 2014-ի դրությամբ մոտ 20 աշակերտ կար։ Երկու դպրոցների աշակերտների ընդհանուր թիվը շուրջ 40 է: Դասավանդում են հայերեն, հայ ժողովրդի պատմություն, մշակույթ, երգ ու պար և այլն:

Տարտուի դպրոցի եւ ՙԴվին՚ խմբի ղեկավար Ջաննա Շահբազյանին հանդիպեցինք Տալլինի հայկական համայնքում։  Նա փաստեց, որ դեռեւս մնում է Տարտուի դպրոցի ղեկավար եւ երկու շաբաթը մեկ անգամ մեկնում է այնտեղ։ Տալլինում արդեն ստեղծել է փոքրիկների երգչախումբ, համերգներ են տվել, հիմնականում երգում են հայկական ժողովրդական եւ էստրադային երգեր. Կոմիտաս, Սայաթ-Նովա, Բաբաջանյան։ 

Ջաննան մասնագիտությամբ ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուսուցչուհի է, 30 տարի  դասավանդում է դպրոցում։ Ամուսինը բելառուս է, երեխաները՝ Միքայելն ու Թամարան ՙԴվին՚ համույթի անդամներ են, հայերեն գրում են, կարդում, երգում եւ պարում։ Աղջիկը որոշել է դասական վոկալի գծով մասնագիտանալ։ Այժմ շահել է կրթաթոշակ եւ սովորում է Տալլինի միջազգային դպրոցում։Ակտիվորեն մասնակեցել են Հայաստանում կազմակերպվող մշակութային փառատոններին, հայագիտական օլիմպիադաներին։

Մշակույթի գործիչները

Տալլինի և Տարտուի հայկական ազգային միավորումների նախաձեռնությամբ երկրի հեղինակավոր սրահներում պարբերաբար կազմակերպվում են ցուցահանդեսներ, համերգներ, այլ ձեռնարկներ: Հայտնի են գեղանկարիչներ Աշոտ Թանդելյանը, Վահան Անանյանը (Քերիբ-Վահան), ով մահացել է, Աշոտ Եղիկյանը, Ալբերտ Մամյանը, քանդակագործներ Ռաֆայել Հարությունյանը, Ռաֆայել Դանիելյանցը,գեղանկարիչ Անահիտ Քլյանը, գեղանկարիչ, քանդակագործ Արսեն Քլյանը, ով նաեւ ունի գեղարվեստի դպրոց եւ ցուցասրահ։

Արագած Կալաչյան- գեղանկարիչ

Գեղանկարիչ Արագած Կալաչյանի ցուցասրահը գտնվում է Տալլինի հին քաղաքի կենտրոնում։ Դա Էստոնիայի մայրաքաղաքում բացված առաջին անհատական ցուցասրահներից մեկն է՝ 1986 թ-ին։ 1979 թ-ից Արագածը հաստատվել է Տալլինում։ Երեւանի գեղարվեստի ուսումնարանում է սովորել, քանդակադրվագման բաժինը գերազանց ավարտել է՝ պարսկահայ քանադակադրվագող Հակոբ Հակոբյաննի  մոտ։ Գնացքով եկել է Տալլին, հին քաղաքը տեսել եւ զմայվել։  ՙՄեծ տպավորություն թողեց ճարտարապետությունը, ես նկարում էի ինձ համար, հետո ցուցահանդեսներ ունեցա, նկարիչների հետ ընկերացա, շատ լավ ընդունեցին։ Այդ ժամանակ ԽՍՀՄ նկարիչների միության երիտասարդական բաժնի անդամ էի, տեղափոխվեցի էստոնական բաժինը՚,-ասում է նա։ -Էստոնական ժամանակակից կերպարվեստը շատ է փոխվել։ Առաջ հողից շատ էին կտրված, տեխնիկան փոխվել է։ Ամեն ինչ չէ, որ նկարչություն եմ համարում։

§Հայ նկարիչները նախկինում ավելի շատ էին, շատերը գնացին  այլ երկրներ, շատերն էլ համայնքի հետ չեն շփվում՚։ Ինքը համայնքի ստեղծման օրվանից եղել է խորհրդի անդամ, ակտիվորեն մասնակցել միջոցառումներին։ Ամուսնացել է էստոնուհու հետ։ ՙԱղջկաս հետ հայերեն եմ խոսում, նա արդեն ամուսնացել է, թոռնիկ էլ ունեմ, մի քանի լեզուներով է խոսում։ Ամեն շաբաթ շախմատ ու շաշկի էի խաղում իր հետ, հայերեն էի խոսում։ Մի քիչ դժվարանում է, բայց ինձ հետ հայերեն է խոսում,- ասում է գեղանկարիչ Կալաչյանը։

Ռաֆայել Դանիելյանց – քանդակագործ

Ռաֆայել Դանիելյանին հանդիպեցինք իր արվեստանոցում։  

-Ծնվել եմ 1951-ին Բաքվում, ավարտել եմ գեղարվեստի ուսումնարանը, բանակում ծառայել եմ Երեւանում,  որից հետո 1977 թ–ին տեղափոխվել եմ այստեղ եւ գերազանցությամբ ավարտել եմ Տալլինի գեղարվեստի ակադեմիան։ Մինչեւ վերակառուցումը լավ էր, ահագին պատվերներ էինք ստանում, թանգարանների համար էի աշխատում։ Այն ժամանակ, քանի որ ես գերազանց էի ավարտել, դասատուներս մշակույթի նախարարություն ուղարկեցին իմ տվյալները, եւ այնտեղից պատվերներ էի ստանում, հետո ամեն ինչ փլուզվեց։ Ամեն մեկը պետք է իր գլխի ճարը տեսներ։ Այդպես, ցավոք, մնացի Տալլինում։ Ես ինտգրվեցի, կինս էստոնուհի է, երեխաներս էստոներեն են խոսում։ Երեք տղա ունեմ, եւ նույնիսկ թոռ ունեմ։ Մեկը Ռիգայում է ապրում, երկուսը՝ այստեղ։ Ավագը նկարիչ է, բայց իր մանսագիտությամբ չի զբաղվում։  Մյուս տղաս նավաստի է, փոքրը ինձ նման գեղարվեստի ակադեմիան է ավարտել։ Երեխաներս նախ հայերեն էին կարդում, հետո միայն էստոներեն սովորեցին։ Ինձ այն ժամանակ ասում էին գնա այստեղից, բայց ես մնացի, թեեւ հոգով ապրում եմ  Հայաստանում։ Ռիսկ չարեցի գնամ Հայաստան։ Օրեցօր ավելի եմ մտածում, թե ինչու մնացի այստեղ՚։

Էստոնիայի նկարիչների միության անդամ է։ Բազմաթիվ ցուցահանդեսների է մասնակեցել թե՜ նկարիչների միությունում, եւ թե անհատական։ Ճապոնիայում ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրվել են նրա երկու գործերը։ ՙԻնձ շատ պատվերներ էին տալիս։ Մի քանի մոնումենտալ գործեր պատրաստել եմ, բայց գումար չլինելու պատճառով չեմ ավարտել։ Այժմ 5-6 գաղափար ունեմ, որ կուզեի իրականացնել՚,-ասում է նա եւ ցույց է տալիս իր նոր քանդակները։

ՙԱյսքան տարի ստեղծագործել եմ,  իմ մտածողությունը ձեւավորվել է, իսկ հայկականը, ազգայինն իմ մեջ է, այնքան խորն է իմ մեջ նստած, ինչպես ամեն մի հայ այդ արմատներով եմ կապված։ Մոտեցումս եվրոպական է, բայց արմատը՝ հայկական։ Բայց իմ աշխատանքներով զուտ հայ քանդակագործ չեմ՚,- ասում է Ռաֆայելը։

Անդրանիկ Քեչեկ- Կոմպոզիտոր, դաշնակահար

Կոմպոզիտոր, դաշնակահար Անդրանիկ Քեչեկը 1994-ին Երեւանից տեղափոխվել է Էստոնիա սովորելու նպատակով եւ մնացել է Տալլինում։ Սովորել է  ստեղծագործական իմպրովիզացիա։ ՙԿոմիտաս՚ հայ-էստոնական կազմակերպության միջոցով տարբեր համերգներ են կազմակերպում։

ՙԷստոնացիներից շատերն ինձ  լավ ընդունեցին, օգնեցին առաջին տարիներին, էստոներեն չգիտեի, եւ մեծ աջակցություն ցույց տվեցին, ինչի համար շատ շնորհակալ եմ։  Ես իմպրովիզացիայի մեթոդիկան առաջարկեցի, եւ ինձ ընդունեցին։ Իմպրովիզացիայի ոլորտում առաջընթաց արձանագրեցի,  մի քանի փառատոն ու մրցույթներ կազմակերպեցինք, եւ այժմ տարիներ շարունակ դասավանդում եմ՚,- ասում է նա։

Քեչեկը ստեղծագործում է տարբեր ոճերում՝ դասական, ջազային, նաեւ հայկական տարրեր է մտցնում։ Թատրոնի, կինոյի համար է երաժշտություն գրում։  Լիտվահայ կինոռեժիսոր Մարատ Սարգսյանի ՙԼեռնավան՚ ֆիլմում հնչում է Քեչեկի երաշտությունը։ Գրել է նաեւ ՙՄոռացված հեքիաթ՚  մանկական մյուզիքլը՝ Տոմաս Կուտերի հետ։ Այժմ է մի այլ մանկական ներկայացման համար է աշխատում։

Սփյուռքում ապրող հայ արվեստագետի դերը Քեչեկը մեկնաբանում է այսպես.  ՙՇատ կարեւոր է ծանոթացնել բոլորին, թե ինչպիսին է հայկական  երաժշտությունը։ Էստոնացի երգիչները երգել են հայկական երգեր՝ ասենք Բաբաջանյանի, իմ երգերը։ Համերգներ ենք ունեցել, հետաքրքրված են եղել հայկական երգերով ու հայերենով։ Շատ հաջող ելույթներ է ունեցել Էրգե Օցմանը, ով հանդես է եկել նաեւ  Երեւանում։

Ժենյա Հովսեփյան- երգչուհի

Երգչուհի Ժենյա Հովսեփյանը  2007 թվականից  ամուսնացել է՝ եկել Տալլին ամուսնու մոտ։  Ավարտել է Երեւանի կոնսերվատորիան, Գոհար Գասպարյանի լսարանը, ՙՏաղարան՚ համույթում է երգել երկու տարի, Կամերային երաժշտության տան մենակատար է եղել, 2007-ին օպերային թատրոնի սկսնակ ստաժոր է եղել։ 23 տարեկանում Հայաստանում երգել է նաեւ ՙՍանտտուս՚ քառյակում, որի հետ շրջագայել է Կովկասյան երկրներում։ Հայաստանում եկեղեցում սկսել է երգել 14 տարեկանից։ ՙՄի ամբողջ կյանք երգել եմ, եւ միշտ Աստծո ձեռքն իմ վրա է եղել։ Հոգեւոր երաժշտությունը շատ հոգեհարազատ է ինձ՚,- ասում է նա։ 

Ամուսինը՝ Մարտիրոս Պողոսյանը պարող է, հայկական ազգային պարեր է ներկայացրել, բայց հիմա բիզնեսով է զբաղվում։ 2 տարի հատկացրել է էստոներենի սովորելուն ու իր նորածին բալիկին։ Մասնագիտական գործուենությունը վերսկսել է 2009-ին իբրեւ  երգչախմբի մենակատար  եւ միանգամից մասնակեցել երկու օպերային ներկայցումների՝ իբրեւ մենակատար։  Պայմանագրային հիմունքներով աշխատում է նաեւ Էստոնիայի ֆիլհարմոնիայում։ Կատարում է  եվրոպական եւ ռուսական երգացանկից։  2009-ին Ռուսական երաժշտության կենտրոնում ելույթ է ունեցել, նաեւ Կոմիտաս է երգել։

«Այդ համերգից հետո միշտ խնդրում են հայկական էլ երգել։ Էստոնացիներին հայկական արվեստը ներկայացնելու առիթներ դեն եղել, իրենց անչափ հետաքրքրել է մեր մելիզների օրիգինալությունը, զգացմունքայնությունը։ Նշել են,  որ մեր երաժշտությունը ինչքան ջերմ է։ Իրենք ասում են՝ հայերի արվեստը լսելուց հետո էստոնականի մասին կարող են եւ չխոսել»,- ասում է Ժենյան։

Ամեն տարի գնում են Հայաստան, փոքրիկ աղջնակը խոսում է հայերեն, ռուսերեն, էստոներեն։ Դաստիարակվում է իբրեւ հայ ընտանիքի աղջիկ։ «Երբ գնում ենք Երեւան, երազում եմ, թե երբ եմ վերադառնալու Հայաստան։ Երեւանում իմ նախկին գործընկերները հրավիրում են իրենց համերգներին երգելու։ Տալլինում  մասնակցում եմ հայտնի էստոնական փառատոնին։ Ես իմ աշխատանքով 8 տարում կարող եմ Տալլինում տուն գնել, իսկ Երեւանում դա անհնար »՚,- պատմում է երգչուհին։

Գոհար Մարկոսյան-Կասպեր- գրող

Գոհար Մարկոսյան- Կասպերի անունը հայտնի դարձավ Պենելոպե վեպի հրատարակությունից հետո։ Մասնագիտությամբ բժիշկ, այժմ հայտնի գրող եւ թարգմանիչ Գոհար Մարկոսյան –Կասպերին հանդիպեցի Տալլինի իր բնակարանում, ուր արդեն 36 տարի է ապրում է իր էստոնացի ամուսնու՝ թարգմանիչ Կալլե Կասպերի հետ։ Նրանք հանդիպել են 1989 թ-ին Երեւանում ՙԼիտերատուրնայա Արմենիա՚ ամսագրում, իսկ մեկ տարի անց ամուսնացել։ Դեռ Հայաստանում Գոհարը բանաստեղծություններ էր գրում, 1990-ին լույս է տեսել նրա առաջին գիրքը։ Ռուսական կրթություն ուներ, ուստի գրում էր ռուսերեն։ Սակայն ավարտել է Երեւանի բժշկական ինստիտուտը, ասեղնաբույժ է, աշխատել է Երեւանի ֆիզիոթերապեւտիկ ինստիտուտի բաժնի վարիչ։ Բժշկական գիտությունների թեկնածու էր։ Տալլինում չկարողացավ աշխատանք գտնել, նախ լեզուն չգիտեր, եւ հետո աշխատանքի թույլտվություն չուներ։ «Մի քանի մասնավոր պոլիկլինիկաներում փորձեցի աշխատել, բայց հիվանդ չկար։ Մի քանի տարի այդպես տառապեցի»,- պատմում է նա։

Տալլինում սկսում է խորանալ գրականության մեջ եւ 1998 թ-ին Սանկտ-Պետերբուրգի ՙԶվեզդա՚ ամսագրում, իսկ հետո 2000-ին Մոսկվայում առանձին գրքով լույս է տեսնում նրա «Պենելոպե» մեծ  աղմուկ հանած վեպը, որը հետագայում հրատարակվեց նաեւ անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով։ Հայերենի թարգմանությունը արդեն կա, եւ նույնիսկ «Նորք» ամսագրում հրատարակվել են հատվածներ, բայց դեռեւս չի տպագրվում ֆինանսների բացակայության պատճառով։ Ինքը թարգմանում է ամուսնու գրքերը ռուսերենի, իսկ ամուսինն իր գրքերը՝ Էստոներենի։ «Պենելոպեին» հաջորդեցին  «Պենելոպեն ճանապարհ է դուրս գալիս», «Ելենա», «Կարիատուհիներ» վեպերը, պատմվածքների եւ պիեսների Ժողովածուները։

Արտագաղթի մասին ունի իր կարծիքը՝ «Կան մարդիկ, որ իրենց կյանքն են փրկում, կան մարդիկ, որ գնում են ուրիշի հաշվին ապրեն։ Արտագաղթը  նորություն չի։ Պոտենցիալ մարդիկ գնում են, օգնում են։ Եթե ես չամուսնանայի, չէի գնա Հայաստանից։  Կմնայի եւ կաշխատեի իբրեւ բժիշկ։ Օտար երկրում ապրելը քաղցր բան չի»,-ասում է նա։

 «Էստոնացիները շատ սառն են, ես մինչեւ հիմա էլ չեմ չեմ համակերպվում էստոնական կյանքին, շատ դժվար է։ Ամուսինս բացառություն է, շատ ջերմ անձնավորություն է»,- ասում է Գոհար Մարկոսյան-Կասպերը։

Գոհարի ամուսինը՝ Կալլե Կասպերը մեզ հետ զրույցում նշում է, որ իր կնոջ գրականությանը նայում է օբյեկտիվորեն եւ համարում է, որ նա ունիվերսալ երեւույթ է ռուս գրականության համար։ ՙԻմ կարծիքով Գոհարը գրում է ֆրանսիական գրականություն՝ ռուսերենով։ Հայկական ոգի կա նրա ստեղծագործություններում, միեւնույն ժամանակ նրա ստեղծագործությունների հերոսը ռուսաց լեզուն է։ Նա կմնա ռուս գրականության մեջ։ Ինչ վերաբերում է հայ էստոնական հարաբերություններին, ապա նախկինում էստոնացիներն ավելի շատ բան գիտեին Հայաստանի մասին, քան հիմա։ Նախկինում շատ էին ճամփորդում։  Շատ ջերմ էին վերաբերում։ Հիմա ավելի քաղաքականացնում են եւ ավելի պրագմատիկ վերաբերվում՚,- նշում է Կասպերը։  Գոհարը նաեւ Էստոնական մշակույթի ֆոնդի եւ Յուրի Դոլգորուկիի անվան մրցանակների դափնեկիր է։

Ցավոք, 2015-ի սեպտեմբերի 10-ին Բարսելոնայում երկարատեւ հիվանդությունից հետո, Գոհար Մարկոսյան-Կասպերը կնքեց իր մահկանացուն։

Երիտասարդությունը եւ համայնքի ապագան

Էստոնիայում ապրում է կրթված ու զարգացած հայր երիտասարդների նոր սերունդ։ Տալլինի հայ երիտասարդների շրջանում շատ են ծրագրավորողները, առնվազն 20 երիտասարդից 5-ը ծրագրավորող է։ Նրանցից մեկն է մաթեմատիկոսների ընտանիքում ծնված Արամ Սահրադյանը, ով 1995 թվից ծնողների հետ  հաստատվել է Տալլինում։  9 տարի հաճախել է ռուսական դպրոց, երկու տարի՝ էստոնական։ Էստոներենին լավ է տիրապետում։ Փոքր տարիքում հաճախել է նաեւ հայկական շաբաթօրյա դպրոց, բայց հայերենը սկսել է բարելավել այն բանից հետո, երբ համացանցի միջոցով ծանոթացել է հայաստանցի իր ապագա կնոջը՝ Շուշանին եւ ամուսնացել։

ՙԾնողներս  չէին թողնում տանը ռուսերեն խոսեմ, միայն հայերեն,- ասում է նա։ Համոզված է, որ նույն կերպ կվարվեն նաեւ իրենք իրենց երեխաների հետ։  Հայրը՝ Գագիկ Սահրադյանը այժմ Էստոնիայում հայտնի հայկական բաստուրմայի եւ պահածոյացված խորովածի արտադրամաս ունի, ինչը բոլորին հայտնի է ՙՀայկական գրիլ՚ անվանումով։

Արամը մասնագիտությամբ ծրագրավորող է, աշխատել է IT ուղղվածությամբ տարբեր ընկերություններում, նույնիսկ Էստոնիայի ներքին գործերի նախարարությունում։ Այժմ  սեփական ընկերություն է բացել, զբաղվում է նաեւ լուսանկարչությամբ, քանի որ փոքր հասակից շատ է սիրել լուսանկարել։ Նույնիսկ կապ է հաստատել ավստրիալացի հայտնի հայազգի լուսանկարիչ Երվանդ Զանազանյանի հետ եւ այժմ սոցիալական ցանցերում զբաղվում է նրա գովազդով։

«Ապագայում ուզում եմ նաեւ Հայաստանում նախագծեր իրականացնել։ Նախ պետք է Հայաստան գնալ, հայերի հետ շփվել եւ ծանոթանալ իրավիճակին»,-ասում է Արամը։

Իսկ թե ինչպես են էստոնացիները վերաբերում հայրերին, պատասխանում է. «Հայերի վարկը բարձր է, շատ լավ գիտեն, որ հյուրասեր ենք, ընտանիքասեր ենք։  Ես սիրում եմ էստոնացիներին, քանի որ պարտաճանաչ են եւ կազմակերպված։ Շատ լավ են զգում, երբ էստոներեն ես խոսում՚»։

«Երեւան» մշակութային միության նախագահ,  իրավաբան Քրիստինա Հակոբջանյանը ծնվել է 1988-ին Տարտուում։ Ուսանել է Տարտուի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, այժմ աշխատում է Սկանդինավյան բանկում։ Հայրը եկել է Տարտուի գյուղատնտեսական ակադեմիայում ուսանելու, բայց երկրաշարժից հետո այլեւս չկարողացան վերադառնալ,քանի  որ իրենք Սպիտակից էին։ Մտածում էին մի քիչ կլավանա վիճակը, կվերադառնան, եւ այդպես մնացին։ Վերջին տարիներին էստոնական Տարնու փոքրիկ քաղաքում հայկական ռեստորան են բացել։ Քրիստինան 5 տարի հաճախել է կիրակնօրյա հայկական դպրոց, հայերն խոսում է, իսկ երբ դժվարանում է, անցնում է ռուսերենի։ Հայաստան գնալիս բարեկամների հետ հայերեն են խոսում։ ՙՄիաժամանակ, էստոնացիները վերաբերոմ են ինձ ինչպես էստոնացու,- ասում է նա։ -Ինքս միշտ հարգանք եմ ցույց տալիս էստոներեն լեզվի ու մշակույթի նկատմամբ։ Ես ու քույրս էստոներենի քերականությունը լավ գիտենք, նույնիսկ էստոնացիների սխալներն ենք տեսնում։ Շատ գործընկերներ էստոներենի տեքստերը ուղարկում են, որ ես ստուգեմ։ Հայերեն դանդաղ  եմ գրում։ Դպրոցում անգլերեն եմ սովորել՝ բիզնեսի թեքումով,համալսարանում իրավաբանությունը  անգլերեն, դիվանագետների դպրոցն էլ եմ ավարտել՚։

«Հայկական ինքնության պահպանումը ամենակարեւորն է։ Մենք պետք է ամեն ինչ անենք մեր ծնողներին հետեւելով։ Ամեն ինչ տնից է սկսվում, եթե տանը ավանդույթները չեն պահպանում, երեխան տանը դա չի տեսնում, հետեւաբար չի շարունակի։ Ես չեմ կարծում, որ հայերեն չիմանալով հայությունը պահպանվում է։ Ամեն ազգի համար իր մայրենի լեզուն է կարեորը։ Եթե ամեն մեկը մտածի, որ առանց հայերեն իմանալու ինքը հայ է մնում, հիմա ոչ ոք հայերեն չէր խոսի»,- ասում է Քրիստինեն։ 

Նրա կարծիքով, երիտասարդության համար ծրագրեր կազմելը ավելի է ծանրանում, երբ մեծանում են՝ իրենց ընտանիքի հոգսերով են զբաղվում։ Երիտասարդության մի մասը շատ ակտիվ է։  Մոտ 150 երիտասարդներ կան այստեղ, բայց շատերը չեն շփվում, ինչպես իրենց ծնողները։

Տալլինում  է ապրել թարգմանիչ և բանաստեղծ Յուրի Շումակովը (1914-97), որը դեռևս 1930-ական թթ. առաջին անգամ էստոներեն է թարգմանել հայ բանաստեղծների գործերը։  2005-ին լույս է տեսել էստոնացի պրոֆեսոր Լեմբո Տաննինգի  ՙՀայկական խնդիր՚ (Armeenia probleem) գիրքը։

Այստեղ է ստեղծագործել նաեւ կոմպոզիտոր Բորիս Փարսադանյանը։

Ալբերտ Ստեփանյանը դարձել է ռեյսլինգով աշխարհի չեմպիոն։ Դավիթ Մաթեւոսյանը նաեւ կարատեի մարզիչ է, 26 տարեկան է, Էստոնիայի չեմպիոն։ «Արարատ» ֆուտբոլային թիմը ղեկավարում է Ավետիս Հարությունյանը, ով նաեւ ակտիվորեն մասնակեցել է Համահայկական խաղերին։ Էստոնիայի կրկնակի չեմպիոն, լողորդ Մարիա Հարությունյանը շահել է երկու ոսկե եւ երկու բրոնզե մեդալ՝ մասնակցելով այդ խաղերին։ Էստոնահայերը մասնակացել են նաեւ Բարեսլոնայի համաեվրոպական խաղերին։ Էստոնիայի ըմբշամարտի եւ ձյուդոյի հավաքականների մարզիչները նույնպես հայեր էին։

Հայերը լիովին ինտեգրվել են էստոնական կյանքում։ Նաեւ հայկական լավաշը, բաստուրման, խորովածի կիսաֆաբրիկատները, պանրի տեսականին ու կոնյակը գրավել են էստոնական խանութները, մեծ պահանջարկ ունեն էստոնացիների շրջանում։

Համայնքը թեեւ փոքր է, բայց կրթված ու կազմակերպված։ Հայերը չեն բողոքում, ամեն մեկն ապրում է իր ամենօրյա հոգսերով, միեւնույն ժամանակ չմոռանալով հայկական արմատների ու հայապահպանության մասին։

Իհարկե, հայերի շրջանում զգացվում է նաեւ էստոնամետ եւ ռուսամետ ներքին պայքարը։ Ինչպես էստոնական հասարակությունն է բաժանված երկու մասի, նույն հարաբերակցությամբ էլ հայերը։

Մեր հանդիպումների ժամանակ զգացի կարեւոր մի մտահոգություն՝ հայոց լեզվի պահպանման հարցը։ Բոլոր զրուցակիցները համակարծիք էին, որ եթե ծնողները չհետեւեն, ապա նրանց երեխաներին ոչ ոք հայերեն չի սովորեցնի։ Հետեւաբար, համայնքային կառույցները պետք է ուժեղանան, որպեսզի շփման եւ հանդիպման վայր լինի։ Այլապես  շատ արագ կմոռանան մայրենի լեզուն, մանավանդ, որ էստոնիայի հայերի 40 տոկոսը կազմում են  խառը ամուսնություններով ընտանիքները։ 

Հակոբ Ասատրյան

Ռիգա,

ՕՐԵՐ ամսագիր, 5-8/ 74/ 2015 թվական

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում