Ռուբեն Վարդանյանի աջակցությամբ Արցախի առողջապահության նախարարությունը ձեռք է բերել գլյուկոզայի մոնիտորինգի համակարգեր

  • 07.11.2022
  • 0
  • 240 Views

Շաքարային դիաբետ (տիպ 1) ունեցող արցախցի երեխաների բուժման գործընթացում այսուհետև կօգտագործվեն գլյուկոզայի մշտական մոնիտորինգի (CGM) Guardian™ Connect համակարգեր, ինչը հնարավորություն է տալու իրականացնել հիվանդների առողջական վիճակի լիարժեք վերահսկողություն և բարձրացնել նրանց կյանքի որակը:

Արցախի առողջապահության նախարարությունը սարքերը ձեռք է բերել «Ապրելու» հիմնադրամի միջոցով՝ վերջերս Արցախի Հանրապետության պետական նախարար նշանակված Ռուբեն Վարդանյանի ֆինանսական աջակցությամբ։

Մինչև բժիշկների կողմից համակարգերի կիրառումը՝ «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամը և համակարգերն արտադրող «Մեդտրոնիկ» ընկերության մասնագետները նոյեմբերի 5-ին Գորիսում վերապատրաստման դասընթաց էին կազմակերպել  Արցախի, Երևանի և Հայաստանի մարզերի 15 էնդոկրինոլոգների համար՝ բժիշկներին ներկայացնելով համակարգի օգտագործման ուղեցույցը։

«Գլյուկոզայի վերահսկման այս համակարգերը շատ տարածված են աշխարհում, բայց Հայաստանում եւ Արցախում դեռեւս լայն կիրառություն չունեն։ Համակարգը շատ որակյալ է եւ բարձրակարգ, իսկ ստացված տվյալները՝ ճշգրիտ, ինչն էլ հնարավորություն է տալիս իրականացնել լիարժեք վերահսկողություն: Այս համակարգերի կիրառումը չափազանց  կարեւոր նշանակություն ունի տիպ 1 շաքարային դիաբետ ունեցող պացիենտների համար, եւ մենք ուրախ ենք, որ Արցախի առողջապահության նախարարությունն արդեն ապահովված է այս սարքերով»,- ասել է «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի ղեկավար Խանդութ Հովհաննիսյանը։

Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի էնդոկրինոլոգ Շողեր Գրիգորյանը համոզված է, որ այս համակարգի կիրառությունը էականորեն բարձրացնելու է բուժման արդյունավետությունը․ «Առաջին տպավորությամբ՝ սարքը շատ լավն է, բայց, իհարկե, պետք է  նաեւ աշխատենք, որ տեսնենք հետագա ընթացքը։ Կարծում եմ՝ շատ  օգտակար կլինի մեր երեխաների առողջության համար»։

«Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամն Արցախի առողջապահության նախարարության հետ իրականացնում է նաև «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» ծրագիրը, որի շրջանակում մինչև 28 տարեկան, տիպ 1 շաքարային դիաբետ ունեցողներն ստանում են անալոգ ինսուլին։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում