Երեւանում տեղի կունենան «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստերը՝ ադրբեջանցիների մասնակցությամբ

  • 21.02.2022
  • 0
  • 866 Views

Փետրվարի 21-ին Երեւանում տեղի է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստը: Մասնակցել են Արեւելյան գործընկերության երկրներից Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի խորհրդարանների, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերի պատվիրակությունների ղեկավարները:

Նիստի ընթացքում Արեւելյան գործընկերության երկրների պատգամավորները ներկայացրել են իրենց երկրներում ընթացիկ քաղաքական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն: Քննարկվել են նաեւ Եվրոպական միությունում եւ Արեւելյան գործընկերության տարածաշրջանում անվտանգային ու քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

Փետրվարի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի են ունենալու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը: 

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները երրորդ անգամ են կազմակերպվում Հայաստանում։ Այս անգամ միջազգային պատվիրակների ժամանումը «խոշորացույցի» տակ էր, քանի որ աշխատանքներին մասնակցելու համար ի թիվս այլ պատվիրակությունների, Երևան գալու համաձայնություն էին տվել նաև Ադրբեջանի պատգամավորները։ Նրանք արդեն Հայաստանում են։

«Եվրանեսթ»-ի օրակարագից դուրս երկկողմ հանդիպումներ և այլ շփումներ նախատեսված չեն, իսկ օրակարգային հարցերը չեն առնչվում «մեծ քաղաքականությանը»։ Շոշափվելու են էներգետիկ, մարդու իրավունքների, տնտեսության, ժողովրդավարության, սոցիալական և նման այլ հարցեր։  

Չնայած նախկինում հայ և ադրբեջանցի պատվիրակների այցելություններ Երևան և Բաքու  եղել են, այս այցելությունը, արցախյան վերջին պատերազմից հետո առաջինն է ու դժգոհությունների առիթ է դարձել։    

«Զվարթնոց» օդանավակայի փակված ճանապարհ և ուժեղացված հսկողություն «Արմենիա–Մարիոթ» հյուրանոցին հարող տարածքում։ Այսօր ու վաղը Հայաստանը միջազգային պատվիրակություններ է հյուրընկալում, եկել են բոլոր նրանք, ովքեր նախապես համաձայնություն տվել են, այդ թվում՝ ադրբեջանցի պատվիրակները։ Ոչ միայն նրանց ներկայությունը, այլև Երևան-Ստամբուլ և հակառակ ուղղությամբ իրականացվող ավիաթռիչքներն են պատճառ դարձել, որ պատերազմի մի խումբ մասնակիցներ այսօր փակեն «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը։ Նրանք ասում էին․

«Ընդհանրապես բոլոր թռիչքների դեմ է։ Մենք թուրքի հետ չունենք բարեկամանալու հարց»։

«Ձեր հայկական թասիբը, ձեր հայկական ինքնասիրությունը ո՞ւր է մնացել»։

«Մեր հայոց Աժ–ում է գտնվում թուրք–ադրբեջանական գործակալական ցանցը։ Պահանջում ենք՝ չկա բարեկամություն թուրքի հետ»։

«Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը փակ մնաց կարճ ժամանակ։ Ադրբեջանցի պատվիրակները մինչ այդ արդեն հասցրել էին ժամանել և տեղավորվել հյուրանոցում։ Երկու օր Հայաստանում անցկացվելու են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը։ Մի մասը տեղի կունենա փակ ձևաչափով, մյուսը՝  առցանց հեռարձակմամբ։ Հայ լրագրողները հնարավորություն չեն ունենա հարցեր ուղղել Ադրբեջանի պատվիրակության անդամներին։ Այդպիսի ձևաչափ նախատեսված չէ, ծրագրված չէ նաև նրանց և մյուս պատգամավորների ոչ ֆորմալ շփումների ձևաչափ, պարզաբանում է «Եվրանեսթ»-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը։

«Ես հասկանում եմ, որ կա հավելյալ զգայունություն, որ դա ՀՀ մայրաքաղաք Երևանն է, բայց երկրները հյուրընկանում են այսպիսի խորհրդարանական վեհաժողովներ։ Մեր երկրի համար կարևոր է, որ, այսօր, երբ ռոտացիոն կարգով այդ հյուրընկալության հերթը մերն է, պատշաճ կերպով, բարձր մակարդակով կազմակերպենք ընդունելություն Հայաստան ժամանած բոլոր հյուրերի համար»։

«Եվրանեսթ»-ը Եվրախորհրդարանի և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Ադրբեջանի համագործակցության խոհրդարանական հարթակն է։ Կառույցի նիստերը ռոտացիոն կարգով՝ հերթով անցկացվում են բոլոր երկրներում։ Այս հարթակի շրջանակում նաև հայ պատվիրակներ են մեկնել Բաքու։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել ապրիլյան պատերազմից հետո՝ 2017-ին։ Երևանից Բաքու էին մեկնել պատգամավորներ Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը։  

«Եվրանեսթ»-ի նիստերը Երևանում են անցկացվել նաև 2012–ին և 2015–ին։ Առաջինի մասնակցելու համար Հայաստան են եկել նաև ադրբեջանցի պատվիրակներ, երկրորդին հրաժարվել են մասնակցել՝ պատճառաբանելով, թե Եվրանեսթը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Այս նիստերին մասնակցելու համար Երևան եկած 2 ադրբեջանցիները Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովն են։ Մեկն անկուսակցական է, մյուսը՝ «Նոր Ադրբեջան» կառավարող ուժի ներկայացուցիչ։ Եվս մեկ անձ ուղեկցում է նրանց։ Պատգամավոր Մարիա Կարապետյանը հստակեցնում է՝ Հայաստանը պատվիրակներին տվել է անվտանգության երաշխիքներ, փոխադարձ այցերի ժամանակ այդ ընթացակարգը նախատեսված է։ Ադրբեջանցիների համար դրանից ավելի «մտերմիկ և հարմարավետ» պայմաններ ստեղծելու, հնարավոր լրացուցիչ շփումների մասին խոսակցություններին և հարցերին իշխող ուժի պատգամավորը սուր է արձագանքում։

«Ես լսեցի, որ ընդդիմադիր պատգամավորները շրջանառում էին «մտերմիկ միջավայրի» խոսակցությունը։ Ես հասկանում են դա ինչի համար է կատարվում՝ քաղաքացիներին նյարդայնացնելու, որ իրենք մտածեն, որ ի հեճուկս մեր բոլորիս համատեղ վերապրած դժվարագույն փուլի, հնարավոր է նման բան։ Կոչ եմ անում մեզ բոլորիս զուսպ ձևակերպումներ ունենալ և այս երկու օրվա ընթացքում այդ 240 վոլտանոց էլեկտրաէներգիայի հոսանքը չմիացնել ՀՀ քաղաքացիների նյարդերին, որովհետև նման բան պարզապես չի կարող լինել, և այդ միտքը չպետք է հղանա որևէ մեկի ուղեղում։ Ինստիտուցիոնալ, ֆորմալ շփումներում դա իմ պարտականությունն է, ես չեմ պատրաստվում 18 տարեկան զինվորի հետևում թաքնվել և առաջարկել, որ ինքը խնդիրը լուծի։ Խնդիրը ես պետք է լուծեմ՝ որպես ՀՀ ընտրված պատգամավոր։ Շատ կարևոր է երկխոսելը, այո, ըստ անհրաժեշտության, բայց այս պահի դրությամբ ՀՀ մայրաքաղաք Երևանում նման բան չի նախատեսվում»։

«Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագծին դեմ արտահայտվելու և ադրբեջանցի պատվիրակներին Հայաստանում ընդունելու համար խորհրդարանական ընդդիմադիրները քննադատում են իշխանությանը։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանը հակադարձում է․  

«Կարծում եմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի «շահերի սպասարկման» մասին խոսելիս՝ լավ կլիներ, որպեսզի արտաքին միջազգային հարթակներում ավելի ակտիվ ներգրավված լինեիք ՀՀ շահերի պաշտպանության գործում, որովհետև թերևս այն մանդատը, որը ձեզ տրված է, չօգտագործելը ևս կարող է դիտարկվել  ու մեկնաբանվել որպես «թուրք–ադրբեջանական շահերի սպասարկում»»։

Խորհրդարանական ընդդիմության պատգամավորները որոշել են մասնակցել «Եվրանեսթ»–ի երևանյան նիստերին։ Օրակարգով նախատեսված է «Եվրանեսթ»-ի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերը։

Այս անգամ, սակայն, աշխատելու է «Եվրանեսթ»–ի ոչ ամբողջական կազմը․ մոլդովական պատվիրակությունը քովիդի պատճառով Երևան չի ժամանել, իսկ Բելառուսի մասնակցությունը վեհաժողովին կասեցված է՝ մարդու իրավունքների ոտնահարումների պատճառով։

Աղբյուրներ՝ Հայաստանի Ազգային ժողով, Հանրային ռադիո

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում