Քառալեզու բառարանի շնորհանդես Վալենսիայում

  • 28.05.2023
  • 0
  • 461 Views

Արարատ Հայկական Միության նախաձեռնությամբ, մայիսի 27-ին, Վալենսիայի հայկական կիրակնօրյա դպրոցում տեղի ունեցավ Տաթև Պապոյանի հեղինակած քառալեզու` անգլերեն-իսպաներեն-ռուսերեն-հայերեն, պատկերազարդ բառարանի շնորհանդեսը։

Այս, իր տեսակի մեջ եզակի, աշխատությունը, հեղինակի մեծագույն երազանքն է եղել, որն իրականություն է դարձել վերջինիս 7 երկար ու ձիգ տարիների համառ և հետևողական աշխատանքի շնորհիվ։

Տաթև Պապոյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական ֆակուլտետի իսպաներեն լեզվի բաժինը, ունի մագիստրոսի աստիճան։ Նա իր նպատակն իրականացնելու ճանապարհին, նաև հիմնել է “Պապոյան” հրատարակչությունը, որը, բացի նմանօրինակ գիտական աշխատություններից, նաև կրթական նյութեր է հրատարակում, որոնք բավականին հանրամատչելի են դպրոցական բոլոր տարիքի երեխաների համար։

Բառարանի շնորհանդեսը նախատեսված էր դեռևս 2020 թվականին, սակայն չարաբաստիկ այդ տարվա համավարակի ու պատերազմի ուրվականը հետին պլան մղեց այս և նմանօրինակ նախաձեռնություններ։ Այդուհանդերձ, գիտակցելով, որ, ի հեճուկս արագ և գրեթե անհայտ ուղղությամբ փոփոխվող աշխարհակարգի, նման կրթամշակութային միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը հրամայական պիտի հանդիսանան հատկապես մեզ` ծայրագույն իրավիճակում հայտնված հայերիս համար, մենք պիտի առավել քան երբևէ գիտակցենք դրանց կարևորությունը, լինենք ազգային արժեքները կրող, պահպանող և զարգացնող առաջամարտիկները։

Շնորհանդեսի բացման խոսքով հանդես եկավ միության նախագահ Արարատ Ղուկասյանը, ով, մինչ հյուրին և վերջինիս աշխատանքը ներկայացնելը, մատնանշեց օրվա խորհուրդը. 105 տարի առաջ, այս օրերին, դեռևս ցեղասպանության թարմ վերքը կրող հայ ժողովուրդը, շնորհիվ նույն ցեղասպանի դեմ մղվող վճռորոշ ճակատամարտերի, ձեռք էր բերել անկախություն, որը, թեև չափազանց կարճ կյանք ունեցավ, այդուհանդերձ ապացուցեց, որ ազգային գաղափարախոսության շուրջ միասնական և համախմբված լինելու դեպքում, հայը կարող է ձեռք բերել թվացյալ անհնարինը։ Ղուկասյանն ուղիղ համեմատություններ տարավ ներկա և հարյուրամյա վաղեմության պատմական անցքերի մասին` մատնանշելով ներկայիս իրավիճակը, երբ հայ ժողովուրդը, միջազգային հանրության հանցավոր լռության պայմաններում, 21-րդ դարում կրկին կանգնած է ցեղասպանվելու վտանգի առաջ։

Ներկայացնելով քառալեզու բառարանն ու նրա հեղինակին` հայկական միության նախագահը նշեց գրքի կարևոր և հանրամատչելի լինելու հանգամանքը։ Նա նաև, օգտվելով ընձեռված հնարավորությունից, ներկայացրեց բազմաթիվ հայկական արմատ ունեցող իսպաներեն բառեր, ինչպես նաև նույնանուն աշխարհագրական տեղանուններ` Հայկական լեռնաշխարհի և Պիրենեյան թերակղզու տարածքներում։

Տաթև Պապոյանը լավագույնս ներկայացրեց իր հեղինակած բազմալեզու բառարանը, որում ընդգրկված են 50 թեմա, ավելի քան 5500 բառ և բազմաթիվ նկարներ ու պատկերազարդեր, որոնք էլ ավելի հեշտ ու մատչելի են դարձնում լեզվի ուսուցումը։ Հեղինակը պատմեց այն բոլոր դժբախտությունների ու խոչընդոտների մասին, որոնք այս կամ այն կերպ ծառացել են գիրքը կազմելու ճանապարհին և որոնք, այդուհանդերձ, էլ ավելի հետաքրքրական են դարձրել նրա աշխատանքը` լի այդ նույն խոչընդոտները հաղթահարելու վճռական կամքով։ Ընդհանուր առմամբ, միջոցառումն անցավ ինտերակտիվ մթնոլորտում, որին անմիջական մասնակցություն էր ունենում հանդիսատեսը` ծագած բազմաթիվ հարցերով ու մեկնաբանություններով։

Շնորհանդեսն էլ ավելի տոնական դարձրեցին տաղանդավոր երաժիշտներ Էդգար Աբրահամյանը, Փարեսա Ասատրյանը, Վիկտորիա Ղազարյանը, Անժելա Գևորգյանը, Ինեսա Աբովյանը, Լիլիա Հայրապետյանն ու Ասիա Թորոսյանը, ովքեր հանդիսատեսով լեցուն սրահը համեմեցին իրենց գեղեցիկ կատարումներով։

Հայկական դպրոցի ուսուցչուհի Աստղիկ Սաղաթելյանն ասմունքեց իսպանական մշակույթին նվիրված Գևորգ Էմինի ստեղծագործությունները։ Իսկ ահա իսպանուհի գրող և բանաստեղծուհի Սանդրա Մարտինեսը (Sandra Martínez) ներկայացրեց հայ ժողովրդին նվիրած իր նոր ստեղծագործությունը` “Աստծո կողմից սիրված ժողովուրդ” (“El pueblo amado por Dios”) խորագրով։ Շնորհանդեսին ներկա էին “Միսլատայի Մշակութային Շարժում” միության ներկայացուցիչները, ինչպես նաև “Կոմպրոմիս” (“Compromís”) կուսակցության անդամները` Սիլվիա Մայկես Սամառայի (Silvia Maiques Samarra) գլխավորությամբ։

Վերջում հավելենք, որ Տաթև Պապոյանի կազմած քառալեզու բառարանի շնորհանդես տեղի կունենա նաև մայիսի 28-ին, Ալիկանտեում` “Հայաստան” միության նախաձեռնությամբ։

Արարատ Հայկական Միություն

Վալենսիա, Իսպանիա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում