«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի մշակութային, կրթական եւ մարդասիրական ծրագրերը

  • 01.03.2023
  • 0
  • 411 Views

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը, ի մի բերելով իր 2022 թվականի գործունեության արդյունքները, առաջ է շարժվում, հավատարիմ մնալով իր առաքելությանը, եւ շարունակում տարիներով ձեւավորված մարդասիրական, մշակութային, կրթական ծրագրերի իրականացման քաղաքականությունը։ Բացառություն չէր նաեւ 2022 թվականը, որի ընթացքում եւս իրականացվեցին բազմաթիվ բարեգործական ծրագրեր։

Անցյալ տարվա մշակութային կարեւոր ձեռքբերումների շարքին է դասվում Վարդուհի Դավթյանի կողմից հավաքագրված «Վահան Թէքէեան. Յօդուածների ժողովածու» եռահատոր հրատարակության առաջին գրքի տպագրությունը, ճանաչված երգահան Պերճ Թյուրաբյանի եւ երգչուհի Նաիրի Գասպարյանի «Հայու հոգին. արեւմտահայ բանաստեղծները երգերում» խորագրով երաժշտական երեկոն, Հ.Թումանյանի թանգարանի հետ համագործակցությամբ՝ Զոհրաբ Ըռքոյանի հեղինակած «Հայկական Քաշաթաղ» ցուցահանդեսը, «ԱԲԳ-ն եւ ընկերները» ցուցահանդեսը՝ Հայաստանի երգիծանկարիչների միության հետ համատեղ եւ մի շարք այլ միջոցառումներ: Հիմնադրամը հովանավորել է նաեւ ՀԹՄՄ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխության «Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգը:

Հիմնադրամը հյուրընկալել եւ օժանդակել է տարբեր կազմակերպությունների ՝ իրականացնելու գրքի շնորհանդեսներ /«Մաղավուզ», հեղինակ՝ Լեյնադ Դանիելյան, «Ազգային ինքնության ակունքները», հեղինակ՝ Համլետ Մարտիրոսյան, «Офицеры-армяне Первой мировой войны», հեղինակներ՝ Ամատունի Վիրաբյան, Սոնյա Միրզոյան/, ցուցահանդեսներ /Վիկտոր Դանիլովի անհատական ցուցահանդեսը, «Իմ ժամանակի մեծերը», հեղինակ Անատոլի Ավետյան/, կինոդիտում /«Երկընտրանք», ռեժիսոր՝ Կարեն Գեւորգյան/:

Կրթության ոլորտի հանդեպ հիմնադրամի ընդգծված ուշադրությունը ավանդական է դարձրել սկսած 2010թ-ից: 2022-ին եւս իրականացվել է «Անվճար դասագրքեր 2022/2023» ծրագիրը, որի շրջանակում Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի եւ Կարբի գյուղի` Վ.Թեքեյանի անվան դպրոցների 150 անապահով աշակերտներին դասագրքեր են անվճար տրամադրվել: ԹԿՀ աջակցել է նաեւ «Հակոբ Պողոսյան կրթաթոշակ – 2022» շարադրությունների մրցույթի կազմակերպմանը, ինչպես նաեւ տեխնիկական օժանդանդակություն է տրամադրել Պարույր Սեւակ գյուղի դպրոցին:

44-օրյա պատերազմից ի վեր իրականացվող «Օգնություն Արցախի մեր հայրենակիցներին» ծրագրի շրջանակում ողջ տարվա ընթացքում շարունակվել է հումանիտար աջակցությունը Արցախից տեղահանված եւ Չարենցավան,  Հրազդան համայնքներում բնակություն հաստատած 338 ընտանիքի. տրամադրվել է շուրջ 14,5 տոննա ընդանուր ծավալով սննդամթերք եւ տնտեսական պարագաներ:

Ամփոփելով՝ նշենք, որ սրանք իրականացված ծրագրերի միայն որոշ մասն են, 2023 թվականին նույնպես շարունակվելու են գործունեության թիրախում մնալ հիմնադրամի գաղափարների ու մոտեցումների իրականացման ուղղությունները։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում