Գրիգոր Շաշիկյանի (Գրիգի) գիրքն արժանացել է գերմանացի Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակին

  • 17.05.2022
  • 0
  • 376 Views

Հայաստանցի ժամանակակից գրող Գրիգոր Շաշիկյանը (գրական անունը՝ Գրիգ) Գերմանիայում արժանացել է գրական պատվավոր՝ Ռյուկերտի անվան մրցանակի(Coburger Rückert-Preis)։

Մայիսի 16-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը մասնակցեց Քոբուրգի Էհրենբուրգ ամրոցի մեծ դահլիճում տեղի ունեցած՝ Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակի պարգևատրման արարողությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի դեսպանությունը։

Այս տարի մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ «Հայաստանի մշակութային օրեր» խորագրի ներքո:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Քոբուրգի 2-րդ քաղաքապետ Հանս Հերբերտ Հարտանը (Hans-Herbert Hartan): Անվանի արևելագետ, բանաստեղծ և թարգմանիչ Ռյուկերտի անվան մրցանակը հանձնվեց Գրիգոր Շաշիկյանին «Հիսուսի կատուն» գրքի համար:

Գիրքը գերմաներեն թարգմանել են Անահիտ Ավագյանը և Վիբկե Ցոլմանը: Միջոցառումն ուղեկցվեց Քոբուրգի թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային քառյակի կողմից հայկական երաժշտության կատարումներով:

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը գրառում կատարեց Քոբուրգ քաղաքի ոսկե գրքում:

Գրիգը ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 13-ին Երևանում` նկարչի ընտանիքում։ 1998 թվականին ընդունվել և 2008 թվականին ավարտել է մայրաքաղաքի Յ. Լեփսիուսի անվան թիվ 88 միջնակարգ դպրոցը։ 2009 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետ։ 2013-2015 թթ. սովորել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում՝ «Համաշխարհային գրականություն և գրականության տեսություն» մագիստրոսական ծրագրով։ 2015-ից նույն ֆակուլտետի ասպիրանտ է։ Գրիգի պատմվածքները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում, անթոլոգիաներում («Գրեթերթ», «Գրական թերթ», «Ցոլքեր», «Անդին», «Նորք», «Երիտասարդ գրողների անթոլոգիա», «ԳՐԵգիրք», «Կայարան», «Дружба народов», «Литературная Армения», «Armenien berättar: Berg under bar himmel» և այլն), հրապարակվել են նաև էլեկտրոնային գրական հարթակներում։ 2013 թվականին Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից արժանացել է Հակոբ Կարապենցի անվան պարգևի՝ 2011-2012 ուսումնական տարում դրսևորած բարձր առաջադիմության և ստեղծագործական ակտիվության համար, իսկ 2013 և 2014 թվականներին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ արժանացել է Ստեփան Ալաջաջյանի անվան կրթաթոշակի։ «Պուճուր մարդը», «Երկու սիլուետ» և «Հիսուսի կատուն» պատմվածքների համար երեք տարի անընդմեջ արժանացել է «Գրեթերթ»-ի՝ «Տարվա լավագույն պատմվածք» մրցանակի։ 2015 թվականին «Անտարես» հրատարակչության «XXI. արդի հայ արձակ» մատենաշարով լույս է տեսել «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն, որի համար 2016 թվականին «Երևանյան բեսթսելեր» նախագծի շրջանակում «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից արժանացել է Լևոն Անանյանի անվան հատուկ մրցանակի։

2016 թվականին Գրիգին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ՝ «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուի համար[1]։

2020 թվականին «Հիսուսի կատուն» պատմվածքի համար Գրիգն արժանացել է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Բաժանմունքի կողմից սահմանված «Խօսք Առ/Be Heard» մրցանակի։

2021 թվականին «Հիսուսի կատուն» գրքի գերմաներեն թարգմանությունը ընդգրկվել է գերմանական Hotlist անկախ հրատարակիչների մրցույթի տարվա լավագույն տասը գրքերի շարքում։

Շնորհավորում ենք մեր հայրենակցին եւ մաղթում բեղուն ստեղծագործական կյանք։

Իր հերթին Մարգարիտ Ասոյան Լինքը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է հայտնի գերմանացի գրողին ու թարգմանչին։

Ֆրիդրիխ Յոհան Միխայել Ռյուկերտը գերմանացի բանաստեղծ, լեզուաբան և թարգմանիչ էր և գերմանական արեւելագիտութեան հիմնադիրներէն մէկը։ Ռյուկերտը զբաուած էր աւելի քան 40 լեզուներով և կը համարուիր լեզուական հանճար։ Ուսումնասիրած է հայոց լեզուն եւ պատմութիւնը։ Ծնած է՝ Մայիսի 16, 1788 Շվայնֆուրտում, մահացած՝ Յունուար 31, 1866 Կոբուրգում։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում