Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի 2 ամսով. նրան կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ, մինչ այդ նրա այգուց տարված առյուծներից մեկը անկել է

  • 07.07.2026
  • 0
  • 21 Views

Այսօր դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։

ԲՀԿ առաջնորդին մեղադրում են «առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման» մեջ։

Հունիսի 6-ին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող 70–ից ավելի ընկերություններում ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել, որոնք տևել են ավելի քան 12 ժամ։

«Դատարանը նաև հաստատեց ձերբակալության իրավաչափությունն այն դեպքում, երբ այդ մասով դատարանում մի բառ անգամ քննարկում չի եղել։ Ո՛չ դատարանն է հարցրել, ո՛չ կողմերն են կարծիք հայտնել, այսինքն՝ կարծես որոշումը գրված-պատրաստ լիներ, պետք էր ստանդարտ ձևակերպումները տալ, ձևական կողմն ապահովել»,- ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

Փաստաբանները նաև հայտնել են, որ Գագիկ Ծառուկյանին կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ։

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխելու համար առյուծների քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։


 «Փաստինֆո»-ի հարցադրմանն ի պատասխան`  Երևանի քաղաքապետարանից խուսափել են որեւէ կոնկրետ տեղեկատվություն տրամադրելուց՝ նշելով, որ առյուծի չարթնանալու մասին տեղեկությունը չեն կարող հերքել կամ հաստատել։ «Այս պահին քննչական գործողություններ են կատարվում, լրացուցիչ մանրամասները կհաղորդվի»,-հայտնել են քաղաքապետարանից;

Ավելի ուշ, Կենդանաբանական այգուց հաստատել են, որ ճերմակ առյուծներից մեկն անկել է։

«Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել». հայտնել են Երևանի կենդանաբանական այգուց։

«Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի տուն, նրան ձերբակալել ու բերման ենթարկել։
Գագիկ Ծառուկյանի այգուց առգրավել են երեք առյուծ և մեկ վագր, նրանց քնեցրել ու տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի։ Առյուծներից մեկն այսօր չի արթնացել։ Կենդանին անկել է։

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված գործողությունները դատապարտել են ընդդիմադիր ուժերն ու քաղաքական գործիչները։

azg.am

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում