«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 12-19-ը

  • 03.07.2026
  • 0
  • 14 Views

Արդեն 23-րդ անգամ կանցկացվի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Այս տարի 90 երկրից շուրջ 600 հայտ է ներկայացվել, որոնցից փառատոնային ծրագրում ընգրկվել է 90 ֆիլմ՝ 40 երկրից։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը, որի աջակցությամբ էլ տեղի է ունենում կինոփառատոնը։

Փառատոնը կանցկացվի հուլիսի 12–19-ը. ցուցադրությունները տեղի կունենան Կինոյի տանը, «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում։ Պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 13-ին։ Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:

Փառատոնին ընդառաջ Կինոյի տանը տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ԿԳՄՍ  նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանի, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանի, փառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի և միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանի մասնակցությամբ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ իր համար մեծ պատիվ է պաշտոնավարման նորամուտին մասնակիցը լինել «Ոսկե ծիրան» փառատոնի ասուլիսին․ «Երկար տարիներ իմ բոլոր ընկերները, գործընկերները, սփյուռքի գործընկերներն իրենց հունիս-հուլիս ամիսները պլանավորելիս հետաքրքրվում են, թե երբ է անցկացվելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ Սա նշանակում է, որ մարդիկ սկսել են իրենց հանգիստը պլանավորել՝ նաև առաջնահերթություն տալով և օրացույցում ունենալով մշակութային այս գեղեցիկ ու կարևոր իրադարձությունը՝ «Ոսկե ծիրան» փառատոնը»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով գործընկերներին և փառատոնի հիմնադիրներին, նշել է, որ հանդիսատեսի համար փառատոնը սկսվում և ավարտվում է օրացույցի որոշակի օրերին՝ որպես ֆիլմեր վայելելու մեկ շաբաթ․ «Մինչդեռ փառատոնի թիմի համար այդ օրերը սկսվել են 23 տարի առաջ և շարունակվում են մինչև այսօր: Յուրաքանչյուր տարվա փառատոնից հետո նրանք նախապատրաստվում են հաջորդ փառատոնին, և այս աշխատանքն ու ջանքերն անգնահատելի են, ինչի արդյունքում «Ոսկե ծիրանը» աշխարհի լավագույն կինոփառատոներից մեկն է»:

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հատկապես կարևորել է «Ոսկե ծիրան» փառատոնի՝ միջազգային ասպարեզում վարկանիշի նշանակալի բարձրացումը, ինչը, ըստ նրա, պայմանավորում է նաև որպես գլխավոր հովանավոր՝ զգալի ավելացնել ֆինանսավորումը։

Նշվել է, որ «Ոսկե ծիրան» փառատոնը վարկանիշավորվել է Կինոպրոդյուսերների ասոցիացիայի համաշխարհային ֆեդերացիայի կողմից՝ ընդգրկվելով թոփ 50 փառատոների մեջ։  

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր փառատոնի սկզբից հավատացել են դրա կայացմանն ու եղել են գաղափարի կողքին. «Մենք սկսեցինք փառատոնը, որ կինո ունենանք, և այսօր կինոոլորտի աշխուժությունը վկայում է, որ ճիշտ ուղղության վրա ենք»:

Փառատոնի ծրագիրը համառոտ ներկայացրել է տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը՝ ընդգծելով, որ «Ոսկե ծիրանի» փառատոնն ունի տարածաշրջանային և միջազգային ազդեցություն, ինչը կարևոր  ձեռքբերում է: Այս համատեքստում նա անդրադարձել է Կաննի կինոփառատոնի հետ համագործակցությանը։

Այս տարի այդ համագործակցության շրջանակում համատեղ արտարդրության չորս կարճամետրաժ ֆիլմ է ստեղծվելու՝ հայ և եվրոպացի ռեժիսորների համահեղինակությամբ:

Կարեն Ավետիսյանի տեղեկացմամբ՝ փառատոնի բացումը տեղի կունենա հուլիսի 13-ին՝  հայ-ֆրանսիական համատեղ արտադրության Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությամբ: Փառատոնի «Միջազգային ժյուրիի» նախագահը ժամանակակից ավստրիական կինոյի առաջատար դեմքերից է՝ Ջեսիկա Հաուսները: Նրա ֆիլմերի պրեմիերաները կայացել են Կաննում և Վենետիկում՝ արժանանալով լայն ճանաչման ժանրային կինոյում նորարարական մոտեցման համար: Մահմուդ Քալարին, որն իրանական կինոյի հայտնի օպերատորներից է, կգլխավորի «Տարածաշրջանային մրցույթի» ժյուրին։

Փառատոնի այս տարվա պատվավոր հյուրն է ֆրանսահայ նշանավոր դերասան Սիմոն Աբգարյանը։

«Մենք ունենք նաև հռչակավոր պատվո հյուր. աշխարհահռչակ լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկին է՝ Օսկարի և բազմաթիվ կինոփառատոնների դափնեկիր: Երևանյան հանդիսատեսին կներկայացվի նրա «Fatherland» նոր ֆիլմը», – ասել է Կարեն Ավետիսյանը:

Միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝  կինոփառատոնն այս տարի ևս կներկայացնի մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր հեղինակավոր միջազգային կինոփառատոներից՝ ներառյալ Կաննը, Բեռլինը և այլ առաջատար կինոհարթակներ։

Փառատոնի գլխավոր պաստառն այս տարի նվիրված է պոեզիային․ գլխավոր պաստառի հեղինակը հայտնի նկարիչ և դիզայներ Իգոր Գուրովիչն է։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում