«Գլենդելի Բնակիչները Պէտք է Ապահով Զգան՝ Համոզուած Լինելով, Որ Ոստիկանութիւնն Իրենց Կողքին է», Գլենդելի Առաջին Հայ Ոստիկանապետ. «Ասպարեզ»

  • 02.07.2026
  • 0
  • 29 Views

Հարցազրոյց Գլենդելի Ոստիկանապետ Ռոբերտ Ուիլյամի Հետ

«Գլենդելի Բնակիչները Պէտք է Ապահով Զգան՝ Համոզուած Լինելով, Որ Ոստիկանութիւնն Իրենց Կողքին է», Գլենդելի Առաջին Հայ Ոստիկանապետ

ՎԱՐԵՑ՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Գլենդելի պատմութեան մէջ առաջին անգամ՝ քաղաքի ոստիկանապետի պաշտօնը զբաղեցնում է հայազգի գործիչ Ռոբերտ Ուիլեամը: Գլենդելի ոստիկանական վարչութիւնում ծառայութեան 24 տարիների ընթացքում, նա ներգրաւուած է եղել տարբեր բաժանմունքների աշխատանքներում, զբաղեցրել է բազմաթիւ պաշտօններ՝ կրտսեր աշխատակցից մինչեւ ոստիկանութեան սպայ, լէյտենանտ, կապիտան, փոխոստիկանապետ՝ նշանակալի ներդրում ունենալով Գլենդելի Ոստիկանական վարչութեան կայացման ու զարգացման գործում: Ուիլեամը վաստակել է իր հեղինակութիւնը նուիրուած ու անխոնջ աշխատանքի շնորհիւ: Նա նաեւ առաջին ներգաղթեալ հայն է, ով գլխաւորելու է Գլենդելի ոստիկանութիւնը: Ուիլեամի ընտանիքը Հայաստանից Միացեալ Նահանգներ է տեղափոխուել 1990ականների սկզբին, սակայն պահպանել է հայկական ինքնութիւնը՝ ոստիկանապետը մտածում ու վարժ խօսում է հայերէն: «Մանկական յուշերս կապուած են Մասիս քաղաքի հետ, որտեղ բնակւում էինք մինչ Ամերիկա տեղափոխուելը: Այստեղ էլ, մեր ընտանիքում հայկական միջավայրը պահպանուել է՝ բոլորս տանը խօսում ենք հայերէն, մկրտուել ենք մեր Հայ Առաքելական եկեղեցում», «Ասպարէզ»ի հետ զրոյցում բացառիկ մանրամասներ է ներկայացնում նորընտիր ոստիկանապետը: 

Ուիլեամի թեկնածութիւնն առաջադրել էր Գլենդելի քաղաքապետարանի կառավարիչը, որ պաշտօնապէս հաստատուեց Գլենդելի քաղխորհդի անդամների կողմից Յունիսի 23ին: Գլենդելի քաղաքապետ Արդի Քասախեանը միանալով զրոյցին, պատմեց, որ Ուիլեամն իր տասնամեակների գործունէութիւնը նուիրել է քաղաքին ծառայութեանն ու խորութեամբ է ճանաչում Գլենդելը, հասարակութեան պահանջներն ու քաջատեղեակ է մարտահրաւէրներին: «Ռոբերտը շատ իւրայատուկ անցեալ ունի, քանի որ քիչ մարդ կայ, որ բառի բուն իմաստով, իր կեանքը վտանգի է ենթարկել քաղաքի ապահովութեան ու անվտանգութեան համար: Նա կարեւոր դեր է ունեցել ոստիկանութեան վարչութեան ձեւաւորման գործում, եւ վստահ եմ, որ նրա ղեկավարութեան ներքոյ Գլենդելը կը շարունակի զարգանալ եւ ծաղկել: Գլենդելի համար նաեւ շատ կարեւոր էր ունենալ հայ ոստիկանապետ, քանի որ քաղաքն այսօր համարւում է ամերիկահայ սփիւռքի կենտրոնը», նորանշանակ ոստիկանապետի մասին կիսուեց Քասախեանը:     

Ուիլեամն իր անցած ուղու, ներդրումների, նոր պաշտօնում ծրագրային առաջնահերթութիւնների մասին կիսուեց «Ասպարէզ»ի հետ հետեւեալ զրոյցում. 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Շնորհաւորում եմ Գլենդելի ոստիկանապետի պաշտօնում նշանակուելու կապակցութեամբ: Ի՞նչն է ձեզ ոգեշնչել դառնալու ոստիկան, ի՞նչ ճանապարհ էք անցել, եւ ի՞նչ է նշանակում նոր պաշտօնը ձեզ համար:

ՌՈԲԵՐՏ ՈՒԻԼՅԱՄ.- Զինուորականների եւ ոստիկանների աշխատանքով տարուած եմ եղել մանկուց: Իմ պատմութիւնը նման է ներգաղթեալ շատ ընտանիքների պատմութեանը, երբ պէտք է նոր երկրում ամէն ինչ սկսէինք սկզբից, եւ երեխաներն էլ ձգտում էին օգնել ծնողներին: Գլենդելի ոստիկանական համակարգ դիմեցի աշխատելու նպատակով, սակայն տարիքս համապատասխան չէր ոստիկան դառնալու համար, բայց ես չյանձնուեցի եւ ներգրաւուեցի որպէս կամաւոր: Երբ ընդունուեցի քոլեջ, ինձ ասացին, որ կարող եմ նաեւ աշխատել որպէս ոստիկանութեան կրտսեր աշխատակից (կադետ), 21 տարեկանում էլ դարձայ սպայ: Գործունէութեանս ընթացքում հանդիպեցի բարեխիղճ ոստիկանների, ովքեր օգնեցին ինձ նաեւ խորհուրդներով՝ պատգամելով լինել յամառ, աշխատասէր ու ազնիւ, ինչը կ՛օգնի հասնել յաջողութիւնների: Գործունէութեանս ընթացքում հնարաւորութիւն եմ ունեցել կատարելու տարբեր առաջադրանքներ՝ աշխատել եմ յատուկ նշանակութեան ջոկատում, եղել եմ խուզարկու: Յայտնուել եմ նաեւ վտանգաւոր իրավիճակներում, ենթարկուել եմ կեանքին սպառնացող հրազէնային յարձակման, եւ այդ պահը շրջադարձային է եղել: Ընտանիքս, մայրս խնդրում էին թողնել աշխատանքս, սակայն որոշեցի, որ ոչ միայն շարունակելու եմ, այլեւ՝ բազմակի ուժերով եմ աշխատելու: Վերջին տասը տարիներին զբաղեցրել եմ ղեկավար պաշտօններ՝ եղել եմ ոստիկանապետի տեղակալ, կապիտան, լէյտենանտ, եւ բոլոր պաշտօններում իմ ձգտումներն ու ակնկալիքները չեն փոխուել: Միակ փոփոխութիւնն այժմ այն է, որ իմ խումբը մեծացել է. նախկինում ղեկավարում էի մի բաժին, իսկ այժմ ամբողջ վարչութիւնն է, եւ շարունակելու եմ գործունէութիւնս նոյն փիլիսոփայութեամբ: Գլենդելի բնակիչները պէտք է ապահով զգան իրենց՝ գիտենալով, որ ոստիկանութիւնն իր տեղում է:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Գլենդելի ոստիկանապետի պաշտօնում դուք առաջին հայն էք: Մեր համայնքի համար սա մեծ առաջընթաց է՝ հաշուի առնելով, որ տարիներ առաջ Գլենդելի ոստիկանական վարչութիւնում քիչ քանակով հայ աշխատակիցներ կային, ինչը չէր արտացոլում քաղաքի հայ բնակչութեան թիւը: Ի՞նչ ուղերձ է սա հայ երիտասարդներին, ովքեր մտածում են ոստիկանի մասնագիտութեան մասին:

ՌՈԲԵՐՏ ՈՒԻԼՅԱՄ.- Տարիներ առաջ, ես այն եզակի հայ երիտասարդներից էի, ով ցանկանում էր ոստիկան դառնալ, ընկերներիս մեծամասնութիւնը նախընտրում էին բժշկի ու փաստաբանի մասնագիտութիւնները: Երբ աշխատանքի անցայ, Գլենդելի ոստիկանական վարչութիւնում ընդամէնը հինգ հայ սպայ էր աշխատում, ովքեր վաղուց էին բնակւում Ամերիկայում: Ես միակ նոր ներգաղթեալն էի, սակայն զգում էի, որ շուտով ունենալու ենք աւելի շատ հայ ոստիկաններ, քանի որ ծանօթանալով մշակոյթին, հայ ծնողները սկսում էին ընդունել, որ Միացեալ Նահանգների իրաւապահ համակարգը տարբեր է իրենց երկրներում ունեցած փորձառութիւնից: Ոստիկանի, որպէս հանրային ծառայողի մասնագիտութիւնը ազնիւ եւ յարգուած մասնագիտութիւն է այս երկրում եւ կարող է բաւարար եկամուտ ապահովել բարեկեցիկ կեանքի համար:

Որոշ ժամանակ պահանջուեց, եւ այսօր շատ երիտասարդներ նախընտրում են ոստիկան դառնալ: Գլենդելի Ոստիկանութիւնում ներկայում հայ ոստիկանների թիւը 35 է, որոնցից ութը կանայք են: Մենք ունենք ծրագրեր, որտեղ հնարաւոր է ներգրաւուել 14 տարեկանից սկսած: Կարծում եմ, հայ պատանիների համար իմ ոստիկանապետ լինելը դռներ է բացում, եւ յուսով եմ շատերը կը հետեւն իմ օրինակին: 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որո՞նք են, ըստ ձեզ, Գլենդելի Ոստիկանական վարչութեան առջեւ ծառացած մարտահրաւէրները: Որպէս ոստիկանապետ ծրագրային ի՞նչ առաջնահերթութիւններ ունէք: 

ՌՈԲԵՐՏ ՈՒԻԼՅԱՄ.- Մեր բաժանմունքի համար ամենամեծ մարտահրաւէրը միշտ էլ լինելու է ստեղծելը միջավայր, որտեղ ոստիկանները ցանկանան աշխատել: Վերջին շրջանում խոշոր ձեռքբերումներ ենք ունեցել՝ աշխատանքի ենք ընդունել նոր ոստիկանների, ստեղծել ենք  հետախուզական նոր կենտրոն՝ յագեցած նորագոյն տեխնոլոգիաներով (արհեստագիտութիւնով), գնել ենք նոր ուղղաթիռ, շարժական հրամանատարական նոր կէտ: Իմ ծրագրային առաջնահերթութիւններից է այժմ ապահովել, որ աշխատակիցները գոհ լինեն աշխատավայրից ու նուիրուած աշխատեն, քանզի երբ նրանք ուրախ են պայմաններից՝ համայնքին էլ լաւագոյնս կը ծառայէն: Գլենդելի ոստիկանական համակարգում մեր առաքելութիւնը ամփոփուած է երեք դրոյթներում՝ պաշտպանել Գլենդելը, պահպանել վստահութիւնն ու մեծացնել մեր ներուժը:

Գլենդելի բնակիչների համար քաղաքի հիմնական խնդիրը անվտանգ երթեւեկութեան հարցն է, ինչի մասին լսում եմ տարբեր կողմերից: Այս հարցն էլ իմ առաջնահերթութիւնների շարքում է, քանզի իւրաքանչիւրս ամէն օր բախւում ենք այս խնդրին, ականատես ենք լինում անբարեխիղճ վարորդների կողմից կոպիտ խախտումների: Ես ծրագիր ունեմ խստացնելու երթեւեկութեան կանոններն ու վերահսկողութիւնը, որը յստակ ուղերձ կը լինի, որ անխոհեմ վարորդների նման վարքագիծը չի հանդուրժուելու: Ընդլայնելու եմ ճանապարհային երթեւեկութեան կանոնների կարգաւորմամբ զբաղուող գրասենեակը եւ կենտրոնացնելու ենք մեր ոստիկանների ջանքերն այս ուղղութեամբ: 

Անդրադառնալով լուրջ յանցագործութիւններին, գործնականում, Գլենդելում թէեւ հազուադէպ, բայց տեղի են ունենում նման յանցանքներ, սակայն մենք հիմնովին բացայայտում ենք՝ լինի սպանութիւն, գողութիւն, թէ կողոպուտ: Մեր խուզարկուները, տեխնոլոգիաները, հետաքննութեան մակարդակը շատ բարձր է եւ յանցագործները միշտ բացայայտւում են: 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպիսի՞ն է այսօր Գլենդելում յանցաւորութեան պատկերը: Ի՞նչ միտումներ էք արձանագրում, եւ ինչպէ՞ս են ժամանակակից տեխնոլոգիաներն օգնում յանցագործութիւնների կանխման եւ բացայայտման գործում:

ՌՈԲԵՐՏ ՈՒԻԼՅԱՄ.- Ես միշտ ուշադիր եմ վիճակագրութեանը՝ հասկանալու ոչ միայն թէ ինչ կարգի յանցագործութիւններ են տեղի ունենում, այլ՝ ինչ կարգի ձերբակալութիւններ են իրականացւում, որտեղ եւ երբ: Այդպիսով, մենք փնտռում ենք կրկնուող միտումներ (pattern), եւ երբ գտնում ենք, գիտենք, թէ ինչպէս պայքարել այդ յանցագործութիւնների դէմ: Օգտագործում ենք մեր հետախուզական կենտրոնի բարձր տեխնոլոգիաները, տեսախցիկները, ինչն առաւել դիւրին է դարձնում յանցագործութիւնների բացայայտումը: Նոյնիսկ քրէական աշխարհում ասում են՝ աւելի լաւ է յանցանք չգործել Գլենդելում: Ես այս մասին լսել եմ ողջ գործունէութեանս ընթացքում, եւ ասուածից վառ վկայութիւնն է մի դէպք. երբ աշխատում էի որպէս գաղտնի հետախոյզ եւ փորձում էի թմրավաճառներին բերել Գլենդել, նրանք հրաժարուեցին՝ նշելով, որ Գլենդելի ոստիկանները խիստ են: Ես ցանկանում եմ պահել Գլենդելի այս համբաւը: 

Այդուհանդերձ, յանցագործութիւններ տեղի ունենում են, եւ յատկապէս «Քովիդ» համաճարակի եւ դրան նախորդող շրջանում, բնակարանային գողութիւնների բազմաթիւ դէպքեր ենք ունեցել: Սակայն վերջին շրջանում դրանք նուազել են՝ նախորդ տարուայ համեմատ մենք կրճատել ենք այդ թիւը 40 տոկոսով: Սա տեղի է ունեցել նաեւ շնորհիւ ոստիկանների թուի աւելացման: Գլենդելի քաղխորհուրդը մէզ մեծապէս աջակցեց ֆինանսապէս, որպէսզի կարողանանք աշխատանքի ընդունել 22 նոր ոստիկանների: Գիտականօրէն ապացուցուած է, որ երբ ոստիկանները շատ են հանրային վայրերում, արձագանգում են տարատեսակ խախտումների, դա ազդեցութիւն ունենում յանցագործների վրայ: Իմ փիլիսոփայութիւնն է՝ բարձր տեսանելիութիւն ապահովել, որ մեր բնակիչներն էլ իրենց անվտանգ զգան: 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ներկայի ամենամեծ մտահոգութիւններից է թմրանիւթերի չարաշահումը յատկապէս երիտասարդների շրջանում: Գլենդելի ոստիկանական վարչութիւնը մեծ ուշադրութիւն է դարձնում նաեւ այս խնդրին՝ «Թմրանիւթերի չարաշահման եւ հոգեկան առողջութեան ռեսուրսներ»ի ծրագրի միջոցով: Ի՞նչն առիթ հանդիսացաւ ստեղծելու ծրագիրը եւ ի՞նչ ծառայութիւններ էք առաջարկում հանրութեանը: Ովքե՞ր կարող են դիմել, եւ դիմելու դէպքում արդեօ՞ք տուեալ անհատին չեն սպասւում իրաւական հետեւանքներ: 

ՌՈԲԵՐՏ ՈՒԻԼՅԱՄ.- Շատ ուրախ եմ, որ բարձրաձայնեցիք Գլենդելի ոստիկանական վարչութեան՝ Թմրանիւթերի չարաշահման եւ Հոգեկան առողջութեան ծրագրի մասին (Substance Abuse and Wellness Resource Program): Սա այն հարցն է, որ անկախ մարդկանց ազգային պատկանելիութիւնից, ընկերատնտեսական կարգավիճակից՝ ազդում է բոլորի վրայ: Ծրագրի միտքն առաջացաւ իմ եւ գործընկերոջս մօտ, երբ համաճարակի շրջանում յատկապէս թմրամիջոցների չարաշահման դէպքերի աճ արձանագրուեց: Մենք ականատես էինք լինում թմրամիջոցների մեծ չափաբաժնի օգտագործման հետեւանքով մահերի զգալի աճի, եւ հիմնական վնասը «Ֆենտանիլ սինթետիկ օփիոիդ»ից էր: Մենք պատասխանատուութեան էինք ենթարկում թմրանիւթեր պահողներին եւ օգտագործողներին, սակայն դրանով խնդիրը չէր լուծւում, այդ մարդկանց հարկաւոր էր օգնութիւն: Շատ դէպքեր են եղել, երբ նաեւ հայ ընտանիքներ են դիմել ինձ՝ խնդրելով օգնել իրենց զաւակներին, սակայն մենք որեւէ ծրագիր չունէինք: Ոստիկանութիւնը կարող էր մի քանի անգամ ձերբակալել թմրանիւթ գործածողներին, սակայն եթէ կայ կախուածութիւն՝ խնդիրը չի լուծւում: Մեր քաղաքի բնակիչներին օգնելու նպատակով որոշեցինք ստեղծել մի ծրագիր, որը միջոցներ կը տրամադրի, կ՛ուղղորդի եւ կ՛օգնի թմրանիւթերի չարաշահման եւ հոգեկան խնդիրների դէպքում: Ծրագիրը սկսուեց 2022ին, նահանգի ֆինանսաւորմամբ, եւ իմ ղեկավարութեամբ: Ընդունեցինք դարմանատնային տնօրէն Սոնա Յովսէփեանին, մասնագէտ ով հանդիսանում է այս ծրագրի ձայնն ու ողնաշարը: Որպէս նաեւ հոգեկան առողջութեան ոլորտի մասնագէտ, նա լաւագոյնս իրականացնում է իր գործառոյթներն ու մենք մեծ յաջողութիւններ ենք արձանագրում: Յովսէփեանն աշխատում է համայնքի հետ, ինչպէս նաեւ տարբեր գերատեսչութիւնների, հանրային դպրոցների հետ՝ իրազեկելով մեր հասարակութեանը, մանկավարժներին եւ ծնողներին թմրանիւթերի սպառնալիքների, կանխարգելման ձեւերի մասին, ծանօթանում է խնդիրներ ունեցողներին՝ օգնում է նրանց գտնել ուղիներ եւ միջոցներ խնդիրը յաղթահարելու համար: Մեր համայնքում էլ շատերը, որ օգնութեան կարիք ունեն, չեն դիմում, քանի որ այս հարցի շուրջ կայ խարան եւ ձերբակալուելու վախ: Սակայն յորդորում եմ առանց մտահոգութեան դիմել ծրագրին, քանի որ մեր նպատակը ձերբակալելը չէ, այլ՝ օգնելը: Յատկապէս խօսքս ուղղում եմ ծնողներին՝ եթէ ձեր երեխային գտնենք փողոցում թմրանիւթ գործածելիս, նա միեւնոյնն է պատասխանատուութեան կ՛ենթարկուի, սակայն ծառայութիւնները չեն սահմանափակւում ձերբակալութեամբ, այս սկսւում են այդ պահից՝ յաջորդիւ օգնելու մտադրութեամբ: Մեր նպատակն է նպաստել նրանց վերականգնմանը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Գլենդելում, վերջին շրջանում նաեւ մտահոգութիւնների տեղիք է տալիս անօթեւանների հարցը: Ի՞նչ գործառոյթներ են վերապահուած ոստիկաններին այս հարցում: 

ՌՈԲԵՐՏ ՈՒԻԼՅԱՄ.- Գլենդելի ոստիկանութեան վարչութեան ներքոյ գործում է HOPE ծրագիրը (Անօթեւանների օգնութիւն եւ հոգեբանական գնահատում), որի նպատակն է ուղիներ ցոյց տալ, ուղղորդել եւ օգնել անօթեւաններին, ինչպէս նաեւ՝ կանխարգելումը: Ոստիկանների եւ հոգեկան առողջութեան մեր մասնագէտների խումբը պարեկային ծառայութիւն է իրականացնում՝ անօթեւան անձանց մշտական բնակարան տեղափոխելու եւ նրանց, անհրաժեշտ խնամքի եւ այլ միջոցների հետ կապելու ուղղութեամբ: Մենք նաեւ համագործակցում ենք տեղական մի քանի կազմակերպութիւնների եւ ընկերային ծառայութիւնների հետ՝ համապարփակ աջակցութիւն տրամադրելով նրանց: 

Հասարակութեան շրջանում ոստիկանութիւնից անիրատեսական սպասումներ կան, սակայն տեղեկացնեմ, որ անօթեւան լինելը յանցագործութիւն չէ, եւ մենք չենք կարող ձերբակալել մէկին փողոցում ապրելու համար, նրանք իրաւունքներ ունեն: Սակայն ոստիկանութիւնը աչալուրջ է, չենք հանդուրժում, երբ անօթեւան անձիք ալկոհոլ (ոգելից ըմպելի) կամ թմրանիւթ գործածեն, կամ ստուարաթղթէ տուփերից տնակներ կառուցեն: Մենք հետեւողական ջանքեր ենք կիրառում նրանց օգնելու փոխել կենսակերպը, սակայն շատ դէպքերում նրանք դիմադրում են, չեն ուզում օգնութիւն, պարզապէս ուզում են մենակ մնալ: Այդուհանդերձ, իմ ուղերձն այն է, որ մենք ուզում ենք Գլենդելը անվտանգ ու մաքուր պահել, եւ յամառ ենք լինելու այս հարցում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.-Հանրային վստահութիւնը ոստիկանութեան արդիւնաւէտ աշխատանքի հիմքերից է: Որպէս ոստիկանապետ՝ ինչպէ՞ս էք պատրաստւում ամրապնդել այդ վստահութիւնը, եւ ինչպիսի՞ համագործակցութիւն էք պատկերացնում ոստիկանութեան եւ համայնքի միջեւ:

ՌՈԲԵՐՏ ՈՒԻԼՅԱՄ.- Ես հաւատում եմ, որ ոստիկանութեան աշխատանքը երկկողմանի ճանապարհ է՝ կողմերը երկուստեք կրում են պատասխանատուութիւն: Մարդիկ ասում են, որ Գլենդելը շատ ապահով ու անվտանգ է, քանի որ ունենք լաւագոյն ոստիկանական բաժանմունքը: Ես էլ կ՛ասեմ, որ դա արդիւնք է նաեւ նրա, որ մենք ունենք օրինապահ հասարակութիւն, բնակիչներ, ովքեր աջակցում են ոստիկանական բաժանմունքին: Եւ այն ինչ ունենք՝ հնարաւոր է դարձել համատեղ աշխատանքով:

Իմ աշխատանքային փիլիսոփայութեան հիմքում հասարակութեան հետ համագործակցութիւնն է, վստահութեան եւ յարաբերութիւնների ստեղծումը: Մենք հանրութեան մի մասն ենք, եւ ձեռքբերումների համար մեզ անհրաժեշտ է համայնքի ներգրաւուածութիւնն ու մասնակցութիւնը:

Մենք փորձում ենք բաց եւ թափանցիկ լինել մեր աշխատանքի եւ ծրագրերի մասին, մեր կայքի միջոցով մշտապէս ներկայացնում ենք մեր գործունէութիւնը, խօսում ենք մեր բնակիչների հետ, ունենք կրթական, տեղեկատուական ծրագրեր: Մեր ցանկութիւնն է, որ քաղաքի իւրաքանչիւր բնակիչ հանգիստ զգայ դիմելու ոստիկանութեանը, երբ օգնութեան կարիք ունենայ կամ ցանկանայ տեղեկութիւն հաղորդել յանցագործութիւն մասին՝ առանց մտահոգուելու, որ կարող է խնդիրներ ունենալ: Մեր վարչութեան իւրաքանչիւր ոստիկան, պատրաստ է զրուցել եւ համագործակցել մեր բնակիչների հետ, ինչպէս այս պահին ես զրուցում եմ ձեզ հետ: Իմ եւ մեր փիլիսոփայութիւնն է՝ լինել բաց եւ հասանելի, եւ նոյնն էլ ակնկալում ենք մեր համայնքից։

Աղբյուր՝ Հարցազրոյց Գլենդելի Ոստիկանապետ Ռոբերտ Ուիլյամի Հետ – Asbarez – Armenian

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում