
ՕՐԵՐ- Պրահա, հունիս 28- Այսօր Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցին լի էր կոմիտասյան շնչով։ Կոմիտաս վարդապետի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացրեց Հայաստանից ժամանած շնորհաշատ երգիչ Հայկ Պետրոսյանը՝ երգելով ու բացատրելով մեծ երգահանի թողած ժառանգության ժողովրդական ակունքները։
Ապա Հայկ Սրկ. Ութիջյանը շարունակելով՝ հրաշալի կատարեց Կոմիտաս վարդապետի հոգեւոր գոհարները, նրա ձայնագրած երկու տաղերն ու մեկ շարականը։ Այնուհետեւ երգչուհի Անուշ Բադալյանը կատարեց «Կռունկը», իսկ կոմիտասյան ծրագիրը եզրափակվեց Բարսեղ վրդ. Փիլավչյանի կոմիտասյան կատարումներով եւ վերջին երեք կատարողների համատեղ հանպատրաստի ելույթով։ Նրանք երգեցին «Կանչե, կռունկ, կանչե» ժողովրդական երգը, որ ձայնագրել է Կոմիտասը։
Չնայած սարսափելի շոգին, ներկաները սիրով վայելեցին կոմիտասյան հրաշք երեկոն, իսկ Orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը շնորհակալություն հայտնեց նման ձեռնարկի համար՝ հատկապես կարեւորելով Հայկ Պետրոսյանի կոմիտասյան ժառանգության ժողովրդական լայն զանգվածներին մատչելի ներկայացնելու ծրագիրը։
Հունիսի 28-ի երեկոյան Պրահայի Ռադեկ Բրզոբոհատիի թատրոնում տեղի ունեցավ նաեւ Հայաստանի երգիչների համերգը։ Ելույթներ ունեցան «Բոինգ» խումբը եւ Հովիկ Արշակյանը հայկական ժողովրդական երգերի սեփական մշակումներով , Վարդան Բադալյանը՝ Սայաթ Նովայի, Ամիրխանյանի ու հայ այլ կոմպոզիտորների երգերով, Անուշ Բադալյանը՝ Բաբաջանյանի, Գրիգորյանի երգերով, իսկ երեկոն հիանալի վարեց եւ Ազնավուրի ու իր սեփական երգերը ներկայացրեց տաղանդավոր երգիչ Հայկ Պետրոսյանը։ Հանդիսականները ջերմությամբ ընդունեցին հատկապես «Իմ անունը Հայկ է» հրաշալի երգի կատարումը։ Իսկ Վարդան Բադալյանի կատարմամբ Ամիրխանյանի «Երազ, իմ երկիրը» նոր լիցք հաղորդեց ներկաներին, ինչպես «Բոինգ» խմբի աշխույժ կատարումները։
Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վրդ. Փիլավչյանը շնորհակալություն հայտնեց երաժիշտներին, երգիչներին մասնակցության եւ իհարկե ծխական խորհրդի անդամ Պարգեւ Վիրաբյանին ու ծխական խորհրդին աջակցության համար։















