Սարոյան եղբայրներ. պառակտման անատոմիան. Լուսինե Հովհաննիսյան 

  • 09.06.2026
  • 0
  • 40 Views

Իսկ մենք կարո՞ղ ենք թուրքերին պարտադրել մեր խաղաղությունը:

-Կարող ենք, ինչու՞ չենք կարող:

– Հրեն՝ Սարիղամիշում ենդե գնա պարտադրի՛:

Հա, հա, այ կողքներս են՝ ռուսների օգնությամբ:

Օգնությա՜մբ, էլի  «օգնությամբ » 

Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդայնացմանը նախորդող  խառնակ շրջանում քաղաքական հակադիր կողմերում հայտնված երկու եղբայրների՝ Հայկի ու Գևորգի մասին  դասական այս ֆիլմն ըստ իս, ամեն հայ պիտի նայած լինի [1], ու ինքն իր համար գտած լինի բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք Սարոյան եղբայրների վիճաբանության առարկան են: Պառակտման դարմանը՝ ճանաչել-իմանալն է, իսկ դրա համար՝ պառակտումը պիտի հատվի-բացվի, ինչպես որ մարմնի թաքուն մասն են բացում՝ պարզելու դրա կազմախոսությունը՝ անատոմիան (հունարեն՝ ես հատում-բացում եմ):

«Հայֆիլմ» կինոստուդիայում 1969-ին թողարկված «Սարոյան եղբայրներ» ֆիլմն ինչ-որ անհայտ մի օրինաչափությամբ՝ պառակտման առիթ է եղել նաև հայ կինոյում: Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ» պիեսի հիման վրա նկարահանված ֆիլմի առաջին ռեժիսորը էռնեստ Մարտիրոսյանն էր, որի նկարահանած տարբերակը մերժվեց: Հրավիրվեց  փորձառու ռեժիսոր և դերասան Ֆրունզե Դովլաթյանը: Հակասությունների ու պառակտման մթնոլորտն ի վերջո հանգուցալուծվեց առաջին ռեժիսորի, նրա օպերատորի (Լևոն Աթոյանց) և Հայկի դերակատար Նուգզար Շարիայի հեռանալով:  Ի դեպ, վերջինս արտաքնապես նման էր Գևորգ Սարոյանի դերակատար Խորեն Աբրահամյանին, իսկ եղբայրները ֆիլմում միավորվում էին հայրենիքի փրկության համար, ոչ թե հակադրվում  և զոհվում:

Nugzar

Նուգզար Շարիան՝ «Սայոդի զանգը» ֆիլմում (1966)

Ինչևէ,  նկարահանված գրեթե 1700 մետրանոց ժապավենը ոչնչացվեց [2], ու թեև դերասանական հիմնական կազմը պահպանվեց, սակայն ֆիլմն ըստ էության, վերանկարահանվեց՝ ենթարկվելով սցենարական հիմնավոր փոփոխությունների:  Խորհրդային մամլիչով  անցկացնելով՝ ֆիլմի գեղարվեստական ղեկավար Ֆրունզե Դովլաթյանը, որն  իրականում ֆիլմի փաստացի ռեժիսորն էր ու նաև Հայկ Սարոյանի դերակատարը, կարողացավ  կարճ  ժամանակում վերանկարահանել ու հաջողությամբ ավարտին հասցնել ժամանակի համար չափազանց բարդ այդ նախագիծը:

Ֆիլմն ինչ-որ առանձնահատուկ դաշտ է ստեղծում հենց առաջին իսկ կադրից ու հնչյուններից. կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի  կինոերաժշտությունը  մինիմալիզմով շահեկանորեն շեշտում է ֆիլմում առկախ սպասումը, անորոշությունն ու վերահաս ողբերգությունը: Խորհրդային կաղապարին հակակշռում է դերակատարների կենդանի խաղը՝ խորիմաստ կինոդիալոգներով: Ի դեպ, սցենարի մշակմանն իր նպաստն է բերել նաև Հրանտ Մաթևոսյանը:

Գևորգ Սարոյանը հայ կինոյի ամենահամոզիչ ու հիշվող կերպարներից է: Խորեն Աբրահամյանը բառացիորեն նոր մարմին է տվել Գևորգին, որն ամենևին նման չէ Բորյանի պիեսի հերոսին: Խորեն Աբրահամյանն իր փայլուն դերասանական խաղով, ձայնով ու երգարվեստով (նա ֆիլմում երգում է դաշնակցական Կուկունյանի «Երբ ալեկոծ ծովի վրա» երգը)՝ Արկադի Հայրապետյանի հետ միասին հանդես է եկել նաև  որպես ֆիլմի բենադրող ռեժիսոր: Իսկ Ֆրունզե Դովլաթյանն իր կինոտաղանդով ու ռեժիսորական հնարամտությամբ «սովետական հերոսից»  հաջողել է կենդանի  մարդ ստանալ:

  • Տղա, դու ո՞րտեղացի ես:
  • Իյա՜, ինչըխ Հիսուս Քրիստոսն էղնի:

Արդյուքնում՝ երկու մեծերի այս տանդեմը հայ կինոյում իր նմանը չունցող մի կինոզույգ է ստեղծել:

Ֆիլմն ունի նաև երկրորդական դերերում ներգրավված հրաշալի դերասանական կազմ. Գուրգեն Ջանիբեկյան (Արթին պապ), Բաբկեն Ներսիսյան (Սուրմելյան), Անահիտ Մասչյան (մայր), և այլք:

1918-1920 թթ.-ի Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդայնացմանն անմիջապես նախորդող շրջանին առնչվող այս ֆիլմը ստիպում է խորհել հայկական պետականութան ու հայի հոգեբանության մասին: Ի տարբերություն խորհրդային շրջանի այլ ֆիլմերի բոլշևիկ-դաշնակ պարզունակ հակադրությանը, «Սարոյան եղբայրներ »-ում լրջագույն հարցեր են վերհանվում.

 «Վիլսոնը մեզ ծովից ծով հայաստան տվող է՞: Նա մեզ է խաբում, մենք էլ գալիս՝ էս խեղճ ժողովրդին ենք խաբում: Մի լա՛վ մտածի. ամերիկացի զինվորը կգա քեզ համար էստեղ կռիվ կանի՞: »

Զենոնյան պարադոքսների ոճով զրույցներ, անլուծելի հարցադրումներ, անսուտ դրամա ու նվիրում. «Սարոյան եղբայրներ »-ը կարող է դասագիրք լինել:

Բոլշևիկ Հայկը կոչումով իրենից բարձր դաշնակ եղբորն ու նրա կառավարությանը մեղադրում է «հիմարության» մեջ: Գևորգն իսկապես չի կարողանում հասկանալ, թե մարդիկ ինչու են գնում բոլշևիկների հետևից:

Էդ ինչ են ասումոր հավատացնում ենհը՞Հայկ:

Եսիմերևի հաց են ասումհող են ասումկոիվ չեն ասում«ծովից ծով» չեն ասում:

Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Մեկ դարից ավելի է անցել, բայց բան չի փոխվել, միայն՝ կուսակցությունների անունները: Գևորգն իրականում շատ էլ լավ գիտի, որ «ողնաշարը ջարդած ժողովրդին ոնց ասես՝ կխաբեն»Ֆիլմում արժանահավատորեն ներկայացվել է  երկու եղբայրների անձնական դրաման, բայց նաև փորձ է արվել իրատեսորեն պատկերել նախորդ դարասկզբին  Հայաստանի Առաջին Հանրապետության անկումից առաջ տիրող տրամադրությունները, ժողովրդի ու միջավայրի դրաման:

– Տո դուք ե՞ք  բոլշևիկի առաջը կտրելու

Մենք մեր վարուցանքին ենքտղա՛ ջանմենք առաջ կտրող չենքԱռաջ կտրողն էլ եք դուքթիկնունքից խփողն էլ եք դուք:

Կապիտան Գևորգ Սարոյանի ընդվզումին այսպես է արձագանքում պարզ մշակը:  Նրա խոսքը նման է ժողովրդական իմաստության, այնպես չէ՞, սակայն իրենց զավակներին ճակատ տանելուն ընդդիմացողներն էլ հենց այդ նույն մարդիկ են:

– Ճիշտ եք մտածումթող տանը նստենթող ճան խաղանթող մածուն ուտենԱզգհայրենիքթող քանդվիջնջվիվերանա՛:

Ինչպե՞ս  է ազգը՝ ազգակիցների միասնությունից վերածվում զուտ ամբոխի՝ մարդկանց ժողովարանի, որտեղ արդեն ընդհանուր նվիրում, նպատակ, ընդհանուր իղձ ու բնիկ հող չկա: Եվ որչափ պարզ ու նյութական է ռանչպարը, նույնչափ կյանքից կտրված է նրա մտավորական ազգակիցը:

– Ես գաղթական չեմ դառնաես կմեռնեմբայց գաղթական չեմ դառնաԳաղթականի հոգի ունեքԷ՜ 

Ֆիլմում բանալի-մտքեր շատ կան, որոնք առատ նյութ են հայոց  աշխարհ-քաղաքական ու սոցիալ-հոգեբանական  բարդույթների քննության համար:

Ֆիլմը վեր է հանում հայի հիմնական հոգետիպերը. նեղմիտ ու պարզունակ աշխատավորը, անվերջ շաղակրատող մտավորականը, «կենացային հայրենասեր» խմբապետ Վռամը, որի հոգեկան զարգացման աստիճանը թույլ չի տալիս սեփական մանր շահերից վեր բարձրանալ, ինչն իրականում՝ նրան քիչ է տարբերում մյուս տեսակից՝ պանդոկապան Սևաչերյանից, որը մի պատվազուրկ փերեզակ է:

perezak

Հենց այս վերջին հոգետիպն է, թերևս, խնդիրների բուն արմատը: Եվ հարցն ամենևին էլ քաղաքական այս կամ այն «օրիենտացիան» չէ, այլ մանր, պատվազուրկ էությունը: Փերեզակին առաջնորդում է վաճառելու (վաճառվելու) բնազդը, մինչ սարոյանական նվիրված, սկզբունքային հակամարտությունը լի է վեհությամբ ու ներքին շատ ավելի խորը միասնությամբ, քան միևնույն կուսակցությանը պատկանելը: Գևորգը պոթռկուն ու իմպուլսիվ է. Հայկը՝  թեև ավելի կշռադատված ու ռացիոնալ է, սակայն ոչ պակաս ծայրահեղական՝ ու  իր իդեալներին նվիրված, քան եղբայրը: Երկու եղբայր, որ իրենք իրենց՝ հայրենիքի զոհասեղանին են դրել: Նման հերոսականությանը հակադրվում է «Որտեղ հացայնտեղ կաց » տխրահռչակ ռացիոնալությունը, որ նույն փերեզակությունն է՝ հիվանդության ախտագին արմատը:

Բոլշևիկ Հայկն ու դաշնակ Գևորգն ըստ էության են խոսում՝ առանց ատելության, որովհետև հարազատ եղբայրներ են, այսինքն նույն ազգի՛ց: Ազգ բառը նաև ԱԶ-ՆԻՎ բառին է առնչվում: Իսկ այսօր քաղաքական հայացքների համար միմյանց խորապես ատող հայերն արդյոք  տարբե՞ր ազգից են, թե՞ նույն: Արդյոք ԱԶՆԻ՞Վ են, թե՞ ՓԵՐԵԶԱԿ: Իսկ մտավորական մորթող բոլշևիկնե՞րը… Իսկ բոլշևիկ գնդակահարող դաշնակնե՞րը…

«Զինվորական դաշտային դատարանի որոշմամբհանուն  հայկական Հանրապետության՝  հայրենիքի դավաճանի վրա՝  կրա՛կ: »

Արդյոք ազնի՞վ էին նրանք, թե՞ փերեզակ, այսինքն՝ իրենց մանր շահերի համար վաճառված : Խորհրդային, ապա հետխորհրդային, հին, ապա նոր, իսկ իրականում՝բոլոր կաղապարներից ազատվելու կարիք կա.ծայրահեղ օբյեկտիվ քննության կարիք: Եվ քանի որ ֆիլմում Վիլսոնին են մեջտեղ բերում, հարկ եմ համարում մի կարևոր մեջբերում անել այդ նույն Վիլսոնի՝ 1919-ին Հայաստան ուղարկած առաքելության ամփոփիչ զեկույցից, որի 860-րդ էջում [3] ասվում է.

«Շատերը կարծում ենոր հայ ռասայի լավագույն տարրերը ոչնչացել են: (…) Հայն իր հարևանների շրջանում նույն դիրքում էինչ հրեան՝ Ռուսաստանում և Լեհաստանում՝ ունենալով այդ ռասայի ուժեղ և գերազանց կարողությունները։ Նա կրում է այն պատիժըորին հետամնաց ռասաների շրջանում արժանանում են բանկիրերը, միջնորդներն ու վաշխառուները: »

Կարող ենք չհամաձայնել, վիճել, սակայն շարունակենք հատել ու բացահայտել մեր պառակտման կազմախոսությունը: Նայենք մեր թերություններին այն նույն ուղղամտությամբ, որն ակնկալում ենք օտարներից: Ինչու էր հայերին հենց հանճար սպանող քաղաքակրթություն հորջորջում նաև Լոուրենս Արաբացին՝ այդ մեծ հայատյացը: Ինչպես և ինչու ենք մենք  հանճարակերպ անհատապաշտությունից  գլորվել փերեզակների ամբոխային  եսապաշտության ճահիճը: Ու թեև առողջ ընձյուղներից ժամանակ առ ժամանակ հայոց մեջ ծնվում են ծայրահեղական հերոսներ՝ ճիշտ և ճիշտ Սարոյանների նման, նրանց ևս՝ ամբոխն իր ճահճոտ ծոցում խեղդում է:

Հոդվածի շարունակությունը կարդացեք «Կինոաշխարհ»ում՝ հետեւյալ հղումով , Սարոյան եղբայրներ. պառակտման անատոմիան – Kinoashkharh

 Հեղինակ՝  Լուսինե Հովհաննիսյան © 2026

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում