ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Որպես աշխարհի ավելի քան 35 երկրներում ընտրությունների միջոցով ձևավորված և արտերկրում ապրող հայության ուղղակի մանդատով օժտված կառույց՝ արձանագրում ենք. Հունիսի 7-ի ընտրական գործընթացները չեն համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին և հակասել են ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով ամրագրված սկզբունքներին:
Իշխանական լծակների կիրառման դեպքերը խաթարել են ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով երաշխավորված հավասար ընտրական իրավունքը: Քարոզարշավի ընթացքում հանրային ոլորտի աշխատողների նկատմամբ գործադրված ճնշումները ոտնահարել են քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը:
Արձանագրում ենք արտերկրում ապրող հայության ընտրական իրավունքի կամայական սահմանափակումն ու մերժումը, ինչը ոչ միայն խաթարում է ընտրությունների համընդհանուրության սկզբունքը, այլև միտումնավոր թուլացնում է Հայրենիք-Սփյուռք քաղաքական ու իրավական կապը:
Ըստ ՀՀ օրենսդրության՝ ընտրությունների նախնական և վերջնական արդյունքների հայտարարման բացառիկ իրավասությունը պատկանում է միայն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ): Ցանկացած այլ կողմի՝ ժամանակից շուտ արված հայտարարություն զուրկ է իրավական ուժից:
Քվեարկության և արդյունքների ամփոփման փուլում ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքի անհասանելիությունը դիտարկվում է որպես ընտրական գործընթացի թափանցիկության միտումնավոր սահմանափակում և տեղեկատվական բլոկադա։ Ռազմավարական համակարգերի անվտանգության ապահովումը պետության ուղղակի պարտականությունն է, և տեխնիկական պատճառաբանությունները չեն հանդիսանում պատասխանատվությունից ազատման հիմք՝ քանի դեռ հակառակը չի ապացուցվել անկախ փորձագիտական աուդիտով։
Արձանագրում ենք քաղաքական հետապնդումների իրականացում, որի ակնհայտ դրսևորումն է Համահայկական Վերնախորհրդի սենատոր, ՌԴ Պուշկինո քաղաքի հայ համայնքի ղեկավար Արշակ Գրիգորյանի կալանավորումը: Այս գործողությամբ կոպտորեն ոտնահարվել են ՀՀ Սահմանադրության 27-րդ և 42-րդ հոդվածները, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 9-րդ և 19-րդ հոդվածները, ինչպես նաև ՄԻԵԿ 5-րդ և 10-րդ հոդվածները:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Համահայկական Սենատը սկզբունքորեն մերժում է և չի ճանաչում սույն ընտրությունների արդյունքները։
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝
1. ԵՄ և միջազգային դիտորդական առաքելություններից՝ վերանայել ներկայացված միակողմանի գնահատականները: Մենք դատապարտում ենք ԵՄ դիտորդական առաքելության ուղղակի միջամտությունը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) աշխատանքներին։ Միջազգային կառույցների զեկույցները չեն կարող վեր դասվել ՀՀ Սահմանադրությունից և փաստացի իրականությունից:
2. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ)՝ հանդես գալ հրատապ հանրային հաշվետվությամբ և ներկայացնել, թե կոնկրետ ինչ իրավական ու փաստացի հիմքերով է կասեցվել ԿԸՀ կայքի հասանելիությունը քվեարկության և արդյունքների ամփոփման փուլում:
3. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից (ՄԻՊ)՝ անհապաղ հետամուտ լինել սենատոր Արշակ Գրիգորյանի իրավունքների պաշտպանությանը և գործադրել բոլոր լծակները նրան ազատ արձակելու համար:
4. ՀՀ իշխանություններից և իրավապահ մարմիններից՝ գործել բացառապես ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի տառին համապատասխան, անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումները, ազատ արձակել Արշակ Գրիգորյանին ու մյուս քաղբանտարկյալներին:
5. Խորհրդարանական ընտրություններում մանդատ ստացած քաղաքական ուժերից՝ միասնական ճակատով դատապարտել ընտրությունների արդյունքների ինքնագլուխ հռչակումը, այն որակել որպես պետական ռեսուրսի կոպտագույն չարաշահում, սկզբունքորեն մերժել արտերկրում ապրող հայությանը ընտրելու իրավունքից զրկելու ցանկացած փորձ և գործել բացառապես իրավական տիրույթում:
Համահայկական Սենատը ներդնելու է բոլոր ջանքերը՝ չեզոքացնելու հայ ժողովրդի դեմ ուղղված գոյութենական (էկզիստենցիալ) վտանգները, որոնք գեներացվել են վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կիրառված քաղաքական գործիքակազմի հետևանքով։
Սենատը հանձնառու է անշեղորեն պաշտպանելու հայ ժողովրդի պատմական թագավորությունների ժառանգությունն ու վերջին 100 տարիների ընթացքում հանրապետություն ունենալու նրա միջազգայնորեն ճանաչված իրավունքները։
Համակարգող՝ Արամ Մկրտչյան
Պատասխանատուներ ԱՄՆ ՝ Վահե Մեսպորյան, ՌԴ՝ Արսեն Աբրահամյան, ԵՄ Գևորգ Գրիգորյան, ՀՀ Աշոտ Սարգսյան



