Երևան, 5 հունիսի 2026 թ. — Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանը (IODA) այսօր հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին նախորդող քաղաքական և քաղաքացիական միջավայրի գնահատման վերաբերյալ իր վերջնական զեկույցը (անգլերեն)։ Գնահատականները հիմնված են 2026 թվականի մարտ և մայիս ամիսներին Հայաստանում իրականացված երկու փաստահավաք առաքելությունների արդյունքների վրա։
Զեկույցի եզրակացության համաձայն՝ թեև Հայաստանում ժողովրդավարական կառավարման ինստիտուտները ֆորմալ առումով շարունակում են գործել, դրանց գործունեության արդյունավետության և անկախության վրա գնալով ավելի մեծ ազդեցություն են ունենում քաղաքական իշխանության կենտրոնացման միտումները, ընտրական գործընթացում անհավասար պայմանների առկայությունը, իրավական և վարչական միջոցների ընտրովի կիրառումը, ինչպես նաև քաղաքական և քաղաքացիական այլակարծության նկատմամբ ճնշումների ընդլայնումը։
Գնահատման համաձայն՝ որոշումների կայացման գործընթացը զգալիորեն կենտրոնացված է վարչապետի աշխատակազմի շուրջ, մինչդեռ պետական ինստիտուտների և իշխող քաղաքական ուժի միջև գործնական տարանջատումը շարունակում է անհետանալ։ Զեկույցում նշվում է, որ իշխանության ներկայացուցիչները օգտվում են պետական ռեսուրսների և վարչական համակարգի անհամաչափ հասանելիությունից, ինչը նախընտրական շրջանում քաղաքական մրցակցության համար ստեղծում է ոչ հավասար պայմաններ։
Զեկույցը նաև արձանագրում է այլակարծության նկատմամբ ճնշումների աճող միտումներ, ներառյալ վերահսկողության և մշտադիտարկման գործելակերպերը, ընտրովի իրավական վարույթները, վարչական միջոցների կիրառումը և համակարգված հանրային վարկաբեկման արշավները, որոնք թիրախավորում են ընդդիմադիր քաղաքական գործիչներին, լրագրողներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, հոգևորականներին և կառավարության քննադատներին։ Միաժամանակ արձանագրվում է քաղաքական զգայունություն ունեցող գործերում կալանքի և ձերբակալության միջոցների կիրառման ընդլայնում, ինչպես նաև մտահոգություններ՝ նման միջոցների համաչափության և կիրառման ժամանակային համատեքստի վերաբերյալ նախընտրական շրջանում։
Գնահատման համաձայն՝ ընդդիմադիր դերակատարները բախվում են ուժեղացված իրավական վերահսկողության, սահմանափակող վարչական և ընթացակարգային միջոցների, ինչպես նաև հանրային դիսկուրսում շարունակական խարանավորող հռետորաբանության։ Այս պայմանները զգալիորեն սահմանափակում են նրանց հնարավորությունները՝ նախընտրական շրջանում իրականացնել քարոզչական գործունեություն հավասար պայմաններում, օգտվել լրատվամիջոցների և հանրային հարթակների հասանելիությունից, ինչպես նաև պահպանել լիարժեք կազմակերպչական կարողություններ։ Արդյունքում թուլանում են քաղաքական իրական բազմակարծության նախադրյալները, իսկ քաղաքական արդար և ազատ մրցակցության վերաբերյալ մտահոգությունները խորանում են։
Միևնույն ժամանակ, զեկույցում նշվում է քննիչ և հարկադրական միջոցների կիրառման անհամաչափության վերաբերյալ մտահոգիչ պատկեր։ Մինչ ընդդիմադիր գործիչներն ու նրանց աջակիցները ենթարկվել են լայնածավալ քննությունների, խուզարկությունների, ձերբակալությունների և կալանքի դեպքերի, իշխող քաղաքական ուժի հետ կապվող անձանց վերաբերյալ համանման բնույթի մեղադրանքները մեծ մասամբ չեն հանգեցրել համադրելի ընթացակարգային կամ իրավակիրառական գործողությունների։ Ըստ զեկույցի՝ այս ընկալվող անհավասարակշռությունը հարցեր է առաջացնում քաղաքականապես զգայուն գործերում իրավապահ և դատական մարմինների գործունեության հետևողականության և անաչառության վերաբերյալ։
IODA-ն ընդգծում է, որ նշված զարգացումները ազդեցություն ունեն նաև ընտրողների վրա։ Քաղաքացիական և քաղաքական տարածքի նեղացումը, տեղեկատվական միջավայրի բևեռացումը և այլակարծության նկատմամբ ճնշումները սահմանափակում են քաղաքացիների հասանելիությունը բազմազան և վստահելի քաղաքական տեղեկատվությանը։ Արդյունքում, ընտրողների հնարավորությունը՝ ձևավորելու լիարժեք տեղեկացված քաղաքական ընտրություն, էականորեն սահմանափակվում է, ինչը բացասաբար է անդրադառնում ընտրական գործընթացի ներառականության և մրցակցային բնույթի վրա։
Արդարադատության ոլորտում IODA-ն արձանագրում է, որ, չնայած իրականացված բարեփոխումներին, շարունակում է պահպանվել նախնական կալանքի նկատմամբ զգալի կախվածությունը։ Զեկույցում նաև մտահոգություններ են արտահայտվում դատական որոշումների հիմնավորման ստանդարտացված բնույթի և քաղաքական զգայունություն ունեցող գործերում լայն և ոչ հստակ ձևակերպում ունեցող քրեական դրույթների ընտրովի կիրառման վերաբերյալ, ինչպիսիք են «խուլիգանությունը,» «բռնության կոչը» և «սահմանադրական կարգը տապալելու կոչը։»
Լրատվական միջավայրի առնչությամբ զեկույցն արձանագրում է, որ, չնայած ֆորմալ բազմակարծության առկայությանը, մեդիա դաշտը շարունակում է բնութագրվել քաղաքական բևեռացվածությամբ։ Նշվում են լրագրողների նկատմամբ իրավական և ֆինանսական ճնշումների դեպքեր, ինչպես նաև համակարգված առցանց հետապնդման և թիրախավորման դրսևորումներ։ Զեկույցը նաև արձանագրում է նախընտրական շրջանում արհեստական բանականությամբ ստեղծված և մանիպուլյատիվ թվային բովանդակության տարածման աճ, ներառյալ սինթետիկ մեդիայի և իրական նյութեր ներկայացվող կեղծ բովանդակության շրջանառությունը, ինչպես նաև ընդհանուր առմամբ չստուգված առցանց տեղեկատվության ծավալների ընդլայնումը։ Ըստ զեկույցի՝ գործող իրավական և կարգավորող շրջանակները ներկայումս բավարար չափով պատրաստ չեն արդյունավետորեն արձագանքելու այս մարտահրավերներին։
Հայաստանի քաղաքացիական տարածքի բնորոշ առանձնահատկություններից է երկբևեռ քաղաքական դաշտի ձևավորումը, որի շրջանակում ընտրական մրցակցությունը ներկայացվում է որպես ընտրություն միմյանց բացառող և երկրի ապագայի համար վճռորոշ համարվող քաղաքական ելքերի միջև։Զեկույցում նկարագրվում է նաև քաղաքական դիսկուրսի աճող անվտանգայնացման միտումը, որի պայմաններում ընդդիմադիր դերակատարներն ու քննադատական ձայները հաճախ ներկայացվում են ազգային անվտանգության և «հիբրիդային սպառնալիքների» շրջանակում։ IODA-ի գնահատմամբ՝ նման մոտեցումները սահմանափակում են քաղաքական մրցակցության համար անհրաժեշտ հանրային միջավայրը։ Զեկույցում նաև նշվում են խոցելի խմբերի, այդ թվում՝ արցախահայ բռնի տեղահանվածների նկատմամբ խարանավորող հռետորաբանության դրսևորումներ, ինչպես նաև մտահոգություններ՝ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ինստիտուցիոնալ ճնշումների վերաբերյալ։
IODA-ն եզրակացնում է, որ Հայաստանի իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը ընդհանուր առմամբ համապատասխանում է ժողովրդավարական չափանիշներին, սակայն դրա գործնական կիրառության վրա ուղղակիորեն նորգործություն է ունենում իշխանության կենտրոնացման, իրավական նորմերի ընտրովի կիրարկման և ոչ ֆորմալ կառավարման մեխանիզմների ազդեցությունը։ Այսպիսով, զեկույցը կասկածի տակ է դնում առաջիկա ընտրությունների համատեքստում Հայաստանի կողմից Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով (ICCPR), Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով (ECHR) և ԵԱՀԿ Կոպենհագենյան փաստաթղթով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը։
Ներբեռնել ամբողջ զեկույցը



